Բանաստեղծություններ

Հեղինակ:

IMG_5958

Բանաստեղծուհի, արձակագիր Ռեգինա Հիլբերը (Ավստրիա) ծնվել է 1970 թվականին, ապրում է Վիեննայում: Ավստրիական ժամանակակից քնարերգության իր սերնդի լավագույն ներկայացուցիչներից է: Զբաղվում է նաև համեմատական գրականագիտությամբ: Արժանացել է գրական մրցանակների և դրամաշնորհների: Թարգմանվել է մի շարք լեզուներով: «Հանս Վայգել» գրական դրամաշնորհի հովանավորությամբ գրում է իր առաջին վեպը:

Ներկայացվող բանաստեղծությունները նրա «Անդրադարձներ» նոր ժողովածուից են:

 

 

 

***

Հիշողություններն ապրում են

տատիկների աչքերում և անձավներում:

Աշխարհի լեզուներում

իգական սեռ ունի սենյակ բառը:

Հայրերն ու պապիկները ներկայում են միայն:

Աշխատանքը մնում է աշխատանք,

և վաստակը` վաստակ:

Ընկնում են նրանք հեծանիվից

և կորում տեսադաշտից:

Ովքե՞ր են պառկած այս հողաթմբի տակ`

Բորլի ու Դրավայի միջև: Ձեռք,

որ եղբայրներին ու որդիներին

հրաժեշտի համար չէ պարզված:

Ինչո՞ւ է բլուրն այս խորդուբորդ, ու

ոչինչ չի աճում այստեղ: Մինչդեռ նրանք

տարեդարձեր են հիշում, պատահական

անուններ տալիս ու ապուրի ափսեներ բաժանում:

Տատիկներն ապրում են հիշողություններում:

Աչքերում և անձավներում:

 

***

Մահը մեծագույն հաստատունն է բնության`

Սուրբ գիրքն է ասում:

Եվ կասկածներն են ամենակուլ բզեզներ:

Ինչո՞ւ է քո ձախ աչքը աջից ավելի լազուր`

կարող էի հարցնել: Փոխարենը

կաղնու անվնաս տերև եմ փնտրում:

Ի՞նչ է ազատությունը` կարող էիր հարցնել:

Այն, որ ես եկա մի գյուղ, որի անունը կարևո՞ր չէ

իմանալ: Որ ես օրաբաժինը սրտի զարկո՞վ եմ չափում:

Վարազդինում ինչ-որ բան ուտել ուզեցի,

բայց միայն Զագրեբի այն սեղանը պատմելու բան էր:

Ի՞նչն է արժեքավոր` հարցնում եմ ինքս ինձ:

Որ մի դատարկ թղթի կտորը դատարկ թղթի կտո՞ր է

մնում: Ի՞նչն է ավելի ճշմարիտ, քան օրերը, որ գալիս են ու գնում:

 

 

Ձոն Տալյամենտո գետին

 

Կամրջի սկզբում

Կուդրոյպոյից հետո քնած է

վերջինն իր տեսակի

երկուսը որ ամեն ինչ գիտեն

բայց ոչ միմյանց մասին

գետը կարող է ասել ինչ է այն

բայց չի բարբառում

բարդիներն ապրիլյան

i poj di Avril

նրանցն է գիշերը

 

Գերմաներենից թարգմանեց Հերմինե Նավասարդյանը

 

Անդին 2, 2017

Share

Կարծիքներ

կարծիք