Կանաչ մառախուղ: Մեռնելուց մեկ ժամ առաջ

18556065_1385584578167097_972483274934995772_nՄառախուղը կանաչ էր, որ նրան ուղեկցում էր ողջ ճանապարհին: Երաժշտություն էր քամին, որ շարժում էր կանաչ մառախուղով պարուրված ծառերը, իսկ ծառերի ճոճքը պար էր, որ կարծես բժշկում էր այն, ինչը չի բժշկվում: Նա տրվել էր բնության խաղին այնքան, որ չէր նկատում` հենց ինքն է կատարում բնության դերը: Ճանապարհը ոչ մի տեղ չէր տանում, մառախուղը թանձրանում էր: Նա այլևս չէր հիշում, թե ով է, թե քանի ժամ, օր ու տարի է այդ ճանապարհով ընթանում: Նա մոռացել էր և հիշեց` երբ ստեղծվել է ժամանակը, Գիշեր աստվածուհին իբրև պատիժ ծնել է քունն ու մահը, բայց նախընտրեց քունը, սակայն չհրաժարվեց, շարունակեց իր ընթացքը, նա տրվել էր հավերժության խաղին ու մոռացել դրա մասին ու բախվեց մեկին, լսելով նրա ճիչը` արթնացավ: Արգելակեց` ճակատով բախվելով ապակուն, երբ ուշքի եկավ, կանաչ մառախուղը վերածվել էր ծանր գիշերվա: Նա մաքրեց արյան հետքերը ճակատից, լայն բացեց աչքերն ու մթության մեջ տեսավ բազմաթիվ բացվող աչքեր, ճիչը դեռ գլխում էր:

-Բարև՜,- նայեց ինքն իրեն հայելու մեջ:

«Հիշո՞ւմ ես` ով ես, ես այլևս չեմ հիշում, թե ով ես»: Ելք չուներ, փախավ: Նա արդեն փախել էր մի անգամ: Ճիչը նրան քշեց, քամու պես քշեց, բայց զայրացած քամու, նա կորցրեց ուղին, մոլորվեց, նա կորստի մատնվեց կանաչ մառախուղի մեջ: Նա կանաչեց, ինչպես բնությունն էր ցանկանում, փորձեց դառնալ ծառ, ցավոք, չստացվեց: Նա փախավ շատ հեռու, որ իր հետքը կորցնի, նրա վազքը երկար էր ու հոգնեցուցիչ: Ընթացքից վնասվել էր մարմինը` բախվելով հեռու ծառերին: Ճակատից արյունը հոսում էր աչքերի մեջ: Նա ընկավ դեմքով հողին ու մահ ցանկացավ, բայց ընտրեց քունը: Արթնացավ մի տան մեջ և չգիտեր, թե ով է նրան այստեղ քարշ տվել, գուցե հենց ինքն էր եկել, այնտեղ ամեն ինչ փակված էր սպիտակ սավաններով, և նա մենակ էր: Սեղանին տաք թեյ էր դրված, գուցե ինքն էր այն պատրաստել և հիշեց, որ շատ վաղուց է այստեղ, նա արդեն չէր հիշում, թե նա քանի ժամ, օր ու տարի է այստեղ:

Դա մղձավանջ էր, բայց և մղձավանջ չէր, նա ընդամենը մենակ էր, նա մենակ էր մեկ գավաթ թեյի հետ, նա վաղուց էր այստեղ, փախուստի պահից, նա սպանել էր մեկին, բայց համոզված չէր, որ սպանել է այդ մեկին, նա լքել էր նրա դին, երկար ճանապարհ անցավ, մինչև հայտնվեց իր տանը, բայց այժմ ուրիշի տանն է, հիշեց իր անցյալը մինչև այն դին, մեղադրեց իրեն, մեղադրեց իրեն իբրև մարդասպան և դատապարտեց իր կնոջը, ով իրականում չէր եղել, երեխաներին, որ չէին ծնվել, մեղադրեց հորը, ով կորցրել էր ձեռքը, մեղադրեց հորը, ով ստիպել է նրան ամաչել, նա հիշեց դա, բայց համոզված չէր, որ դա իր մասին է, նա մենակ էր, ուրիշի տանը և ցուրտ բնության մեջ: Նա կրկին տրվեց վազքին բնության մեջ, կորստի էր մատնել իրեն, որ գտնի: Նա կմոռանար, որ արդեն ինը տարի է, ինչ փոխվել է իր կյանքը, որ ինը տարի է` այդ նույն երազն է տեսնում, այս անգամ կհաշտվի երազի հետ… տեսնում է գորշ թափորի հանդիսավոր երթ, պառկած է տախտակի վրա, թաղում են, առանց հողի, և նա գիտի, որ ինքը մահացած չէ, նա այս անգամ հաշտ է դրա հետ, նա կարթնանա, կվերականգնի իր երազի հաջորդականությունը և կհիշի, որ առաջին անգամ չէր կարող թույլ տալ, որ իրեն ողջ թաղեն, նա քնած էր տախտակի վրա, նա պայքարում էր դրա դեմ, նա դեմ էր թաղվելուն, դա փոքր-ինչ շատ էր նրա համար, նա լսում էր նրանց մտքերը, նրան մեղադրում էին ինչ-որ բանում, նա լսում էր այդ և այն տան դռան ճռինչը, որտեղ պիտի հայտնվեր, բայց երբեք չէր գուշակելու, թե դա ինչ ձայն է, նա պայքարում էր, նա կփորձեր պաշտպանել բոլոր այն մարդկանց, ում փորձում էին կենդանի թաղել: Նա ապշում էր մեռած լինելու գորշությունից և սրտխառնոց զգում, նրան ինը տարի շարունակ ուղեկցում էր նույն թափորը և թաղումը նույն տեղում, և նա զգում էր այն դմփոցը, երբ նրան գցում էին փոսի մեջ, բայց նա նաև զգում էր այն ուժը, որ գետնից խփում է իրեն, նա զգում էր, թե ինչպես են կոտրվում իր բոլոր ոսկորները, ապա տեսնում էր, թե ինչպես են մոխրագույն հագած մարդիկ հեռանում, նա մնում էր մենակ բլրակի սառնության հետ, նրա շուրջը սկսում էին ննջել և՛ քամին, և՛ եղանակը, և՛ բույսերը, և՛ ողջ աշխարհը: Նա պայքարեց երազի դեմ երեք ու կես տարի և այլևս վաղուց հաշտ էր իր ոչ պատեհ թաղման հետ, նա երբեմն կարթնանար երազի կեսից և քայլ առ քայլ կկառուցեր շարունակությունը, այլևս սովոր էր այդ դաժանությանը: Նրա ընթացքը կանաչ մառախուղով մայրուղով շարունակվում էր, նա արգելակում էր ամեն անգամ, երբ բախվում էր ինչ-որ մեկին, և նրա ճիչը խլացնում էր իրեն, ուշագնացություն առաջացնում, ապա բացում էր աչքերն ու տեսնում դիակը… դա այլևս գաղտնիք չէր իր համար… օրերից մի օր նա քնեց ու տեսավ իր հուղարկավորությունը, դիակից էր փախչում, նույնիսկ այն ժամանակ, երբ նա չկար: Այս անգամ երազն ավելի երկար տևեց, այնքան երկար, որ նրան թվաց, թե մի քանի օր շարունակ քայլեց թափորը, այս անգամ անձրևախառն ցեխը շփեց դեմքին, և վերջապես թաղեցին նրան, արթնացավ անտառում, նրան արթնացրեց հեռախոսազանգը, հեռախոսը զանգում էր ննջեցյալ բնության մեջ, նա վազում էր այդ ձայնի ուղղությամբ, վազում ու ամեն անգամ կորցնում հետքը: Զանգը դադարեց, և նա վայր ընկավ հենց այն խցիկի կողքին, որից լսվում էր զանգը, հեռախոսը էլի կզանգի, նա հույս ուներ, նա սպասում էր, նրան վերջապես կզանգեն, այդ սպասումը երկար կտևի, նա գիտեր, բայց մինչ այդ նա չի լքի ընկած տեղը, նա փակել էր աչքերը, երբեմն ժպտում էր, նա գտել էր փրկվելու վայրը: Լսափողը կախ ընկավ ու չէր աշխատում, սակայն նա լսել էր զանգը և գիտեր, որ անպայման կհնչի.. Քնած էր քամին, որ մինչ այդ շարժում էր կոտրված ճյուղերի մահացած տերևները, նա հետևում էր միջատներին, նրանց թևերի, պոչերի շարժմանը, նա զգում էր, թե ինչպես են հեռվում շարժվում փայտե տան վարագույրները, և ինչպես է մեկն այնտեղ թեյ պատրաստում, քանզի լսում էր բաժակների շխկշխկոցը… Նա օրեր շարունակ չհեռացավ հեռախոսախցիկի կողքից և մեկ օր միայն համարձակություն ունեցավ ականջին դնել կախված լսափողը, այնտեղ ձայն չկար, քանի որ չէր աշխատում.

-Բարև՜,- խոսեց նա,- հիշո՞ւմ ես, թե դու ով ես, ես այլևս չեմ հիշում, թե դու ով ես: Բայց ես գիտեմ քո օրը:

Եվ նա կհիշի, որ սա ևս մեկ անգամ ասել է: Դա այն անգամ էր, երբ չկար կանաչ մառախուղը, բայց կար մայրուղին ու այն դին, որին չգիտեր` սպանել է, թե ոչ, բայց նա լքեց դին` վերադարձավ իր տուն, որպեսզի հետո հայտնվի ուրիշի տանը, քանզի ուշ էր ետ վերադարձը, մնում էր առաջ շարժումը, և նա կմեղադրեր մարդկանց, բնությանը, օրենքներին և ողջ աշխարհին, բայց ոչ ինքն իրեն և կկանգներ իր տան թույլ լուսավորված սենյակում, հեռախոսի առջև և ապա կսկեր նայել իրեն, ապա կմոռանար այն զգացողությունը, թե մարդ ինչպես է նայում ինքն իրեն, և կհիշեր, որ սխալ զանգի պատճառով էր ուշացել ու գերազանցել արագությունը, և հասկացավ, որ մարդ է սպանել ոչ իր մեղքով, այլ ուրիշի, իրեն սխալ զանգահարողի, ով պատահմամբ խլել էր նրանից այն ժամանակը, որի ընթացքում նա չէր կարող սխալվել, մեղադրեց նրան, նրա նկատմամբ ատելությամբ լցվեց: Նա ցանկացավ ետ բերել ժամանակը, բայց չէր կարող, մնում էր միայն ժամանակի հետևանքը, պետք էր շտկել հետևանքը, գտնել սխալ զանգահարողին ու թաղել նրան սխալի ու մահվան գիտակցման մեջ, նա գտավ սխալվողին ու կատարեց իր ցանկությունը, ողողեց նրան մեղքի ու մահվան մեջ և գիտեր, որ մարդիկ այևս շնորհակալ կլինեն իրեն: Հայտնվելով ուրիշի տանը` հավերժ կմոռանար նրա մասին, եթե չլսեր նույն զանգը, սակայն բնության անունից: Երբեք ոչ ոք չթակեց նրա դուռը ու չմեղադրեց նրան, նա կորցրել էր երկու մարդկանց գոյությունը, և երբեք չհաստատվեց նրանց մեռած լինելու փաստը, բայց նա գիտեր նրանց մեռնելու օրը: Նա երկար էր խորհել իր արածի մասին և մտովի հարություն էր տվել այդ երկուսին: Սակայն ամեն օր, այն ժամին, երբ ոչ գիշեր է և ոչ ցերեկ, նա կարթնանար ու կկանգներ սեփական պատուհանի մոտ ու կտեսներ` ինչպես են մարդիկ իրենց վայր գցում պատշգամբներից, դուրս պրծնելով սենյակից` կթակեր բոլորի դռները, ապա ամեն կիսաբաց դռան արանքից կտեսներ` ինչպես են ճոճվում առաստաղից կախ դիակները, այցելելով իր բոլոր կանանց` նա կգտներ նրանց արյան մեջ թաթախված, ճզմված, ամենուր միայն մահվան պատրանքը կտեսներ, սակայն ամեն անգամ նա սարսափ կապրեր իր երազի գորշ մարդկանցից, ովքեր հուղարկավորում էին իրեն. «Ո՞ւմ են հուղարկավորում,- լսում էր նա,- ո՞ւմ են հուղարկավորում»,- այդ հարցը տալիս էր մոխրագույն թափորը: Ինը տարի շարունակ մարդիկ չգիտեին` ում են հուղարկավորում իրենք:

Վախն էր նրան հեռացրել ու խառնել կանաչ մառախուղին, բնության ոգիներին, որ ամեն գիշեր արթնանում և պարում էին կանաչ մառախուղի մեջ, որ շատ կամ քիչ չեն ապրում, այլ հավերժ են ապրում ու տեսիլքներ պարգևում նրան մաքրելու համար, նա հասկացավ, որ մարդիկ վաղուց մոռացել են իրեն, բայց ինքը նրանց չէր մոռացել, անցյալը սարսափեցնում էր նրան, փախել էր, քանի որ կիսատ էր ապրել մի տեղ, որտեղ նույնիսկ ապրել չէր կարելի: Սա վերջն էր` իր կյանքի, անցյալի, ողջ մարդկության, քանի որ մի օր աշխարհը ննջեց, իսկ նա այլևս չկար անցյալում, բայց նրան ստիպում էին ապրել մեղքի գիտակցման մեջ, որը վեր էր նույնիսկ իր գոյությունից և ննջեցյալ աշխարհից: Նա մեկ օր կմոռանար ամենը, և այլևս չէր ցանկանա մարդ ծնվել, նրա որոնումները նրան ոչ մի տեղ չէին տանի, քանզի բացարձակ խավար էր տիրում այն բոլոր վայրերում, որտեղ ինքն էր հայտնվում: Նա փախել էր ժամանակից, որ շտկի անցյալը, նա հավերժ խավարի մեջ կպայքարեր հոգուն տիրող չարիքի դեմ, բայց իրականում հաշտ էր դրա հետ, նա կհրդեհեր նույնիսկ ուրիշի տունը, որտեղ սուրճ չէր կարող պատրաստել, կքշեր կանաչ մառախուղը, իր երազը և թույլ չէր տա, որ նորերը ծնվեն: Հեշտ էր կռվել բնության և աշխարհի դեմ, որ արդեն մահացած էր, և որ ինքն էր մահացած և այլևս երբեք իր չսխալվելու ժամանակը չէր գտնի: Սակայն երբեք այլևս չէր իմանա, թե սա իր կյանքում եղել է, թե չէ, գուցե ինքն էր հորինել… Սառն էր քամին, և այլևս նա ոչինչ չէր զգում սառը անտառում թվացյալ հեռախոսախցիկի կողքին, կանաչ մառախուղը դանդաղ թանձրանում էր, կերպարանավորվում ու սեղմում էր նրան հողին, ճաքճքում էր մարմինը, և հող էր ուտում, շնչահեղձ էր լինում, հա՛, հասկացավ, որ գուցե ոչինչ էլ տեղի չի ունեցել իր կյանքում, ոչ մի մարդու կյանքում այդքան արագ ոչինչ չի կատարվում, և նա թույլ տվեց, որ վայրի մառախուղը հանգիստ պատառոտի իրեն, և նա լուռ հետևեց իր ստվերին, ինչպես արել էր ամբողջ կյանքում, և վերջապես հերքեց իր գոյությունը և հանձն առավ իր ցնորքները, ցանկացավ ննջել, ինչպես աշխարհը, փակեց աչքերը ու հիշեց…

…Գեղեցիկ էր Նինվեն, պարզ և քարացած էր ամենը, սառն էր, ու ձկան հոտ կար: Ձկան հոտ կար մարդկանց շնչուղիներում: Գեղեցիկ էր Նինվեն, և բարձր լեռ կար, քարացել էր մառախուղը, ու ձկան գոլ հոտ կար ամեն մեկի տանը: Ձկան կտրված գլուխներ կային բոլոր փողոցներում, երեխաները տրորելով անցնում էին, ու ձկների աչքերը դուրս էին թռչում, բոլորը ձկան աչքերից պատրաստված վզնոցներ էին կրում, բայց գեղեցիկ էր Նինվեն, և նույնիսկ այդտեղ նա չգտավ իրեն… և նա հույս ուներ, որ իր զավակները հեռավոր նավարկության կմեկնեն` գտնելու իր կորցրած տունը…

 

Անդին 3,

 

 

Share

Կարծիքներ

կարծիք