Բանաստեղծություններ

DSC00846---копия

***

…ես հետաձգում եմ

կարևոր բառերը

որ ժամանակը

մի փոքր էլ երկարի…

 

***

նեղլիկ փողոցներում

անցորդներից անդին

փոքրիկ շշուկ կա դեռ

որ բոլորից գաղտնի

ինձ իր մոտ է կանչում:

 

***

Ես հիմա ամենատխուր

բանաստեղծությունն եմ

գրում —

ամենատխուրը.

լսի՛ր ինձ…

 

***

փողոցից ոտնաձայն է

լսվում

դողալով բացում եմ

պատուհանը

ճյուղերը քսվում են

իրար

մի հին նամակ է ընդամենը

որ քամին

ինձ է

վերադարձնում:

 

***

դու դարձյալ

լցվում ես սենյակս

(եթերի պես)

և ես փակում եմ

պատուհանը

որ հանգիստ

քնել

կարողանամ:

 

***

ես շոշափում եմ

զգեստդ

որ հանել ես

քիչ առաջ

և թվում է

ողջ գաղտնիքն ասես

հենց միայն

այդ սքողի մեջ է:

 

 

Անդին 3, 2017

Share

Կարծիքներ

կարծիք