Բանաստեղծություններ

17458038_1332564913469064_8862888970661875054_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կաթիլներ հավաքելիս

 

վերջերս ավելի հաճախ եմ տխրում

գունատ հնդկացու տխրությամբ,

որը նստել է գետնին` հոգնելով անձրև կանչելուց:

բիզոնների հեռվից լսվող վազքի ձայնն էլ չկա,

ամեն ինչ դարձել է սառը, անգլիական:

 

փորձում եմ հավաքել վերջին կաթիլները գոյատևելու համար,

ջերմության կաթիլներ եմ փորձում պոկել

նույնիսկ սովորական ժեստերից,

հայացքներից, ձայնից,

նույնիսկ վիրտուալից,

քամելով տողերի միջից

անիրական կաթիլներ

քնքշության:

 

ջերմության կաթիլներ արևի շողերի միջից:

կային ժամանակներ, որ անձրևը օր ու գիշեր էր թափվում,

և երբեմն նույնիսկ հոգնում էինք դրանից,

բայց հիմա զգացվում է սառը շունչը մեջքիս,

որը ավելի ու ավելի մոտիկ է գալիս:

հնդկացին տխրում է ու վախենում

սառը բարքերից:

 

արևը մայր է մտնում`

իր հետ տանելով վերջին հույսը,

որ անտանելի երաշտը կվերջանա:

ես դեռ կպարեմ անձրևի պարը`

կաթիլներ հավաքելով:

 

 

Փոքրիկ չղջիկի մասին

 

Չղջիկը, որ դեռ փոքր էր ու փափուկ,

Նման էր սև թռչունի,

Եկավ ինձ այսօր հյուր,

Թեև տունս քարանձավի հետ կապ չունի:

 

Եկավ, մի քանի շրջան գծեց կույր,

Խփեց կիթառին,

Ընկավ,

Բռնեցինք,

Անդուր ծվծվաց,

Դուրս շպրտեցինք,

Թռավ գնաց:

 

Փորձեցի սիմվոլիզմ գտնել ինչ-որ,

Չստացվեց,

Փորձեցի նշաններ փնտրել դրանում,

Չստացվեց,

Զոռ տվեցի երևակայությանս,

Չստացվեց,

Փորձեցի անձնավորել խեղճ չղջիկին,

Չստացվեց,

Փորձում եմ գրել սրա մասին

Չի ստացվում:

 

Չղջիկ էր ուղղակի,

Սխալ հասցեով էր մտել:

 

 

աւէ

 

նկարում եմ քեզ

քրտնած ապակու վրա

ամեն անգամ

լողանալուց,

հաշվեցի վեց`

ցնցուղի տակ վեց հատ

ես ու դու

կտեղավորվեր,

հոսում ես մեջս

լցվում աչքերիս

ականջներիս

բերանիս մեջ,

ջուրս

տաք ես

երևի մնամ հետդ

մինչև առավոտ

 

 

Ստվերը

 

պատմեմ դա ոնց է լինում

ուրեմն սկզբից վախենում ես

որ մեկը քեզ հետևում է

ըսենց տարօրինակ սև մարդ

հետո ուրախանում ես

որ մենակ չես

հետո սկսում ես խաղալ հետը

հետո լուռ նայում ես ոնց է քեզ կպած

հեռվանում-մոտիկանում

պտտվում շուրջդ

հետո զգում ես ոնց է սկսում կորչել

երբ շատ լուսավոր տեղ ես հասնում

հետո կորում է

հետո սկսում ես կարոտել իրեն

ու ըտենց

 

Անդին 2, 2017

Share

Կարծիքներ

կարծիք