Ոսկե ծիրան Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի կարևորագույն մրցանակի` Ոսկե ծիրանին արժանացավ հնդիկ ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգա» ֆիլմը: Հանդիսատեսին անընդհատ լարված մթնոլորտի մեջ պահող ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում զուգահեռ երկու հարթություններում. Առաջինում Քերալ նահանգում բազմաձեռն Դուրգա աստվածուհուն նվիրված փառատոն է` ոգեշնչված մասնակիցներով ու ծիսական արարողություններով, մյուսում դարձյալ Դուրգա անունով մի երիտասարդ կին, ով իր ամուսնու հետ գիշերային քաղաքի փողոցներում համընթաց մեքենա են փնտրում երկաթգծի կայարան հասնելու համար: Ի վերջո երկու անծանոթ երիտասարդ համաձայնվում են նրանց տեղափոխել առանց փոխադրավարձի: Սակայն ճանապարհին պարզ է դառնում, որ վտանգը ոչ միայն գիշերային Հնդկաստանի փողոցներում է, այլ նաև անծանոթ մեքենաների մեջ…
«Ցանկալի Դուրգան» Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրն է: Հայաստանյան կինոփառատոնի մրցանակը ստանալիս` ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանը պատմեց, որ հասցրել է վայելել գիշերային Երևանը, և ի տարբերություն իր ֆիլմի հերոսների, ոչ մի վտանգի չի առերեսվել մեր գիշերային մայրաքաղաքում:
«Հնդկաստանում այդքան էլ անվտանգ չի գիշերը զբոսնելը, բոլորը շտապում են տուն մութն ընկնելուն պես: Այստեղ գիշերն ազատության մեջ է»,- նշեց մրցանակակիր ռեժիսորը:
Այս տարվա կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի ժյուրին «Արծաթե ծիրան» մրցանակը շնորհվեց ազգությամ թուրք ռեժիսոր Սերդալ Օնալին «Դերդո մայրիկը և ընկուզենին» ֆիլմի համար: Ֆիլմն իրական պատմություն է Դերդո անունով 70-ամյա բիթլիսցի հայ տատիկի մասին, ով ամուսնու ողբերգական սպանությունից հետո փորձում է վերսկսել իր կյանքը:
-Դերդոյի թոռնուհին իմ ճանաչած առաջին հայն էր,- ասում է ռեժիսորը, ով ուսուցչություն է արել հայ աղջնակի դպրոցում,- նրա ընտանիքի պատմությունն ինձ շատ էր հետաքրքրել, և երբ այն լսելու առաջին օրվանից մտքումս այդ պատմությունը վերածեցի ֆիլմի:
Ֆիլմի նկարահանման աշխատանքներն անց էին կացվում Բիթլիսում, որտեղ, ինչպես ասում է ռեժիսորը, Դերդո մայրիկը մեծ հարգանք էր վայելում, և հյուրերի բազմության պատճառով ֆիլմի աշխատանքը հաճախ էր ընդհատվում:
-Նկարահանումների ժամանակ շատ բան իմացա հայերի մասին: Մենք որոշ նկարահանումներ ունեցանք նաև Հայաստանում, և այդ ամբողջ ընթացքում ինձ թվում էր, որ բոլորն ինձ հարազատ մարդիկ են և այս ֆիլմը ոչ միայն նրանց, այլ նաև իմ մասին է,- պատմում է Սերդալ Օնալը:
«Դերդո մայրիկը և ընկուզենին» ֆիլմը նկարահանվել է Հայաստան-Թուրքիա կինոհարթակի աջակցությամբ: Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ Ստամբուլի 36-րդ կինոփառատոնի շրջանակներում, որտեղ էլ ֆիլմը սրաժանացավ «Ոսկե կակաչ» մրցանակի: