Մեկ, երկու, երեք, մի չմեռուկ բերեք

17309571_1327250070667215_6938849058198078242_n

Գյուղի իսկական անունը Շենավան է: Բռոշկա են ասում: «Բռոշկան» ռուսերեն բառ է: Բռոշկա գյուղը Քարագլուխ սարի կրծքին է: Քարագլուխ սարը գարնանը կանաչ է, ամռանը` վարդագույն, աշնանը` դեղին, ձմռանը` սպիտակ: Բռոշկան կարմիր տուֆից կառուցված, երկհարկանի տներով, ուղիղ փողոցներով գյուղ է: Ձմռան մի գիշեր, երբ լուսինը դառնա տասնհինգ օրական, կպատմեմ Բռոշկա գյուղի հիմնադրման պատմությունը, որում անուրանալի դեր է խաղացել մեր գերդաստանի ամենատարեց, ամենահարգարժան, ամենախելացի, ամենասիրելի, ամենագործունյա կանանցից մեկը` Վարդանուշը, որին Վարդո են ասում: Նա ահա երեք ամիս քսանչորս օր է, թախտին պառկած ուզում է մեռնել` չի մեռնում…

Վարդոն Քարագլուխ սարի քարերի մեջ լոբու վեց բոստան ունի: Նրա աճեցրած լոբու նման համով լոբի աշխարհում չես գտնի: Տասը տարի առաջ ճապոնիայի Յոկահամո քաղաքի մի գործարար Վարդոյի լոբուց կերել, համը բերանն է մնացել, ուզեցել է պայմանագիր կնքել Վարդոյի հետ, մի քանի տոննա տանել Ճապոնիա, իր ժողովրդին ոչ միայն համեղ, այլև աղիքային հինգ-վեց հիվանդություն բուժող լոբով կերակրել: Վարդոն չի համաձայնվել, ասել է. «Ճապոնացին քարից փափուկ ինչ ընկնում ա ատամի տակ, ծամում ա, լոբին թող մնա, իմ հայ ժողովուրդն ուտի, առողջանա»: Ու հիմա ազգային մտածողություն ունեցող մեր մեծ գերդաստանի պատմությունն իր մեջ ամբարած Վարդոն ուղիղ երեք ամիս քսանչորս օր պառկել է թախտին, գոռալով ասում է.

-Արազի ափին աճած, Արազի ջրով ջրված ձմերուկ եմ ուզում… Ձմերո՜ւկ բերեք, մի դիլիմ ուտեմ, գնամ էն աշխարհ, հանգստանա՜մ …

Վարդոյի վեց տղաներն ու հինգ աղջիկները իրենց զավակների, հարսների, փեսաների, խնամիների, թոռների, ծոռների հետ շրջապատել են իրենց մորը, տատին, տատի տատին ու աշխարհի չորս ծագերից տասից ավելի ձմերուկ են բերել, կտրել շարել են Վարդոյի չորսբոլորը:

-Ձեր բերած ձմերուկները ձմերուկի տնազ են… Ես Արազի ափին աճած, Արազի ջրով ջրված ձմերուկ եմ ուզում…

-Արևի՛դ մեռնեմ, մայրի՛կ ջան, հիմա ապրիլ ամիսն ա, պառվի ուլերն ա, Հայաստանում էս ամսին ձմերուկ չի լինում:

-Ես տեղը գիտեմ, մա՛րդ ուղարկեք, թող գնա Արազի ափի Գետամեջ գյուղ: Էդ գյուղում ապրում ա մեր երկրացի Թադևոս Թոնդորակեցին, որին Թաթամին են ասում: Գնացե՛ք, ասե՛ք` Թաթամի՛, Վարդոն ձմերուկ ա ուզում:

-Վահրի՛ճ, դու Թոնդորակեցի Թադևոսին ճանաչո՞ւմ ես:

-Հազար ինը հարյուր քառասունհինգ թվականի մայիսի 25-ին Վարդոյի հետ գնացել էինք Արազի ափ: Փշալարերը պիտի քանդեինք ու գնայինք մեր տներ: Չերչիլն ու Տրումենը խանգարեցին: Ես դրանց… Մեղա՜ Աստծո…

-Ի՞նչ ես ջուր առել բերանդ, նստել, գնա՛, Թադևոսին տե՛ս, մառանում ձմերուկ պահած կլինի, բե՛ր` մերդ ուտի, մարդավարի հոգին տա …

-Թող Ռուբենը գնա, էս տարի հասունության ատեստատ ա ստանալու: Ռուբե՜ն, Ռուբե՜ն:

-Հրամմե՛, պա՛պ:

-Ռուբե՛ն, Վարդոյի սիրտը …

-Գիտե՜մ …

-Հենց հիմա նստի՛ երթուղային տաքսի, գնա՛ Երևան: Երևանում կնստես Արազի ափի Գետամեջ գյուղ գնացող երթուղայինը, կհասնես Գետամեջ, կհարցնես Թադևոս Թոնդորակեցու տունը …

-Գիտեմ …

-Շատ զարգացած սերունդ ա մեծանում: Վազի՛: Թադևոսին կասես` ո՛ւմ թոռն ես:

-Գիտեմ…

-Խելացի մարդուն խոսքը մի անգամ են ասում, էշին են երկու անգամ ասում: Կոլումբոսի ձվի պատմությունը գիտե՞ս:

-Չգիտեմ…

-Քեզ հասունության ատեստատ տվողի հերն անիծեմ: Վազի՛: Առանց ձմերուկի չգաս: Կոլումբոսի պատմությունն էլ հետո կպատմեմ… Վազի՛…

Մայրիկս դրամ խցկեց գրպանս, լավաշի մեջ խաշած ձու, թարխուն փաթաթեց, դրեց կանաչ տոպրակի մեջ ու ասաց.

-Թաթամին լավ մարդ ա, քեզ ոնց որ պետքն ա, կընդունի ու ճանապարհ կդնի …

Ես խցկվեցի Երևան գնացող երթուղայինը, Երևանում խցկվեցի Գետամեջ գնացողը: Այդտեղ բախտս բերեց: Երթուղային տաքսու մեջ իմ կողքին նստեց աշխարհի ամենագեղեցիկ ոտքերն ունեցող մի աղջիկ, որի աչքերն էլ շատ գեղեցիկ էին, ու շատ տխուր ժպիտ ուներ: Ես նրան, իհարկե, հետը ծանոթանալու համար, հարցրի.

-Քույրի՛կ, էս երթուղային տաքսին ո՞ւր է գնում:

Նա տխուր ժպտաց ու ասաց.

-Նստել ես` չգիտես ո՛ւր ես գնում:

Ասացի` գիտեմ: Ասաց` ձմերուկի ես գնում: Ասացի` ո՞նց իմացար: Ասաց` Թաթամին մեր հարևանն ա: Հարցրի` անունդ ի՞նչ է: Ասաց` Անուշ: Հարցրի` որտեղի՞ց ես գալիս: Ասաց.

-Երևանից: Գնացել էի ընդունվեմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախապատրաստական դասընթացների դերասանական բաժինը: Չընդունեցին:

-Ինչո՞ւ,- հարցրի:

-Շեկ մազերով, կապույտ աչքերով մի պրոֆեսոր ասաց. «Ասա՛ քարին քամին ասաց բարև»: Ես ասացի. «Քարին քամին ասաց բարև»: «Աղջի՛կ ջան, ոչ թե` թարին թամին, այլ` քարին քամին ասաց բարև: Գնա՛, երբ ք-ին ք կասես, էն ժամանակ էլ կգաս»: Անտեր ք-ն ապագաս Արազը գցեց:

Ես Անուշին ասացի, որ նա իմ հանդիպած ամենահրապուրիչ աղջիկն է, որ նա անպայման կհաղթահարի բոլոր դժվարություններն ու կդառնա աշխարհահռչակ դերասանուհի, ինչպիսին Գալյա Նովենցն է, որին Անուշը շատ է սիրում…

-Էսպես ուղիղ կգնաս,- ասաց Անուշը, երբ երթուղային տաքսուց իջանք, ու ինձ ցույց տվեց Թադևոս Թոնդորակեցու բոստանը: Ես դժվարությամբ բաժանվեցի Անուշից` ինձ հետ տանելով նրա տխուր, շատ տխուր ու անուշ ժպիտը և ուզեցի, որ նա ք-ին ք ասի, թ-ին` թ ու ընդունվի թատերական ինստիտուտ…

-Հե՜յ, հե՜յ, հե՜յ, քեռի՛ Թադևոս,- Արազի ափին փռված, մինչև վերջ մարգ-մարգ խնամված բոստանի եզրին կանգնած բղավեցի ես:

-Ա՛յ տղա, կարող ա՞ Ձենով Օհանի ցեղից ես: Ձենդ գնաց հասավ Դիարբեքիր,- կանաչ մարգի միջից գլուխը դուրս հանելով ասաց ունքերը, բեղ-մորուքը ճեփ-ճերմակ մի մարդ ու մոտեցավ ինձ:

-Ես Բռոշկա գյուղից եմ: Վարդոն երեք ամիս քսանչորս օր է` պառկել է թախտին, հոգին չի տալիս. ասում է` գնացե՛ք, Արազի ջրով ջրված, Արազի ափին աճած ձմերո՛ւկ բերեք, մի դիլիմ ուտեմ, նոր հոգիս տամ: Քեռի՛, մի ձմերո՛ւկ տուր, տանեմ Վարդոն ուտի… Մենք էլ մեղք ենք…

-Ձեր ցեղում քո նման քանի՞ խելոք մարդ կա:

-Շա՜տ: Պռոշյան Եգորը Մոսկվայում մաթեմատիկայի ակադեմիկոս է: Մորքուրի տղա Վալոդը փարիզներում դոկտոր է, Համբարձումը մեր գյուղի ֆիզիկոսն է: Սերգո հորեղբայրը պրոֆեսոր է: Սաքո Բունիաթովիչը Ղազախստանի ակադեմիայի ակադեմիկոս է, Պավել Գերասիմովիչը` Լոս Անջելեսի համալսարանի պրոֆեսոր…

-Էս ո՞ր ամիսն ա ու ամսի քանի՞սն ա:

-Պառվի ուլերի չորրորդ օրն է, քեռի՛ Թադևոս:

-Ապրե՛ս: Գնա՛, օգոստոսին կգաս:

-Օգոստոսին Վարդոյի փոխարեն մենք կմեռնենք: Առավոտից իրիկուն գոռում է` Արազի ափին աճած, Արազի ջրով ջրված ձմերուկ եմ ուզում…

-Նախ` ձմերուկ չէ, այլ չմեռուկ: Ձմերուկի հայկական անունը չմեռուկ ա: Իմ պապի պապի հոր անունն էլ Թադևոս էր: Ալաշկերտի դաշտում չմեռուկի բոստան ուներ: Էդ չմեռուկի բոստանում աճած չմեռուկի կորիզը Նոյ նահապետի տապանի միջից էր գտել ու ցանել իր բոստանում: Էդ չմեռուկը աճել, աճել, Արածանին անցել, Մասիս սարի արևմտյան լանջով բարձրացել, բարձրացել, հասել ա մինչև Մասիսի ձյուներին: Էդ տարի պապիս պապի հերը իմանում ա, որ Արարատյան դաշտում Տայեցի կաթողիկոսի ձեռամբ Զվարթնոց անունով տաճար են կառուցում: Ամռանը Արարատյան դաշտի կիզիչ արևից քարագործ վարպետները, ճարտարապետները, շինարարները, հացփոր աշխատողները թուլանում են, ու գործը առաջ չի գնում: Պապիս պապի հոր հերը` Թադևոսը, չորս սռնիանոց սայլ ա սարքում, Արածանիի ջրով ջրած չմեռուկ ա բարձում, բերում հասցնում ա Զվարթնոց: Կեսօրին պապիս պապի հոր հերը` Թադևոսը, չմեռուկները դիլիմ-դիլիմ ա անում, շարում ա արևին: Չմեռուկները սառում են: Զվարթնոցի շինարարները` վարպետ ու աշակերտ, քարագործ ու ճարտարապետ, ուտում են էդ չմեռուկները: Ոչ միայն ծարավներն ա անցնում, այլև ուժով ու եռանդով են լցվում ու ավելի լավ են սկսում աշխատել:

-Քեռի՛ Թադևոս, էդ պատմությունը պապիդ պապի հոր հերն է քեզ պատմե՞լ:

-Զվարթնոցի պատին ա գրված: Ֆրանսիացի մի ճանապարհորդ էդ պատի վրա գրվածը արտագրել է իր ծոցատետրի մեջ …

-Ասել են` առանց ձմերուկ չգաս: Հիմա ես գնամ ի՞նչ ասեմ Վարդոյին…

-Համբերողը շահում ա, վռազողը` պարտվում: Մտնեմ քարանձավ, էնտեղ անցած բերքից դեղի համար մի քանի հատ չմեռուկ պահել եմ:

Ելավ, գնաց, գնաց, մոտեցավ ձմերուկի դաշտի ծայրին գտնվող մի բլրակի: Բլրակի դոշին նեղ դուռ կար: Էդ նեղ դռնով ներս մտավ ու կորավ: Օրը մայրամուտ էր թեքվում: Ես մտածում էի` ո՞նց եմ տուն հասնելու, բայց դեռ միտքս չավարտած` բլրակի դոշի նեղ դռնից քեռի Թադևոսը դուրս եկավ` թփից նոր քաղած մի մեծ ձմերուկ գրկած: Ես ուրախությունից ծափ տվի:

-Էս ինչ հրաշք չմեռուկ է, քեռի՛,- բղավեցի ես, ու ձայնս զնգաց իրիկնամուտի լռության մեջ:

-Ա՛ռ, թռի՛: Վարդոյին շատ բարև կանես: Հա՜, չմոռանամ, չմեռուկը գրկած կտանես… Գնա՛ս բարով:

Ես չմեռուկը առա ու մի շնչով հասա գյուղամեջ, նստեցի Երևան մեկնող երթուղայինը: Երևանում նստեցի Բռոշկա մեկնողը: Արևամուտին հասա տուն:

Վարդոն, մեծ սենյակի թախտին պառկած, շատ անուշ տնքում էր: Նրա չորսբոլորը նստած էին վեց տղաներն ու հինգ աղջիկներն իրենց տղաների, աղջիկների, հարսների, փեսաների, թոռների, ծոռների, խնամիների հետ ու թանկագին մոր հետ շնչում, արտաշնչում էին…

-Չմեռուկը բերեցի՜,- գոռացի ես:

Բոլորը միանգամից շունչները պահած նայեցին ինձ այնպես, ինչպես հավատացյալներն են նայում Փրկչի հայտնությանը:

-Հայի՛ Աստված, փառքդ շա՜տ… Տո՛ւր, տո՜ւր կտրեմ մի դիլիմ, տամ` մայրս ուտի, հանգստանա: Մա՛մ ջան, բոյիդ մեռնեմ, Արազի ափին աճած, Արազի ջրով ջրված չմեռուկը Ռուբենը բերել ա,- ասաց Վարդոյի մեծ տղան` Անուշավանը, որ աստղագիտության դոկտոր է:

Չմեռուկն իմ գրկից վերցրեց, դրեց մեծ սեղանի կենտրոնում, մեծ դանակով դիլիմ-դիլիմ արեց: Տունը չմեռուկի անուշ բույրով լցվեց:

-Տվե՛ք, մի դիլիմ տվե՛ք, մաման ուտի, սիրտը հովանա …

-Մա՛մ ջան, Վարդո՛ ջան, ո՞նց ես…

-Լավ եմ, շա՜տ լավ եմ… Չմեռուկը տվե՛ք ուտեմ` սիրտս հովանա… Վառվում ա…

-Ահա՛, ահա՛, կե՛ր, Վարդո՛ ջան, կե՛ր,- ասաց Վարդոյի մեծ որդի Անուշավանը:

Նա դիլիմ-դիլիմ արած չմեռուկը մեծ սկուտեղով դրեց Վարդոյի գիրկը: Վարդոն մի դիլիմ չմեռուկ վերցրեց, հոտ քաշեց, երանությամբ ժպտաց ու սկսեց ուտել:

-Էս ի՜նչ համով-հոտով, քաղցր չմեռուկա,- երանությամբ մրմնջաց Վարդոն,- Մասիսի փեշին ա աճել, Արազի ջրով ա ջրվել, դրա համար էլ համով ա,- բարձրաձայն ասաց նա ու երկրորդ դիլիմը անուշ արեց:

Վարդոյի վեց տղաներն ու հինգ աղջիկները իրենց տղաների, աղջիկների, հարսների, փեսաների, խնամիների, քավորների, թոռների, ծոռների հետ խնդացին: Վարդոն երրորդ, չորրորդ, հինգերորդ դիլիմ չմեռուկը անուշ արեց:

-Վարդոն առողջ ա, Վարդոն մեզ մենակ չի թողնի…

-Հա՛, ձեզ մենակ չեմ թողնի, չե՛մ գնա… Վարդոն մեռնողը չի՜: Վարդոն գործ ունի: Վարդոն էն արևակող լանջը պիտի փորի, լոբի ցանի… Վարդոն Վարդուշիկին պիտի մարդու տա,- ասաց Վարդոն, անկողնուց վեր ելավ, կանգնեց սենյակի կենտրոնում:

Բոլորը ծափ տվեցին, խնդացին: Վարդոն մեռնող չի…

Վարդոյի ծոռ Վարդանուշիկը, որին Վարդո էին ասում, որի երեք տարին նոր էր լրացել, թռավ կանգնեց ճկված աթոռին ու բարձրաձայն արտասանեց.

-Մեկ, երկու, երեք,

Մի ձմերո՛ւկ բերեք,

Չորս, հինգ, վեց,

Վարդոն կերավ ու բուժվեց…

 

Անդին 2, 2017

Share

Կարծիքներ

կարծիք