Բանաստեղծություններ

Հեղինակ:

IMG_9458

***

…և հակված ծանր խոհերի ներքո

մի խոր ծերություն է իջել վրաս,

կարծես աշխարհի բեռն ինձ են տվել,

ու ես ութսուն եմ… ութսուն տարեկան:

 

…և սիրտս մեկ-մեկ խռովում է խորթ

և էլ չի ուզում աշխատել-զարկել,

ու ես մանկացած` համոզում եմ, որ

«ախր դեռ քսանհինգ տարի եմ ապրել…»

 

…և քսանհինգ տարվա վերջին հինգ տարում

այնքան խոհեր են կիտվել-կուտակվել,

որ ծանրացել եմ մտքերի ներքո,

ու թվում է ինձ` հողին եմ հպվել:

 

…և շնչում եմ ես հողը կավաբույր

ու նրա բույրով դարերն եմ շնչում,

և շունչս գնում ու հասնում է անդ,

երբ հողամարմնիս շունչ էր պարգևում:

 

…և իմ ծանրացած խոհերի ներքո

ձեռքերիս հենվում-պոկվում եմ հողից,

ու կարծես նորից ծնվում նորովի

ու հողից հառնում-քայլում եմ էլի:

 

…և քայլում եմ ես, ու թվում է ինձ,

որ ոչ թե ութսուն, այլ հարյուր ութսուն…

հինգ հազար ութսուն…

քսանհինգ հազար ութսուն տարեկան եմ ես,

որ որքան հողից բարձրանում եմ վեր,

այնքան դեպի վար, հակվում եմ ներքև:

 

 

***

…և երբ բառերս դարձան պատկերներ,

լցրեցին հոգիս գույնով ու գծով,

և այդ լցումից աչքերս դանդաղ

փակվեցին` կյանքը պահելու համար:

 

…և երբ քայլերս դարձան մարդկային,

ողնաշարս իր դիրքով ամրացավ,

և այդ ամրության ոգևորումից

կքանստեցի` ավելի բարձր ցատկելու համար:

 

…և երբ ձեռքերս դարձան գործարար,

շինեցին ցեղիս տաճարները սուրբ,

և այդ սրբության դարպասներից ներս

զիլ երգս հնչեց` հոգուս կանթեղը վառելու համար:

 

…և երբ որ վառվեց կանթեղը հոգուս,

այդժամ քարացան բառերը լեզվիս,

և այդ քարացած պատկերների մեջ

համրացա` ոչինչ չասելու համար:

 

 

***

…և աչքեր, որոնք հիանալ գիտեն,

փակվել են անթարթ կոպերի ներքո:

 

…և ձեռքեր, որոնք շոշափել գիտեն,

կախվել են անզոր, իրարից հեռու:

 

…և շուրթեր, որոնք համբուրել գիտեն,

ջարդված քարին են աղոթք մրմնջում:

 

…և ոտքեր, որոնք քայլել են երկար,

հիմա քարացած` ծնկի են իջել:

 

…և դու մոլորված օտարի նման

կանգնես ես շվար ու քո գոյության

մասին մոռացած` ոչինչ չես հիշում:

 

…և քո մոռացկոտ աղջամուղջի մեջ

քո ստվերն է միայն հետքովդ քայլում

և ուզում անցնել քեզանից առաջ:

 

 

***

 

…և ես էլ այն կույր արքայի նման,

որ իր գեղանի կնոջից մերժվեց

ու խաղք-խայտառակ եղավ պալատում,

գրել եմ մի նոր ընտրության կտակ

ու արքայական կնիքն եմ դրել:

 

…և ես էլ այն կույր արքայի նման,

որ իր Ասթինե թագուհուց մերժվեց

ու ափիբերան զարմացած մնաց,

չեմ ներել նրան, թեև սիրել եմ

ու մահակործան գիր եմ ստորագրել:

 

… և ես էլ այն կույր արքայի նման,

որ Ասթինեի անունի դիմաց գրեց` ՙԳլխատել…՚

ու մի մազաչափ խղճի խայթ չզգաց,

հիմա նստել եմ խնջույքի գահին,

ու իմ աջ կողմում Եսթերն է նստած:

 

 

Symphony No 26

 

…և նա կթառի կոպերիդ ծայրին

ու թարթիչներիդ նեղլիկ արանքով

կիջնի-կկախվի սև բիբերիդ մոտ,

բայց, միևնույն է, նրան չես տեսնի:

 

…և չտեսնված իր ողջ էությամբ

աչքիցդ կիջնի ու կծվարի

ականջիդ խորունկ գալարների մեջ,

բայց, միևնույն է, նրան չես լսի:

 

…և իր չլսված խոսքերով հանդերձ,

կքսվի հացիդ, որ ուտես նրան,

որ որովայնում լուծվի արյանդ

ու սրտիդ միջով հասնի ուղեղիդ:

 

…և իր լուծարման փառքին չհասած`

ճերմակազգեստ մարդիկ հրաշքով

կհանեն նրան քո որովայնից,

բայց չես հասկանա, թե ինչո՞ւ… ինչպե՞ս:

 

Անդին 2, 2017

Share

Կարծիքներ

կարծիք