Բանաստեղծություններ

DSC01779

Երբ քեզ ապրում են

 

Կան քաղաքներ, որտեղ դառնալ դու անկարող ես:

Սպասման երգեր են քո մասին էնտեղ երգում:

Եվ մեկը, ով քեզ

Կամ դու իրեն

Արդեն ապրել ես,

Ամենաշուտն է արթնանում այդ քաղաքում.

Իսկ կեսօրին քաղաքը ժեռ ու տոթ է,

Եվ գեշ կանայք` քիչ ավելի անտանելի:

Դեռ ծխահոտ եռում է այն նույն օդը,

Որ սկիզբ տվեց անփորձ պատրանքների:

Վերադառնալ այնտեղ, որտեղ արդեն սիրել ես

Յոթ խաչ վրադ գցած և մենության ոսկին,

Ասես դողերը դիվային քո մեջ սանձել ես

Եվ քաղաքները «չդարձի» բացել կրկին:

Բայց կրկնության ասպետը միշտ էլ առանց ձի է`

Անշուք ու պահը բաց թողած,

Քեզ էստեղ, չմոռանա՛ս, արդեն ապրել են`

Խի՛ստ մանրակրկիտ,

Ասես ձավար համրած:

Եվ օվկիանոսը, և քարեքոս ցամաքը,

Եվ սև-քյոմուր` վառած դաշտերը մասրենու.

Ուր էլ դու փախչես, դա նույն քաղաքն է,

Անհնարին` վերապրելու:

Իսկ քաղաքի գժերը,

Որոնք արդեն վաղուց էին գիժ,

Քո գնալուցդ հետո մոգեր են ձևանում

Եվ հազարոտ կոխած տները շտապելով`

Շեմից խելագարված կրկնում.

«Ախր մենք ասում էինք, ախր մենք տեսնում էինք,

Որ նա  գնացող է, չի ձգի էստեղ.

Որ նա քիչ պակաս է, ու հույզերն անտաշ են,

Բայց դուք անտեսում էիք` իր երգով տարված:

Իսկ մենք զգուշացնում էինք,

Որ նա սարեցի է, իսկ սարերը Ծուռ են

Ու միշտ ետ կանչող»:

 

 

 

Հուլիսված

 

Հուլիսի մեջ օրերը շատ են` երեսունից ավել.

Դրանցից մի քանիսը վաղուց քո համար եմ պահել.

Այսինքն`

Երկրորդ գալստյանդ առանց ավելորդ հարցի

Մտի՛ր, հուլիսը սպասում է

քո Արևադարձի:

Ասում են` վաղուց չեկածները

Ամոթից արդեն չեն գալիս,

Եվ որ չասված խոսքերից անդին

Կյանք կա

Պարզապես ուրիշ.

Ուրեմն`

Մեզ մոտ` ողջերի աշխարհում, ամեն ինչ նույնն է,

Բան էլ չի փոխվում,

Ու գնացքները դարձյալ ուշացած,

Բայց տեղ են հասնում:

Եվ հիմա էլ հինգ սար այն կողմ ու մի քանի օվկիանոս էլ անցած

Միևնույն է

Հուլիսը զրույց` կեսբերան թողած:

Եվ երբ նորեն սկսվի,

Թող այդժամ պատռվեն, թեկուզ ո՛չ վանքի

Գոնե

Ու եթե ո՛չ վարագույրները,

Ապա

Թող մի տեղ

Մի բան

Ճաքի՛

Կամ սպիանա:

 

 

Պոստմոդեռնի հերոսը

 

Հինգ սարից այնկողմ ու մի քանի օվկիանոս էլ անցած

Ճնշման տատանմամբ ու թրջված ոտքերով

հիվանդ մեկը,

Ով մի կերպ էր արդեն հաղթել դևին

Ու ծիծաղեցրել ֆրիգիտ արքայադստերը,

Կարգին խմած պատմում էր ինձ երեկ,

Թե ինչպես են իրեն առաջարկել

Թագավորության կեսն ու ձիուն:

Բայց նա հրաժարվել է` վերցնելով գումարը…

 

 

Անդին 3, 2017

Share

Կարծիքներ

կարծիք