Յոթնագրյանքների առեղծվածը

Հեղինակ:

image«Յոթնագրյանքների» մասին մամուլում և ամսագրերում հրապարակումներ եղել են 20-րդ դարի 80-ական թվականներին և ավելի ծավալուն ներկայացվել Մատենադարանի կողմից հրատարակված Դավիթ Անհաղթին նվիրված ժողովածուում: Եղել են նաև այլ հրապարակումներ:

«Յոթնագրյանքների» առեղծվածով զբաղվել է նաև երջանկահիշատակ պրոֆեսոր Պողոս Պողոսյանը:

Կարծում ենք` մեր ընթերցողներին կհետաքրքրի պրոֆեսորի այս աշխատանքը: Հույս ունենք, որ կծավալվի բանավեճ: Մենք պատրաստ ենք տպագրել նաև այլ տեսակետներ:

 

Անդին

 

 

Վաղ ժամանակներից մեզ են հասել մի խումբ ձեռագրեր, որոնք նույն բովանդակությունն ունեն, սակայն ոչ մեկը մյուսի ճիշտ պատճենը չէ, նույն նյութը պարունակելով հանդերձ հանդես են գալիս տարբեր անուններով («Յօթնագրեանք», «Վեցհազարեակ», «Քերականութիւն», «Վարժողական ուսմունք» և այլն), միևնույն բանը լինելով` վերագրվում են տարբեր հեղինակների (Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի, Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Հոմորիոս, Փիլիկոս և ուրիշներ): Այս ձեռագրերը, որ վաղուց ի վեր գոյություն ունեն մեզանում, ցրվել-տարածվել են աշխարհով մեկ: Ձեռագրերի մի մասը Մաշտոցի անվան Մատենադարանում է, մի մասը` Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարաններում, Անգլիայի Բրիտանական թանգարանում, Երուսաղեմում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և սփյուռքի հայության անձնական գրապահոցներում: Չնայած իրենց հնությանն ու տարածվածությանը` այս ձեռագրերը, որ հարմարության համար դրանցից մեկի անունով կոչում ենք «Յոթնագրեանք», հայագիտության մեջ առայսօր պատշաճ ուշադրության չեն արժանացել: Ուսումնասիրողներն էլ հակասական կարծիքներ են արտահայտել թե՛ բովանդակության, թե՛ գրվելու ժամանակի և թե՛ նրա հեղինակի մասին: Հիմնականում այն կարծիքն է արտահայտվել, թե իբրև դրանք անմիտ հմայությունների ու կախարդությունների ժողովածուններ են: Եղել են և կան մտածողներ էլ, որոնք, նկատի ունենալով այս ձեռագրերում եղած որոշ աղյուսակներ, կարծում են, թե դրանք պարզապես բազմապատկման ու բաժանման աղյուսակներ են և ուրիշ ոչինչ: Քանի որ հիշյալ ձեռագրերից հնագույնը 13-րդ դարի գրչագիր է, սա որոշ գիտնականների առիթ է տվել կարծելու, թե «Յոթնագրյանքը» 13-րդ դարի մի հեղինակի` Վարդանի շարադրանքն է, ոմանք էլ այն համարել են 7-րդ դարի մեծ գիտնական Անանիա Շիրակացունը: «Յոթնագրյանքների» մասին առաջին տեղեկությունը մեզ հասել է 7-րդ դարից:

Հենց նրանց մեջ է պահպանվել Շիրակացու «Վասն որպիսութեան կենաց իւրոց» վերնագրով ինքնակենսագրականը, որի մեջ միջնադարի մեծ գիտնականը պատմում է հետևյալը: Գիտություններ սովորելու նպատակով նա գնացել է Տրապիզոն, աշակերտել Տյուքիկոս անունով մի հույն գիտնականի, ութ տարի մնալով նրա մոտ` սովորել է «համարողության» արվեստը, «տեղեկացել հայտնի և գաղտնի» այլ գիտությունների: Այնուհետև նա գրում է. «Եվ արդ` ես տրուպս Հայաստանեաց ունայ ի նմանէ զհզաւր զարուեստս զայս, որ թագաւորաց է ցանկալի և բերի յաշխարս մեր»: Այս հզոր արվեստը, որ «Վեցհազարյակն» է (Շիրակացին «Յոթնագրյանք» ձևը չի գործածում), Շիրակացու բնութագրությամբ «գանձ է` ծածկեալ յերկիրս Հայոց և ակն թագուցեալ ի տանն Թորքոմա, զի մայր է ամենայն իմաստութեան. այս է և թւոց աղբիւր ամենայն արհեստից հանդերձ ամենայն բաժանմամբ»:

Ուսումնասիրողները միանգամայն անուշադրության են մատնել Շիրակացու այս շատ կարևոր արտահայտությունը. այս ինչ գանձով է ծածկված հայոց աշխարհը, այս ինչ արվեստ է, որ «տեսին ամենայն ճարտարքն յունաց ի մերում նահանգիս և զարմացան»: Հույն գիտնականներին չէր կարող զարմացնել մաթեմատիկան, քանի որ այն շատ զարգացած էր ինչպես Հունաստանում, այնպես էլ Եգիպտոսում, Հնդկաստանում ու Հռոմում: Իսկ թե ինչու հույն գիտնականները զարմացան, այս հարցի պատասխանը ևս տալիս է ինքը` Շիրակացին: Նա գրում է. «Եվ թե ոք իմանայ զսա, նա գիտէ, թէ ինչ իմաստք են ի սմա ծածկեալ, և թէ չէ ոք մտեալ ի սա, չի կարէ իմանալ կամ գրով բովանդակն լսել, թէ զինչ առնե, զի ամենայն մի գիր ԺԲՌ ճառս խաւսի»:

Այս հակասական և թյուր կարծիքները բխում են նրանից, որ նախ` «Յոթնագրյանքները» հանգամանալից քննության չեն ենթարկվել, և այնուհետև` հետազոտողները դրանք քննել են իբրև սովորական շարադրանքներ, փորձել են դրանք կարդալ մյուս ձեռագիր գրքերի նման, մինչդեռ այդ անհնար բան էր, որովհետև «Յոթնագրյանքները» սովորական ձեռագրեր չեն և սովորական շարադրանք էլ չունեն:

Վերն ասվածից հասկանալի է, որ «Յոթնագրյանքն»  իր մեջ թաքցնում է գաղտնիքներ, որոնք բոլորին չեն մատչելի, և միայն այս արվեստին տիրապետողը կարող է իմանալ, թե ինչ է գրված, մանավանդ որ հայերենի այբուբենի յուրաքանչյուր գիրը կարող է 12000 բան պատմել:

Կարծում ենք, որ հիմք չունենք վեցհազարյակի արվեստը Շիրակացու, առավել ևս նրանից ուշ շրջանում ապրած որևէ գործչի ստեղծագործություն համարել: Շիրակացին ինքն է հաստատում, որ այս արվեստը սովորել է իր ուսուցիչ Տյուքիկոսից, որ վեցհազարյակը գրված է գաղտնի և իր մեջ պարունակում է անբավ գիտելիքներ, այդ պատճառով էլ նա դրան տալիս է շատ բարձր գնահատական:

Այժմ հարց է ծագում, թե ինչ առնչություն ուներ հույն գիտնական Տյուքիկոսը հայոց վեցհազարյակի հետ: Ըստ Շիրակացու վկայության` Տյուքիկոսը երիտասարդ հասակում իբրև զինվոր եղել է Հայաստանում, վիրավորվել, մնացել է Հայաստանում, այստեղ կրթություն ստացել և ապա գնացել բնակություն հաստատել Տրապիզոնում: Նա մայրենի լեզվի պես տիրապետել է հայերենին: Տյուքիկոսը վեցհազարյակն էլ սովորել է Հայաստանում և սովորեցրել Շիրակացուն: Վերջինս իր կենսագրականում ցավով է նշում, որ հայրենիք վերադառնալուց հետո չունեցավ մի այնպիսի աշակերտ, որին արժանի համարեր այդ արվեստը սովորեցնել: Այս փաստերը հաստատում են, որ վեցհազարյակը գոյություն է ունեցել Շիրակացուց էլ առաջ: Հնարավոր է նաև, որ Շիրակացին այս արվեստի մեջ ներդրում ունի, սակայն ոչ մի փաստ չունենք այս մասին: «Յոթնագրյանքների» ընձեռած փաստերը մեզ տանում են ավելի վաղ ժամանակներ: Հենց  «Յոթնագրյանք» անունը, ինչպես այդ ձեռագրերն են վկայում, կապված է մի շատ կարևոր մշակութային իրադարձության հետ, այդ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի յոթ ձայնավոր գրերի ստեղծումն է, որին շատ մեծ տեղ է հատկացվում այս ձեռագրերում: Ըստ «Յոթնագրյանքների»` Մեսրոպ Մաշտոցը հնարել է միայն յոթ գիր` ի, ե, ը, ա, ո, ւ, է, որով կատարել է իսկական մշակութային հեղաշրջում առաջ բերող անգնահատելի մի գործ: «Յոթնագրյանք» բառը հենց այս ձայնավոր գրերն են ակնարկում, հետևաբար, «Յոթնագրյանքը» չէր կարող 405 թվականից առաջ ստեղծված լինել: Այս նշանակում է, որ «Յոթնագրյանքը» կարող էր ձևավորվել 7-րդ դարից առաջ և 5-րդ դարի սկզբից հետո: Սա զուգադիպում է Դավիթ Անհաղթի ապրած ժամանակներին: Մեր կարծիքով` կասկածի տեղիք չի տալիս «Յոթնագրյանքի» վերագրումը Դավիթ Անհաղթին: Սակայն ոչ մի ձեռագրում չի ասված, թե արվեստն ստեղծել է մեծ փիլիսոփան, այլ միայն ասվում է, որ նա «զուգել է», այսինքն` հարմարեցրել, գուցե և կարգավորել է, համակարգել է կամ կարգի է բերել: Այս մեզ այն միտքն է հուշում, որ Դավիթ Անհաղթը վեցհազարյակի արվեստը կարող էր բերած լինել Ալեքսանդրիայից, ուր նա գնացել էր ուսումնառության, և ապա հարմարեցրել է հայոց այբուբենին: Սակայն կա մի փաստ, որ այս վարկածը դարձնում է անհավանական: «Յոթնագրյանքում» խոսք կա այն մասին, որ այս արվեստին վաղ ժամանակներում ծանոթ են եղել բաբելացիք (քաղդեացիք), որոնց լեզվով այն կոչվել է քեսիրպաստ (կամ քեսպիփաստ), հույները, որոնց լեզվով կոչվել է օխլաթա (կամ օխլաթաթ), եգիպտացիք, որոնք կոչել են գեգխի շխրիֆ (կամ վեվխի շերիֆ) և հռոմեացիք, որոնց լեզվով թե ինչ է կոչվել, մեր մատենագրությունը չի հիշատակում: Ուրեմն վեցհազարյակը իբրև հերմետիկ (գաղտնի) արվեստ գոյություն է ունեցել Հին աշխարհի առաջավոր մշակույթ ունեցող մի քանի երկրներում, սակայն մեր յոթնագրյանքների ձևավորման ժամանակներում, ինչպես այդ վկայում են մեր ձեռագրերը, մոռացության էին տրված: Ավելի հավանական ենք համարում այն, որ Դավիթ Անհաղթը վեցհազարյակի արվեստը սովորել է Հայաստանի քրմերի ժառանգներից, որոնք քրիստոնեության մուտքից և հեթանոսության կործանումից հետո դեռևս ծածուկ պահում էին իրենց գաղտնի արվեստն ու գիտությունները: Չի բացառվում նաև, որ նա այդ արվեստը ժառանգեր իր նախնիներից: Եվ սա շատ տրամաբանական է: Լինելով իր ժամանակի մեծագույն մտածողը, Աթենքում անհաղթ ճանաչված փիլիսոփա, նա պետք է որ անուշադրության չթողներ Հայաստանի հին գիտություններն ու արվեստները, և միանգամայն բնական է, որ նա դրանք հարմարեցներ նոր` քրիստոնեական կրոնի ըմբռնումներին:

Ուրեմն` «Յոթնագրյանքը» նույն «Վեցհազարյակի» արվեստն է` կրկին կյանքի կոչված Դավիթ Անհաղթի կողմից և հարմարեցված հայոց այբուբենին:

Իսկ ի՞նչ է վեցհազարյակը: Հին բաբելացիների ու եգիպտացիների ըմբռնումով` աշխարհը զարգանում է վեց հազար տարվա շրջաններով: Յուրաքանչյուր 6000 տարին կազմում է մարդկության մեկ հասակ, ըստ որում` մարդկությունն էլ պետք է ապրի 6 հասակ, այսինքն` 36000 տարի` աշխարհաշինությունից հետո: Վեցհազարյակը հիմնված է թվերի 60-ական համակարգի վրա, որ ժամանակը հաշվելու համակարգ է եղել անցյալում (հայերենում ունեցել ենք ժամանակ ցույց տվող փոխառյալ սոս բառը, որ նշանակում է 60 տարվա շրջան, ներ բառը, որ նշանակում է 600 տարվա շրջան և շար բառը, որ նշանակում 3600 տարվա ժամանակաշրջան), այժմ էլ ժամանակը հաշվում ենք 60-ական համակարգով:

Երկնային մարմինների ու բնության երևույթների երկարատև դիտողությունների և ուսումնասիրության հետևանքով այդ հին ժողովուրդների գիտությունները բացահայտել էին տիեզերական մարմինների շարժման ու աշխարհի զարգացման բազմաթիվ օրինաչափություններ և հանգել աշխարհի զարգացման պարբերականության գաղափարին: Այս հիման վրա էլ նրանք ստեղծել էին աղյուսակներ, որոնց օգնությամբ կարելի էր ոչ միայն հաշվել ժամանակը, ճիշտ կռահել արևի և լուսնի խավարումները, այլև անել զանազան գուշակություններ: Հայտնի է, որ եգիպտական քրմերը գիտեին խոսքով մարդկանց թովելու, կախարդելու, նրանց կամքը լիովին իրենց ենթարկելու տեխնիկան, տիրապետում էին այսպիսի հմայություններով հոգեկան որոշ հիվանդություններ բուժելու արվեստին: Ահա այս կարգի գիտելիքները կազմում են վեցհազարյակի այն բաժինը, որ «Յոթնագրյանքում» կոչվում է քննիկոն: Վեցհազարյակի մեջ առանձին բաժիններ են հատկացված ժամանակի գիտություններին և արվեստներին վերաբերող գիտելիքներին, որոնք հին աշխարհի մարդկանց մշակույթի նվաճումներ են: Ահա այս գիտելիքներն են, որ Դավիթ Անհաղթը հարմարեցրել է հայոց այբուբենին և կոչել «Յոթնագրյանք»:

«Յոթնագրյանքն» ունի տարօրինակ շարադրանք: Որոշ գիտելիքներ տրված են ուղղակիորեն և հասկանալի են բոլորին, որոշ գիտելիքների շուրջը կան միայն ակնարկներ. դրանք կարելի է կռահել, հասկանալ, սակայն հիմնական ինֆորմացիան անհասկանալի է և կարոտ է վերծանման: «Յոթնագրյանքն» իր մեջ թաքցնում է բազմաթիվ ինֆորմացիաներ ոչ միայն ամենավաղ ժամանակների անցուդարձերի, այլև մեր մշակույթի պատմության մի շարք առեղծվածների մասին: Մի հոդվածում հնարավոր չէ ամեն ինչի մասին խոսել, այդ պատճառով էլ մենք այստեղ կանդրադառնանք դրանցից միայն մի երկուսին:

«Յոթնագրյանքը» բացահայտորեն է խոսում Մաշտոցի կողմից հայոց այբուբենի մեջ միայն յոթ ձայնավոր գիր ավելացնելու մասին: Հայագիտության համար շատ կարևոր պրոբլեմ է` Մեսրոպ Մաշտոցը լրացրել է դանիելյան այբուբենը նոր գրերով, թե դեն է նետել դրանք և ստեղծել նոր այբուբեն:

«Յոթնագրյանքը» հնագույն այն վկայություններից է, որը հաստատում է հայագիտության մեջ եղած ու մերժված այն տեսակետը, ըստ որի Մաշտոցն ստեղծել է միայն յոթ գիր` Ի, Ե, Ը, Ա, Ո, Ւ, Է: Ոմանց կարող է թվալ, թե սրանով նսեմանում է Մաշտոցի դերը մեր դպրության ստեղծման պատմության մեջ: Մինչդեռ ճիշտ հակառակն է: «Յոթնագրյանքի» մի շարք տվյալներ մեզ բերում են այն համոզմանը, որ Մաշտոցի արածը հանճարեղ գյուտ էր, գիտական սխրանք: Աստվածաշնչի և այլ գրքերի թարգմանությունները, հայերեն դպրություն ստեղծելը դեռևս այն բոլորը չէին, որ բավարարեին մեծ լուսավորչին: Հայոց եկեղեցիներում քարոզները, աղոթքները պետք է ասվեին, և Սուրբ գիրքն ու մյուս գրքերն ու գրությունները կարդացվեին հատուկ հնչերանգով ու հատուկ առոգանությամբ: «Յոթնագրյանքի» տվյալները հաստատում են, որ Մեսրոպ Մաշտոցն է մեր այբուբենի տառերին թվային արժեքներ սահմանողը: Դարձնելով մեր տառերի քանակը 36` նա դրանք բաժանել է չորս խմբի` միավորների, տասնավորների, հարյուրավորների և հազարավորների ու ստեղծել թվագրության մի կատարյալ համակարգ, որը վեր է ամեն մի գովեստից: Սա տասնավորական համակարգ է` առանց զերոյի գաղափարի, թվագրության այնպիսի մի համակարգ, որի կատարելությունը չունեին նույնիսկ ժամանակի ամենազարգացած ժողովուրդները` հույներն ու հռոմեացիք:

 

Ա-1 Ժ-10 Ճ-100 Ռ -1000

Բ-2 Ի-20 Մ-200 Ս -2000

Գ-3 Լ-30 Յ-300 Վ -3000

Դ-4 Խ-40 Ն-400 Տ -4000

Ե-5 Ծ-50 Շ-500 Ր -5000

Զ-6 Կ-60 Ո-600 Ց -6000

Է-7 Հ-70 Չ-700 Ւ -7000

Ը-8 Ձ-80 Պ-800 Փ -8000

թ-9 Ղ-90 Ջ-900 Ք -9000

Վերցնելով մեր այբուբենի այս դասավորությունը` Դավիթ Անհաղթը սրան է հարմարեցրել վեցհազարյակի գիտելիքները: Այբուբենի այս դասավորության մեջ դրված են բազմաթիվ ինֆորմացիաներ, որոնցից մի քանիսն ենք միայն հասկացել: Ահա դրանցից մի երկու կարևորները.

 

1.Մեր այբուբենը բաժանված է չորս սյունակի: Առաջին սյունակն սկսվում է Ա տառով և վերջանում մյուս շարքի Ժ տառով: Այս շարքը կոչվում է արարչական: Երկրորդ շարքը սկսվում է Ի տառով (Ժ-ն արարչականի կազմում է), շարքն էլ կոչվում է իմաստասիրական, երրորդ շարքն սկսվում է Ճ տառով, շարքն էլ կոչվում է ճարտասանական, իսկ վերջին շարքը Ռ տառով է սկսվում, և շարքն էլ կոչվում է ռաբբիական (հրեերեն ռաբբի նշանակում է ուսուցիչ, վարդապետ): Այս շարքերից յուրաքանչյուրը կազմում է մեկ «տաճար», և սրանք «փակված են յոթ փականքով, որոնց բանալիները յոթ ձայնավորներն են»: Այս նշանակում է, որ բոլոր գիտությունները ըստ իրենց կարևորության և ըստ այլ առանձնահատկությունների բաշխված են այս չորս «տաճարների» վրա: Առաջին տաճարի գիտություններն են պատմությունը, գրականությունը, քերթողությունը, գուսանական արվեստը և քերականությունը: Գիտությունների ստորակարգության մեջ սրանք կազմում են ստորին մակարդակը: Երկրորդ տաճարի գիտությունն է իմաստասիրությունը, որի համար դուռ (այսինքն մուտք` նախագիտելիք) են առաջին տաճարի գիտությունները: Երրորդ տաճարի գիտություն է ճարտասանությունը, որի համար դուռ են նախորդները: Չորրորդ տաճարը կազմում են ռաբբիական գիտությունները` քննիկոնը (աստղաբաշխությունը, տոմարագիտությունը, երկրաչափությունը, համարողությունը և երաժշտությունը) և բնաբանությունը (գիտելիքներ նյութերի հատկությունների, բուսական և կենդանական աշխարհների և մարդու մասին, բժշկությունը): Մեկից տասը (Ա-Ժ) թվերը, ի տարբերություն մյուս թվերի, կոչվում են արարչական: Ըստ քաղդեացիների և եգիպտացիների պատկերացման` ամբողջ տիեզերքի բաղկացության հիմքը այս տասը թվերն են: Ցույց տալու համար, թե թիվն ինչպես կարող է դառնալ աշխարհի բաղկացության հիմք, բերենք միայն մեկ օրինակ: Արարչական թվերի մեջ առանձնահատուկ թիվ է համարվում 7-ը: Այն կոչվում է կույս թիվ (կամ հերմես), որովհետև 1-10 թվերի մեջ միայն 7-ն է, որ ոչ որևէ այլ թվի արտադրյալ է և ոչ էլ բազմապատկելի: Այս պատկերացմամբ` 7-ը կենդանի օրգանիզմների զարգացման սկիզբն է` հավի սաղմը հասունանում է 21 (3.7) օրում, բադինը` 4.7օրում, ջայլամինը` 7.7 օրում, կատվինը` 8.7 օրում, առյուծինը` 14.7 օրում, ոչխարինը` 21.7 օրում, մարդունը` 40.7 օրում և այլն: Երեխան 7 ամսականում ատամ է հանում, իսկ 7 տարեկանում սկսում է փոխել, 2.7 տարեկանում սկսվում է սեռական հասունացման շրջանը, և ընդհանրապես 7 տարվա ցիկլերով էլ զարգանում է մարդու օրգանիզմը (7 տարին մեկ վերանորոգվում են մարմնի բջիջները, փոխվում է արյունը և այլն): Յոթնականության սկզբունքը կա նաև անկենդան բնության մեջ` արևն իր մեծ շրջանը կատարում է 532 տարվա ընթացքում (ՇԲԼ), որը հավասար է 76.7 տարվա, օրացույցը կրկնվում է 28 տարին մեկ (4.7 տարի), ծիածանն ունի 7 հիմնական գույն (լույսի սպեկտրն ընդհանրապես), ձայնաշարը (օկտավան) ունի յոթ ամբողջ ձայն և այլն: Աշխարհի «յոթնականության» սկզբունքը տեսնում ենք նաև հին կրոնների սուրբ գրքերում և հավատալիքներում (աշխարհաշինության վեց օրեր և յոթերորդ` հանգստյան օր, որից էլ շաբաթվա յոթ օրերը և այլն): Այս ձևով էլ զանազան խորհուրդներ ունեն արարչական թվերի մեջ մտնող մյուս թվերը:

777.143=111111= ՃԺԱՌՃԺԱ, 777.286=222222= ՄԻԲՌՄԻԲ, 777.429=333333= ՅԼԳՌՅԼԳ, 777.572=444444=ՆԽԴՌՆԽԴ, 777.715=555555= ՇԾԵՌՇԾԵ, 777.858=666666=ՈԿԶՌՈԿԶ, 777.1001=777777=ՉՀԷՌՉՀԷ, 777.1144=888888=ՊՁԸՌՊՁԸ, 777.1287=999999=ՋՂԹՌՋՂԹ:

Ահա 777 թվի խորհուրդներից մեկը, որ կարողացել ենք բացատրել: Այս թիվը բազմապատկելով 143-ով, սրա կրկնակիով, եռակիով (մինչև 9 անգամ), տալիս է այնպիսի թվեր, որոնք կազմված են վեց հատ մեկով, վեց հատ երկուսով, վեց հատ երեքով … մինչև վեց հատ ինն, և սա այլ բան չէ, քան մեր այբուբենը` վերջից դեպի սկիզբ, Ա-ից մինչև Ռ տառը.

 

  1. Այբուբենի այս չորս շարքերն ունեն մի այլ խորհուրդ ևս: Առաջին սյունակի գրերը կոչվում են հրային, երկրորդ շարքի գրերը` հողմային, երրորդ շարքինը` ջրային և վերջին շարքինը` հողային: Վաղ ժամանակների այն պատկերացումը, թե աշխարհը բաղկացած է չորս տարրերից (հուր, հողմ կամ օդ, ջուր և հող) կազմում էր գիտությունների հիմքը: Նույնիսկ ուշ միջնադարում հայ մեծ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին, որն ուսումնասիրել է Փոքր Ասիայի հերմետիկ գրականությունը, իր բժշկական գիտելիքների հիմքում դնում էր չորս տարրերի գաղափարը: Բավական է, որ խախտվի տաքության (հուր), հովության (հողմ), գիջության (ջուր) և չորության (հող) համամասնությունը կենդանի օրգանիզմում, որպեսզի մարդն հիվանդանա: Ըստ նրա` բուժումն էլ ի վերջո այլ բան չէ, քան այդ չորս տարրերի համամասնության վերականգնումը: Բայց սա ոչ միայն բժշկության մեջ է, այլև ամեն ինչի մեջ: Ըստ հների` աշխարհում մի բան մյուսից տարբերվում է նրանով, որ տարբեր համամասնություններով են պարունակում այդ չորս տարրերը:

 

3.Ձեռագրերում բերվում են աղյուսակներ: Դրանք տարբեր են և տարբեր նպատակների են ծառայում: Որոշ աղյուսակների իմաստները մեզ մնացին անհայտ:

 

4.Արարչական տասը գրերին հարմարեցված են բազմազան գիտելիքներ, որոնք կազմում են չորս շերտ. չորրորդ շերտը ճարտասանական գիտելիքներն են, առաջին շերտը` Հին ու Նոր կտակարանների գիտելիքները և այլն:

 

5.Հայոց այբուբենի վերոհիշյալ դասավորության մեջ կան և այլ ինֆորմացիաներ, որոնց վերծանումը կարող էր լույս սփռել հայագիտական որոշ կնճռոտ հարցերի վրա: Այսպես, առ այսօր վերծանված չեն հայոց երաժշտական խազերը, որոնց մասին այստեղ կան գիտելիքներ, բայց դարձյալ ասված գաղտնի ձևով: Հայագիտության համար մինչև այժմ չլուծված հարց էր այն, թե Մեսրոպ Մաշտոցն ինչ հիմունքով է դասավորել մեր այբուբենի տառերը, և ընդհանրապես մինչև այժմ գիտությանը հայտնի չէ մի այբուբեն, որի դասավորությունը որևէ պատճառաբանվածություն ունենար:

Որևէ իմաստ չեն արտահայտում նաև այբուբենի տառանուները: Գիտությանը հայտնի է մի այբուբեն միայն, և այդ հրեերենն է, որի տառերի անվանումները բովանդակավորված են (այն էլ ոչ բոլորը), այսինքն` տառանուններն ունեն նշանակություններ: Բոլոր այն լեզուները, որոնց այբուբենի հիմքը սեմականն է, օրինակ` հունականը, որից էլ եվրոպական լեզուների այբուբենները, մասամբ նաև հայերենը և ապա վրացերենը, վերցրել են նաև համապատասխան տառերի անունները: Սակայն եթե հրեերենում և սեմական այլ լեզուներում ինչ-ինչ չափով դրանք իմաստ ունեն, ապա մյուս լեզուներում իմաստից զուրկ են (օրինակ` հայերենում ոչինչ չեն նշանակում այբ, բեն, գիմ, դա, եչ և այլն): Գիտնակաները գտնում են, որ սեմական գրերի ծագումը (այդ թվում և հրեերենի) կապված է տառանունների արտահայտած գաղափարների պատկերների հետ: Այսպես, շին տառի սկզբնական ձևը նման է ատամնաշարի, վավ-ինը`մանգաղի, էյին-ինը` աչքի, բեթ-ինը` տան և այլն: Արդյոք հայերենի այբուբենն ունի՞ որևէ իմաստավորում, թե՞ ոչ: Հայ մշակույթի պատմության մեջ այսպիսի ակնարկ անգամ չկա: Կորյունից և Փարպեցուց հայտնի է, որ մեր այբուբենի տառերը «կարգել», այսինքն` դասավորել է Մեսրոպ Մաշտոցը, սակայն միայն այսքանը և ուրիշ ոչինչ: Հ.Աճառյանը իր «Հայոց գրերը» ծավալուն աշխատության մեջ անդրադառնալով այս հարցին` ցույց է տալիս, որ Մաշտոցը հայերենի այբուբենի տառերը դասավորել է հունարենի կարգի համաձայն, դեն է նետել հունարենի երեք տառերը, որ հայերենում չկան (փս, քս և օմեգա), և մյուս տառերը, որ հունարենում բացակայում են, տեղավորել է մյուսների արանքում:

Թե ինչու Մեսրոպ Մաշտոցը Ը, Ժ, Լ, Խ, Ծ, Հ, Ձ, Ճ, Յ, Շ, Չ, Ջ, Վ, Ր, Ց տառերը ոչ թե հավելել է հունական այբուբենին, այլ ցրել` տեղավորել է հունարենում եղած տառերի արանքում, և ինչու այս և ոչ մի ուրիշ կարգով, ոչ ոք այս հարցին պատասխան տալ չի կարող: Եվ սա հայագիտության համար անլուծելի առեղծված էր: Սակայն այդ առեղծվածի լուծումը մեզ տալիս է «Յոթնագրյանքը»: «Յոթնագրյանքում» եղած մի քանի արտահայտություններ, ի շարս շատ այլ արտահայտությունների, սկզբից ևեթ մեզ անհասկանալի էին: Այսպես, օրինակ, մի տեղ գրվում է, որ այբ-ը թագավոր է, մի այլ տեղ այբ-ը երրորդություն է, մի ուրիշ տեղ «այբ-ն անունէ անեղին, եռահիւսակ, միաշարակն» (տես ձեռ. 6962, թ. 7աբ): Ի՞նչ է նշանակում այս: Կա հունական մի դարձվածք` ալֆայից մինչև օմեգա, որ նշանակում է սկզբից մինչև վերջ, և հունական այբուբենն սկսվում է ալֆայով և վերջանում օմեգայով: Բայց այս դարձվածքը գալիս է Աստվածաշնչից: Հովհաննու հայտնության մեջ Աստծու անունից ասվում է` «ես եմ այբ և ես եմ քե»: Այս արտահայտությունը պետք է համապատասխաներ հայերենի այբուբենի առաջին և վերջին տառերի տեղադրությանը: Քանի որ հայերենում չկան հունարենի վերջին երկու տառերը և, բնականաբար, մեր այբուբենից դուրս են մնում, ապա մեր այբուբենի վերջում մնում է հունարեն X-ի համապատասխան Ք տառը, որ հունարեն X-ի ձևափոխությունն է (X-Ք): Այբուբենի առաջին տառը Ա-ն է, որ «երրորդություն» է,«անունն է անեղին», այսինքն` Աստծու անունն է: Այս բանը մենք տեսանք նաև վերևում, երբ խոսում էինք արարչական թվերի և տառերի մասին. մեր այբուբենի առաջին տասը տառերը կոչվում են արարչական, սկսվում են Ա տառով, որը խորհրդանշում է Աստծուն: Ա-ն մեկ է նշանակում, ամեն ինչի սկիզբն է, եռահյուսակ է և միաշարակն (նկատի է առնվում փոքրատառ ա-ն), ուստի խորհրդանշում է հայր, հոգի, աստված եռամիասնությունը: Այս մութ ակնարկներն ըմբռնելուց հետո նոր միայն հասկանալի է դառնում «ես եմ այբ և ես եմ քե» արտահայտությունը, քանի որ հայերենի այբուբենի առաջին տառը նշանակում է արարիչ, իսկ վերջին տառը` Քրիստոս: Տառերի կարգի մեջ որևէ փոփոխություն չմտցնելով հանդերձ Մեսրոպ Մաշտոցը գիտակցաբար, կարելի է ասել` հանճարեղորեն, իմաստավորել է մեր այբուբենի տառերը իմաստալից բառերով: «Յոթնագրյանքի» մի ձեռագրում կարդում ենք. «եւ տար է երրորդին… այն է անուն որդւոյ աստուծոյ»: Այբուբենի մեջ Է-ն ուրեմն նույնպես աստծու անունն է, այսինքն` Էություն: Առանց յոթնագրյանքների էլ վաղուց ի վեր Է ասելով հասկացվել է Աստված: Է-ն մեր այբուբենի յոթերորդ տառն է, յոթ թիվը և խորհրդանշում է աստվածային էություն: Հայոց գաղափարագրերում որոշ տառեր ունեցել են իրենց նշանակությունները: Այսպես, օրինակ, Ժ-ն նշանակել է ժամանակ, Զ-ն` զորավոր, Շ-ն` շնորհ, Փ-ն` փառք, Ձ-ն` ձայն և այլն: Վերը բերված աղյուսակում հազարավորների շարքն սկսվում է Ռ տառով, իսկ այսպես կոչված «տաճարը» կոչվում է ռաբբիական, ուրեմն Ռ-ն ռաբբի բառն է խորհրդանշում: Մեսրոպ Մաշտոցը միանգամայն մտածված ձևով է Յ-ն դրել Ն-ից առաջ և այս երկուսն էլ դրել հարյուրավորների շարքի 3-րդ և 4-րդ տեղերում` այդ երկուսով արտահայտելով մեկ անուն` Յիսուս Նազովրեցի, և մեկ թիվ` 700 (300+400), որը լիովին համապատասխանում է յոթնականության կանոնին: Տեղադրելով հիշյալ բառերը այբուբենի մեջ` համապատասխան տառերի տեղերում, իսկ բաց մնացածները լրացնելով այսպես կոչված տառերի պատճենների մեջ տրված բառերով, ստացանք ակրոհնչական սկզբունքով կազմված մի այբուբեն, որը միաժամանակ աղոթք է` նվիրված Աստծուն.

 

Արարիչ           Ժամանակաց     Ճեմարան      Ռաբբի

Բովանդակ      Իրաց                 Մտաց            Սրբոց

Գոյութեանց    Լուսոյ                Յիսուս           Վկայարան

Դատաւոր       Խաւարի            Նազովրեցի   Տեր

Երկնից           Ծովու                 Շնորհ            մեՐ

Զօրաւոր        Կենսականաց     Ոգեշունչ       Ցանկալի

Էութիւն          Համայնից           Չարեաց        ոՒ

Ըստհուն        Ձայն                   Պատաղիչ     Փառք

Թագաւոր      Ղօղանջանաց    Ջանադիր      Քրիստոսիդ

 

Ակրոհնչական (աքրոստիքոսի ձևով կազմված) սկզբունքը խախտվում է միայն երկու դեպքում. Ր-ով հայերեն բառ չլինելու պատճառով առնված է մեր բառը, որի վերջում է Ր-ն, և Ւ-ն` դարձյալ նույն պատճառով ոՒ բառի, գուցե և ԵՒ բառի, վերջում է: Այստեղ զարմանալիորեն պահպանված է յոթնականության սկզբունքը նաև Աստծուն տրված անուններում` արարիչ, դատավոր երկնից, զօրավոր Էութիւն, թագավոր ժամանակաց, լուսոյ, խավարի, ծովուց, կենսականաց, համայնից, Յիսուս Նազովրեցի, տեր, Քրիստոս, մի բան, որ անցյալի կրոնական գրականության մեջ ընդունված կանոն էր (մենք պատահական չենք համարում, որ, օրինակ, Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատության մեջ աստված, Հիսուս, Քրիստոս և տեր բառերը գործածված են 49 անգամ (=7.7):

 

Ճի՞շտ են մեր կռահումները: Կարծում ենք` այո, որովհետև անհնար է հավատալ, թե 36 բառից բաղկացած մի փոքրիկ խոսքում հնարավոր են այդքան շատ պատահական զուգադիպություններ: Իսկ եթե մեր կռահումները ճիշտ են, ապա հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր այբուբենն աշխարհում միակն է, որ ակրոհնչական եղանակով կազմված կապակցված խոսք է` Աստծուն ուղղված աղոթք, մի նոր արժանիք, որ գալիս է ավելանալու մեր գեղեցիկ այբուբենի բազում շնորհներին:

 

 

Անդին 1, 2017

 

Ձեռագրագետներ Սամվել Գրիգորյանի և Արուսյակ Թամրազյանի բանավեճը «Յոթնագրյանքի» վերաբերյալ` Անդինի առաջիկա համարներում:

Share

Կարծիքներ

կարծիք