Բանաստեղծություններ

Հեղինակ:

66ce08018b5d59d1950b76b0bf0e8134--hermann-hesse-writers

Էլիզաբեթ

 

I

Իջել է ճակատիդ, բերանիդ ու ձեռքիդ վրա

Քնքշորեն պայծառ գարուն նազելի,

Հիասքանչ կախարդությունն այն, որը ես գտա

Նկարներում հին Ֆլորենցիայի:

 

Ապրել ես վաղնջական օրերում,

Դու` մայիսյան ֆիգուր սքանչելի,

Ինչպես բնությունը ծաղկած զգեստում,

Նկարել է քեզ մի Բոտտիչելլի:

 

Դու նաև նա ես, որի ողջույնը

Ընկրկեց երիտասարդ Դանթեին,

Եվ դրախտի միջով ճանապարհը

Ակամա ծանոթ է քո ոտքին:

 

II

Պետք է քեզ ասել-

Գիշերն է մութ արդեն-

Ուզո՞ւմ ես ինձ տանջել,

Էլիզաբեթ սիրուն:

 

Ես բանաստեղծում եմ դրա մասին,

Իսկ դրա համար էլ դու`

Իմ պատմությունն այս սիրային,

Այս երեկոն է և դու:

 

Դու չպետք է խանգարես,

Հանգերը հեռու փչես,

Շուտով դրանք կլսես,

Չես հասկանա, կլսես:

 

III

 

Դու սպիտակ մի ամպ որպես

Բարձր երկնքում կանգնել ես,

Սպիտակ, սիրուն ու հեռու այդպես,

Էլիզաբեթ, դա դու ես:

 

Ամպը գնում և թափառում է,

Հազիվ թե այն քեզ նկատի,

Քո երազների միջով, բայց մեկ է,

Գնում է այն մութ գիշեր դեպի:

 

Գնում, և արծաթաշող է այնպես,

Որ առանց դադարի այսուհետ

Դու ապիտակ ամպի հանդեպ

Մի քաղցր կարոտ ես տածում:

 

(մայիս/հունիս 1900)

 

IV

Իջել է ճակատիդ, բերանիդ ու ձեռքիդ վրա

Քնքշորեն պայծառ գարուն նազելի,

Հիասքանչ կախարդությունն այն, որը ես գտա

Նկարներում հին Ֆլորենցիայի:

 

Թույլ տուր քեզ ասել, որ ինձ այսուհետ

Ինչպես գեղեցիկ մի քույր ես երևում,

Եվ տարփանքը հանդարտ երջանկության հետ

Տարօրինակ է, եղե՞լ է իմ հոգում:

 

Եվ որ մենք հյուր ենք միասին

Հեռուներից այն, և որ երկուսս` մենք,

Հենց մռայլ գիշերն է շեմին,

Միևնույն երկչոտ կարոտախտը լալի՞ս ենք:

 

 

Աղջկան

 

Բոլոր ծաղիկներից

Դու ամենասիրելին ես,

Քաղցր և մանկունակ է սյուքը բերանիդ,

Լի անմեղությամբ, բայց և ցանկությամբ լի է ծիծաղուն հայացքդ:

Քեզ վերցնում եմ, ծաղիկ, ինձ հետ դեպի երազները իմ,

Այնտեղ գունեղ,

Երգող հմայաբույսերի միջև է

Հայրենիքը քո, այնտեղ երբեք չես թառամում,

Հավերժ փթթում է այնտեղ` իմ հոգու սիրային բանաստեղծությունում,

Քո երիտասարդությունն անմեռ իր ներքին անուշահոտությամբ:

 

Ես շատ կանանց եմ ճանաչել,

Շատերին ցավով սիրել,

Շատերին ցավեցրել-

Հիմա հրաժեշտի պահին ողջունում եմ քո մեջ

Եվս մեկ անգամ ողջ կախարդանքը նրբագեղության,

Մշտահմա պոռթկումները երիտասարդության…

Եվ իմ ամենաթաքուն բանաստեղծության

Երազների այգում

Տեղավորում եմ քեզ, որ ինձ այդքան առատորեն նվիրել է,

Ժպիտով և երախտապարտ հավիտենականությամբ:

 

 

Նամակ խմբագրությունից

 

«Մենք շնորհակալ ենք Ձեր թափանցող բանաստեղծության համար,

Այն խորը տպավորել է մեզ,

Եվ մենք ի սրտե ցավում ենք, որ այն

Բավականաչափ համապատասխան չի թվում մեր թերթին»:

 

Այսպես է ինձ գրում ցանկացած խմբագրություն

Գրեթե ամեն օր: Կծկվում է տերև տերևի ետևից:

Աշնան հոտ է գալիս, և անառակ որդին

Հստակ տեսնում է, որ ոչ մի տեղ հայրենիք չունի:

 

Կոնկրետ ինձ համար գիրն իմ չունի թիրախ,

Կարդում եմ լուսամփոփի համար,

Գուցե այն էլ ինձ համար ականջ չունի,

Բայց այն լույս է տալիս և լռում: Դա արդեն քիչ չէ:

 

Կյանքը, որն ինքս ընտրեցի

 

Մինչ ես կգայի կյանքն այս երկրային,

Ինձ ցույց էր տրվել, ինչպես այն պետք է ապրեի,

Այնտեղ կար վիշտ, այնտեղ կար սուգ լալագին,

Այնտեղ կար տառապանք և կար բեռը տառապանքի,

Այնտեղ կար մոլուցք, որն հափշտակելու էր ինձ,

Այնտեղ կար մոլորություն, որը շղթայեր պիտի,

Այնտեղ կար արագ ցասում, որում թնդում էի ես,

Այնտեղ կար ատելություն ու գոռոզություն,

հպարտություն ու ամոթ:

 

Սակայն կային նաև այդ օրերի ուրախությունները,

Որոնք լի էին լույսով ու երազանքներով սիրուն,

Որտեղ չկա գանգատը և չկա այլևս պատուհասը,

Եվ աղբյուրն ամենուր ընծաներով է հորդուն,

Որտեղ երկրային հանդերձով կապվածներին սերը

Ազատների երանությունն է պարգևում,

Որտեղ մարդը արմատախիլ է անում մարդկանց ցավը

Եվ բարձր ոգու ընտրյալ է դառնում:

 

 

Ինձ ցույց էր տրվել լավն ու վատը,

Ինձ ցույց էր տրվել առատությունն իմ պակասության,

Ինձ ցույց էր տրվել իմ արնահոսող վերքը,

Ինձ ցույց էր տրվել հրեշտակի ձեռքն օգնության:

Ու երբ նայում էի դեպի իմ գալիք կյանքը,

Հարցրեց ինձ լսելի ձայնը էության`

Արդյոք վստահո՞ւմ եմ ես ինձ ապրել այս ամենը,

Եվ ժամեր որոշումի զարկն էր միայն թնդաձայն:

 

 

Եվ ևս մեկ անգամ չափեցի կշիռը վատի,-

«Սա կյանքն է, որը ապրել եմ ուզում»,-

Ձայնով վճռական պատասխանեցի:

Այսպես եղավ, որ նոր կյանք մտա

Եվ անձայն ինձ վրա նոր ճակատագիրս քաշեցի,

Այս կերպ լույս աշխարհ եկա:

Ես չեմ գանգատվում, երբ հաճախ սրտովս չի,

Ես հավանությունս տվեցի դեռ բացակա:

 

 

 

Գերմաներենից թարգմանեց Մանե Գրիգորյանը

Անդին 3, 2017

Share

Կարծիքներ

կարծիք