Վկայողը (հատված վիպակից)

14202696_1110101369027584_205959330038695115_n

Դեմքն անցնողի էր` իրենք գիտեին: Ոչ ոք նրանից անցաթուղթ չպահանջեց: Եվ նա քայլում էր գրադարանի միջացքով երկու գիրք ձեռքին, որը դիտորդն էր իրեն հանձնել, չափորոշիչներ հաստատող մի դիտորդ, և խնդրել, որ տեղավորի համաշխարհային գրադարանի հայկական մասում: Քայլքը հանդարտ էր և հաստատ, երբ մտորում էր արժեքների դասակարգման, երկրաչափական չափումների և այդ ամենը համառորեն քառաչափ իրականության մեջ տեղավորող դիտորդի անթարթ հսկող հայացքի մասին:

Միջացքն անասելի երկար էր, և յուրաքանչյուր քայլք մոռացության էր մատնում նախորդ չափումը, չափումը… չափումը… և մարդը… ընդարձակվեց միջանցքի զրնգուն երկայնքով` միաժամանակ տեսնելով և իրեն, և միջանցքի վերջում նպատակային դուռը, որից այն կողմ համաշխարհային գրադարանն էր` անշարժացած բառերի անձավագիր լռությամբ: Իր հանդարտ քայլքի արձագանքն ունկնդրող և ինքն իրենից ընդարձակվածը հանկարծ նկատեց, որ իր մտորումների չափումը, մարմին ստացած, հետապնդում է իրեն: Մարմնեղեն չափը իր կրկնօրինակն էր` առավել հավաք և հստակ ուրվագծով, որի քայլերն արագանում էին` հետևելով ընդարաձակվածին, ով փախչում էր իր չափից:

Ընթացքն այնքան հևատրոփ արագություն ստացավ, որ չափը, խախտելով կրկնօրինակի մասին բոլոր օրենքները, սկսեց հանել կոշիկները, որ հասնի ինքն իրեն` իր տարածական անչափին: Ինքն իր չափից փախչող մարդը վերջին պահին բացեց գրադարանի դուռը և հայտնվեց անկշռելիության տիրույթում:

Ներքևում ուշադիր թերթ կարդացողներն էին, մի փոքր աջ` ուշադիր կարդացողների մասին գրողները: Տիրող աշխատանքային թոհից այն կողմ, նորաբաց արևաթաղանթ իրականության հեռվում, որը դուրս լինելով` մի տեսակ ներսի էր նման, մարդը վրանների մի խումբ տեսավ` բնակավայր, որտեղ մարդկանց սակավ մի խումբ էր բնակվում իրենց ընտանիքներով, տարօրինակ մարդկանց մի խումբ, որ բառեր էին փորագրում քարերի վրա: Ինքն իր չափը անհայտ որոնումների միջանցքներում թողած մարդը ազատության իր անկշռելի թռիչքով մոտեցավ և անակնկալ գեղեցիկը հայողի հայացքով քարացավ. ճկնապտույտ գրախազերը կորացնում էին մարդուն իր մեջ խաչքարային սարդացանց նախշերի զգայականությամբ` շոյելու և ունենալու անվերադարձ քնքշանքով: Մարդը շեղեց հայացքը, բայց կարծես թե արդեն ուշ էր. գրախազերը ճանաչող մարդիկ հմայողներ էին: Մի կուռ ու հավաք ամբողջականություն կարծես փլուզվեց իր ներսում, մի ահռելի պատյան բարձրացվեց իր վրայից, և ինքը վերածվեց մանրագույն փշրանքների.

«Ե՞րբ էր… սակայն, երբ բոլոր բառերն ու անբառությունն անգամ իր ներսում էին, և ինքը հավաք ու ամբողջական մի ճակատագիր էր, մի ներունակ, և ոչ ոքի ու ոչնչի կարիքն անգամ չկար իր զորեղ անբառությունը ճանաչելու համար, և այնքան պարզ էր ամեն բան, պարզ և հստակ` շրջված հայացքի նման: Ինքնաբավ էր, ինքնահավաք, ինքնատեսակ, և շարունակական բառերը, որոնք ինքը ճանաչում էր և որոնք լողում էին տարածության մեջ, բառեր, որոնք ոչ մի տեղ չգրվեցին, բառեր, որոնք իրեն հանգիստ չեն տալիս, բառեր, որոնք միտք չդարձան, չձևակերպվեցին, բառերը, որոնք իրենից դուրս ինքն այլևս չէր ճանաչում, բառեր, որոնք նրան այցի էին գալիս գիշերները և հարցեր տալիս…»,- լռեց մարդը, և ինքն իրեն մրմնջաց.

-Թողեք ինձ, ես ոչինչ եմ ուզում, հազարավոր մայրեր ու հայրեր չեն կարող մեղմել որբությունը իմ… ո՞նց կրեմ բառերի համրությունն այս:

Մարդը ծնկի եկավ ու ձեռքերը մխրճելով սևահողի մեջ` սկսեց իր հայրական կալվածքները պահանջող ժառանգի տոնայնությամբ բղավել.

-Հայր իմ, սովորեցրու ապրել, սովորեցրու վերջին անգամ, խոստանում եմ այս անգամ ուշադիր լինել, խոստանում եմ ուսանել ամենայն մանրամասնությամբ…

Հանկարծ իր ձախ ուսին սթափեցնող ծանրություն զգաց և իր տառապանքը մի պահ ընդհատելով` հետո շարունակելու մտադրությամբ, շրջվեց: Կաթնաբույր քնից նոր արթնացած զվարթ մանկան դեմքով մի անծանոթ ասաց.

-Ինչո՞ւ զանգերիս չես պատասխանում, թե՞ բջջայինդ էլի տանն ես մոռացել:

Քաթանե զգեստի փեշերը հավաքելով` մարդը ոտքի կանգնեց և մինչ ուզում էր որևէ պատասխան տալ, անծանոթը շարունակեց.

-Ապակե տարայի ետևից եմ եկել, կարո՞ղ ես վերադարձնել, նոր գործ եմ սկսել, մեկին մեկ շահում են, պատկերացնո՞ւմ ես, հետո քեզ կպատմեմ, թե ոնց եղավ, հիմա շտապում եմ, տուր` գնամ:

Մարդը ժամադրությունից ուշացածի հապճեպությամբ նայեց իր ձեռքերին և աղոտ հիշեց, որ ինքը երեք գիրք էր տանում, որը դիտորդն էր տվել… բայց փոխարենը ապակե տարա էր իր ձեռքերում, որը կայծակնային արագությամբ վերցրեց անծանոթը ու կիսաժպիտով ասաց.

-Լսեցի, ինչ-որ ապրելուց էիր խոսում, մի բան կասեմ քեզ` էդ զգայականությամբ կամ շատ երիտասարդ են հեռանում էս աշխարից, կամ ապրում են երկար ու ձիգ, քեզ առաջինը չի սպառնում, հատկապես պարտքդ վերադարձնելուց հետո, դու մնացիր ապրելու…

Անծանոթը, որ այլևս ինչ-որ չկայացած քաղաքական գործչի էր հիշեցնում, խառնվեց մարդկանց ժխորատարափ հոսքին ու անհետացավ:

Արևելյան շուկա հիշեցնող հրմշտոցի մեջ մարդը մի կերպ իրեն ճանապարհ էր բացում` քսվելով ու բախվելով: Երկրորդական իրերի շուկա էր: Երբեմն մարդկանց արանքներից տեսարան էր բացվում` ցուցատախտակների վրա դրված հնամաշ շորերի ու զարդերի, մազապատ դեմքերով առևտրակաների և պարարատ կանանց, որոնցից վաղնջականության հոտ էր գալիս: Ցնցոտիավոր մի ծերունի բղավում էր իր կորցրածի մասին, որն ուղեկցվում էր միալար աղմուկի վերածված երեխայի լացով: Վերջապես մի արահետ բացվեց, և մարդը, ժխորահեղձ հոսքից անջատվելով, տեսավ կիսավեր պարսպի մոտ կանգնած մի խումբ մարդկանց, որոնք կիսաձայն խոսում էին ու քթի տակ ծիծաղում: Մարդը մոտեցավ. պարսպին հենված միջին տարիքի փոքրամարմին մի տղամարդ, սալաքարերին նստած, աչքերը մի կողմ սևեռած միատոն ու ցածր ձայնով կրկնում էր.

-Տեսա` մութի մեջ արևն էր` անհավանական մեծ չափերի: Հետո արևը մեծացավ ավելի ու ավելի` ահագնացավ… ու անհետացավ: Բոլորը իրենց առօրյա գործին էին, և չէր խաթարվել մարդու անդորրը: Արև չկար, մութ կար` անլուսին… Ավելու ուշ… հասկացա` ներառված ենք:

Մարդը շրջապատողներին հարցրեց` Ո՞վ է:

-Մրմնջացողն է,- անհոգ ձայնով ասաց ձեռքերը գրպաներում պահած մի երիտասարդ:

-Չէ, չէ…մարգարե է,- բացահայտող երանգով ավելացրեց մի կին:

-Սենց փոքր մարգարե՜,- քմծիծաղով ավելացրեց երիտասարդը,- էդպես որ լինի, ամեն մեկս մեկական մարգարե կունենանք մեր գրպաններում, և ծիծաղարձակ հայացքը հանդիպելով մարդու հայացքին, ով ներկաներից կարծես ամենամտահոգ դեմքն ուներ, իրենից հեռացող ծիծաղը հետ քաշեց լեզվի տակ: Տղան մորն է նման` մտածեց մարդը: Կիսամերկ երեխաները միմյանց բրթելով շրջապատել էին մրմնջացողին ու հրճվանքով շապիկից մասնիկներ էին պոկում և միմյանց ձեռքից խլելով փախչում: Մեկն էլ շատ մոտիկից ուղղադիր դեմքին էր նայում, ու ինքն էլ հետը կրկնամնջում: Մարդը թիկունքից երեխաների փախչող խնդությունն էր ունկնդրում և հիշում Հայաստան մայրիկին, որ ժամանակի և կյանքի հարվածից մի անգամ խորապես զզված ու նույն դիրքով էլ քարացած դեմքով հանդիմանում էր իրեն և իր ընկերներին դեռ այն ժամանակ` ի՞նչ եք ոչխարների պես մկկում, անիմաստ ծիծաղում: Այդպես էլ չհասկացավ, թե որն էր իմաստավոր ծիծաղը: Թիկունքից լսվեց իրար քաշքշող երեխաներից մեկի լացը: Իրեն չհասավ` մտածեց մարդը, գուցե մրմնջացողն սպասում էր, որ մեկը գար ու իրեն տուն տաներ:

-Տուն տանենք,- ասաց մարդը,- թող տանը մրմնջա, իր հարազատների մոտ:

-Անհնար է, երեք օր է` քաղաքային հրապարակում է, չի գնում, և կարծեմ թե ինքը այս քաղաքում տուն չունի… Ասում է` Ցավին եմ սպասում, ասում է, թե` Ցավն իրեն այսպես է ճանաչում, այստեղ և այս դիրքով,- ասաց երիտասարդը:

Տղան միանշանակ մորն է նման, արդեն հաստատապես մտածեց մարդը, չնայած որ մորը երբևէ չէր տեսել:

-Հիմա դեռ լավ է, մի քանի օր առաջ հրապարակի կենտրոնում կանգնած էր խոսում,

Հրապարակախոս է երևի:

-Խոսելը ո՞րն է, կարելի է ասել` ճչում էր, բղավում.

Սօս, Սօս` բղավում էր, ձեր առջևից ընթացող Սօսին տեսեք

Ուժասպառ եղած հրապարակախոս է` մտածեց մարդը:

-Ես նրա նախահորն եմ ճանաչում,- ծույլ շարժումով զրույցին միացավ մի ծերունի,-ցավի որսորդների ցեղից է, հայրը հայտնի ցավի որսորդ էր, ինքը հիմա ցավի փշրանքներն է հավաքում:

Սարսուռ անցավ մարմնով. Անծանոթ ծերունին նախորդ օրվա իր երազն էր իրեն պատմում.

Նախահայրը իրեն ցավը փոխանցեց,

Ինքը հոժարությամբ վերցրեց,

Ճամփին մանր-մունր ընթացիկ ցավեր հավաքելով… հեռացավ:

Այո, հենց այդպես էր, նույնիսկ առավոտյան գրի առավ, անգամ վերնագրեց` Ցավը հավաքելիս:

Ո՞վ է մրմնջացողը, Ցավի որսորդների ցեղից… ավելի ճիշտ` ո՞վ է ինքը:

Ի՞նչ էր եղել: Նախահայրը կամ հայրը աներևույթ տեսանելիի ցավը իր մեջ է հավաքել և հիմա փոխանցում է իր ժառանգին, որպես գրաված տիրույթներ կամ իր հոգուն ծանրացած պարտք, իսկ ժառանգը… ի՞նչ էր անելու ժառանգը արդեն գրեթե ամբողջացած ցավը որպես մարմին իր մեջ կրելով, շաժուն ու քմահաճ մարմին` լքում ու վերադառնում էր` երբ իրեն էր հարմար, մտացարկված մարմին, որի մոտենալը ահաբեկության էր նման: ամբողջ հոգով վրադ կընկնեմ` չես դիմանա, ասում էր մոտեցող ցավը: Իսկ գուցե պետք էր ընդամենը խաղաղությամբ կրել, ներդաշնակված ներսից` դուրս, ինչպես մանկության տարիներին էր անում, երբ գիշերները արթնանում էր ատամնացավից ու գիշերային անատամնացավ անդորրը չխաթարելու համար լռում էր ու ինքն իրեն համոզում, որ ատամնացավը միշտ էլ իր հետ է եղել, իր ծնված օրվանից, և նյարդերը թուլանում էին, ցավը, կորցնելով իր կծկումը, տարածվում էր ամբողջ մարմնով, ինչպես ջրի մեջ լուծված խտանյութ նոսրանում էր, ու ցավն այլևս ինքը չէր, ներդաշնակ էր իր հետ և նման իրեն:

Մի անգամ, երբ հերթական ատամնացավից արթնացավ, իր կողքին պառկած քույրը լուռ լաց էր լինում մթության մեջ: Մի պահ ուզում էր հարցնել` ի՞նչ է եղել, հետո հասկացավ, որ երևի քույրն էլ է նկատել օրվա մեջ իրենց աղմկոտ մանկական խաղերի ու հրճվանքի հետ զուգահեռ ու համաքայլ ընթացող լռությունը, որը երեկոյան խառնվում էր մայրամուտի տարտամ ձայների միալար աղմուկին և դառն ու տտիպ համի էր վերածվում, անհուն մի թախիծ էր իջնում իրենց թաղի, բակի վրա, հեռու ափերից եկած այլատես մի թախիծ, ու իրենց խնդությունը անկարեկից երանգներ էր ստանում: Եվ խեղճանում էին իր խաղընկերների դիմագծերը, նույնիսկ իրենց հարևան Փեփոն, որ օրվա մեջ իր և բակի երեխաների սարսափն էր, որբանում էր ասես, խեղճանում անիմաստ ծերանալու իր սկզբունքայնությամբ… Ինչո՞ւ էր իրեն դաժան թվում վերահաս երեկոն, թող լացի` հանգստանա: Սա մի տիրույթ է, երբ մեկ մետր տրամագծով պիտի մենակ թողնես մարդուն իր հետ, չնայած որ այդ պահին ինքը քրոջ տրամագծից ներս էր` ինձ տուր Հայր, այս ամենը զգալու ցավը` ինքը չի դիմանա:

Փաստորեն դեռ այն ժամանակներից ինքը ցավի որսորդի ցեղից էր, իսկ ծնողները ասում էին, թե Վելիխանի ցեղից ես, թուխ ես նրանց ցեղի անդամների նման, չէ, Գոգենի կտավից ես իջել, ավելացնում էր հայրը կիսաժպիտը դեմքին: Հետո երբ ինքը գյուղ էր գնում, Վելիխանի տան առջև այնքան էր կանգնում, մինչև տնից որևէ մեկը դուրս գար, և փորձում էր դիմագծերի ու երանգների մեջ նմանություն գտնել, բայց այնքան էլ թուխ չեն, արդարացնելով Վելիխանի ժառանգներին կամ գուցե և իրեն` մտածում էր ինքը: Իսկ Գոգենի կտավի հերոսուհիները թուխ էին ու չափազանց անկեղծ: Դրախտի արվարձաններում ապրող այդ տարաշխարհիկները ալակոտ ու ճկուն հովազների էին նման, որոշ կտավներում էլ` շումերական և եգիպտական որմնանկարների, և ինքը կանգնում էր պատին կիպ ու ընդունում հարթապատկերային դիրք ու ստիպում քրոջը, որ ձախ ձեռքով նկարի իրեն: Այն ժամանակ աշխարհը այնքան էր, որքան տան լուսամուտից էր երևում:

Ո՞վ է մրմնջացողը Ցավի որսորդների ցեղից… ավելի ճիշտ` ո՞վ է ինքը:

-Ամբողջ ընթացքում հորս ասում էի, որ կարևոր բան ունեմ իրեն ասելու… ու այդպես էլ չասացի, ժամանակ չեղավ… հետո մի օր երազ տեսա, գլուխս հենել էի հորս ուսին, ու հայրս մեղմ ձայնով ասաց` ինչ-որ ուզում ես ասել` գրավոր ներկայացրու:

Քաղաքային հրապարակը խտանում էր, աղմուկի ու հրմշտոցի արանքներից պաստառներով մարդիկ էին երևում` նախընտրական վազքարշավն ու գրողի ծոցը գրված էին պաստառներին… այս ամենը գրողի: Հանրահավաք էր: Մարդը ճանապարհ էր իրեն բացում, չէին երևում խոսնակները: Հարցրեց կողքինին` ի՞նչ է ուզածները:

-Հայրենիք են ուզում:

Ամբոխի վրայով հեռվում ուրվագծվեցին խոսնակները, աղմուկը հանդարտվեց, և հրապարակի բոլոր կողմերից միաժամանակ խոսափող միացավ, ու ձայնը, որ արձագանքվում էր, ասես ռադիոյից էր հնչում.

-Նախընտրական վազքարշավի թոհի մեջ, անտեղի ու անժամանակ` որպես անթարթ դիտորդ օտար ափից, Գրողի հալածական սերը կյանքի հանդեպ` անընդգրկուն, անպարագրելի, կյանքը մանրակրկիտ մանրամասնելու, ճշտելու շոշափելիության աստիճան` եղելությունն ունենալու, ողջը ունենալու միաժամանակ` զարկերակի հենց ընդերքում և իր մանրական մազանոթների հոսքով` առանց դույզն բացթողումների… սերը հալածական, որի անընգրկելիությունն ու կիպ կողքին լինելու` կորիզի հենց անփոխարինելի մասը կազմելու խելագար կրքի ընդվզումները իրենից դուրս մեծացող-ահագնացող երկինքների… մղում-հոշում են հակառակ կողմ` ներառվելով միայն, ներառվելով միայն… հակառակ կողմ…

 

Անդին 2, 2017

 

 

Կարծիքներ

կարծիք