Չիկագո

Հեղինակ:

7

(օնան’իզմ)

 

Չորս տարի:

Չորս տարի է անցել, ինչ այլևս չեմ աշխատում:

Ես գրողի տարած Չիկագոյի ամենահուզական հոգեթերապևտն էի: Մարդկանց հետ հոգեբանական աշխատանքն ինձ հասցրեց կատարյալ վերափոխման: Ավելի կոնկրետ` վերջին հինգ հիվանդներս, որոնք «ստիպեցին» ինձ հրաժարվել իմ 16 տարվա աշխատանքից, իմ ամեն ինչից, թեև աշխատանքն ինձ համար ամեն ինչ էր:

Գրողի տարած Չիկագոն ԱՄՆ-ի ամենահոգեշեղված քաղաքներից է: Եթե ձեր խելազուրկ գլխին փչել է, և պատրաստվում եք գալ մեր քաղաք մշտական բնակության կամ, չգիտես ինչի, ուղղակի գալ էստեղ, չմոռանաք, որ ամեն օր մի քանի բուռ հանգստացնող պետք է կուլ տաք: Անվերապահ: Այլ կերպ անհնար է էստեղ: Սա է մեր գրողի տարած քաղաքի պարտադիր դոգմատիկ կանոններից մեկը: Եթե չեք հնազանդվելու մեր քաղաքի չգրված օրենքներին, ուրեմն դուք երբևիցե չեք դառնա իսկական և պատվավոր չիկագոցի: Էդ մենք` չիկագոցիներս, ՉԵՆՔ ԱՆՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ, ԷԴ ՍԱՀՄԱՆՆ Է ԱՆՑԵԼ ՄԵԶ, գրո՛ղը տանի:

Երեք տարի առաջ թողեցի գործս և անցա ապրելուն: Ու դա իմ, էսպես կոչված, հիվանդների օգնությամբ: Շարունակել աշխատել նրանցից հետո (և առաջ) ուղղակի անիմաստ էր:

Դժվար է խոստովանելը, բայց շնորհակալ եմ նրանց, քանզի նրանց շնորհիվ է, որ ապրում եմ արդեն ու հիմա: Այդ չհիվանդներս, որ շրջեցին ինձ, կատաղի էին: Կատաղի` կատաղած կյանքից ու նրա ամեն դրսևորումից: Այդ գրողի տարածներին ես սիրեցի յուրովի ու ողջ էությամբ` չունեցածս հարազատների, ընկերների, բարեկամների նման:

Նրանք եկան սպանելու ինձ իմ մեռած անցյալում և ազատեցին ինձ` իմ ապրող ներկայով:

Նրանք եկան տարվա տարբեր եղանակներին: Եվ ամեն մեկը յուրովի էր արտացոլվում այդ երփներանգ եղանակային ներկապնակում:

Գարնանը եկան նրանք:

 

գարուն

 

Չորս տարի առաջ արտասովոր ցրտաշունչ գարնանը աշխատում էի մի չքնաղ զույգի հետ: Երկուսն էլ գեղեցիկ էին և խելացի: Հանելուկային էր ամենը:

Նրանք ունեին փոքրիկ խնդիր: Նրանց հարաբերությունները խիստ բարդ էին: Նրանք, չնայած և ապրում էին միասին, միմյանց միանշանակ չէին ընդունում: Չէին ընդունում, քանզի անվերջ սիրահարվում էին անծանոթների (թե՛ տղան, թե՛ աղջիկը): Սակայն երբ սերն առ անծանոթներ մարում էր, նրանք կրկին իրար էին ձգվում` բոցավառ, աստղային մագնիսների նման: Նրանք էս աշխարհից չէին, հա՛, հաստատ, էս աշխարհից չէին: Նրանք սիրում էին սիրելը, և էդ խենթ խաղերը չափազանց ուժգին էին, որպեսզի միմյանց հետ մնային: Կարծես թե նրանք միշտ պետք է լինեին մեկ ուրիշի հետ, իրարից հեռու, ուրիշի գրկում, որ հարատև կարոտը սներ նրանց և նրանց անաղարտ սերը` ձգվող դեպի հավերժություն:

Ես նրանց ոչ մի խորհուրդ չէի կարող տալ, անգամ չէի կարող ոչ մի բառ ասել, քանզի թերապիաների ժամանակ միայն ագահաբար լսում էի, լսում նրանց ոչ երկրային սերը:

Հիմա գիտեմ` վերջ են տվել այդ ամենին: Երևի գտել են իրար սավառնելիս նույն աշխարհում: Կարևորը` այժմ նրանք միասին են, ու իրարից բացի էլ ո՛չ մի բան պետք չէ նրանց:

Այդ գարնանը նրանց շնորհիվ ես հասկացա, թե ինչ է իսկական սերը:

 

(մարդկանց սիրո մասին:

գարնանը` երկուսով)

(աղջիկը)

-Ցույց տալով իմ ցանկություններն ու հավատարմությունը դրանց, չվախենալով տգեղ երևալուց` կասեմ, որ սիրում եմ:

Երբ կարոտում ես մարդկանց, որոնց չես էլ ճանաչում, ու մի տեսակ թքած ունեք իրար վրա, բայց մեկ է` կարոտում եք միմյանց…

Կրկին իրար տեսնելու պահին միշտ աչքերն են մատնում` զսպվող ու թաքցվող կարոտը: Չգիտեմ` տարօրինակ բան է, չէ՛, ավելի ճիշտ` արտասովոր, շատ արտասովոր ու հաճելի մի բան:

Բոլորիս համար էլ ժամանակ առ ժամանակ, երևի, լինում է մեկը, ում ուզում ենք գրկել, համբուրել, սիրել, ամուր ու ձիգ փաթաթվել, բաց չթողնել ու ուղղակի զգալ, որ նա ԿԱ, և որ մնացյալն արդեն կարևոր չէ: Քանզի նա կա, ու կա էն վիթխարի աշխարհը, որն իր շնորհիվ է կառուցվել հազար անտեր բեկորներից, ու էդ աշխարհը դարձել է ամենաթանկը մեզ համար:

Բայց, ինչպես միշտ, էստեղ էլ, չգիտես ինչի, ՉԵՆՔ ԱՆՈՒՄ ԷՆ, ԻՆՉՆ ԻՐՈՔ ուզում ենք: Միգուցե մեզ դուր է գալիս կամ վարժվել ենք հեռակա սիրել-սիրվելուն: Շատ հաճախ էլ` սիրելուն անընդունակ, մենք ատում ենք իրար, դառնում կույր սարսափների զոհը:

Հիմարիկներ ենք, մեծ ու փոքր հիմարիկներ…

 

(տղան)

-Բայց այդուհանդերձ կարծում եմ` երջանկությունը հաստատ գոյություն ունի, այն ինչ-որ մեկի դեմքն է: Երբ անընդհատ սպասում ես, որ էդ դեմքը տեսնես, հայացքներ փոխանակես նրա հետ, հետո ժպտաս, հետո նորից հայացքներ ու ժպիտներ փոխանցեք միմյանց, հետո մի քանի երկար վայրկյան աչքերը հառած նայեք իրար, իսկ հետո, հետո գողանաք իրարից այն ամեն թանկը, որը կօգնի մի քիչ էլ սպասել ու երջանկանալ էդ խելացնոր սպասումներով: Իսկ հետո կբաժանվեք, կգնաք ձեր ճանապարհներով և այդպես այնքան, մինչև այդ հեռակա` սառնասրտորեն սպանող սերը կավարտվի:

Ու հետո ամենայն մռայլությամբ, մի տեսակ ներքին ինքնահրկիզմամբ ու ափսոսանքով կհիշես, թե ինչ ես կորցրել, որ այդպես էլ չիմացար… Այդպես էլ չիմացար, թե ինչ էր թաքնված նրա այդ գերող ու մինչև հոգուդ խորքերը մխրճվող հայացքների, ժպիտների և գեղեցկության մեջ, որոնք միայն քեզ էին ուղղված, քոնն էին:

Ամբողջովին քեզ համար էի՜ն…

Միայն քեզ համար…

Սակայն դու այդպես էլ չիմացար…

Չիմացա:

 

 

***

ամառ

Նույն տարում, մռայլ ու անձրևոտ ամռանը ինձ այցելեց միայնակ, լքված, իլյուզիոնիստ և սոցիոֆոբ այդ երիտասարդը: Նա դեռ քսան տարեկան էր ընդամենը, բայց այնքան էր սիրել ու այնքան բան գիտեր սիրո տարատեսակ դրսևորումների մասին, որ ես, լինելով հոգեբան, դժվար թե իմանայի այդքան բան` առանց նրա հետ հաղորդակցվելու:

Նրա խնդիրն այն էր, որ իր փնտրած սերը գոյություն չուներ: Անգամ եթե ուներ, նա չէր կարող գտնել այն: Երբեք: Ըստ նրա` կյանքի խնդիրը և իմաստը շատ սեր ունենալն է կամ ապրել կյանքը հանուն սիրո, իսկ դա էս աշխարհում անհնար է: Ներքին հոգեկան բարդույթները նրան հասցրել էին երեք ինքնասպանության փորձի: Թերապիաների ընթացքում նա միշտ պնդում էր, որ էս աշխարհում ապրելն հնարավոր չէ, բայց ապրելու մեկ ուրիշ տեղ չկա, և որ միայն մահն է հարցի իրական լուծումը, քանզի այդպես միայն մարդը կդադարի լինել ու անսպառ տառապել:

Երեք ամիս նրա հետ աշխատելուց հետո նա գնաց, և այդպես էլ չտեսա նրան: Չգիտեմ ինչու, կարծում եմ, որ նա էլ չկա… ցավալի է սակայն…

Նրա շնորհիվ է, որ ես գնահատեցի կյանքիս ընթացքում իմ մեջ կուտակված փոքրաքանակ սերը:

 

(նա / ամառ)

-Կարծում եմ` նրանց համար չկա ճիշտ կամ սխալ, նրանք դա անում են ուղղակի…

Փնտրածս սերը գոյություն չունի էս աշխարհի կարծրացած բարքերի պատճառով: Սպասելով հավերժական սիրո` ես կրկին մեռա անզորության ամենաթողությունից: Սրտիս արագ ու ճմռթվող զարկերը կանգ առան հանկարծ: Գունատ, կարոտից հյուծված, սակայն ապրող դիակս շնչում է սպասումով: Ծխացող ծխախոտի մնացուկներից կարծես մառախուղ պատած լինի շուրջբոլորս, արհեստական ծխի սև մեծ ամպ:

Միշտ գիշերային անհաջողակների էս որջում էլ ոչ ոք չկա, որ գա ինձ տեղափոխի մորգ կամ ինչ-որ տեղ` փրկության, երևի:

Ծխահարվելով կարծես նմանվում եմ մի բանի, որին ինչ-որ մեկը դեն է նետել, քանզի պիտանելիության ժամկետն անցել էր կամ ուղղակի հոգնել էր էն տեսնելուց, հոտը զգալուց, պահել-շահելուց, սեր ու քնքշանք տալուց և, ով գիտե, միգուցե էդ բանի հանդեպ ատելության պատճառով անխնա շպրտել աղբամանը` մոռանալով, որ ես էլ եմ մարդ… երևի:

Նորից եկավ նա` սիրելի մահը, չոքեց դեմս, տարավ ամենը, ինչ կար ու չկար…

Բայց` տվեց մի բան, մենության մահ, ինքդ քեզ հետ… չհոգնող:

Նրան պինդ-պինդ կպահեմ ինձ մոտ ու կմիացնեմ բոլոր ապրած ու չապրած տարիների գրողի տարած մահերիս հավաքածուին:

 

***

 

աշուն

 

Հողմային աշնանը եկավ նա: Արևային տաք և կրքոտ փոթորկի նման ներխուժեց սիրտս: Գրանցվեց ինձ մոտ թերապիաների: Նա` այդ քայլող առեղծվածը, մեր ժամանակների ամենահայտնի պոռնոաստղերից մեկն էր: Նա չէր գնահատում սերը` համարելով այն ժամանակի զուր կորուստ և տառապանքի խոր արմատ: Նրա համար զգացմունքի հետ կապված ոչ մի բան նշանակություն չուներ:

Էդիթը քսանութ տարեկան էր, և արդեն յոթ տարի է, ինչ զբաղվում էր պոռնոգրաֆիկ կինեմատոգրաֆիայի «հարստացմամբ»: Նրա կյանքում սեր չկար, իսկ սեքսը զուտ գումար վաստակելու ու սեփական մենությունը ճնշելու միջոց էր… նաև կյանքի իմաստավոր սպառում (ըստ նրա): Նա ողջ կյանքում տեսել էր միայն տառապանք: Նրան ոչ ոք ոչ մի գրամ սեր չէր տվել: Երբեք: Երեխա ժամանակ հայրը բռնաբարել էր նրան: Այդ մղձավանջային դեպքի հիշողությունները միշտ ուղեկցում էին նրան սև դևերի պես:

Նրա էսպես կոչված խնդիրը հետևյալն էր. մարդկանց նսեմացնելով և նրանց զգայական տառապանքներից հաճույք և հոգեկան բավարարվածություն ստանալ: Ըստ նրա` մարդիկ ոչ այլ ինչ են, քան ուղղակի սեփական շահի համար բանեցվող անասուններ: Ասում էր` հատկապես հաճույք էր ստանում, երբ փսլնքոտ, հաստավիզ, տձև խոզանմանները տենչում էին իրեն, բայց երբեք, երբեք չէին կարող դիպչել ու տիրել…

Ռուսերեն ասած` хочется, но нельзя-ի նման մի բան:

Նա ասում էր. «Ես պոռնոաստղ եմ, ո՛չ երբեք պոռնիկ: Բայց ավելի շատ աստղ եմ, նման ինչ-որ ատոմային մասնիկի, որը դանդաղ վերածվում է ռումբի»:

Նրան ինձ մոտ այցերը ոչ մի բան չտվեցին: Նա շարունակում էր անել նույնը: Ես չեմ մեղադրում ո՛չ նրան, ո՛չ էլ կյանքին: Մեղադրում եմ ժամանակին: Ժամանակն է նրան այդպիսին դարձրել: Ոչ մի բնույթի ու տեսակի, հոգեբան և հոգեթերապիա չի օգնի հետ կանգնել այդ ուղուց, հրաժարվել այդ` իր մեջ շատ արագ կլանող ու ներծծող «ալեգորիկ» ապրելակերպից:

Նրան կօգներ միայն սերը: Սակայն նա դեռ չգիտեր, թե ինչ է այն:

Նրանից ինձ մնաց միայն իր անսահման կանացիության հոտը, հմայքն ու անուշ օծանելիքի բույրը` թողած այն բազկաթոռին, որի վրա սիրում էր աչքերը փակ պառկել: Գեղեցկությունը, որն իմ սենյակում էր, ես բաց թողեցի խաղաղությամբ: Նոյյան աղավնու պես:

Գրո՛ղը տանի:

 

(նա և նրանք / աշուն)

-Մեկ-մեկ մարդկանց սովորականից ավելի մոտ լինելիս, նրանց կողքին և առհասարակ նրանց հետ ես իմ տեղը չեմ գտնում: Մի տեսակ ինձ իմ ափսեի մեջ չեմ զգում: Նրանց գռեհկությունից նողկանք եմ ապրում: Ես հաճախ պատկերացնում եմ բոլոր հոգեպես այլանդակների ու գռեհիկների սատկելը: Այն բանից հետո, երբ նրանք ինչ-որ սեր կամ ուշադրություն կամ ուղղակի դեպի իրենց` որպես ողորմություն շպրտվող հայացք են տենչում ու երբ չեն արժանանում ոչնչի ու ոչ մի գրամ քնքշաքի, նրանք բոցավառվում են ու հինգ վարկյան անց տեղում մոխրանում: էսպես եմ պատկերացնում դրանց սատկելը: Նաև պատկերացնում եմ, որ նրանց սատկելուց հետո էս աշխարհում ինձնից ու էս թույն բարձրակրունկներիցս բացի ոչ մի բան չի մնա, ամեն ինչ մաքրվելով կվերանա` անդունդի եզրից շրջվելով ու մաս-մաս ընկնելով գրողի ծոցը…

Գլխումս հարյուր հազար հարց կա, իսկ պատասխանները հիմա՛ են պետք:

Ինչքան հիշում եմ ինձ, միշտ ուզել եմ լինել ինչ-որ ուրիշ մեկը, մեկը, ում մարդիկ կկարողանան ընդունել: Իսկ հիմա, հիմա խորապես թքած ունեմ, թե՛ ընդունել-չընդունելու, թե՛ մարդկանց վրա: Ես հիմա բացառապես տեսնում եմ մարդկանց, որոնք մեռած են կյանքում, ու երբ նրանք իրոք մեռնում են, ոչ մի բան չի փոխվում ո՛չ նրանց, ո՛չ էլ նրանց շրջապատողների համար:

 

***

 

ձմեռ

 

Չիկագոյում այդ բեկումնային տարվա ձմեռը խիստ տժժան էր: Դրսում էնքա՜ն շոգ էր, որ մարդիկ կիսամերկ էին շրջում փողոցներում: Ես էլ բացառություն չէի: Էդ նույն փողոցներում ծաղկեց հանգստացնողներով ջուր, հանգստացնողներով պաղպաղակ, (հատուկ հոգեշեղվածների համար) սառույցով հանգստացնողներ, տարատեսակ համային հավելումներով հանգստացնողներ վաճառողների բիզնեսը, որոնց կրպակների սկիզբն ու վերջը չէր երևում: Պոզիտիվ էր այդ ձմեռը: Եվ մի դասակ բարեստություն էր ներխուժել մարդկանց ու նրանց ներքին հոգեհուզական աշխարհի մեջ:

Այդ թեժ ձմռանը ջղաձգված ամուսնական մի զույգ ինձ մոտ թերապիաների բերեց իրենց որդուն: Իմ նեղ մասնագիտական կարծիքով` այդ գրողի տարած հիստերիկները ավելի՛ շատ իմ կարիքն ունեին, քան իրենց որդին:

Նրանց որդին ինքը մարդատյաց էր: Տասնյոթ տարեկան էր, ատում էր բոլոր մարդկանց, նողկում բոլորից: Ըստ տղայի ծնողների` իրենց որդու խնդիրը չափազանց ագրեսիվության և հասարակությունից մեկուսացվածության մեջ էր: Ի դեպ, հենց ինքը` տղան էր այդպես կամեցել ու ստեղծել իր աշխարհը, որում կար մի կարգախոս` «հեռու պահել բոլորին և հեռու լինել բոլորից»: Թերապիաները սկսվեցին հենց հաջորդ օրը:

Նրա հետ աշխատելուց ես հաճույք էի ստանում: Նման հարուստ հոգևոր աշխարհով մարդիկ շատ քիչ են, խիստ փոքրամասնություն են կազմում էս գրողի տարած, հոգեշեղված, սահմանափակ և հետամնացությունից խեղդվող քաղաքում:

 

(միզանտրոպ տղան / ձմեռ)

-Ինձ համար նշանակություն չունի ոչ մի բան: Ես մարդկանց ատում եմ, նրանց չեմ վստահում: Չեմ սիրում նրանց հետ լինել, խոսել, չեմ սիրում նրանց ապրելակերպը և այն բաները, որոնց հավատում են ու հարմարվում: Չեմ սիրում նրանց հիմար հայացքները, նրանց կեղծ ժպիտները, զզվում եմ: Ատելուց և իրար միս կրծելուց բացի նրանք ուրիշ ոչնչի ընդունակ չեն:

Ինչպես կարող եք էդքան միամիտ լինել. մենք ծնվում ենք մենակ, գոյատևում ենք մենակ, շինվում ենք մենակ, ամեն մեկը փորձում է գտնել իր փոքրիկ ու հպարտ, վեհ բավականությունը:

Չէ՛, դուք չոր գլուխ խելապակասներ եք` տրված գրողի տարած սենտիմենտալիզմին: Ավելի լավ է լինել մենակ, քան մի բանի հետ, որը կմեռնի, ու հետքն անգամ չի մնա: Ցավից բացի ոչ մի բան չի մնա, ոչ-մի-բան: Իսկ ընկերություն կոչվածը մեծ ճոխություն է էսօրվա քառակուսի տեսակի մարդու համար: Իսկ սե՜րը, սերը մի բան է, որ ամեն անգամ կփախչի քեզնից, երբ դու կհավատաս նրան: Սերը անհաջողակների համար է, իսկ ես այլևս չեմ ցանկանում վերադառնալ նրանց շարքերը: Ու չասեք, թե ժամանակը բուժում է բոլոր վերքերը, չէ՛, տխմարնե՛ր, ժամանակը չի՛ բուժում ոչ մի բան, ուղղակի էդ մենք ենք սովորում ցավին, նրա կայուն ներկայությանը մեր կողքին, մեր մեջ: Չեմ հիշում, թե ով էր ասել, որ կյանքից ավելին պահանջելը, քան կյանքն է, չի կարող անպատիժ մնալ… Դանթեն էր կարծեմ, բայց` թքած: Մեռե՛ք ձեր կյանքով, այրվեք…

 

-Նրա գրած ստեղծագործությունները, որոնք գաղտնի ներկայացնում էր միայն իմ դատին, անխոս կարող են համեմատվել Ռեմբոյի, Վեռլենի, Լորկայի, Ներուդայի և շատ ու շատ այլ հանճարների գործերի հետ: Թերապիաներից մեկի ժամանակ նրան առաջարկեցի տպագրել իր գրվածքները Chicago times պարբերականում: Եվ, ի զարմանս ինձ, նա համաձայնվեց: Ու երկու շաբաթ անց նա դարձավ գրողի տարած Չիկագոյի ամենա-ամենա-ամենահայտնի տղան: Հայտնի և սիրված լինելը մենք օգտագործեցինք նրա ներքին խնդիրները լուծելու ու հաղթահարելու նպատակով: Ու դա ստացվեց, գրողը տանի՜:

Մենք դարձանք լավ ընկերներ: Ավելին, նա իմ ամենալավ խորհրդատուն է մինչ օրս: Նրանից ինձ մնաց ընկերությունը, որը ոչնչով չեմ փոխարինի: Երբեք:

Հենց նրա` այդ ոգեշունչ երիտասարդի խորհրդով ես գնացի իմ բաց թողած գեղեցկության` Էդիթի հետևից: Գտա նրան, խլեցի աշխարհից և էլ երբեք բաց չեմ թողնի:

Մենք սկսեցինք միասին սովորել սիրելու արվեստը:

Այդ արտասովոր ձմեռը մեր գրողի տարած քաղաքում շատ բան փոխեց: Այդ ձմեռվանից հետո Չիկագոյում բոլորը փորձում են սիրել: Թեկուզ այդ սերը հոգեշեղվածների խենթության արգասիքն է, այնուամենայնիվ հաճելի է փողոցներում տեսնել «ուրիշ սիրո» խելառ մարդկանց:

Այո, գրո՛ղը տանի, սրանից հետո Չիկագոյում միշտ կլինի տաք և տժժան ձմեռ: Իսկ հոգեշեղվածությունը, հանգստացնողները և սերը կլինեն շոգի դեմ պայքարի լավագույն միջոցները…

Yeah, գրողը տանի, գրողը տանի էս քաղաքը անհետ:

 

Անդին 2, 2017

 

Share

Կարծիքներ

կարծիք