Ուրարտուն Հայաստանն է. Արտակ Մովսիսյանի ֆիլմը Ուրարտուի մասին

18699898_1792413564110111_448780803980632231_n

Մայիսի 29-ին Մոսկվա կինոթատրոնում Անդին ամսագրի աջակցությամբ տեղի ունեցավ պատմաբան Արտակ Մովսիսյանի «Արարատ-Ուրարտու թագավորությունը» գիտահանրամատչելի ֆիլմի շնորհանդեսը:

Երկու ժամ տևողություն ունեցող ֆիլմը կազմված էր բովանդակային մի քանի մասից, որոնք հաջորդաբար ներկայացնում էին Ուրարտու պետության ստեղծման պատմությունը, երկրանվան հիշատակման սկզբնաղբյուրները, ուրարտական արքաների նվաճողական քաղաքականության սահմանները` այդ ամենը զուգահեռելով հնագիտական փաստերով, ինչպես հայ և օտարազգի գիտնականների մեկնաբանություններով:

Անդրադարձ եղավ ուրարտերեն սեպագրին, դիցաբանական-հավատալիքային համակարգին, ինչպես նաև թագավորության շրջանում ստեղծված արվեստի գործերին: Անիմացիոն քարտեզներով ներկայացվեց Ուրարտու պետության սահմանները, ուրարտացի արքաների արշավանքների ուղղությունները, ռազմավարական նշանակության ամրոցների տեղաբաշխվածությունը և այլն: Ֆիլմի երաժշտության հեղինակը Վահան Արծրունին է:

Շուրջ ինը տարի տևած նկարահանումներն իրականացվել են  Հայաստանի, Արևմտյան Հայաստանում և Իրանի շուրջ երեսուն հնավայրերում: Նկարահանումներ են կատարվել Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Ուրմիա քաղաքի հնագիտական թանգարանում և «Բեհիսթուն» հնավայր-արգելոցում, Հայաստանի պատմության պետական թանգարանում, Երևանի պատմության թանգարանում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Ֆիլմում ներկայացվում են հարցազրույցներ ՀՀ, ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իրանի և Թուրքիայի 16 մասնագետների հետ, որոնք ներկայացնում են Արարատ-Ուրարտու թագավորության տեղն ու դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

-Ֆիլմը իրականություն դարձավ ֆինանսապես մեզ աջակցած բարերարների, արհեստավարժ մասնագետների և պարզապես բարի մարդկանց շնորհիվ, ովքեր միաբանվեցին մեկ գաղափարի շուրջ,- նշեց ֆիլմի հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը:

«Արարատ-Ուրարտու թագավորությունը» գիտահանրամատչելի ֆիլմի ցուցադրությունը նախատեսվում է նաև հեռուստատեսությամբ:

 

Share

Կարծիքներ

կարծիք