«Արման Կոթիկյան»

KotikyanՀայ մշակույթի անվանի գործիչ Արման Կոթիկյանը ավագ սերնդի համար մնում է ոչ միայն փայլուն դերասան, այլև բանաստեղծ, թարգմանիչ, ինչ-որ տեղ նաև իրավաբան` ունենալով իրավաբանական բարձրագույն կրթություն: Նրա դուստր Սեդայի պատմելով` Կոթիկյանն ինքը իր մեջ ավելի շատ գնահատել է պոետին ու թարգմանչին:

Եվ սա ասել է Փարիզում  «Հայ ժողովրդական թատրոն» հիմնած ու պահած դերասանը, ՀԽՍՀ Ժողովրդական արտիստը: Սա հենց այն է, որին ժամանակակից սերունդը ծանոթ չէ. «Խութեցի Հովնան», «Մխացող շուշաններ», «Ակոսներում» ժողովածուներում բանաստեղծ Կոթիկյանն է` իր քնարերգությամբ, Հայոց ցեղասպանությունն ապրածի գերդաստանից փրկված ու հայի ճակատագրի մասին իր հուզախառն բանաստեղծական պատումներով: Կոթիկյանի թարգմանական վերջին գործը` նրա գրական գործերի տաշտաքերը, Հյուգոյի պոեզիայի տարբեր ժողովածուներից ընտրանի գիրքն էր, որ, ավաղ, չհասցրեց հրատարակել: Սեդան կարողացավ իրականացնել իր որդիական պարտքը` Ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանի աջակցությամբ հրատարակեց այդ գիրքը` մի հոյակապ առաջաբան գրելով զավակի խոնարհումով, պարտքի խոր գիտակցումով: Առայժմ` թարգմանությունները: Հետո, անշուշտ, հերթը կգա Կոթիկյանի քնարերգությանը. գունեղ մի աշխարհ` կյանքի դժվարին ճանապարհ անցած մարդու խոհերով, լուսավոր պատկերներով, անթեղված հիշողություններով, աշխարհի ու մարդկանց վրա միայն բարի հայացք ունենալու իր ցանկությունը որպես հորդոր ընթերցողին ներկայացրած:

 

…Ուսանող էինք, գրողներն ու դերասանները մեզ համար անհասանելի, նրանց գործերը` մեր ամենօրյա սեղանի գիրք: Ի՜նչ երկյուղածությամբ, ի՜նչ ակնածանքով էինք մոտենում Գրողների տանը` սպասելով, թե հիմա մի գրող ներս կմտնի կամ դուրս կգա, մոտենանք, բարևենք, մի երկու բան հարցնելու, պատասխանը լսելու հաճույքն ապրենք: Այդ նույն զգացումով չէի՞նք գնում թատրոն ու հետո ծառայողական մուտքի մոտ խմբվում, որ առիթ լինի մեր սիրելի դերասաններին «դեմ առ դեմ» բարևելու, նրանցից մի ժպիտ կորզելու, մի մակագրություն խնդրելու անգամ թատրոնի տոմսակի վրա:

Ի՜նչ հարուստ, ի՜նչ շքեղ ու ծաղկուն էր հայ արվեստի մեծամեծների աշխարհը, ի՜նչ հմայք էր ճառագում նրանց մարդկային կերպարից, նրանց պահվածքից: Ձգող, գերող էր նրանց միջավայրը, և այդ միջավայրում պարզապես ներկա լինելն անգամ մեծերի արվեստի երկրպագուներիս համար հրաշալի առիթ էր ու տոն, խնդություն էր ու ոգեղենին հաղորդակցվելու փառահեղ միջոց:

 

Արման Կոթիկյանը հայ դերասանական աստղաբույլում նկատելի էր ամեն առումով` հագ ու կապով մշտապես կոկիկ, պահվածքով` չափած-ձևած, մոտեցումով` անմիջական: Ու` ժպի՜տը, Կոթիկյանի՜ ժպիտը: Անգամ նորեկն այդ միջավայրում մի տեսակ խրախուսվում, կաշկանդվածությունից մեկեն ազատվում էր նրա ժպտուն, բարի դեմքի արտահայտությունից: Նրա ժպիտը յուրատեսակ մի այցետոմս էր նորեկի համար, բոլոր նրանց համար, ովքեր մեծամեծների այդ միջավայրում նրանց նկատմամբ ակնածանքից եկող, բնական է, ամաչկոտություն ունեին: Կոթիկյանի հետ անմիջական մոտիկություն պահելու զուտ մարդկային ցանկությունը նրա հետ կրկին ու կրկին հանդիպելու պահանջ էր բերում` դարձյալ ու դարձյալ հաղորդվելու հարուստ ներաշխարհի տեր այդ հմայիչ մարդու հետ:

 

Դպիրներին ձոնած իր մի բանաստեղծության մեջ Կոթիկյանը շատ գեղեցիկ է բնութագրում այն սպասելիքը, որ մարդ կարող է ստանալ գրի մշակներից, որոնք մեր հին փառքերն ու անսպառ գանձերն են բերում մեզ`

 

«Ցնցուղեք ձեր լույսը բարի

Իմ հոգուն որպես արեգակ…»:

 

Շատ պատկերավոր է մանավանդ մեկ այլ սպասումը`

 

«Երգերիս ծիլը երկարի`

Ուռճանամ ձեր շողերի տակ»:

 

Ահա այս նույն զգացումներն էի ապրում ես` ինձ բաժին հասած այն քիչ, շատ քիչ առիթների պահերին, երբ Կոթիկյանի հետ ունեցած այն ժամանակվա ուսանողիս հանդիպումներին ամեն հնարով ճգնում էի, որ երկարեն խորագետ ու բանիմաց այդ հմայիչ մարդու հետ հաղորդվելու պահերը, որ նրանից եկող ոգեղեն սնունդը հորդար ու անվերջ հորդար:

Կոթիկյան Տժվժիկ

Դերասան Արման Կոթիկյանն այսօրվա սերնդի համար առավելապես պատկերանում է «Տժվժիկ», «Կարինե», «Նվագախմբի տղաները» ֆիլմերում կերպավորած դերերով: Նրա դերասանական ու ռեժիսորական գործունեության մասին այսօր մամուլում, ավաղ, շատ քիչ է գրվում կամ գրեթե չի գրվում: Խրախուսելի է, որ Հանրային ռադիոյի ֆոնդում պահպանվող մեր դասականների շատ գործերից Կոթիկյանի ընթերցումները հաճախակի են եթերում հնչում:

 

Իսկ բանաստեղծ Կոթիկյանի մասին մենք շատ քիչ գիտենք, կարելի է ասել` գրեթե ծանոթ չենք: Նրա բանաստեղծությունների մի գիրքը` «Մխացող շուշաններ»-ը, լույս է տեսել 1919 թ., իսկ «Ակոսներում»-ը` 1965 թ.:

«Ակոսներում» գիրքն ինձ ցույց տվեց Կոթիկյանի դուստրը` Սեդան, տվեց նաև հայրիկի մի քանի ձայնագրություններ, որոնցում Կոթիկյանի յուրօրինակ ձայնը վերստին հիշեցնում է դերասանի ներկայության հաճելի պահերը:

Կոթիկյանի քնարերգությունը գունեղ մի աշխարհ է` կյանքի դժվարին ճանապարհ անցած մարդու խոհերով, լուսավոր պատկերներով, անթեղված հիշողություններով, աշխարհի ու մարդկանց վրա միայն բարի հայացք ունենալու իր ցանկությունը որպես հորդոր ընթերցողին ներկայացված: Կոթիկյանի դստեր ցանկությամբ մեծանուն դերասանի հետ հետայդու իմ վիրտուալ շփումների որոշ մանրամասներ ընթերցողին ներկայացնելով` ես չգիտեմ, թե արդյոք մի էսքիզ, մի շտրիխ կավելացնե՞մ վարպետի դիմանկարին, բայց դրանք անվանի դերասանի կենսագրության բաղադրիչներից են, և արժե, որ ներկա սերունդն ինչ-որ չափով հաղորդակցվի դրանց` գոնե մոտավոր ճանաչելու առաջին հերթին «Տժվժիկը» ֆիլմով այնքան հարազատ դարձած դերասանին:

 

Ուրեմն հենց այդ ֆիլմում մարմնավորած դերերի մասին պատմելով էլ սկսենք մեր պատմությունը դերասան Կոթիկյանի մասին:

Kotikyan 2«Տժվժիկը» ֆիլմում Կոթիկյանի դերը կոչվում էր Անցորդը: Կոթիկյանը միշտ կրկնում էր, թե ամեն ինչ կյանքում պիտի իր անունն ունենա, ինչպես մարդիկ ունեն: Եվ դրա համար չէր համակերպվում «անցորդ» բառի հետ, որ իր դերին էր տրված: Երբ սցենարը կարդաց, ասաց. «Ես հրաժարվում եմ այդ դերից»: Արման Մանարյանը շատ զարմացավ. «Պարոն Կոթիկյան, ախր ինչո՞ւ եք հրաժարվում»: «Որովհետև,- պատասխանեց Կոթիկյանը,- այս մարդը անուն չունի, ես անանուն մարդու դեր չեմ կատարի»: Մանարյանն, անշուշտ, չէր կամենա հրաժարվել դերասանի խաղից և հորինում է մի անուն ու այդպես ներկայացնում Կոթիկյանին, ով այս անգամ համաձայնում է կատարել դերը: Ֆիլմը նկարահանվում է: Պրեմիերային դերասաններից մեկը մոտենում է Կոթիկյանին և ասում. «Օ՜, պարոն Կոթիկյան, ի՜նչ լավ էիք կատարում Անցորդի դերը»: Կոթիկյանն զգում է, որ իր հետ խաղ են խաղացել, բայց արդեն ուշ է, կատակում է. «Մարդ Աստծո, այդ մարդուն անուն ալ տվեցինք, բայց մնացինք Անցորդ»:

Մի հետաքրքիր դրվագ էլ կա «Տժվժիկի» հետ կապված: Բաղնիքի տեսարանը նկարահանվել է Թբիլիսիի բաղնիքներից մեկում, և տերը հետո հաճախ է հպարտությամբ պատմել. «Գիտե՞ք ովքեր են նկարահանվել իմ բաղնիքում` Հրաչյա Ներսիսյանը, Արման Կոթիկյանը…»: Բաղնիքում նկարահանումները ավարտվում են, և «հում նյութը» դիտելիս Արման Կոթիկյանն ու Հրաչյա Ներսիսյանը պահանջում են բաղնիքի իրենց կադրերը հանել ֆիլմից. «Այս կադրերը չպիտի երևան»,- վերջնագրի նման հայտարարում են նրանք: Հատկապես Կոթիկյանն է պնդում` պատճառաբանելով, թե` «Այստեղ շատ նիհար ենք երևում, միայն մեր ոսկորներն են: Աշխարհով մեկ խայտառակ պիտի ըլլանք»:

Ռեժիսորը և այլ դերասաններ զարմացած հարցնում են, թե` ախր, ամենալավ կադրերն են, ինչպե՞ս կարելի է ֆիլմից հանել: Արման Մանարյանը դժվարին կացության մեջ է ընկնում. մի կողմից այդքան հրաշալի տեսարան, այդքան աշխատանք, մյուս կողմից` երկու մեծ դերասանների պահանջը: Վեճին խառնվում են նաեւ այլ դերասաններ և, ի վերջո, Կոթիկյանին համոզում, որ այդ կադրերն արժե պահպանել: Մի կերպ համաձայնվում են: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հետագայում այդ երկու հանճարեղ դերասանները հաճախ էին վկայում բաղնիքի տեսարանը և կրկնում. «Ամենահաջող կադրերը սրանք են»:

 

…Փարիզից իր հետ Հայաստան եկած ընկերները հաճախ էին Կոթիկյանին այցելում: Նա լավ հյուրընկալ էր` միշտ ժպիտը դեմքին, կատակը` շուրթերին: Կոթիկյանի բարության, մարդկանց հանդեպ անսահման հոգատարության մասին շատ են պատմությունները, երբեմն անհավատալի չափերի հասնող: Միայն մի միջադեպ` տիկին Սեդայի վկայությամբ: «Հայրենադարձ դերասան Լևոն Հարութը, ում հետ հայրիկն ուներ անկեղծ բարեկամություն, աքսորվեց: Այն ժամանակ դա հաճախ էր պատահում ներգաղթողների հետ: Աքսորի բոլոր տարիներին հայրս օգնում էր նրան` ուղարկելով հագուստ, ուտելիք: Երբ Հարութն արդարացվեց, աքսորավայրից ուղիղ եկավ մեր տուն: Ամեն անգամ նրա գալը հիշելիս առանձնակի հուզմունք եմ ապրում` ցնցող էր այդ տեսարանը: Մուտքի դուռը ես բացեցի, և շեմին ի՞նչ տեսնեմ` Հարութն էր` ծնրադիր, իրար ագուցած ձեռքերը դեպի վեր: Նա այդ դիրքով մնաց մինչև իմ կանչից ծնողներիս մոտենալը: «Եթե դուք չլինեիք,- ասաց նա` դիմելով հորս ու մորս,- հայտնի չէ, ես կվերադառնայի՞ աքսորավայրից»: Հայրս հուզված գրկեց նրան: Մայրս անմիջապես պատրաստություն տեսավ, լոգանք, նոր զգեստներ, ճաշատեսակներ:

Երեկոյան հայրս Հարութին խնդրեց ամենայն մանրամասնությամբ պատմել աքսորի օրերից: Նրանք միայն ուշ գիշերին պառկեցին քնելու: Ես չգիտեմ, թե հայրիկն ինչո՞ւ էր այդքան հետաքրքրված Հարութի աքսորական օրերի մանրամասներով, բայց հաճախ եմ նկատել, որ մեզ հյուր եկած մարդկանց նա որոշ դրվագներ էր պատմում այդ պատմությունից: «Հարութի կյանքի փորձով,-ասում էր,- մենք պիտի հասկանանք, որ դա մեր ազգային ողբերգությունն էր` սուտ մատնությունների հետեւանք, որ, ավաղ, մեր ժողովրդի պատմության մեջ մեծ տեղ ունեցավ»:

 

Կոթիկյանի ընկերությունը շատ ջերմ էր հատկապես Վահրամ Փափազյանի հետ: Դա երկար տարիներ շարունակվող մտերմություն էր: Մի անգամ գիշերվա ժամը 2-ին Փափազյանը զանգահարում է Կոթիկյանին. «Մանչս,- ասում է,-շատ վատ եմ, կհաճի՞ս մեր տուն գալ: Կխորհիմ, թե շուտով պիտի մեռնիմ` կուզեմ քեզի բան մը ըսել»:

Տնեցիները շատ են անհանգստանում: Նախ Փափազյանի համար, ապա` ոչ այնքան առողջ Կոթիկյանի, որ այդ տարաժամին պիտի վեր կենա, հագնվի ու գնա: Հագնվելը շեշտեցինք, որովհետեւ Կոթիկյանի հագնվելը մի ամբողջ իրադարձություն է. թեպետ ընկերոջն էր այցելում, թեպետ գիշերվա այդ ժամին կարող էր նաև այնքան ուշք չդարձնել հագ ու կապին, սակայն նա պիտի հագնվեր պատշաճ, տեղը տեղին: Եվ ահա նա գնում է: Տնեցիներն անհագիստ սպասում են վերադարձին` տեսնես ի՞նչ է եղել Փափազին, տեսնես ինքն ինչպե՞ս կվերադառնա այս ուշ ժամին: Եվ պարզվում է` ի՜նչ` Փափազյանի քունը չի տանում, երկու գավաթ սուրճ է եփել ու զանգել է Կոթիկյանին, որ միասին սուրճ խմեն: Նստում են մինչև առավոտ: Տուն վերադառնալով` Կոթիկյանը տնեցիներին պատմում է հետևյալը.

-Խենթ է այս մարդը, վախեցնելով, թե վատ է զգում, գիշերվա այդ ժամին կանչել է, թե` միասին սուրճ խմենք, դեռ մի բան էլ առաջիկա ծրագրերից է խոսում: Պատկերացնո՞ւմ եք, գիշերվա հենց այդ ժամին պետք է որոշեր, որ մոտ ժամանակներս անպայման պիտի խաղանք «Հին Աստվածները»: «Արման, սիրելիս,- ասում է,- դուն պիտի խաղաս կույր վանականի դերը: Մենք անպայման պիտի ներկայացնենք այդ գործը»: Եվ սկսեց մանրամասներ ասել, թե ով ինչ է խաղալու, ինչպես են խաղալու, ինչ դեկորներ պիտի օգտագործեն և այլն:

Փափազյանի և Կոթիկյանի միջև գիշերային նման զրույցներ մի քանի անգամ են եղել: Հաջորդ զանգերին Փափազյանն էլ ոչինչ չէր հորինում, պարզապես զանգել ու հարցրել է` կգա՞ս: Եվ Կոթիկյանը գնացել է:

Երբ Փափազյանը վախճանվեց, Կոթիկյանը հիվանդ էր, գամված անկողնուն, և հարազատները նրան չէին ասում Փափազյանի մահվան մասին: Այդ մասին անզգուշորեն հայտնում է հարևանը: Կոթիկյանը շատ ծանր է տանում Վարպետի մահը:

-Մտերիմներիս շրջապատը նեղացավ, աղջիկս,- դստեր հետ կիսվել է Կոթիկյանը,- որբանում եմ կամաց-կամաց:Այդ օրերին զանգահարում են «Երեկոյան Երևան» թերթից` խնդրելով գրել Փափազյանի մասին: Տնեցիները զարմանում են, որ նա վատառողջ վիճակում համաձայնում է հոդված գրել: Փորձում են հարմարություն ստեղծել` անկողնում գրելու համար, մերժում է.

-Օգնեցեք հագնվեմ, Վարպետի մասին իմ գրելիքը պիտի իմ պարտքի վերջին կատարումը լինի:

Հագնվում, նստում է գրասեղանի մոտ:

«Ամբողջ գիշեր նրա աշխատասենյակի լույսը վառ էր,- պատմում է դուստրը,- ես և մայրս մտնում էինք, սառած թեյը փոխում նորով, «Ինչպե՞ս ես» հարցին պատասխան չստանալով` հուշիկ քայլերով դուրս էինք գալիս: Վաղ առավոտյան ինչ-որ գեղեցիկ փոփոխություն կար ամիսներով անկողնուց չելած հայրիկիս մեջ. ժպտուն աչքերով մտավ հյուրասենյակ, տեսավ մեզ բազկաթոռներին ննջելիս, հանդիմանեց` ինչո՞ւ չեք քնել, բայց և հասկացող ու շնորհակալ մոտեցավ ինձ, փաղաքշեց` գնա քնիր: Մենք զարմացել էինք. հայրիկս շատ հազվադեպ էր ինձ փաղաքշում: Մտածեցինք, որ ամբողջ գիշեր, երբ գրում էր հոդվածը, մտովի Փափազյանի հետ էր, նրա հետ զրուցել էր, նրա հետ վերհիշել համատեղ աշխատելու օրերը, մտերմության գեղեցիկ պահերը, և մեր ընտանիքի հանդեպ Վարպետի տածած ջերմությունն այդ օրը մի տեսակ փախանցվել էր տանը միշտ խստություն պահող հայրիկիս»:

-Ահավասիկ, ես իմ վերջին պարտքը կատարեցի,- ասաց ու կրկին մտավ անկողին:

 

Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակի օրերին Կոթիկյանը Մոսկվայի տեսարժան վայրերն այցելելու ցանկություն է ունեցել: Նա ռուսերեն վատ գիտեր և Ժան Էլոյանին է խնդրում, որ ուղեկցի իրեն: Կրեմլում ցուցադրվում էր մի հին թնդանոթ: Թանգարանի աշխատողը շատ երկար ու ռուսերեն վատ իմացող Կոթիկյանի համար ձանձրալի պատմել է սրահում ցուցադրվող թնդանոթի մասին: Կոթիկյանը Էլոյանին խնդրել է մի պահ ընդհատել էքսկուրսավարին և խնդրել պատասխանել իր մեն մի հարցին. «Այս թնդանոթով երբևէ կրակե՞լ են»:

Էլոյանը թարգմանում է` «Պարոնը ֆրանսիացի է, հարցնում է` այս թնդանոթը երբևէ կրակե՞լ է»: Երբ թանգարանի աշխատակիցն այդ հարցին պատասխանելու համար դարձյալ մի նոր, երկարաշունչ պատմություն է սկսում, Կոթիկյանն անհուսորեն թափահարում է ձեռքը և դիմում Էլոյանին.

-Ժան, խնդրում եմ այդ տիկնոջն ասես հետևյալը` «Եթե «այո»-ն կամ «ոչ»-ը Դուք այդքան երկար բառերով պիտի ասեք, ուրեմն այս թնդանոթը երբևէ կրակած չկա: Մենք գնացինք»:

 

Կոթիկյանը շատ ջերմ, ընկերական հարաբերություններ ուներ նաև Հրաչյա Ներսիսյանի հետ: Նրանք մեկի կամ մյուսի տանը հաճախ էին ժամերով նարդի խաղում: Եվ «Տժվժիկի» այն տեսարանը, ուր երկուսով նարդի են խաղում, այնքան բնական ու անմիջական է, որ ասես ոչ թե հատուկ ֆիլմի համար է նկարահանված, այլ պարզապես բոլոր օրերից մեկ օրվա պատկերն է, երբ երկու դերասան, իրար հետ կատակելով, «չեկող կամ եկող» զառի վրա միմյանց հոգու հետ խաղալով, իրենց ազատ պահերն էին անցկացնում:

 

Ամեն Նոր տարի, հունվարի 1-ին Կոթիկյանը մշտական պարտադիր այցելություններ ուներ: Նախ գնում էր շնորհավորելու Ավետիք Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին: Հետո արդեն նրան անհամբեր սպասում էին Վարդան Աճեմյանի տանը, ուր հավաքվում էին բոլոր դերասանները: Կոթիկյանը միշտ աչքի է ընկել իր հետաքրքիր պատմություններով, հումորով, սեղանակիցներին զբաղեցնելու շնորհքով: Դերասանները բնավ էլ չէին չափազանցնում, երբ ասում էին, թե մենք Աճեմյանի տանն այնքան էինք սպասում, մինչև Կոթիկյանը գար և իր հետաքրքիր պատմություններով աշխուժություն բերեր տոնական սեղանին:

 

Կոթիկյանի համար մեծ հեղինակություն էր Հակոբ Պարոնյանը: Հրաշալի տիրապետելով արևմտահայերենին` Կոթիկյանը Պարոնյանի գործերից ռադիոբեմադրություններ պատրաստեց, ուր ինքը և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես դերասան էր հանդես գալիս: Սակայն Պարոնյանի հետ կապված նկատելի գործը, որ արեց Կոթիկյանը, «Դրամօժիտ» անավարտ պիեսը կյանքի կոչելն էր: Հայտնի է, որ Պարոնյանի այդ պիեսում երկու գործողությունն է միայն գրված: Եվ գրված է նաև, թե ինչ ավարտ պիտի ունենա երրորդ` եզրափակիչ գործողությունը: Կոթիկյանը, հավատարիմ մնալով Պարոնյանի նախատեսած ավարտին, ինքն է գրում երրորդ գործողությունը և արդեն ավարտուն պիեսն իր ընթերցմամբ ներկայացնում թատրոնի գեղխորհրդին: Այնքա՜ն համահունչ է գրված լինում, այնքա՜ն հարազատ պարոնյանական գրչին, որ ընթերցման ավարտին դերասանները հարցնում են. «Պարոն Կոթիկյան, մենք չզգացինք` ասացե՛ք խնդրեմ, թե մինչև ո՞ր մասն էր գրել Պարոնյանը»:

Թիֆլիսի հայկական թատրոնը երկու տարի շարունակ բեմադրում էր «Դրամօժիտը»:

 

…Կոթիկյանի միակ դուստը` Սեդան, հիմա միայնակ ապրում է հայ արվեստի մեծամեծների երբեմնի այցելությունների սիրված վայր այդ տանը, իր ասելով` «Յուրատեսակ մի հուշատուն-թանգարանի տիրուհի է` ծնողների փառավոր անցյալի հիշողության պահապանը»:

 

 

Անդին 1, 2017

Share

Կարծիքներ

կարծիք