Բանաստեղծություններ

DSC06530

Մոխրածիածանագույն սիրերգ

 

Մեզ շղթայում են սոցիալական դերերը,

ու Դու

հրաժարվում ես քայլելուց,

Քո ներկայությունը փոխարինում եմ կարմիր շարֆով,

կրկնակի քայլում եմ մենակ` երկուսիս փոխարեն:

Ես անկեղծ եմ քեզ հետ, ինչպես

Առավոտյան լվացվելուց հետո հայելու դեմ:

Սոցիալական դերերը կաշկանդում են մեզ:

Սև ամբոխն ու շենքերը չլինեին,

Ձեռք ձեռքի տված` բղավելու աստիճան

Կհռհռայինք փողոցներում

Ու կլայինք միասին:

Դերերը ճնշում են մեզ:

Խիստ են հայացքներն ու հատու` քայլվածքը մեր,

Իսկ ես սիրում եմ,

Երբ աչքերդ լուսինն ամփոփող լճակներ են ամառային`

Խաղաղ ու ջերմ:

Եկ միասին տրորենք դերերը մեր,

Դաշտերում վազենք ցնորվածների նման:

-Վազի՛ր, վազի՛ր դեպի արևը ինձ հետ,

Այստեղ մենք խելագարներ չենք,

Այստեղ Տերը մեզ հետ է:

Շնչակտուր լինենք երջանկությունից,

Փռվենք խոտերի մեջ, ու

Թող մեր աչքերը զրուցեն,

Նետվենք ավազանն ու մի կուշտ համբուրվենք,

Ինչպես երեխաներն են համբուրվում

Առանց շուրթերը շարժելու, միայն դիպչելով,

Իսկ երեկոյան լողանք աստղերի հեղեղում

Ու քամուն տանք մեզնից մի մասնիկ,

Կուրծքդ լինի ինձ հանգրվան,

Մազերս լինեն քեզ սպեղանի,

Որ տրորված դերերի խաղերում

Մեր դերը տանուլ չտանք մենք։

 

Զբոսանք

Ընկերներս նայեցին հեռվից,

Հեռվում մնացին «ընկերներս»,

Իսկ Նա մեղադրեց ինձ այսօր,

Ինձ չներեց թախիծս ու

Չհասկացավ ինձ ոչ ոք:

Ես ճանկռել գիտեմ

(միայն ուղեղս),

Սենյակում մտամշուշե մառախուղ եմ կախում

Եվ հաճախ ուզում եմ կորչել իմ աչքից

ու փախչել,

«Զգալով ապրելը» պատռել ինձնից։

Քայլեմ ժամերով

Մենակ քաղաքում`

Մթին երկնքի փողոցներով,

Դու ինձ մեղադրես լուռ լինելուս,

Հետո էլ արդեն` անկեղծությանս համար:

Ես փախչեմ ինձնից փողոցներում,

Սառնաշունչ օդում

Թափ տամ մառախուղը մտքերիս

Ու հետ դառնամ տուն:

 

 

Անդին 3, 2017

Share

Կարծիքներ

կարծիք