Ձմեռնամուտ ըստ Հայկյան տոմարի

IMG_7548

Երեվան

 

Քո անունը

քո մասին գրված ու չգրված

ամենակատարյալ

բանաստեղծությունն է`

Ե-րե-վան:

Եվ առավելն ու գերազանցը

քո անունն է դարձյալ`

նախահունչ Երևանը`

արևացոլ,

ինքնին քերթված,

կարմրախայտուն

խաղիկ ու տաղ,

աստվածընծա

հմայաբառ

Է-րե-բու-նին:

 

 

Տարվա չորս եղանակների քաղաք Երևանս

 

Ամեն քաղաք իր եղանակն ունի

կամ ամեն եղանակ` քաղաքն իր,

ես գիտեմ անունը շատերի,

բույրերը, ձայներն ու գույները,

տեսել եմ ցերեկն ու գիշերը

և տարվա պտույտը հարահոս-

կան, որ քաղաքն են հենց գարնան`

ծոցի մեջ` ծաղիկներ, սեր, համբույր,

կան ամռան տարերքի քաղաքներ`

արբշիռ, կիսամերկ, տոթակեզ,

աշնան պես քաղաքներ նաև կան`

թախծադեմ, ոսկավարս ու խոհուն,

ձմռանը ժպտացող քաղաքներ`

խստաշունչ, գաղտնապահ, անծեքծեք:

Ինչպես են սազում քեզ զգեստները,

զուգս ու զարդերը, շպարները հազար

և մերկությունն էլ նույնիսկ անզարդար`

տարվա չորս բոլոր եղանակների:

 

Երկինք ու Երկրի հոգու վիճակի`

տարվա չորս բոլոր եղանակներին`

մեն-միակ, մեն-միակ կատարյալ-

Երևան…

 

Մեղք

 …յուրաքանչյուրը մեղավոր է բոլորի առաջ և ամեն բանի համար

Ֆ. Դոստոևսկի

 

Կա արևելյան մի հին առասպել,

որ ահազարզուր և ահագնակերպ

փոթորիկին է կուլ գնում նավը,

որտեղ գեթ մեկը ձեռքերով անդող

խոլ ջրերին է նետում մանկանը`

ծնված անտեղի ու անցանկալի,

և կամ մի սուրբ գիրք անընդունելի:

 

Եվ համբերության ծովերն Աստծո

ջրերին նետված նորածինների

առաջին-վերջին շնչից ալեկոծ`

աղաղակով ու լացով են լեցուն:

ժամանակների հաշվանքից ի վեր

ծովերը լի են Երկնքի մասին

ուրացված-հերքված գիրք գրոցներով:

 

Մենք ոչ տեսե՞լ ենք ու ոչ էլ լսե՞լ,

մեզանից դո՞ւրս են, մեզանից հեռո՞ւ-

 

ուրեմն` ինչի՞ց է մեր նավը դողում:

 

 

 Հայր մեր, որտե՞ղ է մայրը մեր

 

…որ երկնքում ես,

բառերի բառն

ու նախա-Բառն է անունը Քո,

սրբազան` միայն սրտում հնչելու չափ:

Խաղաղությունը

Քո գալուստի հետ

համաժամանակ

պիտի հաստատվի,

և կլինի կամքը Քո

երկնքում և երկրի վրա:

Անհատույց, ինչպես օդը,

կտաս մաքրամաքուր`

Քո ձեռքով թխված

հացը մեր հանապազոր:

Կներես մեր պարտքերն ու մեղքերը`

որպես ամենաներող:

Եվ չես տանի մեզ փորձության,

այլ կփրկես չարից:

Զի Քոնը պետք է լինի արքայությունը

և զորությունն ու փառքը

հավիտյանս:

Ամեն:

Մայր մեր, որ Հոր հետ

(մեղա՛, մեղա՛, մեղա՛)

նույն երկնքում ես:

Հայր մեր,

որտե՞ղ է Մայրը մեր:

 

 

Հացն ու Գինին, Տեր Կենդանին

(հուլիսյան)

 

Սովորական մի քանի հաց`

թեկուզ կտրած իր զավակի

պարտքով գնվող ցամաք հացից,

սովորական ջուր ծորակի,

շտապ, անհամբեր շշալցված…

նա չգիտեր, որ տարածը

հաց ու ջուր չէր հանապազօր-

ժամեր կան, երբ Մարդ մնալը

հերոսություն է անսակարկ`

հացի, ջրի ու կրակի

փորձություններն անցնել խոնարհ

մտածումով` ջուրն ու հացը

ամենքինն են` Աստծուց տրված:

Նրա տարած Հացը, ահա,

ճաշակում ենք որպես նշխար,

ջրով` որպես անխառն Գինի,

մենք լցվում ենք ոգով այն հին-

Հացն ու Գինին, Տեր Կենդանին:

 

Աստղիկի երազներ

Ինձանից առաջ իմ երազները

աստվածներն էին տեսնում երևի

հրաբորբ գիշեր ու ցերեկներին,

երբ մենք գիտեինք, որ Արարատի

հայացքն է գծում եզրը դրախտի.

Տեսնես հիմա ո՞ւմ, ո՞ր երջանիկի

Սերն է անրջում Աստղիկը աննինջ:

 

 

Հիշողություն

 

Սանրվածքս փոխելուց,

կտրել-ներկելուց

հազար անգամ հետո էլ

մազերս նորից ձգվում են վեր`

թաքուն ճերմակող ժպիտով

հիշում են փաղաքշանքներդ

թել

առ

թել:

 

 

 

 

Անդին 2, 2017

Share

Կարծիքներ

կարծիք