Իմ, քո և նրա Դրամատիկը

DSC05648Դրամատիկական թատրոնի շենքն է, որի դռներից ներս անունը փոխվում, դառնում է Դրամատիկ: Հենց այդպես, ինչպես տունդ կանվանես: Մտերմաբար:

Ներսում էլ` գեղարվեստական ղեկավարից մինչև տեխաշխատող, քեզ վերաբերվում են ինչպես իրենց տան հյուրի: Պարոն Խանդիկյանը սուրճ առաջարկեց: Հրաժարվեցի: Ես աշխատանքի մեջ եմ: Զրուցում եմ դերասանների հետ ու մտաբերում Ալբեր Քամյուի այն խոսքերը, որ դերասանի կերտած կերպարներն իրենից մեծ անջրպետով չեն բաժանվում: Մտածում եմ` հիմա իր ո՞ր հերոսի նման ծխախոտը վառեց Արթուր Ութմազյանը կամ թե Գոհար Իգիտյանը Հեկատեի՞ նման ուղղեց մազերը: ՉգիտեմԻրենք էլ չգիտեն երևի: Գուցե իսկապես էական սահման չկա դերասանի ու նրա կերտած կերպարի միջև: Գուցե ա՞յդ պատճառով է դերասանի աշխատանքը վերածվում նրա ճակատագրի, իսկ աշխատանքի վայրը` տան, խորհրդավոր` ինձ և մյուս հանդիսատեսի համար

 

Արմեն Խանդիկյան

ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար

 

-Իհարկե, ինձ համար թատերական արվեստում ամենակարևորն այն է, թե ինչպես աշխարհը նորովի ճանաչել և այդ ճանաչածը փոխանցել հանդիսատեսին, կարծում եմ, որ հենց այս ընթացքի մեջ է թատրոնի գլխավոր խնդիրը:

Բայց չեմ կարծում, թե թատրոնը դաստիարակչական գործառույթ ունի: Այսօր երիտասարդությունն իր ենթագիտակցական պահանջներով փոխված է, և ռեժիսորներս ամբողջ ստեղծագործական կազմի հետ պարտավոր ենք կռահել այդ պահանջները… Նույնիսկ կատակերգություններ ընտրելիս աշխատում եմ, որ բեմում նաև երիտասարդ մարդու խնդիրները լինեն, որպեսզի դահլիճում նստած երիտասարդը կարողանա նորովի բացահայտել ինքն իրեն, իր կյանքն ու ապրումները:

Թատերական արվեստը կյանքի լուսանկարչական արտատպումը չէ, կյանքի հայելին չէ: Մենք բոլորս էլ այս կյանքից ենք, բայց թատրոնն արվեստ է և ունի արվեստին ներհատուկ խնդիրներ… Թատրոնը ավելին է, քան կյանքը…

Եթե արվեստի ստեղծագործությունը բարձրորակ է, այն կարող է կյանքն ընկալելու նոր տեսանկյուն բացել, հուշել…

Թատրոնը հարց է և ոչ պատասխան, թատրոնը կարող է ախտորոշել, բայց չեմ կարծում, որ կարող է բուժում առաջարկել…

Երբ 1991-ին Հուլիոս Կեսարի առաջին տարբերակն էի բեմադրում, վերջին փորձերից մեկի ժամանակ թատերագետ Լևոն Հախվերդյանը ցանկացավ ներկա լինել: Երկար սպասեց ու փորձի վերջում ըմբոստացած ասաց. «Ա՛յ տղա, չհասկացա, դու ո՞ւմ կողմից ես` Կեսարի՞, Բրուտոսի՞, Կասիոսի՞, Անտոնիոսի՞, ո՞ւմ…»:

Ես չեմ կարող որևէ մեկի կողմը լինել, ստեղծել դրական ու բացասական կերպարներ: Բեմում պետք է հարցեր ձևավորել և ընտրությունն ու պատասխանները թողնել հանդիսատեսին: Ես փորձում եմ ստեղծել յուրահատուկ տարածություն, ժամանակ և փոխհարաբերություններ…

Աշակե՞րտ… Աշակերտ չեն ընտրում, ընտրում են ուսուցիչ…

Իսկ իմ ուսուցիչները միջնադարից էլ են, Վերածննդից էլ, մեր ժամանակներից էլ… Մարդիկ, որոնցից ոմանց չեմ էլ տեսել…

Այս բանը ես Հրաչյա Ղափլանյանին էլ եմ ասել: Նա սկզբից խոժոռվեց, հետո ասաց` ճիշտ ես:

Ուսուցիչը կայացած մեկն է, ով քեզ հուշում է` փնտրիր քոնը: Ուսուցիչը կարող է օրինակ լինել, բայց ոչ երբեք ընդօրինակման կերպար:

Ռեժիսո՞ւրան… Ռեժիսուրան ունի սկիզբ, բայց չունի ավարտ…

Հանճարեղ Մեյերխոլդի մի տողը ուսման տարիներին ինձ համար դարձավ ուղեցույց: Նա ասել է. Տաղանդի ճակատագիրը աշխատանքը, աշխատանքը, աշխատանքը, աշխատանքն է, նորությունը, նորությունը, նորությունը, նորությունը…

Եթե ուշադրություն դարձրիք, ոչ թե ավանդական երեք անգամ է նշում աշխատանքն ու նորությունը, այլ չորս: Այսինքն` անդադար աշխատանք և նորություն…

Դերասանին հանդիպելուց առաջ բեմադրիչը հսկայական տնային աշխատանք պետք է կատարի: Դերասանը պիտի շատ պատրաստված բեմադրիչի հանդիպի, ով նրան առաջարկում է նոր ու թարմ, լավ մշակված, հետաքրքիր գաղափարներ և միջոցներ: Ես հանդիպել եմ բեմադրիչների, որ դերասանին կշտամբում են` ասելով` ոգևորվի՛ր… Ինչպե՞ս և ինչի՞ց ոգևորվի, եթե բեմադրիչը նրան ոգևորող խնդիր և գաղափար չի առաջարկում:

Երբեմն վերամբարձ խոսքեր են հնչում, թե թատրոնը հեքիաթ է, թատրոնը հրաշք է… Ինձ թվում է` թատրոնն այդ ժամանակ ցախավելի վրա նստած թռչում-գնում է: Թատրոնի մարդու համար իր գործը բարդ, նույնիսկ երբեմն առողջության համար վտանգավոր աշխատանք է: Թատրոնը միայն բեմն ու դերասանը չէ: Բեմից դուրս աշխատող մի հսկայական կազմ կա` դերձակներ, փայտագործներ, երկաթագործներ, հաշվապահություն և ուրիշ շատ օղակներ, որոնցից էլ սկսվում է թատրոնը: Եթե այդ ամբողջ կազմը ճիշտ ու ոգևորյալ չաշխատի, այսինքն` դու նրանց քո օրինակով, քո վարքագծով, քո թարմ և զարմանալի առաջարկություններով չոգևորես, թատրոնը չի ապրի: Պիտեր Բրուքն ասում էր. Մեռած թատրոնը շատ երկար է ապրում, կենդանի թատրոնն է, որ ծնվում է և մեռնում է:

…Մեկը բոլորի և բոլորը մեկի համար. եթե թատրոնում չկա այս մթնոլորտը, ուրեմն թատրոնը… հանգուցյալ է:

 

 

DSC05670dԱրթուր Ութմազյան

ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր      

 

Գոյություն ունի տարածված թյուր կարծիք, թե իբր կինոն, համացանցը, հեռուստատեսությունը իսպառ ետ են մղել, գրեթե մահվան են դատապարտել թատրոնը: Դա չափազանցված սխալ է: Քանզի թատրոնի և հանդիսատեսի կենդանի շփումը, այն կենդանի գործողությունը, որ կատարվում է բեմում հանդիսատեսի աչքի առջև, նրա մասնակցությամբ, երբեք և ոչ մի այլ բանով չի կարող փոխարինվել: Հավերժ են թատրոնը և իր հանդիսատես-մասնակիցը:  Թատրոնը չի տալիս մարդկային կյանքին առնչվող դեղատոմսեր, պատասխաններ, այլ դնում է հարցերը հանդիսատեսի առջև և ընձեռում է նրան գտնելու ինքնուրույն պատասխանները և լուծումները:

Ամեն ինչ ժողովուրդն է տալիս, ամեն բան նրանից է գալիս` բացի, թերևս, ճաշակից: Իսկական արվեստագետը, որ նույն ժողովրդի զավակն է, ժողովրդի հանդեպ ունի մեկ պարտավորություն` նրա ճաշակը հղկել, նոր ճաշակ ներշնչել նրան, բոլոր հնարավոր միջոցներով ժողովրդին բարձրացնել մինչև արվեստի մակարդակը և ոչ թե արվեստը իջեցնել մինչև ժողովրդի մակարդակը: Արվեստը ինչքան էլ առաձգական լինի, այն չի կարելի ձգել-ձգձգել մինչև հանրամատչելիություն: Այդ դեպքում նա կկտրվի, կդադարի արվեստ լինելուց:

Սևակի այս խոսքերը ուղեցույց են եղել մեր թատրոնի համար իր ստեղծման օրվանից: 1967-ին Հրաչյա Ղափլանյանը իր նորաստեղծ Դրամատիկական թատրոնի հարկի տակ հավաքեց երիտասարդ, տաղանդավոր դերասանների. Վլադիմիր Մսրյանին, Ռաֆայել Քոթանջյանին, Արմեն Խանդիկյանին, Գուժ Մանուկյանին, Էվելինա Շահիրյանին, Անահիտ Թոփչյանին, Տաթևիկ Ղափլանյանին, Վիոլետա Գևորգյանին, առանց այս անունների այսօր դժվար է պատկերացնել հայ թատրոնի պատմությունը:

Անկախությունը քաղցր բառ է, բայց անկախությունը նախ և առաջ պետք է լինի մարդու ներսում, նաև` արվեստի, մշակույթի, թատրոնի մեջ: Մեր թատրոնը միշտ եղել է ժամանակին համընթաց և փորձել է իր խաղացանկով ապրել երկրի ու ժամանակի խնդիրներին համահունչ և այդպես արդեն հիսուն տարի:

 

 

Գոհար Իգիտյան

ՀՀ վաստակավոր արտիստ

 

DSC05624wԹատրոնը պահանջում է մեծ, անձնազոհ նվիրում, և պարզ չէ, թե դրա փոխարեն ինչ կստանաս: Բոլոր դերասաններն էլ կփաստեն այդ բանը: Քեզ անընդհատ ընտրում են, հավանում են կամ չեն հավանում: Միշտ կա հանդիսատեսին համոզելու, կերպարդ, անկախ այն բանից` բացասական է, թե ոչ, քո ներսում արդարացնելու, նրա արարքները հիմնավորելու խնդիրը: Այսինքն թե` կերպարդ մարմնավորել այնպես, որ հանդիսատեսը համոզվի, որ այն դու ես:

Դրամատիկականը միշտ իր ժամանակի ռիթմի մեջ է և մի քանի աստիճան բարձր է եղել համընդհանուր ճաշակից և չի վերածվել ամբիոնի:

Նույնիսկ դասական դարձած շեքսպիրյան ներկայացումները, որ արդեն քանի տասնամյակ չեն իջնում մեր բեմից, անցնում են ժամանակի զարկերակի միջով, դառնում այսօրվա և առհասարակ բոլոր ժամանակներին բնորոշ բարքերի գեղարվեստական արտացոլումը:

Այսօր Դրամատիկի դիմագիծը ձևակերպվել է իր ղեկավար Արմեն Խանդիկյանի գեղարվեստական գրագիտության շնորհիվ: Նրա բեմադրությունների նախանվագները ասես առանձին ներկայացում են ներկայացման մեջ: Նրա բեմադրություններում, կարծես, մարգարեությունների նման կտորներ կան, որոնք, ի զարմանս բոլորի, որոշ ժամանակ անց իրականություն են դառնում:

Եվ, թերևս, դա է դրամատիկական թատրոնի ֆենոմենը` ժամանակի մեջ և մի քայլ առաջ նրանից:

 

 

Զրուցեց Մարիա Լազարևան

 

Անդին 2, 2017

 

 

Share

Կարծիքներ

կարծիք