Կարճ պատմվածքներ


Etienne Verhasselt - PhotoԸնթերցասեր մարդու համար բացառիկ հաճույք է լիովին անսպասելի հայտնագործել մի նոր անուն, վայելել գրության կատարելապես մի նոր տեսակ, հերթական անգամ հիանալ ստեղծագործող երևակայության անսահման հնարավորություններով, ապշել, թե ինչպես ստեղծելով բացարձակ նորը, անկրկնելին, կարելի է հաստատուն կամուրջ գցել դասականության հավերժական ավանդների հետ…

Այս եզակի պահերն ապրեցի ես, կարդալով բրյուսելցի նշանավոր հոգեբան, 1965 թ. ծնված Էտյեն ՎԵՐՀԱՍԵԼՏԻ անտիպները: Այո, անտիպները, ոչ թե գիրքը, որը բնավ չի շտապում լույս ընծայել, և շատ իզուր, քանի որ այդ գիրքն, անկասկած, երևույթ կդառնար ոչ միայն բելգիական, այլև ընդհանրապես եվրոպական գրականության համար: Եվ մինչև նրա կարճ պատմվածքները լույս կտեսնեն հեղինակի հայրենիքում, ռումինացիք 2016 թ. թարգմանեցին և լույս ընայեցին նրա ժողովածուն: Եզակի դեպքերից մեկը, երբ գրողն իր երկրում ընդունվելուց առաջ, արդեն ճանաչում է գտնում օտարների մոտ: Նա միջոցներ ու լայն կապեր ունի, որպեսզի ոչ միայն տպագրի իր գրքերը, այլև արժանանա քննադատների բարձր գնահատության, գուցեև պատվավոր մրցանակների, սակայն, լուռումունջ, շարունակում է գրել` առանց սնափառական մղումների, որ հատուկ է գրամոլներին: Եվ միայն վերջերս իմացանք, որ պայմանագիր է կնքել փարիզյան հեղինակավոր հրատարակչություն «Էդիսյոն դե լա Դիֆեռանս»-ի հետ: Ի դեպ, 90-ականներին այս հրատարակչությունը լույս ընծայեց Նարեկացու, Քուչակի, Վարուժանի երկլեզվյան` հայերեն-ֆրանսերեն ժողովածուները և հայ բանաստեղծության ծավալուն անթոլոգիան Վահե Գոդելի թարգմանությամբ: Հուսանք, որ Էտյեն Վերհասելտի հաջորդ ժողովածուն լույս կտեսնի Հայաստանում: Իսկ մինչ այդ, ընթերցողներին ներկայացնենք մի քանի նմուշ այն արձակից, որը մեր խորին համոզմամբ, ուշագրավ երևույթ է արդի ֆրանսագիր արձակի լայնարձակ համապատկերում:

 

Ալեքսանդր Թոփչյան

 

 

Կարճ պատմվածքներ [1]

 

 

Մեռնող-հառնողը [2]

 

Ռընե Դըսեսանդրն այս առավոտ մահացավ քութեշից: Նախորդ օրը մահացել էր թոքաբորբից: Երեկ չէ առաջին օրն էլ` արյան վարակից, դրանից մեկ օր առաջ էլ` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Իսկ մինչ այդ Ռընե Դըսեսանդրը վախճանվել էր դիֆթերիայից, մենինգիտից, վաղահաս ծերացումից, կատաղությունից, սև ժանտախտից, և այսպես անվերջ կարելի է թվարկել:

Մեկ տարի է, ինչ Ռընե Դըսեսանդրը մահանում է բավականաչափ և շատ արագ` գոյություն ունեցող և անհետացած, մահացու կամ ոչ, լուրջ կամ նույնիսկ անվտանգ հիվանդություններից. առաջին անգամ նա մահացավ սովորական հարբուխից: Թեթև տկարությունը նրա համար նույնպես ճակատագրական կարող էր լինել, իսկ վերջերս էլ փոքրիկ «վավա»-ներն են դարձել վտանգավոր, ինչպես եղունգը, որ արդեն երկու շաբաթ է` մտել էր մսի մեջ: Ռընե Դըսեսանդրը հորինեց նաև մի քանի ցնցող և անծանոթ պաթոլոգիաներ, որոնք անհետացան նույն օրն իսկ իր հետ միասին:

Մինչև իր կյանքը տակնուվրա անող հուզումնալից դրաման Ռընե Դըսեսանդրն արդեն ծանոթ էր շտապօգնության ծառայություններին, որոնց համար սովորական էր դարձել տեսնել, թե ինչպես է նա մեռնում օրվա կամ գիշերվա ուզած ժամին: Շտապօգնության ծառայողներն այլևս չէին աճապարում նրան փրկել: Պարզապես գրազ էին բռնում, թե հաջորդ անգամ երբ և ինչպես կմահանա: Նա մուտք էր գործել քաղաքի բոլոր հիվանդանոցների դիահերձարանները: Ծառայողները մեծապես ուրախ էին. իր արտառոց մահվան փորձով Ռընե Դըսեսանդրը փնտրված մեկն էր ինքնասպանությունների կանխման կենտրոնի համար: Նրա կնոջ երեսին դժգոհություն էր տպված այն օրվանից, ինչ ապահովագրական ընկերությունը լուծարեց պայմանագիրը` զրկելով կլորիկ գումարից մի մարդու, որը պարբերաբար գնում էր անդենական և վերադառնում:

Այսպիսով, Ռընե Դըսեսանդրը շարունակ մեռնում էր, բայց ոչ երկար ժամանակով, ընդամենը մի քանի ժամով, ամենաշատը մեկ օրով: Նա այնպես արագ էր հարություն առնում, որ չէին հասցնում նրա մահվան լուրն առնել, ուստի ոչ ոք չէր խղճում նրան: Հետևաբար նա կորցրել էր եզակի առիթը` գուցե վերջապես մի բարեկամ ձեռք բերելու:

Կինը և երկու երեխաները հալածեցին նրան այնքան, մինչև որ համաձայնեց իր մահերով լրատվական միջոցներից դրամ շահել և, ինչ իմանաս, դեռ մի բան էլ ավելին, հետագայում հանրաճանաչ դառնալով տարբեր օգուտներ քաղել: Գործարք կնքվեց ամենամեծ հեռուստաընկերության հետ: Փոքրիկ ընտանիքն ընդմիշտ ապահովված էր և այլևս որևէ բանի կարիք չպիտի ունենար: Տիկինը ցնծում էր, որ այս կերպ կարողացավ վրեժ լուծել ապահովագրական ընկերություններից:

Ըստ պայմանավորվածության` Ռընե Դըսեսանդրը պիտի թույլ տար, որ մեկ շաբաթ, ամեն օր իրեն նկարահանեն: Մեկ շաբաթ, որի ընթացքում նա առնվազն երեք անգամ պիտի մահանար: Դա երեխայական մի խաղ էր նրա համար: Ռեպորտաժը զուտ ձևականություն պիտի լիներ, ընտանիքն էլ արդեն պատրաստվում էր մեկնել և հարմարավետ ապրել արևոտ մի վայրում: Նկարահանման խումբը հետևեց Ռընե Դըսեսանդրին: Սպասեցին մեկ շաբաթ, երկու, երեք, վերջապես չորրորդ շաբաթն անցավ, բայց ապարդյուն. ո՛չ մի մահ, ո՛չ մի հոգեվարք, ո՛չ մի հիվանդություն, անգամ թեթև տկարություն չեղավ: Ռընե Դըսեսանդրը երբեք այդպես կենսախինդ չէր եղել, ինչպես նկարահանման խցիկների առջև, ուստի երեսուներորդ օրը պայմանագիրը լուծարվեց:

Հաջորդ օրը, առավոտյան նախաճաշին, գիտակցելով, որ խորտակեց հարազատների երազանքը, մեղքի զգացումից և անձկությունից տանջահար, դժնամռայլ ու մեղադրական հայացքների ներքո նա հանդգնեց սրտի տագնապ ունենալ: Նրա կինը, խորապես վրդովված, ամուսնուն թողեց ճանճերի բաժին, իսկ երեկոյան, երբ հարություն էր առել, մի շառաչուն ապտակ հասցրեց. չէ՞ որ նրան մի ամբողջ կարողություն էին առաջարկում, որպեսզի շունչը փչի, բայց փոխարենը ապրում էր և այդքանից հետո դեռ համարձակվեց անվրդով հոգին ավանդել սեղանի մոտ նստած, կարծես այդքան շնորհք չուներ` տեղին ու ժամանակին սատկելու: Ապտակներից ուռած երեսով նա կնքեց իր մահկանացուն: Տիկին Դըսեսանդրի համբերության բաժակը լցվել էր, ուստի շտապօգնություն կանչելուց հետո առանց որևէ ձևականության ամուսնու դեռևս չսառած մարմինը պարզապես դուրս դրեց:

Երբ առավոտ կանուխ Ռընե Դըսեսանդրը նորից կյանք առավ, հեռատես բժիշկները հոգ տարան, որ նրա տեղը չփոխեն, և հենց դիահերձարանում նրան հայտնեցին, որ կինը ապահարզան է պահանջում: Անվավոր հերձասեղանին պառկած, տասնյակ դիակների կողքին, մերկ և ծածկված ճերմակ սավանով, որի տակից դուրս էր գալիս նրա կապտած` սոսկալի լուրից աղավաղված դեմքը, Ռընե Դըսեսանդրն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել և շրթունքները կծելով ինքնասպան եղավ: Վայրկյաններ տևած հոգեվարքը վերջ դրեց նրա կյանքին, ինչպեսև խորը ընկճախտին, որը նրան ինքնասպանությունից առաջ մի քանի րոպեում այն աշխարհ կտաներ, եթե ուժ ունենար փոքր-ինչ համբերելու: Այդ օրը նա հիվանդանոցում զանազան տկարություններից և ինքնասպանություններից մի քանի անգամ «հանգեավ ի Տէր», և ամեն մի վերադարձը դեպի կյանք նրան գցում էր հուզական անտանելի տագնապի մեջ:

Ի վերջո, իր իսկ նախճիրից ուժասպառված` նա տեղափոխվեց ինտենսիվ բուժման բաժանմունք, որտեղ կարողացավ հանգստանալ և աստիճանաբար վերականգնել ուժերը: Երբ բժիշկները նրան վստահեցրին, որ կարող է վերադառնալ տուն, գերադասեց մի քիչ էլ մնալ: Նա այնքան էլ լավատես չէր: Եվ, իսկապես, նույն օրը երեկոյան դարձյալ հանգչեց:

Ռընե Դըսեսանդրը, որ արդեն մի քանի շաբաթ կլիներ, ինչ պաշտոնապես բաժանվել էր և տեղափոխվել երկսենյականոց անշուք մի բնակարան, փաստեց, որ իր` արդեն խախուտ առողջությունը լրջորեն վտանգված է: Նա ստիպված էր ընդմիշտ հրաժարվել մասնագիտական գործունեությունից, քանի որ ամեն մի չնչին բան կարող էր նրան մահվան դուռը հասցնել: Ասենք` հարևանների թշնամական հայացքները, շտապօգնության անհատնում ազդանշանները, տաղտուկը կամ, պարզապես, կյանքից հրաժարումը… այդ ամենից նա մեռնում էր:

Այսպիսով, հարազատների ու բժիշկների համար պարզ դարձավ, որ ավելի ճիշտ կլինի նրան պառկեցնել դիահերձարանում, քանզի մեծ մասամբ նա մեռած էր: Ռընե Դըսեսանդրը վճռականորեն մերժեց այդ մեռելական հեռանկարը, որից ամբողջ մարմինը սառը քրտինքով պատեց: Հենց այդ սարսուռն էլ նրան տարավ անդենական, ընտանեկան խորհրդի ժամանակ, երբ որոշվում էր նրա ճակատագիրը: Առավել քան պատեհ այդ մահից օգտվելով` նրան անմիջապես տեղափոխեցին ամենամոտիկ դիահերձարանը, որտեղ նա ապրում է այդ օրվանից ի վեր, եթե կարելի է այդպես ասել:

Ռընե Դըսեսանդրը ժամանակ առ ժամանակ ծլկում է, բայց նրան լավ գիտեին թաղում, և միշտ մի բարի սիրտ է գտնվում, որն ամենայն քնքշությամբ բերում է նրան իր տեղը` հիվանդանոց, և պառկեցնում ներքնահարկում սպասող դիակների մեջ:

 

 

Հարևանս [3]

 

Մի գեղեցիկ օր ես փաստեցի, որ հարևան ունեմ: Դիմացս: Ես ապրում եմ շենքում և, իհարկե, հրաշալի գիտեմ, որ ոչ միայն ես եմ ապրում այդտեղ, բայց երբեք ուշադրություն չեմ դարձրել նրան: Դա առավել քան զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ իմ հյուրասրահը և ննջարանը փոքրիկ բակի վրայով նայում են ճիշտ նրա ննջարանին և հյուրասրահին:

Հարևանիս ներկայությունը ես նկատեցի մի առավոտ, երբ իմ ննջարանից տեսա, թե ինչպես ցատկեց իր անկողնուց, մի ակնթարթում հագնվեց և ծտի պես դուրս թռավ: Դա այնքան զվարճալի էր, որ ես ծիծաղից պայթում էի: Մի քանի օր անց ես նորից, պատահաբար, ևս մեկ անգամ, մեծագույն հաճույքով դիտեցի նույն տեսարանը: Հաջորդ օրը, հետաքրքրասիրությամբ մղված, մի քիչ էլ գաղտնադետ, նույն ժամին տեղավորվեցի պատուհանի մոտ: Կրկնությո՜ւն: Ես միևնույն ֆիլմն էի դիտում: Կրկնության կատակերգությունը: Հաջորդ օրը, նախապես ցնծալով, դարձյալ նույն դիտակետում էի: Ճիշտ ժամը 6-ն անց 30-ին հարևանս դուրս շպրտվեց իր անկողնից և, 30 վայրկյանը չլրացած, դուրս թռավ: Մի խենթ ու խելառ ծիծաղ բռնեց ինձ, և քիչ մնաց շնչահեղձ լինեի:

Սա դարձել էր ծես. ես ելնում էի 6-ն անց 20-ին, որպեսզի սուրճս եփեմ, որն այնուհետև խմում էի մահճակալի եզրին հարմար տեղավորված, սպասելով 6-ն անց 30-ի զվարճալի թատրոնին: Ես ամենաչնչին պատկերացումն անգամ չունեի, թե ինչն է ստիպում այդ մարդուն ամեն առավոտ այդպես գլխապատառ դուրս նետվել: Մի՞թե չի կարող ավելի շուտ արթնանալ:

Մի օր, այլևս չհամբերելով, ցանկություն ունեցա իմանալ այդ ծայրահեղ շտապողականության պատճառը, ուստի վարը, շենքի մոտ, աննկատ սպասեցի հարևանիս: Ժամը 6-ն անց 31-ին նա դուրս թռավ մուտքի դռնից, մտավ մյուս մայթին գտնվող սրճարանը, նստեց, և նրան անմիջապես սուրճ և կրուասան մատուցեցին: Նա միանգամից պարպեց գավաթը, կրուասանին չդիպավ, հինգեվրոյանոց գցեց սեղանին և, առանց մանրադրամին սպասելու, արանքը ճղեց: Մի քանի օր շարունակ զննում էի նրան` մերթ փողոցում, մերթ միևնույն սրճարանում, բայց այդպես էլ չկարողացա ավելին իմանալ:

Այդ ժամանակ նրան հետևեցի մինչև իր աշխատավայրը` քաղաքի կենտրոն: Մի ավտոբուս և երկու մետրոյից հետո 7-ն անց 30-ին նա մտավ արդիական մի բարձրահարկ, վերելակով հասավ տասներկուերորդ հարկ և դուրս եկավ ժամը 16-ին: Հաջորդող օրերին այս լրտեսումի շնորհիվ իմացա, թե ինչ գործ է անում. հեռախոսային մեծ ընկերությունում նա աշխատում էր որպես տելեմարկետոր, այսինքն` հեռուստատեսային առևտրական:

Ընդամենը այդքանն իմանալուց հետո ես հեռուստաառևտրի արագացված դասընթացներ անցա և աշխատանքի ընդունվեցի նրա իսկ ընկերությունում: Բախտի բերմամբ, իմ աշխատատեղը ճիշտ նրա դիմացն էր, և մենք միևնույն աշխատաժամերն ունեինք: Այսպիսով ես կարող էի առավոտից սկսյալ ուզածի չափ նրան զննել: Կեսօրին նրա հետ մեկտեղ ներխուժեցի մեր բաժանմունքի խոհանոցը, որպեսզի նախաճաշեմ: Ես ընդամենը ժամանակ ունեցա սենդվիչիս փաթեթը բացելու և դեն նետելու, երբ արդեն քամու թևով զուգարան մտանք, որից հետո անմիջապես վերսկսեցինք մեր աշխատանքը` բոլորից ավելի շուտ և ի մեծագույն գոհունակության մեր «շեֆի», ինչի հանդեպ հարևանս անտարբեր մնաց:

Ես դոփում էի նույն տեղում, այդ մարդն ինձ համար մնում էր կատարյալ առեղծված: Ուստի սկսեցի նրան հետևել աշխատանքից հետո, իր հանգստի ժամերին: Հետապնդելով նրան` ես սովորեցի պարաշյուտով թռչել, զբաղվեցի բոբսլեյով, եռամարտով: Այլևս ոչ մի րոպե չունեի ինձնով զբաղվելու: Եվ ամեն ինչ ապարդյուն էր. ես այդպես էլ չիմացա, թե ինչով է ավարտվելու այս պատմությունը:

Բայց ահա մի գեղեցիկ օր նա սուսուփուս անհետացավ: Ծանր էր դա, քանի որ ես կորցրեցի նրան վերջապես ջրի երես հանելու հնարավորությունը: Այդպես էլ երբեք չեմ իմանա այդ մարդուն համակած փութկոտության պատճառը: Ես միշտ կարծում էի, թե դա մի կարևոր բանի համար է, որը պիտի հայտնի դառնա ավելի ուշ. բայց ինչի՞…

Արդեն մի քանի շաբաթ է` այդ բնակարանում նոր վարձակալ է ապրում, և այսօր առավոտյան փաստեցի, որ նոր հարևանս բավականին անհամեստ է և տհաճ. ես նրան տեսա իր ննջասենյակի պատուհանի մոտ, ժպտերես, սուրճի բաժակը ձեռքին: Մի հարցնող լինի, թե սրան ի՞նչ է պատահել:

 

 

Սպասասրահում [4]

 

Ես փախցրի գնացքս և պիտի սպասեի մյուսին, որ մեկնում էր հաջորդ օրն առավոտյան: Ես քսանութ տարեկան էի և ավարտում էի շրջապտույտը Եվրոպայում: Քաղաքը, որտեղ հիմա գտնվում էի, անծանոթ էր ինձ, և ես ոչ մի ցանկություն չունեի մոտս մնացած մի քիչ դրամը ծախսելու հյուրանոցի, առավել ևս մոտակայքի խղճուկ հյուրանոցների վրա: Ուստի որոշեցի գիշերն անցկացնել կայարանում և համբերությամբ զինված տեղավորվեցի սպասասրահի նստարանին: Կեսգիշերն անց ես միակն էի, որ մնացել էր այդտեղ, նույնիսկ կլոշարներն ու թափառական շներն էին հեռացել:

Ժամանակը շատ դանդաղ էր անցնում, ես մերթ պառկում էի նստարաններից մեկին, մերթ նստում մյուսին: Մենության և տաղտուկի հարաճուն զգացումից ճնշված` չէի կարողանում ո՛չ քնել, ո՛չ կարդալ: Այդ ժամանակ սկսեցի պատկերացնել կայարանի հորդուն գործունեությունը օրվա ընթացքում. աճապարող ուղևորներ, հազար ու մի ճակատագրեր, որ հանգրվանում են կառամատույցին: Որքա՜ն արտասուք է թափվել մեկնումից առաջ, որքա՜ն ուրախություն` դիմավորելու պահին, գուցեև հենց նույն տեղում, որտեղ գտնվում եմ հիմա: Գիշերվա մենության և տաղտուկի դաշինքն, անկասկած, նպաստում է նման մտքերի ծնունդին, որոնք այլ հանգամանքներում կթվային անհեթեթ, բայց հանկարծ գլխումս մի խենթ գաղափար հայտնվեց, որ չափազանց ուժգին կենտրոնացումով գուցե կարողանամ հարաբերվել անցած-գնացած ուրախություններին և ցավերին, այստեղ, այս սպասասրահում: Եթե երևույթն ընդունեի զուտ որպես ժամանց, այնուհանդերձ համոզված էի, որ միայն ես էի, որ տրվել է սիրողական այդ ոգեհարցությանը:

Մի քանի ապարդյուն փորձերից հետո, աչքերս փակ, բռունցքներս սեղմած և ուղիղ կանգնած, ասես ուրիշ չափումների մեջ մղվելու համար, մի լավ ծիծաղեցի ինքս ինձ վրա և հրաժարվեցի այդ մտադրությունից: Ուստի նորից նստեցի ճամպրուկներիս մոտ` մի բան կրծելու և նորից թողնելու, որ երևակայությունս թափառի:

Ցնորքներով խթանված, հնացած սենդվիչը ծամելիս, անծանոթ քաղաքի այս դատարկ կայարանում` ինձ թվաց, թե լսում եմ օրվա ընթացքում այստեղով անցնող բազմաթիվ ուղևորների ոտնաձայները: Ամենևին տհաճ չէր օրորվել այդ պատրանքով: Դա ասես երաժշտություն լիներ` մի քիչ տարտամ, որին մերթ ընդ մերթ խառնվում էր մեկի կանչը, սուլիչի ձայնը, ծիծաղներ, հեծկլտոց:

Երբ դուրս եկա մի ցնորքից, ի մեծ զարմանս, կերա սենդվիչը և դատարկեցի շիշը: Ժամացույցիս նայեցի. երեքն անց կես էր: Ավելի քան մեկ ժամ էր անցել, և մարմինս ամբողջովին ընդարմացել էր: Տեղիցս ելա, որպեսզի կառամատույցի մոտ ոտքերիս թմրությունը ցրեմ:

Ընդամենը մի քանի մետր էի քայլել, երբ թիկունքիցս թեթև ոտնաձայն լսեցի: Տեղնուտեղը շրջվեցի: Ոչ ոք չկար: Անկասկած հոգնածության պատճառով էր, իմ խեղճ ուղեղը դժվարությամբ էր թոթափվում քիչ առաջվա ցնորքներից: Բայց պատրանքը շարունակվում էր, աննկատ, կրկնվելով, մինչև որ դուրս կգայի սպասասրահից: Ստիպելով ինձ պահպանել բանականությունը` որոշեցի, որ այլևս չեմ շրջվի: Հոգնած եմ, այո: Թերահավա՞տ` ոչ: Ես հասել էի կառամատույց, որտեղ մի քանի գնացքներ, ինչպես ես, սպասում էին լույսը բացվելուն: Բացարձակ լռության մեջ մետաղյա հրեշները հանգստանում էին քսան մետրից ավելի բարձրություն ունեցող կամարների տակ: Ես մի պահ կորսվել էի այդ տպավորիչ տեսարանի մեջ, որից հետո, վերադառնալով սպասասրահ, մտածեցի, որ այս գիշերն, ի վերջո, այնքան էլ վատը չէր:

Նոր էի մտել սրահ, երբ դարձյալ նույն ոտնաձայնը հնչեց, որն ինձ թվաց, թե արդեն լսել էի: Դա չէր կարող իմ քայլերի արձագանքը լինել, քանի որ տեղնուտեղն անշարժացա, մինչդեռ քայլերը շարունակվեցին և կանգ առան ինձնից մի քանի մետրի վրա: Այս անգամ սիրտս սկսեց ուժգնորեն խփել: Այլևս չէի կարծում, թե դա իմ երևակայության արդյունքն է: Այնպես էի վախենում, որ բնավ ծիծաղելի չթվաց, երբ ինձ համար անծանոթ մի ձայնով գոռացի պարապի մեջ. «Ո՞վ կա այդտեղ»: Ոչ մի պատասխան, սակայն ոտնաձայնը մոտենում էր: Ես քարացել էի: Արիությունս հավաքելով` կարողացա հարցս կրկնել: Այդ ժամանակ քայլերն ուղղվեցին դեպի իմ ուղեբեռը և այդտեղ, նստարանի առջև կանգ առան: Խոսք լինել չէր կարող իրերս վերցնելու և փախուստի դիմելու մասին: Անկարող էի նույնիսկ չնչին շարժում անել: Իսկ քայլերը դանդաղ մոտեցան ինձ, մոտ երկու մետրի վրա կանգ առան և սկսեցին շուրջս դառնալ: Սկզբում մի ուղղությամբ, հետո` մյուս, և այդպես շարունակ: Բանականությունս կորցնելու տագնապի մեջ, սկսեցի պտույտները հաշվել: Ես հաշվում էի դրանք, դարձյալ ու դարձյալ, և դրանք շարունակվում էին դարձյալ ու դարձյալ: Դա անվերջ էր: Ասես թակարդի մեջ լինեի:

Եվ հանկարծ մի ներքին ձայն ինձ հուշեց ուշադիր ականջ դնել ոտնաձայնին, և երևույթն ուրիշ բնույթ ընդունեց: Որքան ավելի էի լսում, այնքան ավելի էի հուզվում այն բանից, ինչն աստիճանաբար բացահայտում էի որպես մի սրտաշարժ որոշակիություն: Ի վերջո, տակնուվրա եղած հասկացա, որ դրանք երեխայի թեթև քայլեր են:

Այո, դա փոքրիկ ոտնամանի աղմուկ էր, վեց, յոթ կամ ութ տարեկան երեխայի մանր քայլեր: Հուզմունքս չխանգարեց, որպեսզի ավելի ուժգին կենտրոնանամ: Այդ քայլերում ինչ-որ անհամբերություն կար, միաժամանակ ասես վարանում, գուցե նույնիսկ երկյուղ. այդ քայլերում ինչ-որ խրտնեցնող բան կար: Վիճակը շարունակում էր մնալ անորոշ, բայց սարսափն անհետացել էր: Եվ հանկարծ մտածեցի, թե քայլերն արդյոք չե՞ն ցանկանում վեհերոտությամբ շփվել ինձ հետ: Առանց գիտակցելու արածս` ես մի քիչ մոտեցա, իսկ քայլերը փոքր-ինչ հեռացան: Ես ընկրկեցի, և նրանք մոտեցան: Այս գործողությունը կրկնվեց մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ և այսպես շարունակ, մինչև որ երկուստեք տիրող կասկածը տեղը զիջեց խաղին:

Քայլերը մոտենում և հեռանում էին ցատկով: Նրանք արագորեն հեռանում էին, իսկ ես մի ցատկով առաջանում էի: Այս խաղի ընթացքում մեր միջև ընկած տարածությունը շարունակ կրճատվում էր: Եղավ մի պահ, երբ ես կանգ առա. հայացքս հառել էի հատակին, ճիշտ առջևս, որտեղ ոչինչ չէի տեսնում, բայց փոքրիկ ոտնամաններն, անկասկած, այդտեղ էին, ես լսում էի նրանց` հատակին քսվելը: Ստուգելու համար հարցրի. «Ո՞վ ես»: Ոչ մի պատասխան: Ուժասպառ նյարդերով, ետևիցս հնչող թեթև ոտնաձայնի ուղեկցությամբ վերադարձա նստարանիս և մեռածի պես միանգամից քնեցի:

Արթնացա առավոտյան ժամը վեցին` առաջին ուղևորների ներխուժումից: Ավելի լավ. կես ժամ հետո պիտի շարժվեր իմ գնացքը: Վեր կացա, իրերս վերցրի և ուղղվեցի դեպի կառամատույց` մի քիչ զարմացած, որ թեթև ոտնաձայնը հնչում է ինձ հետ համաքայլ և հետևում ինձ: Չէ՞ որ ես դուրս էի գալիս սպասասրահից: Նրանք ետևիցս եկան մինչև իմ գնացքը, մինչև իմ տունը: Այդ օրվանից վաթսուն տարի է անցել, և նրանք ինձ երբեք չեն լքել:

Տարիների հետ որոշ բաներ իմացա նրանց մասին: Օրինակ` որ նրանք սիրում են «կլաս» խաղալ, ցատկոտել մեկ ոտքի վրա: Բացի այդ, կարո՞ղ էր արդյոք մտքովս անցնել, որ դրանք փոքրիկ աղջկա քայլեր են: Իմացա նաև, որ դրանք վազում են շատ արագ և չեն վարանում երկու ոտքով միանգամից ցատկել ջրակույտերի մեջ` ցեխաջուր ցայտեցնելով անցորդների վրա, որոնք ինձ թռչունների անուններ են դնում: Ուրեմն դրանք կարող են նաև փոքրիկ տղայի ոտնաձայներ լինել: Մանրիկ քայլերը սիրում են նաև արգելված բաներ անել` վազել բնակարանում կամ ինձ արթնացնելու համար ցատկել իմ մահճակալին: Բայց ամենից շատ սիրում են խառնվել դասամիջոցների ժամանակ բակում կամ խաղահրապարակներում վազվզող երեխաներին: Ուստի երբ հնարավորություն ունեմ, մեծագույն հաճույքով նրան տանում եմ այդ տեղերը և, թերթ կարդալով, երջանիկ ու անվրդով սպասում: Երբ քայլերը վերջացնում են խաղը, մոտենում են ինձ և դոփում. դա նշանակում է, որ պետք է վերադառնալ:

Ես գեղեցիկ կյանք եմ ապրել, շատ բան տեսել, աշխատել և ճամփորդել, նվիրվել ուրիշներին, բայց երբեք ընտանիք չեմ կազմել: Ընկերուհիներ եմ ունեցել, որոնք երկար չեն մնացել իմ կողքին, և ես հաշտվել եմ այդ վիճակի հետ: Հակառակ իմ պակերացրածի` ես երեխա չունեցա: Գուցե այն պատճառով, որ ինձ շարունակ թվացել է, թե մշտապես ունեցել եմ մեկին, որի մասին երբեք ոչ ոք ոչինչ չիմացավ: Եվ գուցե հոգու խորքում ես հաճախ և հիմնովին ամուրի եմ եղել, որպեսզի այդպես կարողանամ սիրել այդ երեխային: Չգիտեմ:

Այսօր ես ծեր եմ և զգում եմ, որ շուտով պիտի մեկնեմ: Ես անհանգիստ եմ. ի՞նչ կլինի այդ թեթև քայլերի հետ ինձնից հետո: Շատ կուզեի, որ նրանք տխուր ավարտ չունենան որևէ սպասասրահում:

Բայց ո՞ւմ կարող եմ վստահել: Ո՞վ ինձ կհավատա: Ո՞վ կկարողանա դրանք լսել:

 

 

Այսօ՞ր [5]

 

Հնարավոր չէ իմանալ, թե ինչ օր է այսօր: Թերթերն այնուհանդերձ լույս են տեսել միևնույն ամսաթվով. 15: Ծնողները, կասկածով լի, երեխաներին պահել են տանը, և ոչ ոք չի գնացել աշխատանքի: Ի վերջո, այսօր կարող էր կիրակի լինել: Բոլորը, տարակուսանքով լի, հեռուստացույցների առջև նստած, անհամբեր սպասում են: Այս երևույթից գլուխ չհանող մեծանուն գիտնականների մեկնաբանություններն իրար են հաջորդում, որ քառորդ ժամը մեկ ընդգրկված են արտակարգ հաղորդագրությունների մեջ, որի ընթացքում պետության ղեկավարը հանդիսավորությամբ վստահեցնում է իր համաքաղաքացիներին: Օրվա վերջում մենք իմանում ենք, որ օրացույցից հետո ժամն է սկսում համը հանել. այսուհետ մենք միայն րոպեներ ունենք: Խուճապն աստիճանաբար համակում է մեզ. մինչև ո՞ւր կհասնի սա: Հանկարծ պարզվում է, որ հինգշաբթի է, բայց շարունակ ժամը չկա: Եվ հետո հայտնվում է. ժամը 19.54 է, բայց հայտնի չէ, թե ինչ օր է: Ժամը 19.57-ին անհետանում է նաև ամսաթիվը: Եվ հետո մի խլացուցիչ, ահռելի աղմուկ է լսվում, ասես պայթյուն լինի, որ պատռում է երկինքը և ցնցում ամեն ինչ: Իսկ հետո այլևս ոչինչ չկա. ո՜չ օր, ո՜չ ամսաթիվ, ո՜չ ժամ, ո՜չ րոպե: Հեռուստացույցով ելույթ ունեցող գիտնականները և պետության ղեկավարները միաձայն են. այսօրն այսօր է: Բայց ոմանք, բացահայտելով պահպանողականների քաղաքական խաղերը, պնդում են, որ այսօր վաղն է:

 

Ֆրանսերենից թարգմանեց Ալեքսանդր Թոփչյանը

 

©SNELA La Diffռrence, 30, rue Ramponeau, 75020 Paris, 2017

 

 

Ծանոթագրություններ

  1. Etienne VERHASSELT – Choix de nouvelles courtes
  2. «Rene Desessendre». Պատմվածքի ֆրանսերեն վերնագիրը, որը նաև գլխավոր հերոսի անուն-ազգանունն է, արտասանվում է ճիշտ այնպես, ինչպես renռ de ses cendres նախադասությունը, որը բառացիորեն նշանակում է «վերածնված իր մոխիրներից», ասել է թե` «մեռնող-հառնող»:
  3. «Mon voisin».
  4. Les pas perdus. վերնագիրն իդիոմատիկ արտահայտություն է, որ բառացիորեն թարգմանվում է «կորսված քայլեր»: Իմաստների այս խաղը հասկանալի է դառնում պատմվածքի ավարտական մասում: Ֆրանսերենում նույն իմաստն արտահայտելու համար գործածվում է նաև la salle de pas perdus` «կորսված քայլերի սրահ» ձևը:
  5. Aujourd’hu?

 

Share

Կարծիքներ

կարծիք