Կինոն նվիրյալների աշխատանք է. Իլդիկո Էնյեդի

Հուլիսի 11-ին  Ոսկե ծիրան կինոփառատոնի վարպետության դասի հյուրը հունգարացի բեռլինյան «Ոսկե արջ» կինոփառատոնի մրցանակիր, ռեժիսոր Իլդիկո Էնյեդին էր:

Իլդիկո Էնյեդիին ժամանակակից կինոյի առաջատար կին ռեժիսորներից է և շուրջ երկու տասնյակ ֆիլմի հեղինակ, նրա ֆիլմերում նկարահանվել են Օլեգ Յանկովսկին և Ալեքսանդր Կայդանովսկին: Էնյեդիի «Իմ XX դարը» ֆիլմը ճանաչվել է Հունգարիայի ողջ պատմության ընթացքում նկարված լավագույն քսան ֆիլմերից մեկը:

Ոսկե ծիրանի վարպետության դասի շրջանակներում Էնյեդին խոսեց ռեժիսորի իր կենսագրության մասին, ֆիլմաստեղծման դժվարությունների, դերասանական կազմի ընտրության նրբությունների մասին:

-Մենք` ռեժիսորներս, երբեմն ծուլանում ենք դերասան ընտրելու գործում, չենք ուզում տեսնել, թե ինչ կա անձի արտաքինից այն կողմ: Ես էլ սկզբում չէի սիրում այդ գործընթացը և ստիպված էի լինում մերժված դերասաններին անհարմար իրավիճակի մեջ դնել` շարունակ ներողություն խնդրելով: Բայց ի վերջո հասկացա, որ քասթինգը երկու մարդու հանդիպում է, որից պետք է արժեքավոր բան ստացվի, և որի ընթացքում մենք երկուսս էլ պետք է ջանանք այդ արժեքի համար:

14-րդ Ոսկե ծիրան կինոփառատոնի արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է նաև Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ այս տարի գարնանը:

-Ֆիլմի գլխավոր հերոսը կապ չունի կինոարվեստի հետ. Գեզա Մորչանին քսան տարի հունգարական մի հրատարակչություններից մեկի տնօրենն է եղել: Բայց ֆիլմում ինձ պետք էր մեկը, ով շատ տպավորիչ արտաքին ու խարիզմա ուներ, և Մորչանին, ինձ թվում է, համապատասխանում էր իմ պահանջներին: Ի տարբերություն Մորչանիի, ֆիլմի գլխավոր հերոսուհին թատերական աշխարհից էր: Նրանք, փաստորեն, չընկերացան խցիկի առջև, և հենց դա էլ իմ նպատակն էր, քանի որ ֆիլմի սյուժեն մարդկային հարաբերությունների հաստատման դժվարությունն էր, և մենք հասանք այդ նպատակին «բնական արտահայտչամիջոցներով»:

Խոսելով  առհասարակ ֆիլմաստեղծման մասին` Էնյեդին նշեց, որ ֆիլմի նախապատրաստումը պետք է կուռ կմախք լինի թե՛ տեխնիկական առումով, թե՛ անձնակազմի, որի հետ պետք է աշխատել: Բոլորը պետք է գիտակցեն ֆիլմի առանցքը և այն, թե ինչին է այս ֆիլմը հանգում: Կինոն նվիրյալների աշխատանք է:

Share

Կարծիքներ

կարծիք