Ստեփան Քյուրքչյան. գծերը տարածության մեջ

10648636_750948964963998_5098854405360582265_o

Չին միջնադարյան փիլիսոփա Ֆա Ցզյանն ասում է. «Դատարկությունը տեսք չունի, բայց ձևի միջոցով հասկացվում է: Նա չի խանգարում պատրանքների գոյությանը, դրա համար էլ այն անվանում եմ ձևի դատարկություն»:

Ամերիկյան ասացվածքն ասում է. «Աստված ստեղծել է գյուղը, իսկ մարդը` քաղաքը»: Եվ եթե դա այդպես է, իսկ դրանում ես կատարելապես համոզված եմ, ապա քաղաքը ստեղծում են ճարտարապետները: Եվ նաև Արիստոտելն ասում էր, որ քաղաքը մի տեղ է, որտեղ մարդիկ ապրում են հանուն ազնիվ նպատակների:

 

Երևանում Կամերային երաժշտության տունը մի օջախ է, որ արդարացնում է Արիստոտելի «ազնիվ նպատակը»:

Նախագծողի ազնիվ (ես այն կանվանեի վեհ) միտքը կարողացել է ճարտարապետական ձևերի մեջ արտահայտել ժամանակի ոգին, մեր ժամանակակցի անհանգիստ և որոնող ներաշխարհը:

Բայց եկեք վերադառնանք միջնադարյան չին փիլիսոփային, փորձենք հասկանալ նրա մտքի խորը և նրբագեղ արտահայտված վերացարկումը, որ միաժամանակ և՛ հարց է, և՛ եզրահանգում: Եվ այսպես, դատարկությունն անդեմ է, բայց այն առանձնացվում և կարող է ճանաչվել միայն ձևով: Այսինքն` տարածության դեմքը,- խոսքը նաև մոլորակայինի կամ տիեզերականի մասին է,- առաջանում է միայն այն ժամանակ, երբ մարդու ստեղծարար միտքն անսահմանությունից վերցնում է որոշակի գծեր և կերտում ձև, որը տվյալ դեպքում անվանում ենք ճարտարապետական:

Ազգի փորձը, նրա գենոտիպը և լանդշաֆտն այստեղ առաջնային դեր են խաղում: Փորձը կամ այլ խոսքով` շարժումը քաոսի մեջ որոնման կազմակերպված շարժում է, որտեղ կա խնդիրների և բացահայտումների տրամաբանական շղթա: Ճարտարապետը կապված է և հակադրվում է դրանց: Նա չի կարող բավարարված լինել, քանի դեռ տարածության մեջ չի բացահայտվել դրա անվիճելի ձևը, որը նրա աշխարհընկալմանը կբերի ներքին հանգստություն, թրթիռ և պարզություն:

Դատարկությունն, ինչպես Ֆա Ցզյանն է ասում, պետք է վերակենդանանա ստեղծված ձևի մեջ: Քյուրքչյանի տարածությունն ապրում է, և, ուրեմն, տարածության մեջ գտնված ձևը նույնպես կենդանի է և քաղաքային լանդշաֆտի անբաժանելի մասն է:

Ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի Կամերային երաժշտության տունը Երևանում ամենից առաջ մտածված է որպես արվեստի տաճար, որտեղ անտրոհելի միասնությամբ զոդված են երաժշտությունը, ճարտարապետությունը, գեղանկարչությունը, դեկորատիվ-կիրառական արվեստը…

Երաժշտությունն իսկ ապրում է այդ հրաշալիքի բուն էության մեջ, ամենից առաջ ժամանակակից երաժշտությունը` խռովահույզ և միայնակ, որ մարդու հոգին տանում է դեպ երկնային բարձունքներ` հանելով այս օտարումի աշխարհից …

Stepan-Kyurkchyan-2Ստեփան Քյուրքչյանը գտել է պլաստիկայի  այն միակ լեզուն, որում հայկական միջնադարյան ճարտարապետության ավանդույթները համակցված են 20-րդ դարի փորձի հետ: Պլաստիկ ձևերի այդ լեզուն տարողունակ է, խիզախ, ազգային: 20-րդ դարի փորձից` Կամերային երաժշտության տունը ոչ թե ձևական պահեր է ընդունել, այլ ժամանակակից ձևի խորքային էությունը` նրա ավանդույթներով և դրված խնդիրների սրությամբ, ինչպես, ասենք, ֆինն Աալտոյի, ճապոնացի Թանգեի և ուրիշների գործերում… Կամերային երաժշտության տունը համահունչ է մեր դարի հայ քանդակագործների կենդանի նկրտումների կտավին:

Ուզում ես հիշել հայ խոշորագույն կոնստրուկտիվիստներին, մեծն Ալեքսանդր Թամանյանին, ուշ շրջանից` փայլուն Ռաֆայել Իսրայելյանին:

Քյուրքչյանն, իհարկե, իր այսօրվա որոնումների մեջ միայնակ չէ, նրա կողքին աշխատում են Սպարտակ Կնտեղցյանը, Արթուր Թարխանյանը և ուրիշներ, բայց Ստեփանը մեկն է նրանցից, որ կարողացավ հնարավորինս ճիշտ արտահայտել ներկա սերնդի ոգին, զգացմունքները և մտքերը, այդ որոնմանը տալով հոգևոր մաքրման և մտքի հազվագյուտության լիցք: Եվ այս ամենի շնորհիվ նրա Կամերային երաժշտության տունը ձուլվել է վերջին տասնամյակների ազգային ճարտարապետության լավագույն օրինակներին, որպիսիք են Սարդարապատի ազգագրական թանգարանը, Երևանում «Մոսկվա» ամառային կինոթատրոնը, Հայոց ցեղասպանության հուշարձանը, Ապարանի հերոսամարտի հուշարձանը…

Այսպիսով, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան գաղափարը ճարտարապետը հղացել է 1965-ին: Քյուրքչյանը մի քանի տարում աշխատանքից ազատ ժամանակ ստեղծում է էսքիզների շարք, մինչև չի գտնվում վերջնական տարբերակը: Պետք է ասել, որ շինարարությանը ձեռնամուխ են լինում 1967-ին:

Անցնելով Ռուզաննա Քյուրքչյանի «Վերածնունդ» հպարտ և քնարական քանդակից դեպի ստվերախիտ ծառուղի, որը տանում է դեպի Կամերային երաժշտության տուն, մարդն ակամայից տրամադրվում է արվեստի հետ ստեղծագործ հաղորդակցման յուրօրինակ ալիքի:

Հարկ է անմիջապես հիշեցնել, որ այդ շենքը բացառիկ է ոչ միայն իր ճարտարապետական ձևերով, այլև նշանակությամբ: Արտահայտիչ ուրվագիծ, որի թախծոտ զսպվածությունը և հանդարտ վեհությունը պարուրում են անցորդին, հաղորդակից դարձնում նրան Երաժշտության գեղեցիկ աշխարհին: Այդ Տունն այն դեպքն է, երբ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ նպատակաուղղված է առ երիտասարդ մարդու գեղագիտական դաստիարակությունը, այն դեպքում, երբ ավագ սերնդի համար Տունը հանգիստ մտորումների, նրբին զուգորդությունների և բարդ այլաբերությունների տեղ է, որն արթնացնում է Երաժշտությունը:

Շենքի ճարտարապետական դիմագծում ինչ-որ գաղտնիք կա, որ յուրահատուկ է հենց երաժշտությանը, և եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, ապա այս դեպքում այն հոգևոր և ինտելեկտուալ երաժշտություն է միաժամանակ:

Իրոք, Տան էության մեջ ինչ-որ բան կա միջնադարյան շարականներից, անցած դարերի ձգող և մաքրող ուժից, բայց միաժամանակ ես գտնում եմ իմ սերնդի լեցուն անհանգստությունը և նրա բաց հոգին, նրա անպաշտպան թախիծը:

Տունը ամբողջացնում է ողջ շրջապատի տարածությունը. Քյուրքչյանը ստույգ նախագծել է զբոսայգու գոտին, որքան ես հասկանում եմ, այն Երևանում առաջին ճարտարապետորեն ստեղծված զբոսայգին է արվեստի գործերի համար, և չնայած շենքի ամեն մի կողմն ունի իր դեմքը, այդ Տան բանաստեղծական կերպարը բաց առագաստներով սլացող նավն է…

Կոմիտասի տունը, երևանցիները հաճախ այդպես են անվանում Կամերային երաժշտության տունը, ժամանակակից երաժշտական սրահների բացառիկ որակ ունի, որը ես կմեկնաբանեի մի քանի հարթության մեջ: Տունն առանձնահատուկ է քաղաքի ենթատեքստում, նրա զբոսավայրային գոտում:

Տպավորություն է, որ Կամերային երաժշտության տունը կառուցված է շքեղ, հարուստ և բարձր ինտելեկտուալ քաղաքի (ահա ինչպես էր իր Երևանը տեսնում Ստեփանը) համար, ուր երաժշտասերները կամ գրական և այլ երեկոների երկրպագուները պետք է գան ոչ միայն համերգի, այլև մտերմիկ հանդիպման, հանգիստ զրույցի, առանձնակի մտորումների…

Անչափ կարևոր է շենքի ներքին տեսքը, ես չեմ համարձակվում դա անվանել ինտերյեր, դա չափից դուրս ճապաղ կլիներ, նրա ազդեցությունը ունկնդրի վրա անսովոր է, և պետք է հայտնել երախտագիտության ամենաբարի խոսքերը ճարտարապետին, քանի որ նրա հաշվարկն այնքան խիզախ և ճիշտ է, այնքան անսպասելի, որ այդ մասին ուզում ես մանրամասն խոսել:

Այսպես, ֆունկցիոնալ մտածված նախագիծ, որտեղ նախասրահի և դահլիճի սահմանը ներկա է աներևութորեն, և ապակե պատը հնարավորություն է տալիս, որ պատահական անցորդը, քաղաքային այգու ծառը, թռչունները, ամպերը լինեն համերգի համամասնակից… Ամբողջ տարածությունը հնարավորինս «աշխատում է» հօգուտ երաժշտության, ամեն ինչ ներըմբռնողաբար գիտակցված է ճարտարապետի կողմից: Միասնական օրգանիկ անսամբլ են պուրակը, և պատահական անցորդը, և ամպերը, և թռչունները, ահա այդ ամենը միասին Կամերային երաժշտության տունն է:

Բայց վերադառնանք ապակե պատին, որը հոգեբանորեն արդարացված է, քանի որ խորացնում է հանգստի զգացողությունը և ներսուզման անդորրը, երբ հնչյունները պետք է հառնեն անսպասելի` ծնելով զգլխիչ երաժշտություն:

Ներքին հարդարումը շատ համեստ է: Շեղող ոչինչ չկա, ամեն ինչ ենթարկեցված է մի բանի` մարդու հոգևոր մերձեցմանը երաժշտության կախարդանքին: Ծավալուն քնարական, չպարտադրող հարթաքանդակներն արված են Ստեփան Քյուրքչյանի ձեռքով և սրտով: Դրանց զուսպ, քնքուշ գույնը երբեմն նման է քնարի երաժշտության, երբեմն` մենավոր թավջութակի տխուր ձայնի, երբեմն վճիտ և խաղաղ աղբյուր է, ասես բաց մաքրություն:

Կոմիտասի տունը նաև մեկ այլ զարմանալի և հուզիչ յուրահատկություն ունի. նա մարդուն տոգորում է իր երկնային ձգտումով, կենդանի և ազդու հոգևորությամբ, որտեղ գեղեցկությունը բնավորության ինքնություն է, այլ ոչ թե նրա արտաքին դրսևորույթը:

Կամերային երաժշտության տունն, իրոք, մեր հոգևոր կյանքի հուշարձանն է, այն հայ ճարտարապետական դպրոցի մեծ հաղթանակն է, ինչը նույնքան անվիճելի է, որքան Անիի Մայր տաճարը և Հռիփսիմեի վանքը` Էջմիածնում:

Այժմ խոսենք երևանյան ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի այլ գործի մասին: Ես նկատի ունեմ մետրո «Երիտասարդական»-ի վերգետնյա կայարանը և ստորգետնյա դահլիճը: Այդ կայարանի գաղափարն այնքան պարզ է և բնական, որ սկզբից տարվում ես ինքնին ճարտարապետական գյուտով, և միայն հետո է գալիս փիլիսոփայական ընկալումը: Ես նույնիսկ կասեի, որ այդ որոնումն է բերել բարդ, պարադոքսալ և միաժամանակ հասարակ մետաֆորի` ցույց տալ վերգետնյա կայարանը որպես մետրոյի մեկ ամբողջության մաս, որպես մետրոյի թունելի շարունակություն, այլ ոչ թե սովորական շենք, որը հաճախ ոչ մի ընդհանրություն չունի ինչպես մետրոյի, այնպես էլ այդ ստորգետնյա փոխադրամիջոցի կիրառական կյանքի հետ:

Նախկինում մետրոյի վերին տաղավարը (մուտք-ելք) ուներ ռումբերից չփլվելու գործառույթ, եթե պատերազմ սկսվի: Այն պետք է կաթսայի կափարիչի նման փակեր մուտքը և ելքը: Այժմ այլ ժամանակներ են, և որոշ ազատություններ թույլատրված են, և Քյուրքչյանն, ահա, առաջիններից մեկն է համարձակվում գնալ խիզախ փորձարարության` դուրս բերել շարժասանդուղքի խողովակը քաղաքային միջավայր, որպեսզի ներքևում կանգնածներին այնտեղ հաճելի լինի:

Եթե հաշվի առնվի, որ ստորգետնյա նախասրահում մարդը հոգեբանորեն անսովոր է զգում իրեն, անհանգիստ, քանի որ հողի ահռելի շերտը նրա վրա է և ճնշում է, ապա պարզ է դառնում «Երիտասարդական» կայարանի գաղափարը, որտեղ շարժասանդուղքի խողովակը, որպես թունելի շարունակություն, որտեղ գնացքներն են երթևեկում, դուրս է գալիս արտաքին միջավայր` թարմ օդ, և մեզ լուսավորում հույսով, որովհետև ներքևում միշտ ստեղծվում է փակ տարածության զգացողություն: Իսկ դուք ստորգետնյա մասում, շարժասանդուղքի ամենացածրում տեսնում եք երկինքը, ավելի ճիշտ` ելքը, այն ելքը, որ թույլ է տալիս լինել Երևանի առօրյային համամասնակից` տեսնել արևը, անձրևը կամ մութ երեկոյի երկինքը…

Իսկ եթե դրան ավելացնենք, որ արդեն ձևավորված քաղաքի կենտրոնի բարդ պայմաններում այդ գաղափարը հղացվել է որպես անհրաժեշտություն, ապա համարձակ կարելի է ասել, որ ՙԵրիտասարդականը՚ մետրոշինությունում նոր խոսք է, ճարտարապետական և ինժեներական բացառիկ հաջողություն:

Ահա ավարտում եմ այս հոդվածը` կանգ առելնելով հասուն վարպետի` վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի երկու աշխատանքի վրա: Բայց առանց վարպետի դիմանկարի մի քանի շտրիխների այն ավարտուն չէր լինի: Ի՞նչն է ինձ գրավում նրա մեջ: Հոգու շռայլությունը, որն անկշռելի է առանց բարության և համեստության, իսկ այս ամենը` առանց անհատականության, առանց սկզբունքայնության: Ստեղծագործելիս նա խիստ է, ազնիվ, իսկ կյանքում` հեշտ խոցելի: Եվ որ ամենագլխավորն է, նա միշտ որոնումների մեջ է, միշտ այն երկրում է, որտեղ ապրում են, կասկածում, հրճվում և կատարյալ ստեղծագործական ուժ են առնում իր մտքերը: Նա ապագայում է:

 

1977-1981 թթ.

Լենինգրադ-Երևան

 

Հ.Գ.

Այժմ, երբ Երևանում նստած գրում եմ այս տողերը, պատուհանից այն կողմ 2013 թ. աշնանային երեկո է, և ասել է թե անկախ Հայաստանը ապրում է` փորձելով իր դերը հասկանալ համաշխարհային բեմում:

Մայրաքաղաքը, որը կառուցել, զարդարել, սիրել և արարել են հայտնի նկարիչների, կոմպոզիտորների, գրողների և պոետների, ճարտարապետների մի քանի սերունդներ, պարզվում է` հիմա պետք է փրկել նորահարուստներից` նրանցից, ովքեր եկել են Երևան` առանց հասկանալու, որ քաղաքն այս ունեցել է իր գեղարվեստական կերպարները, ավանդույթները, սիրելի անկյունները …

Հարկ է արժևորել Երևանի ոճը, որը մի խումբ բոլորովին տարբեր, բայց միաժամանակ տաղանդավոր ճարտարապետների ձեռքբերումն է: Ժամանակին նրանք ստեղծել էին քաղաքի անսամբլային պատկերը, որն այսօրվա «կյանքի տերերը» աղճատում են:

Կամերային երաժշտության տունը ճարտարապետական բացառիկ կոթող է, վայր, որտեղ երևանցիները գալիս էին երաժշտության, պոեզիայի և քանդակագործության հետ հոգևոր մերձեցման համար:

Երևանաբնակի ինտելեկտուալ կերպարը, նրա` հոգևորի և կատարյալի նկատմաբ պահանջը լավագույնս արտահայտված է ինչպես Ռուզաննա Քյուրքչյանի քանդակում, այնպես էլ` զբոսայգով, որն ինքնին բացառիկ է Երևանի համար:

Ինչի՞ է այս ամենը վերածվել:

Մենք Կոմիտասի, Նարեկացու, Սարյանի և Փարաջանովի ա՞զգն ենք թե՞ խորտկարաններում իր քաղցը հագեցնող ամբոխ:

Խոսքս, իհարկե, առաջնահերթությունների մասին է, թե չէ խորտկարանը, ինչպես և մարդու ֆիզիոլոգիայի հետ կապված ամեն բան, անհրաժեշտ է, բայց` իր տեղում: Այնպես, որ օպերայի թատրոնում բորշչ չես խնդրի, ինչ է թե սոված ես:

Այսօր վաթսունական թվականների ճարտարապետության այս զարմանահրաշ հուշարձանի նախկին տեսքի վերականգնումը հույժ կարևոր է, ինչպես և կարևոր է այն գիտակցումը, որ մենք ապրում ենք անկախ Հայաստանում, և մեր մշակույթը ոչ այլ ինչ է, քան այն, ինչ ստեղծվում է հենց այստեղ և ոչ այլուր:

Այդ ամոթը նաև տարածության մեջ գծեր են, որոնք մենք պետք է ջնջենք մեր գիտակցված վերաբերմունքով դեպի մեր բացառիկ մշակութային ժառանգությունը: Եվ ժամանակն է, որ բոլորը սովորեն այդ մշակույթից և կարողանան գնահատել և սիրել գեղեցիկը:

 

 

Ռուսերենից թարգմանությունը` Տաթև Աթանեսյանի

 

Անդին 3, 2017

Share

Կարծիքներ

կարծիք