Մեսրոպի վատ օրը

224860_251341364979309_123070387_n

Ալլան բացեց աչքերն ու ամեն սկսվող օրվա պես նայեց պատից կախված ժամացույցին: Յոթն անց էր տասը րոպե: Ամեն սկսվող օրվա պես լսվում էր Մեսրոպի տհաճ խռմփոցը: Ալլան այս անգամ ամեն օրվա պես լուռ չմնաց և ուժգին բոթեց ամուսնուն: Մեսրոպը վեր թռավ, վերմակը նետեց մի կողմ ու քնաթաթախ նայեց աջ ու ձախ:

-Խռմփացնում ես:

-Հետո՞:

-Ի՞նչ հետո, զահլա չմնաց:

Մեսրոպը նստեց անկողնում ու զարմացած նայեց Ալլային: Դեռ լրիվ չէր սթափվել քնից ու ակամա շոշափեց կողքը. նման հանդգնություն Ալլայից չէր սպասում:

-Գժվե՞լ ես, այ կնիկ,- գռռաց:

-Կամա՜ց, երեխաները քնած են… Հա, գժվել եմ, դեռ մի բան էլ ավելի, հոգնել եմ, հոգնել եմ քեզանից էլ, ամեն բանից էլ:

Անտարբեր Մեսրոպի բարկացկոտ հայացքին, Ալլան քայլեց դեպի լոգարան: Մեսրոպը ևս իջավ անկողնուց, մի պահ որոշեց Ալլային տեղը դնել, թափով գնաց նրա հետևից, բայց լոգասենյակի դռան առջև կանգ առավ: «Անտեր մնա էս երկիրը,- մռթմռթած բարկացած,- Ալլա աղջի՛կ, էնտեղ կհամարձակվեի՞ր…»:

Գոլ ջրի տակ Ալլան հանդարտվեց. բնավ չէր զղջում իր արածից ու ասածից: Իրոք հոգնել էր Մեսրոպի տղամարդ ձևանալուց, ալարկոտությունից, խռմփոցից, ամեն ինչից… Միշտ էլ ինքն էր չարչարվել: Այստեղ էլ նույնն է… Մի ժամանակ ինչպե՜ս էր սիրում Մեսրոպին… Սեր, որ ծնվեց փոքր տարիքում, դպրոցից, աճեց իր հետ, ամրապնդվեց ծածուկ հանդիպումներով ու երբեք կանգ չառավ, սուրաց ձյունահոսքի պես` ճանապարհին քանդելով ամեն արգելք ու դիմադրություն, իր տրամաբանական վախճանը գտնելով եկեղեցու խորանում: Շուտով ծնվեց նրանց առաջնեկը` մի թմբլիկ աղջիկ: Ալլան խոնարհ հարս էր, լավ մայր և ջանասեր տանտիկին: Երկու տարի անց աշխարհ եկավ տղան: Մեսրոպը ցնծում էր: Ավելացան Ալլայի հոգսերը, բայց նա լուռ ու անտրտունջ, հանուն իրենց սիրո մնում էր անդրդվելի, միշտ ժպիտը երեսին, արտաքուստ երջանիկ իր ամուսնով ու զավակներով: Ու մի օր էլ, շատերի պես, գաղթի ուղտը իրենց դռանն էլ չոքեց: Մեսրոպի գաղափարն էր, ինքը պատճառ չէր տեսնում հեռանալու հայրենի գյուղից, ոչինչի պակաս չէին զգում:

-Ախր գնանք ի՞նչ անենք,- ընդդիմանում էր:

-Սաղը գնում են, բա չե՞ս տենում, գեղը դատարկվում ա:

-Գնում են, գնան, մեզ ի՞նչ, մեր հերն ու մերը հո չե՞ն գնում, բա նրանց ո՞ւմ հույսին թողնենք:

Վեճերը դառնում էին հաճախակի, բայց Ալլայի առարկության ալիքները փշրվում էին` բախվելով Մեսրոպի` «Սաղը գնում են» անառարկելի կարծր ժայռին:

-Գոնե լեզու իմանայիր,- ասաց մի օր, երբ Մեսրոպը պնդում էր գնալ Ամերիկա:

-Ինչ որ սաղն են անում, մենք էլ էն կանենք,- կարճ կապեց Մեսրոպը:

«Սաղը» Արբակն էր` Մեսրոպի մանկության ու պատանեկության ամենամտերիմ ընկերը, որ մի քանի տարի առաջ գաղթել էր Ամերիկա. լսելով` լավ հալի էր: Ալլան այդ մասին մտածելիս վախ էր զգում. Արբակը գյուղի ամենաձեռներեց տղաներից մեկն էր: Ավարտել էր միջնակարգը, լեզու էր սովորել, զբաղվում էր բիզնեսով, իսկ Մեսրոպը լոդրի պես ապրում էր հոր տնտեսության հաշվին: Հայրը հարուստ գյուղացի էր. զբաղվում էր պանրի ոչ այնքան մեծ, բայց եկամտաբեր արդյունագործությամբ. նրանից միշտ պանրի հոտ էր գալիս: Ալլան այնպես էլ չէր ջոկում Մեսրոպի ու Արբակի մտերմության ու ընկերության բուն շարժառիթը. լրիվ հակապատկերներ էին: Մեսրոպը բարձրահասակ էր, առնական, գեղեցիկ ու… դանդալոշ. Արբակը նիհար էր, կարճահասակ, սևուկ ու…ժրաջան:

-Սաղը լեզու գիտեն, մասնագիտություն ունեն, դու ի՞նչ:

Մեսրոպը զայրանում էր.

-Քեզ չվերաբերող հարցերին մի՛ խառնվիր:

Մի օր Ալլան չհամբերեց, անցավ չափը.

-Կարո՞ղ ա ուզում ես Ամերիկայում էլ հորդ փողերով ապրել:

-Ձենդ կտրիր, էդ քո գործը չի:

Այնուամենայնիվ, անհայտ ճակատագրի ահը սրտում, Ալլան զիջեց` ոչ այնքան ազդված Մեսրոպի պնդումներից: Գյուղական դժվար կյանքից ձերբազատվելու ու նոր աշխարհներ տեսնելու որդն իր փորն էլ էր ընկել. ընկերուհիներից ոմանք վաղուց հեռացել էին գյուղից զանազան ուղղություններով, ինչը, իր հերթին, մղում էր նրան այդ քայլին, թեև հակասական մտքերը հանգիստ չէին տալիս. երբեմն, հոգնած առօրյա աշխատանքից ու բազում հոգսերից, ցանկանում էր, որ ինքը չլինի նախաձեռնողը, լինի թույլ, երազում էր ամուր հենարան ունենալ, հենվել մեկին, զգալ իրեն պաշտպանված. Մեսրոպն այդպիսին չէր… Ալլան սարսափում էր այն մտքից, որ Ամերիկայում իրենք մենակ պիտի տնօրինեն իրենց ճակատագիրը, և միայն իրեն էր տեսնում առաջին գծում: Բայց նա սիրում էր Մեսրոպին ու իրեն մխիթարում այն հույսով, որ ՙէնտեղ՚ կփոխվի, կաշխատի, այլ կերպ լինել չի կարող… Նրանց առօրյան մտավ նոր փուլ, երբ սկսվեց վիզա ստանալու երկար ու բարակ չարչարանքը: Տան մեջ ինչ-որ կորել էր նախկին ջերմ մթնոլորտը. խոսակցության թեման Ամերիկայի վիզան էր. Ալլային վրդովում էր Մեսրոպի տգիտությունը, իր իրավացի խորհուրդներին կոպտորեն հակաճառելը և ամեն բան փողի միջոցով հարթելու մոլուցքը: Ի վերջո սրա-նրա միջոցով ու մեծ ծախսերի գնով գործը գլուխ եկավ: Վիզան ստացան, եկան այստեղ ու մինչև բնակարան գտնելը իջևանեցին Արբակի բնակարանում: Հիմա էլ ամենօրյա խոսակցության թեման գրին քարտն էր, առանց որի դժվար էր ապահովել իրենց կեցությունը և աշխատանք գտնել:

Արբակը շատ էր փոխվել, նրբացել, վայելուչ տեսք էր ստացել, բնավ նման չէր իրենց գյուղի սևուկ, վտիտ տղային, ում Ալլան միշտ նայել էր քամահրանքով. կարգին տղամարդ էր դարձել, բայց մնացել էր ամուրի: Առաջին շաբաթներն անցան երազի պես. Արբակի շքեղ ավտոմեքենայով այցելում էին համերկրացիների, ծանոթ-բարեկամների տները. անդադար հանդիպումներ էին, հյուրասիրություններ, որոնք շատ էլ նման չէին իրենց գյուղական խնջույքներին: Այստեղ կանայք ավելի ազատ էին, ավելի շատ էին ուշադրություն դարձնում իրենց արտաքինին, հագուկապին:

Առաջին ամիսն անցնելուց հետո հետզհետե քչացան հրավերները: Փոքրանում էր նաև Հայաստանից բերած դոլարների կլորիկ գումարը: Ալլան կանացի բնազդով զգում էր, որ Արբակը սկսել էր նյարդայնանալ իրենց ներկայությունից, հատկապես երեխաների չարաճճիություններից: Իսկ Մեսրոպի հոգը չէր:

-Արբակը նեղվում ա,- ասաց մի օր շշուկով, երբ պատրաստվում էին քնելու:

-Ինչե՜ր ես դուրս տալիս,- առարկեց Մեսրոպը:

-Ապուշ մի եղիր, նրա կյանքում էլ կանայք կան:

Մեսրոպը խեթ նայեց Ալլային, բայց բան չասաց:

Ի վերջո վարձեցին այս փոքրիկ բնակարանն ու տեղափոխվեցին: Ճիշտ է, սկզբում Արբակն ու համագյուղացիներից ոմանք հաճախ այցելում ու օգնում էին իրենց, բայց դա էլ երկար չտևեց. ժամանակն էր, որ կանգնեին սեփական ոտքերի վրա: Գլխավոր խնդիրը գրին քարտն էր, որի գործընթացին հետևում էր Արբակի փաստաբան ընկերը: Ալլան մեքենա վարել սովորեց, բայց դեռ մեքենա չունեին: Հաճախում էր նաև անգլերեն դասերի: Հակառակ Ալլայի հորդորներին` Մեսրոպը հրաժարվեց լեզու սովորել. քաղաքը լցված էր հայերով, անգլերենի պահանջ չէր զգացվում, ընդ որում, երեխաները հեռուստատեսության ու խաղերի շնորհիվ ավելի արագ յուրացրին օտար լեզուն, ինչի համար Ալլան չգիտեր ուրախանար, թե տխրեր, որովհետև քույր և եղբայր սովորություն էին դարձրել իրար հետ անգլերեն խոսել: Գնալով ավելանում էին Ալլայի հոգսերը: Երեխաները սկսել էին դպրոց հաճախել: Մեսրոպին չէր հաջողվում աշխատանք գտնել, ձեռքից ոչինչ չէր գալիս. դեռ ավելին, թանկ հագուստներ էր գնում, երեկոները խմում ընկերների հետ: Ստիպված Ալլան ոչ օրինական դրույքով ու ցածր աշխատավարձով գործի անցավ որպես վաճառողուհի քաղաքի հայտնի խանութների ցանցերից մեկում օրական չորս ժամ աշխատելու պայմանով:

-Քեզ ով ա ասել, որ գնաս աշխատես,- ասաց Մեսրոպը հենց առաջին օրը:

-Պա՜հ, դեռ պտի հարցնեմ… Ինքդ գնա, գնա՛ գլխիդ ճարը տես:

Ալլան շատ արագ ծանոթացավ դրամարկղի էլեկտրոնային սարքերին, կանխիկ կամ քարտային սիստեմով գանձումներին, զեղչեր կիրառելուն և հաճախորդների հետ վարվելու եղանակներին: Չորս ժամ պիտի աշխատեր կանգնած, թույլ չէին տալիս նստել: Բայց ինքը տոկուն էր, աշխատում էր հաճույքով, ամեն ինչ նոր ու հետաքրիր էր: Ամեն անգամ, երբ մյուս հայ վաճառողուհիները տրտնջում էին, Ալլան զարմանում էր: Քչերն էին լրիվ դրույքով աշխատում ու վարձատրվում լիարժեք: Նրանք այն «բախտավորներն» էին, որ գրին քարտ ունեին: Գործատերը, օգտվելով առիթից, շահագործում էր գրին քարտ չունեցողներին, ցածր էր վճարում: Արբակի փաստաբանը հույս էր տալիս, որ իրենց գործն էլ շուտով կկարգավորվի: Մինչ այդ ինքը որոշել էր երեկոյան ևս աշխատել չորս ժամ…

Ալլան լոգարանից դուրս եկավ թարմացած, հագավ աշխատանքային մուգ կապույտ կոստյումն ու թեթև շպարվեց: Արագ սուրճ պատրաստեց իր համար, խմեց մի կտոր գաթայի հետ ու պատրաստվում էր տնից դուրս գալ, երբ Մեսրոպը ցցվեց նրա առջև ու փորձեց գրկել ու համբուրել հին օրերի պես:

-Ալ, ի՞նչդ ա, խի՞ ես սենց դիվոտվել:

-Թող գնամ, հավես չկա:

-Չէ, չեմ թողնի, պտի ասես:

-Քեզ ասում եմ` քաշվիր մի կողմ, իբր ինքդ էլ չգիտես, այ ավարա՛… Գոնե Արբակից օրինակ վերցրու:

Ալլան փորձեց անցնել:

Մեսրոպը ուղղակի շշմել էր Ալլայի վերաբերմունքից: Չէր հասկանում` ինչ է կատարվում կնոջ հետ: Անորոշ խանդ էր զգում Արբակի անունը կնոջ շուրթերից լսելիս: Ինքը առիթ չի տվել, Ալլային պաշտում է. ասենք դեռ աշխատանք չի գտել, չի աշխատում, բայց «էնտեղ» էլ կարգին չէր աշխատում, իբրև օգնում էր հորը` հետևում էր բանվորուհիների աշխատանքին: Ճիշտ է, «էստեղ» մի քանի անգամ տղերքի ու անծանոթ աղջիկների հետ դուրս է գնացել, բայց երբեք չի դավաճանել Ալլային, իրենք` աղջիկներն էին կախվում վզից… Ալլան ՙէնտեղ՚ գլխովը պտույտ էր գալիս, նորմալ ամուսնական կյանք ունեին, իսկ հիմա… հիմա մոտ չի թողնում, ասում է` հոգնած է, բոթում է խռմփացնելիս: Ի՞նչ սատանա է մտել փորը, ո՞ւր է էն հլու-հնազանդ կինը, ինչի՞ է լարվել իր դեմ, ուզածն ի՞նչ է: Նա դժվարությամբ զսպեց զայրույթն ու բռնեց Ալլայի բազուկը:

-Ի՞նչ ես ուզում ինձնից,- ասաց ատամների արանքից:

-Բաց թող,- բղավեց Ալլան,- ցավեցնում ես:

Նա ակամա թուլացրեց մատերը: Ալլան թափով քաշեց ձեռքն ու տարավ աչքերին` արցունքները սրբելու:

-Ա՛լ…

-Հոգնել եմ… թո՛ղ, թող գնամ, երեխաները արթնացել են, հետևիր դպրոցից չուշանան…

Նա Մեսրոպին կոպտաբար հրեց մի կողմ ու դուռը հետևից շրխկացնելով դուրս եկավ բնակարանից:

Մեսրոպը եռում էր կատաղությունից. «Գա տուն, շանսատակ կանեմ, թող հասկանա` ում հետ գործ ունի,- նա ետուառաջ էր քայլում սենյակում ու չէր հանդարտվում,- ախր քեզ ինչ, որ ես հորս փողերով եմ ապրում, ե՞րբ ես անփող մնացել. հա՜, հասկացա, մեքենա ես ուզում, հեսա էնտեղից եկող կա, փողը հասավ` կառնեմ»:

Երեխաները արթնացան. Մեսրոպը զբաղվեց նրանցով, կատաղությունն անցավ, ընդ որում նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, որ տղամարդ տեղով նախաճաշ է պատրաստում երեխաների համար: «Էս ի՜նչ օրի հասանք»,- հառաչեց տրտմությամբ: Գիտեր, որ իր սպառնալիքները օճառի պղպջակներ են, որ ինքն առաջվանը չի. ասես մի աներևույթ մամլիչ սեղմում էր նրան ամեն կողմից: Սիրտն ահ էր ընկել… Մի երեկո, սովորական կերուխումից հետո Համոյի հետ տուն վերադառնալիս իրենց տնից ոչ շատ հեռու փոլիսը կանգնեցրեց մեքենան: Երկուսն էլ խմած էին: Համոյին ձեռնաշղթա դրին ու տարան մեքենայի հետ. ինքը քայլելով իրեն մի կերպ տուն հասցրեց: Համոն տուգանքը չկարողացավ վճարել, նստեցրին: Փոլիսը դարձել էր մղձավանջ` իր և ընկերների առօրյա խոսակցության թեմաներից մեկը: Ասում էին, որ բավական է ամուսինը մատով դիպչի, կինը հեռախոսի փոլիսին, անմիջապես կգան, կտանեն ամուսնուն: «Անտեր մնա էս երկիրը, չեն թողնում ուզածիդ պես վարվես սեփական կնկադ հետ,- խորհում էր դառնացած,- չէ, մեքենա կառնեմ, սիրտը կփափկի, ու ամեն բան առաջվա պես կլինի…»: Ստուգեց ժամը, հարմար էր հորը հեռախոսելու համար, հիմա էնտեղ գիշեր է, բայց քնած չեն լինի: Զանգեց, հազարավոր մղոններ այն կողմ մայրն էր գծի ծայրին: Սաստիկ կարոտ զգաց, երբ լսեց մոր ձայնը, սիրտը ճմլվեց:

-Ալո, բարև, ա՛յ մեր, ո՞նց եք:

-Բարև, բալա ջան, ոչինչ… ես էի ուզում քեզ զանգել:

Մոր ձայնը լավ չէր, խոսում էր ընդհատումներով:

-Բա՞ն ա պատահել:

-Չէ…

-Այ մեր, բա խի՞ չես խոսում:

-Հերդ…

-Հերս ի՞նչ…

-Հերդ ծանր ա, տարել են Երևան:

Մեսրոպի ոտքերը ծալվեցին:

-Ճիշտն ասա…

-Ուղեղի ինսուլտ ա, ասում են` կոմայի մեջ ա…

-Բա ո՞վ կա մոտը:

-Քույրերդ, Վարդուհին ու Արփին: Մեսրո՛պ, բալես, կարա՞ս գալ…

-Ինչի՞ որ… գործերը լավ չե՞ն…

-…

-Բա խի՞ չես խոսում:

-Գաս հորդ տեսնես… վերջին անգամ…,- մայրը հեկեկաց,- անդադար քո անունն է տալիս… Չէ, փառք Աստծո, գործերը լավ են, առաջվանից էլ լավ. Խեչոն Վարդուհու հետ ամեն բան իրենցով են արել, շնորհակալ եմ, մեզ էլ բաժին հանում են… կռվեցին հորդ հետ, հերդ հենց դրանից էլ վատացավ: Հորդ ուշքն ու միտքը դու էիր, Ալլան, երեխաները…

-Ինչի՞ կռվեցին:

-Դեմ են քեզ բաժին հանելուն… Հիմա էլ: Չեն հաշտվում էն մտքի հետ, որ իրենք ստեղ արյուն-քրտինք են թափում, չարչարվում , մարդավարի չենք ապրում, իսկ հերդ եկամուտի առյուծի բաժինը ուղարկում է քեզ, դոլարով… Ասում են` խալխը Ամերիկայից դոլար են ուղարկում, մերը հակառակն ա… Էլ փողի մի սպասիր, բալա ջան, քանի հերդ տուն չի եկել…

-Բժիշկն ի՞նչ ա ասում:

-Եսիմ, հույս ա տալիս, անտեր մնա ծնկներիս ցավը, չթողեց գնամ Երևան, հալիվորի մոտ:

Խեչոն փեսան էր, քրոջ` Վարդուհու ամուսինը: Հայրը ժամանակին ակնարկել էր Խեչոյի և Վարդուհու դժգոհության և ինչ-որ թղթեր իրեն ստորագրել տալու մասին, բայց ինքը բանի տեղ չէր դրել…

«Քո հերն եմ անիծել, շուն-շանորդի, Խեչո տղա, ես քու մերը…»:

Մեսրոպը գլուխը կորցրել էր, երբևէ նման բան մտքովը չէր անցել: Հերն էլ ժամանակ գտավ ինսուլտ տանելու, ճիշտ այն ժամանակ, երբ ուզում էր Ալլայի համար մեքենա գնել…

Վաճառատան եռուզեռը փոխեց Ալլայի տրամադրությունը: Առաջին հաճախորդին ճանապարհելուց հետո Ալլան համազգեստի գրպանում, ազդրի վրա զգաց բջջայինի թրթռոցը, ձայնը իջեցրել էր: Արագ նայեց, Մեսրոպն էր: Ալլան անջատեց կապը: Քիչ անց թրթռոցը կրկնվեց: Ալլան նորից անջատեց: Երրորդ անգամ Ալլան պատասխանեց. նա զարմացել էր Մեսրոպի անսովոր համառությունից: «Չլինի՞ երեխաներին բան է պատահել»:

-Հը՞, ինչ կա, խի՞ ես զանգում,- ասաց դժգոհ:

-Ա՛լ, հերս ծանր ա, տարել են հիվանդանոց, ինսուլտ ա խփե…

Լուրն անսպասելի էր: Ալլան մի պահ լուռ մնաց:

-Լա՛վ. կգամ տուն, մի բան կմտածենք, հիմա ի՞նչ կարող եմ անել, Արբակին զանգե՞լ ես,- ասաց շտապ ու փորձեց անջատել կապը. վերջին պահին լսեց Մեսրոպի ձայնը.

-Արի տուն…

«Գուցե ստո՞ւմ ա»,- մտածեց Ալլան, բայց Մեսրոպի ձայնը նորմալ չէր:

Ժամերն անցնում էին դանդաղ: Հակառակի պես մի զույգ սփյուռքահայ ամուսիններ մոտեցան կոշիկ գնելու և անկապ հարցեր էին տալիս: «Ինչո՞ւ արտագաղթեցիք», «Գո՞հ եք ձեր ներկա վիճակից» և այլն: Ալլան ստիպված էր նրանց հարցերին պատասխանել ժպտալով: Մնացած ժամերին ու ավտոբուսի մեջ նա ծանրութեթև էր անում ստեղծված իրադրությունը, մտածում հետևանքների մասին: Մեսրոպը դժվար թե կարողանար մեկնել. նախ ավիատոմսը թանկ էր, այդքան գումար չունեին, թեև կարող էին պարտք վերցնել Արբակից: Արբակը կտար: Բայց ավելի մտահոգիչը վերադարձի վիզայի հարցն էր: Մեսրոպի գնալը գուցե խանգարեր գրին քարտ ստանալուն, շուտով պիտի ներկայանային դատարան:

Ալլան Մեսրոպին գտավ ոչ սովորական վիճակում: Ընկճված ու շփոթված տեսք ուներ:

-Քիչ առաջ Վարդուհին զանգեց,- ասաց խռպոտ ձայնով,- վերջացել ա… Հերս չկա…

Նա գլխահակ մոտեցավ, գրկեց Ալլային:

Ալլան կանգնել էր փայտացած, թևերը կախ: Տնեցիներից ամենից շատ կապված էր սկեսրայրի հետ, բայց այդ պահին բացարձակապես ոչինչ չէր զգում: Միտքը գնա՜ց, հասավ իրենց գյուղն ու…. տեսավ մշտապես պանրի հոտ «բուրող» սկեսրայրին` թավ բեղերի տակից ժպտալիս, մի պահ հուզվեց, բայց պատկերը շատ արագ լուծվեց իրականության մեջ ու անհետացավ:

Նա դարձյալ հրեց Մեսրոպին, բայց ավելի մեղմ` դուրս գալով նրա գրկից:

-Պտի գնամ,- ասաց Մեսրոպը:

-Գնաս ի՞նչ անես:

-Խեչոն ամեն բան իրենով ա արել:

-Ի՞նչ… ո՞վ ասաց:

-Մերս: Վարդուհու հետ սեփականացրել են պանրի գործարանը: Հերս դրանից ա վատացել, գնամ տեր կանգնեմ… փողերիս:

Ալլան քաշվեց մի կողմ. օդում երկու ձեռքով «սպասիր» իմաստով շարժում արեց ու ընկավ մտքերի մեջ. ասես փորձում էր նորությունը մարսել:

-Ինչ ա, քո բաժինը չե՞ն տալիս:

-Հա՛:

-Բա ո՞նց կլինի:

-Կգնամ, Խեչոյին տեղը կդնեմ, տեր կկանգնեմ փողերիս,- կրկնեց Մեսրոպը:

Ալլան հասկանում էր, որ հոր մահից ավելի Մեսրոպին հուզել է դոլարի հոսքի հավանական դադարեցումը: «Ո՞նց եմ սիրել էս մարդուն»,- խորհեց դառնությամբ ու ինքն էլ զարմացավ ողբերգական պահին գլխում հանկարծակի ծագած այս մտքից:

-Փող, փող, փող,- բղավեց Ալլան,- հեր ես կորցրել, այ ապերա՛խտ, էդ ա՞ կարևոր, թե՞ փողերդ… Ասենք գնացիր, ձեռքիցդ ի՞նչ կգա, քեզ… շան տեղ էլ չեն դնի: Արբակին զանգեցի՞ր:

Էլի Արբակը…Մեսրոպը զգում էր, որ բացի հորից ու փողերից անդարձ կորցնում է նաև Ալլային: Նշույլ անգամ չէր մնացել իրենց լեգենդ դարձած սիրուց: «Էնտեղ» Ալլան երբեք չէր հանդգնի այս կերպ խոսել իր հետ: Ինչքա՜ն է օտարացել, ասես ուրիշ կին է կանգնած իր առջև… Ինքը ո՞նց է կարողանում հանդուրժել կնոջ նախատինքը, ձեն չի հանում…

-Ինչի՞ եկանք,- առանց Ալլային դիմելու հանկարծ հարցրեց բարձրաձայն: Այդ հարցը վերջին օրերին, հատկապես այդ օրն առավոտից անդադար պտտվում էր գլխում ու կեղեքում հոգին, բայց չէր համարձակվում արտաբերել Ալլայի ներկայությամբ:…

Ալլան զարմացած նայեց Մեսրոպին, մի կարճ ակնթարթ խղճահարություն զգաց, բայց դա ավելի սաստկացրեց ատելությունը: Ինքը սկսել էր սիրել Ամերիկան, չէր զղջում գալու համար…

Իր առջև կանգնած բարձրահասակ ու առնական տղամարդը փոքրացել էր, նսեմացել, պատկանում էր թզուկների աշխարհին…

-Բա չգնամ, ի՞նչ անեմ,- ասաց Մեսրոպը:

Ալլան նրան նայեց անթաքույց քամահրանքով.

-Եսիմ, ընկերուհիս ասում ա` մոտիկ գարաժում տղամարդ հավաքարար են ուզում, ծանոթ մարդիկ են, քեզ կընդունեն, գնա, աշխատի՛ր,- ասաց Ալլան ու անցավ խոհանոց նախաճաշի կեղտոտ ամանները լվանալու ու տունը կարգի բերելու. «Արբակն ու ընկերները կգան»,- մտքում ասաց Ալլան ներքին հրճվանքով…

Մեսրոպի վատ օրը շարունակվում էր…

 

Անդին 2, 2017

Share

Կարծիքներ

կարծիք