14-րդ Ոսկե ծիրանի մրցանակակիրները հայտնի են

5SXstl14PhyElRYqzIeFyM0xgM

Հուլիսի 15-ին Մոսկվա կինոթատրոնում հանդիսավորությամբ ամփոփվեց Ոսկե ծիրան Երևանի  14-րդ միջազգային կինոփառատոնը: Փակման արարողության ընթացքում հայտարարվեցին այս տարվա մրցանակակիրները:

Կինոգետների միջազգային ասոցացիայի՝ FIPRESCI ժյուրիի մրցանակին արժանացավ իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» ֆիլմը:

Հրանտ Մաթևոսյան անվան լավագույն սցենարի մրցանակը ստացավ ամերիկաբնակ հայազգի ռեժիսոր Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» ֆիլմը: Ի դեպ, վերջինս՝ որպես լավագույն խաղարկային ֆիլմ և «արտակարգ կինոլեզվով մատուցած ուղերձների համար» ՀՀ կառավարության և վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից արժանացավ նաև «Ոսկե ծիրան» մրցանակի:

Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրին «հատուկ հիշատակում» անվանակարգում մրցանակի արժանացրեց նաև «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Սամվել Թադևոսյանին՝ ֆիլմասպարեզում իր դեբյուտի համար:  Նույն ժյուրին վավերագրական ֆիլմերի անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակ շնորհեց Թամարա Ավետիսյանին (Ֆրանսիա, Հայաստան, Լիբանան)՝  «Ձյունը կար» ֆիլմի համար և Էրիկ Շահինյանին (ԱՄՆ) «Ջրի երեսին մնալ» կարճամետրաժ ֆիլմի համար: Իսկ վավերագրական ֆիլմի հատուկ հիշատակում անվանակարգում պարգևատրվեց Աշոտ Մկրտչյանի (Հայաստան) «Օրիժին» ֆիլմը:

Միջազգային վավերագրական մրցույթի ժյուրին, վկայակոչելով Ոսկե ծիրանի կինոփառատոնի «Մշակույթների և քաղաքակրթությունները խաչմերուկ» նշանաբանը, փաստեց, որ 14-րդ Ոսկե ծիրանի վավերագրական ֆիլմերից ընտրություն կայացնելիս առաջնորդվել է հենց այդ կարգախոսով: Նրա հատուկ հիշատակմանը արժանացավ Ցվետան Դրանգնևի (Բուլղարիա) «Գյուղացիները» ֆիլմը: Ժյուրիի «Արծաթե ծիրան» մրցանակը ստացավ ռեժիսոր Սերդար Օնալի՝ Ստամբուլում ապրող 70-ամյա մի հայ տատիկի մասին պատմող «Դերդո մայրիկը և ընկուզենին» ֆիլմը (Թուրքիա, Հայաստան): Իսկ «Ոսկե ծիրան» մրցանակը լավագույն վավերագրական ֆիլմի համար շնորհվեց Ռաեդ Անդոնիին (Ֆրանսիա, Պաղեստին, Շվեյցարիա, Քաթար)՝ իր «Ուրվականների որս» ֆիլմի համար:

Ռեժիսոր Վալեսկա Գրիզեբախի (Գերմանիա, Բուլղարիա,Ավստրիա) «Վեսթեռն» ֆիլմն արժանացավ միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին: «Արծաթե ծիրան» մրցանակը արժևորեց ռեժիսորներ Աֆոնսու Ուչոայի և Ժուան Դումանսի (Բրազիլիա) համատեղ ֆիլմը՝ «Արաբիա»-ն: Իսկ ժյուրիի ամենակարևոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը» ստանալու համար բեմ հրավիրեց «Ցանկալի Դուրգան» ֆիլմի ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանը (Հնդկաստան):

Փակման արարողությունը նշանավորվեց Ոսկե ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի կողմից ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց  Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:

 

 

Share

Կարծիքներ

կարծիք