Տղամարդ` Լիբանանից. «Հիսուսը` Մարդու Որդի» գրքից

og-khalil-gibran-4Տասնինը դար հետո

 

Ո՛վ պարոնայք երգասացներ:

Ո՛վ պարոնայք բառեր չարտաբերված,

Յոթ անգամ արդեն ծնվել և յոթ անգամ մահացել եմ քո փութկոտ հայտնությունից ու մեր կարճ ուրախությունից հետո:

Ահա ես կրկին կենդանանում եմ` հիշելով ժամանակները, երբ մի ամբողջ օր ու գիշեր քո մակընթացությունը բարձրացրեց մեզ բլուրների միջև:

Դրանից հետո բազում երկրներ ու ծովեր եմ կտրել-անցել:

Ուր էլ որ ինձ տանում էին երկրի ձիերը կամ ծովի նավերը, տեսա քո անունը որպես աղոթք` բարձրացող սրտից, կամ թե միտք` հրահրող եղելության:

Մարդիկ երկու տեսակ են. մեկը քեզ օրհնում է, մյուսն` անիծում:

Անեծքն արաբի բողոքի նշանն է ընդդեմ անհաջողության:

Իսկ օրհնանքը` բլուրներից հաղթական վերադարձող օրհներգը որսորդի:

Քո ընկերները շարունակ մեզանում են` մեզ սփոփելու և աջակցելու համար:

Քո թշնամիները նույնպես մեզ հետ են` մեր կայուն հավատը ամրացնելու համար:

Մայրդ էլ է մեզ հետ:

Նրա դեմքի լույսը տեսել եմ բոլոր մայրերի դեմքերին: Նրա ձեռքն օրորում է ընտանիքը բարությամբ բարուրած ու քնքշանքով փաթաթում ճերմակ պատանքներով:

Մարիամ Մագթաղենացին շարունակում է մնալ մեր մեջ:

Նա, որ խմեց կյանքի քացախը, ապա գինով արբեցավ:

Եվ Հուդան` ցավերի ու մանր ձգտումների տղամարդը, շարունակում է քայլել աշխարհով և շարունակում է ինքն իր հոգին որսալ և չի գտնում ուրիշ որս` ինքնաոչնչացումից բացի:

***

Հովհանը` ամենասիրելի գեղեցիկ պատանին, նույնպես մեզ հետ է:

Նա երգում է մեղեդիներ, որոնք ոչ ոք չի լսում:

Սիմոն Պետրոսը, ով իր կյանքը երկարացնելու համար ուրացավ, թե քեզ ճանաչում է, նույնպես նստած է ահա մեր օջախների առջև:

Նա քեզ երկրորդ անգամ ուրացավ լուսաբացից առաջ:

Թվում է, թե նա երբեք պատրաստ չի լինի խաչվելու հանուն քո էության` այդ պատվին իրեն անարժան համարելով:

Կայիափան և Աննան շարունակում են վայելել իրենց օրվա լույսը և դատել առաքինուն ու հանցագործին:

Երկուսն էլ քնում են փետուրե անկողնում, թեև դատավճիռ են կայացրել, որ քո մեջքի վրա մտրակներ խաղան:

Կինը, որը բռնում է անառակության ուղին, այսօր քայլում է մեր քաղաքների փողոցներով, նա հացի սով է զգում, որը հետո է եփվելու, ու միայնակ է դատարկ տանը:

Պոնտացի Պիղատոսը նույնպես այստեղ է. նա ակնածանքով կանգնած է քո առջև և շարունակում է քեզ հարցնել, սակայն այնուամենայնիվ չի համարձակվում ներկայացնել իր խոսքը կամ դիմակայել օտարերկրացու, շարունակում է լվանալ ձեռքերն իր: Մինչ ժամանակը տանում է Երուսաղեմի թասն ու Հռոմի կուժը. այդ երկուսի միջև հազարավոր ձեռքեր լվացվելուն են սպասում:

 

***

Ո՛վ պարոնայք բանաստեղծներ, ո՛վ պարոնայք բանաստեղծներ երգված ու հնչած խոսքերի:

Մարդիկ արդեն տաճարներ են կառուցել, որ քո անունն այնտեղ բնակվի:

Բոլոր գագաթներին քո խաչն են բարձրացնում որպես նշան ու ուղեցույց իրենց թափառ ոտքերի, բայց ոչ քո հոգու խնդության:

Եվ Քո խնդությունը բլուր է նրանց մտքերից անդին, և ահա թե ինչու նրանց չի մխիթարում:

Նրանք պատվում են այն մարդուն, ում չեն ճանաչում:

Իր մխիթարության փոխարեն ստանում է նրանց մխիթարությունը:

Եվ Աստծո հանդեպ մարդու սերը իրենց սիրո նման է, գթությունն` իրենց գթության:

Ճշմարիտ, նրանք չեն պատվում մարդուն, կենդանի մարդուն, առաջին մարդուն, ով բացեց աչքերն ու անթարթ նայեց արևին:

Սակայն նրանք չեն ճանաչում և չեն ուզում նմանվել նրան:

***

Եվ որովհետև նրանք ուզում են անգետ լինել և անիմացությամբ քայլեն թափորում:

Եվ որովհետև սիրում են թախիծը կրել, որը հենց իրենց տխրությունն է, և դրա համար էլ չեն ուզում կարեկցանք գտնել քո խնդության մեջ:

Եվ նրանց տառապած սրտերը չեն մխիթարվում քո խոսքերով ու քո երգերով:

Իսկ նրանց ցավերը` լուռ, անդամալույծ, դարձնում են արարածներին միայնակ, որոնց ոչ ոք չի այցելում:

Դրա հետ մեկտեղ նրանք ապրում են իրենց հարազատների ու իրենց մայրերի որդիների հետ, նրանք ապրում են վախով և անընկեր, նրանք սիրում են մենությունը:

Եթե արևմտյան քամի է փչում, խոնարհվում են արևելքին:

Ճշմարիտ, նրանք քեզ կոչում են թագավոր և ուզում են նստել քո պալատում:

Նրանք կոչում են Քեզ Փրկիչ և ուզում են օծվել սուրբ յուղով, քանզի ուզում են ապրել միայն քո ողորմածությամբ:

***

Ո՛վ պարոնայք երգիչներ:

Քո արցունքներն ասես մայիսյան անձրևի առաջին կաթիլներ լինեն:

Եվ ծիծաղդ` ասես Սպիտակ ծովի ալիքներ:

Երբ խոսեցիր, քո բառերը հեռավոր շշունջն էին իրենց շուրթերի, այնժամ պետք է այդ շուրթերը լուսավորվեին կրակով:

Ծիծաղեցիր նրանց ոսկորների ոսկրածուծի համար, որոնք պատրաստ չէին ծիծաղի:

Արտասվեցիր նրանց աչքերի համար, որոնք երբևիցե արցունք չեն ճանաչել:

Քո ձայնը սիրող հայր է նրանց մտքերի ու գիտակցումի համար:

Այո, և մայր` նրանց խոսքերի ու հոգիների համար:

***

Յոթ անգամ արդեն ծնվել և յոթ անգամ արդեն մահացել եմ:

Ահա ես կրկին կենդանանում եմ ու տեսնում եմ քեզ:

Ռազմիկների մեջ ռազմիկ, բանաստեղծների մեջ բանաստեղծ և թագավոր թագավորաց:

Տղամարդ` կիսամերկ, ճանապարհի անցորդների ու քեզ ուղեկիցների միջև:

Ամեն օր քահանան խոնարհում է գլուխը, երբ արտաբերում է քո օրհնյալ անունը:

Եվ ամեն օր ընկեցիկներն ասում են.

-Հանուն Քրիստոսի մեզ պղնձադրամ տվեք, որ հաց գնենք:

Մենք ողորմում ենք միմյանց, սակայն իրականում ողորմություն ենք խնդրում միայն քեզանից:

Մենք ասես չափից ավելի վարարուն ենք մեր ցանկությունների ու կարիքների գարնանը,

Երբ գալիս է մեր աշունը, վերածվում ենք տեղատվության:

Մենք` հզոր, թե թշվառ, քո անունն է մեր շուրթերին:

Դու անսահման տերն ես անսահման կարեկցանքի:

***

Ո՛վ պարոնայք` մեր միայնության ժամի տերեր:

Այստեղ և այնտեղ, խանձարուրի ու պատանքի միջև տեսա քո լուռ եղբայրներին,

Ազատներին` առանց սահմանների, քո մոր` հողագնդի ու տիեզերքի որդիներին:

Նրանք երկնքի թռչունների և դաշտի հիրիկների են նման:

Նրանք ապրում են կյանքը քո և հղանում մտքերը քո:

Եվ արձագանքում տաղերը քո,

Սակայն նրանց ձեռքերը դատարկ են,

Եվ չեն գամվում հզոր խաչելությամբ. և ահա կարևորը:

Ճշմարիտ, աշխարհն ամեն օր է նրանց խաչում, սակայն` փոքր փորձություններով£

Ու երկինքը չի ցնցվում, երբ խաչում են նրանց, ու երկիրը երկունքի ցավեր չի զգում նրանց մահերով:

Նրանք խաչվում են, և ոչ ոք վկա չի լինում նրանց տառապանքներին:

Նրանք շրջում են իրենց դեմքերը մեկ աջ, մեկ ձախ:

Եվ չեն գտնում մեկին, որ նրանց տեղ խոստանա Նրա թագավորությունում:

Ասես նրանք ուզում են խաչվել ամեն անգամ:

Թող քո Աստվածը լինի Աստված, և Հայրդ` Հայր նրանց համար:

Ո՛վ տե՛ր սեր,

Ճշմարիտ, տիրուհին սպասում է քո գալստյանը իր ամբրոսաբույր օթյակում,

Ամուսնացած կինն` իր վանդակում,

Անառակուհին, որն իր մերկությամբ է հաց փնտրում փողոցներում,

Միանձնուհին, որն իր կուսական խցում ամուսին չունի,

Անպտուղը` նույնպես, իր պատուհանի դիմաց, որի ապակուն սառնամանիքը անտառ է գծում, Քեզ գտնում է այդ գծերի խճապատկերում և իր երազներում կրծքով կերակրում է քեզ ու մխիթարվում:

***

Ո՛վ բանաստեղծների տեր,

Ո՛վ մեր լուռ ցանկությունների տեր,

Աշխարհի սիրտը բաբախում է քո սրտի զարկերի հետ, սակայն չի այրվում քո տաղերով: Աշխարհը նստում է քո ձայնը լսելու ուրախությամբ ու հանգստությամբ, սակայն տեղից վեր չի ելնում` զարդարելու համար քո բլուրների լանջերը:

Եվ մարդը երազում տեսնում է քո երազը, սակայն նա չի արթնանում քո լուսաբացի հետ, որն ավելի հզոր է քո երազից:

Նա կուզեր տեսնել Քո աչքերով, սակայն չի կտրում իր ծանր ոտքերը` ուղղելով դեպի քո գահը:

Ասես շատերն են թագավորում քո անունից, քո՛ ուժով և քո ոսկե հայտնությունը վերածում են թագերի` իրենց գլուխների համար ու գայիսոնի` իրենց ձեռքերի համար:

Ո՛վ լույսի Տեր,

Նրանք, ում աչքերը բնակվում են կույրերի սրատես մատներում, շարունակում են արհամարհել ու ծաղրել քեզ:

Տղամարդկային թուլությունն ու տկարությունը խանգարում են Աստծո հայտնությանը, իսկ քո աստվածայնությանը` երկրպագելու քո անսահման մարդկայնությունը:

Այն, ինչի հասնում են մարդիկ քո գահի առաջ պատարագի ու ժամերգության, սրբավայրերի ու զոհաբերությունների միջոցով, իրենց բանտարկված հոգիների համար է:

Դու ընդգրկումն ես նրանց հեռավոր հոգիների, ահռելի ճիչերի, սերերի ու կարոտների:

***

Ո՛վ Տեր, ո՛վ երկնային սիրտ,

Ո՛վ մեր ոսկյա երազների ասպետ,

Քանի որ դու շարունակում ես հպարտ քայլել մեր առջև այս օրը,

Ոչ նետերը, ոչ նիզակները անկարող են կանգնեցնել քայլերը քո:

Քանի որ դու քայլում ես մեր բոլոր նետերի ու նիզակների միջով:

Եվ դու ժպտում ես մեզ բարձունքից քո:

Թեև դու երիտասարդ ես մեզանից,

Հայր ես մեզ համար:

 

Ո՛վ բանաստեղծ,

Ո՛վ երգիչ,

Ո՛վ մեծ սիրտ,

Թող օրհնյալ լինի Քո անունը,

Եվ արգանդը, որը կրել է քեզ,

Եվ կուրծքը, որը սնել է քեզ,

Եվ թող Տերը ների մեզ բոլորիս:

 

Արաբերենից թարգմանեց Ռուզաննա Մանուկյանը

 

Share

Կարծիքներ

կարծիք