Աշխարհի ամենահին հոգեբույժը

DSCO01734 (4) (1)

Մետաֆորան (փոխաբերությունը) շատերի համար բանաստեղծական երևակայության արտահայտման գործիք է` լի հռետորական ավելորդություններով: Այն հիմնականում դիտարկվում է որպես լեզվաբանական հնարք` կապված զուտ բառերի, լեզվի, բառակերտության հետ: Մետաֆորիկ ձևակերպումների կիրառման կարևորությունը մտածողության և գործողության տեսանկյունից շատերի համար անհասկանալի է: Սա է պատճառը, որ մարդկանց մի մեծ զանգվածի կարծիքով փոխաբերությունների օգտագործումը առօրյա խոսքում այդքան էլ պարտադիր չէ:

Ամերիկացի լեզվաբան, կոգնիտիվ լեզվաբանության պրոֆեսոր Ջորջ Լակոֆֆի «Մետաֆորներ, որոնցով մենք ապրում ենք» («Metaphors we live by», George Lakoff) գրքում ուսումնասիրվում է փոխաբերությունների անհրաժեշտությունը մեր իրականության մեջ, որտեղ նշվում է, որ փոխաբերությունը թափանցում է մեր առօրյա կյանք, ընդ որում ոչ միայն լեզու, այլ նաև մտածողության համակարգ` ձևավորելով արտաքին աշխարհի մեր ընկալումը: Ըստ հեղինակի` փոխաբերությունը մեր փորձը հասկանալու գլխավոր և հիմնական մեխանիզմներից մեկն է, որը կարող է նոր իմաստների ծնունդ տալ, ստեղծել նմանություններ և դրանով իսկ սահմանել նոր իրականություն: Անբացատրելի է թվում այն հանգամանքը, թե ինչու մարդկային մտածողության համակարգի համար էական նշանակություն ունեցող այս ֆենոմենի օգտագործումը որևէ երևույթի ճշմարտության բացահայտման ժամանակ չի կարևորվում:

Փոխաբերության իմաստը հետևյալում է. որևէ իրողության ընկալումն ու վերապրումը հնարավոր է դառնում մեկ այլ իրողության էությանը բնորոշ հատկանիշների օգնությամբ: Այսինքն` որևէ երևույթ ավելի խորն ընկալելու համար այն համեմատվում է նմանատիպ հատկություններով օժտված մեկ այլ երևույթի հետ: Այսպիսով փոխաբերության հիմքում ընկած է համեմատությունը` հիմնված հատկանիշների նմանության կամ ընդհանրության վրա:

Փոխաբերությունները, այլաբանությունը կամ չափազանցումը խոսքը հարստացնելու և նրան պոետիկ ձևակերպում տալու համար չեն սոսկ: Ամեն խոսք միտված է հասցեատիրոջը ուղղել գաղափար և տանել նրան ընկալման: Իսկ ինչպե՞ս ավելի մատչելի և պատկերավոր դարձնել այն հաղորդագրությունը, որը տրվում է խոսքի միջոցով: Փոխաբերությունը այն կարևոր ոճային հնարքներից է, որը բացատրում, հասկացնում, ավելի դյուրին է դարձնում ասելիքի ընկալումը: Ընկալմանը հաջորդող փուլը գործողությունն է: Փոխաբերական ձևակերպումները կարող են բերել ոչ միայն իրականության ճիշտ ընկալման, այլ նաև դրա արդյունքում` այդ իրականության փոփոխման, տրանսֆորմացիայի:

Փոխաբերություններով, համեմատություններով և էպիտետներով հարուստ է Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» աղոթագրքի գեղարվեստական լեզուն` լի մարդկային հույզերի, ապրումների գունակազմության գեղեցիկ, պատկերավոր, պերճ և ճշգրիտ նկարագրություններով: Իհարկե, «Մատյանի» գեղարվեստական արժեքը անքննելի է, սակայն աղոթագրքում այլաբանությունների և փոխաբերությունների առկայությունը արժևորվում է նաև «Նարեկի» ընկալման տեսանկյունից. Նարեկացու արտահայտչական միջոցները հնարավորություն են տալիս ավելի ընկալելելի դարձնել այն կարևորագույն աստվածաշնչյան ճշմարտությունները, որոնք ամփոփված են «Մատյանում»:

 

Բան ԿԲ

Որովհետեւ ի՞նչ վայելք կուտայ կերակուրը եթէ ցաւերէ անզգայ դարձած ուտեմ զայն. կամ ի՞նչ օգուտ կ’ունենայ Սաղմոսը եթէ չհասկանամ:

 

Բազմաթիվ հեղինակներ անդրադարձել են նարեկյան խոսքի այլաբանությունների, համեմատությունների, փոխաբերությունների գեղեցկությանը, սակայն դեռևս լիովին չի բացահայտվել մասնավորապես փոխաբերությունների դերը, իմաստը և նշանակությունը «Մատյան Ողբերգության» աղոթագրքում:

Երբ խոսքը մարդու ներաշխարհի մասին է, շատ անգամ նրանում տեղի ունեցող երևույթները, զգացումները շատ դժվար է պարզ և լիարժեք ձևակերպել: Յուրաքանչյուր մարդ առանձին մի աշխարհ է` իր գույներով ու երանգներով, իր հոգուն հատուկ մեղեդիով ու ելևէջներով: Սա է պատճառը, որ հաճախ մարդն ինքն է դժվարանում հասկանալ և առավել ևս նկարագրել այն, ինչ տեղի է ունենում իր հոգեկան աշխարհում: Իհարկե, շատ դեպքերում զգացողությունները մենք նկարագրում ենք բոլորիս համար պարզ ու հասկանալի բառերով` տխրություն, երջանկություն, թախիծ, կարոտ և այլն: Բայց այս բառերից յուրաքանչյուրի տակ ապրում են տասնյակ ու տասնյակ դժվար նկարագրելի զգացումներ, զգացողություններ` իրենց բազմերանգությամբ և բազմաբովանդակությամբ: Փոխաբերությունների շնորհիվ ավելի պատկերավոր են դառնում մարդկային հոգեվիճակները, որոնք նկարագրում է Նարեկացին, ինչն էլ հնարավորություն է տալիս ընթերցողին ավելի պարզ տեսնել բոլոր այն հույզերը, որոնք, հնարավոր է, ապրում են նաև իր սրտում, հոգում և մտքում:

 

Բան ԻԷ

դուրսէն ծեփուած պատ մ’եմ աղտոտ. զարդարուն մէկն եմ սնոտի պարծանքով. լոյս մ’եմ մութի դարձած. թշուառացած աչք մ’եմ որուն մէջ գերան կայ. փառքի ջահ մ’եմ` մարած.

 

Բան ԼԹ

քաղաք մ’եմ որ ո՛չ պատուար ունիմ, ո՛չ ալ մահարձան. տուն մ’եմ` դռնփակ ամրութիւններէ զրկուած. աղ եմ, տեսքով` չէ թէ համեղութեամբ. ջուր մ’եմ աղտոտ, ծարաւիներէ չխմուելու աստիճան անախորժ. գետին մ’եմ, հերկուելու անընդունակ. սահման մ’եմ լքուած և ճախճախուտ մը` կնիւններով պաշարուած. խոպանացած արտ մ’եմ ուր փուշ ու տատասկ միայն կը բուսնի. կենդանի գետին մ’եմ Աստուածմէ խնամուած, ուր քսու սատանին խաբկանքները մշակուեցան. պտուղէ զուրկ փայտ մ’եմ իւղ տուող. կտրուելիք ծառ մ’եմ, պարապ տեղը բուսած. երկու անգամ մեռած` խօսող տունկ մ’եմ` անյոյս. անլոյս ճրագ մ’եմ բոլորովին մարած:

 

Բանաստեղծներն ու գրողները սովորաբար տանում են համեմատականներ մարդկանց և կենդանիների միջև` նպատակ ունենալով ընդգծել որոշակի առանձնահատկություններ, աչքի ընկնող բնավորության գիծ կամ տաղանդ: Փոխաբերությունը արտացոլում է հեղինակի վերաբերմունքը տվյալ անձի նկատմամբ: Նա համեմատում է մարդուն կենդանու հետ` առանձնացնելով նրա յուրահատկությունը կամ ընդգծելով նրա դրական կամ բացասական կողմերը: Օրինակ` Ջերալդ Դարրելը իր ստեղծագործությունների մեջ նկարագրելով մարդու հագեվիճակը` առանձնացնում է աչքի ընկնող որոշակի գծեր, դրանք համեմատելով կենդանու հետ, ինչի արդյունքում մարդկային կերպարը դառնում է ավելի վառ և հիշվող: Այդպես, օրինակ, համեմատելով կնոջը ծեր ձիու հետ` հեղինակը ընդգծում է կնոջ թախիծը, տխրությունը, վհատությունը: Այսպիսի կոնցեպտուալ մետաֆորա կարող ենք տեսնել նաև «Նարեկ»-ի Բան ԻԲ-ում.

 

Խօսող ձի մ’եմ, դժուարասանձ, երեսանը քակուած ու սանձը կոտրած. աւանակ մ’եմ խեռ, վայրենի և անկիրթ. երինջ մ’եմ անընտել, անուղղայ և անվարժ: Մարդ մ’եմ մոլեգնած, տարագրուած ու կորուստի մատնուած. տղայ մ’եմ յանցաւոր, փողոցային և չխրատուող. տնտես մ’եմ մահապարտ, անճարակ և անգործ, բանական մ’եմ անմաքուր` գազանի և անասունի բնաւորութեամբ:

 

Բան ԺԵ

որ անզգայ անասուններուն հաւասարած եմ. որ իմաստուններու ընտանութենէն օտարացած եմ. որ ինձ պէս խօսող արարածներուն չեմ նմանիր.

 

Այստեղ տեղին է մեջ բերել հիվանդներից մեկի խոսքը Նարեկի մասին.

 

«Նարեկ», մի հզոր գիրք, որ օգնեց ինձ կենդանական մակարդակից բարձրանալ մարդկային վիճակի… չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ավելի ներքևում էի, քան անմեղ ու անբանական կենդանիները… նրանք ունեն գոյատևման բնական բնազդ, իսկ ես` ինքնակործան սովորություններ, նրանք ունեն ինքնպաշտպանական բնազդ և չեն «սնվում» այն ամենով, ինչ առաջարկվում է, իսկ ես բոլորովին զուրկ լինելով ինքնապաշտպանությունից` ընդունում էի այն ինֆորմացիան, գաղափարախոսությունը, արժեքները, ինչ առաջարկվում ու մատուցվում էր… ի վերջո, կենդանիները չեն ատում, չեն ստում, չեն հպարտանում, չեն բամբասում…

Մարդու բարոյահոգեբանական վիճակը հասկանալու նպատակով հոգեբանության մեջ օգտագործվում են տարատեսակ թեստավորումներ, սակայն կարևոր է փաստել այն հանգամանքը, որ ժամանակակից հոգեբանական թեստերի արդյունքները ավելի շատ տեղեկատվական են քննողի (մասնագետի) և ո՛չ քննվողի (թեստավորում անցնող մարդու) համար:

Ի՞նչ է դա նշանակում: Թեստավորման արդյունքում ստացված տեղեկությունը հնարավորություն է տալիս որոշակիորեն պատկերացում կազմել մարդու մասին, սակայն միայն մակերեսորեն: Թվում է, թե բացահայտվում են մարդու ամբողջական կերպարը, նրա ներաշխարհում ապրող հույզերը, նրա բնավորության գծերն ու արժեքները, այնինչ դա զուտ պայմանական բնույթ է կրում: Խորքային գիտակցումը հնարավոր է միայն մարդու ինքնուրույն ինքնավերլուծության շնորհիվ, իսկ ինքնավերլուծության և փոփոխման կարող են դրդել հոգևոր արժեքները, երբ մարդը ինքն է տեսնում իր հոգու մեջ սերմ դրած նախանձը, ատելությունը, մեղքերը, հուսահատությունը, տագնապը և այլն: Հոգեբանական թեստերը չեն կարող բերել խորքային ընկալման և մարդուն տանել հոգևոր և ոգեղեն աճի: «Նարեկի» աղոթքները բերում են այդ ընկալմանը: Դրանց մեջ տեղ գտած փոխաբերությունների շնորհիվ է հատկապես, որ ընթերցողը կարծես հայելու մեջ նայելով` տեսնում է իր իրական պատկերը:

 

«Նարեկացու յուրաքանչյուր աղոթք և յուրաքանչյուր խոսք թափանցում է հոգուդ խորքերը ու մտնում ամենամութ անկյունները: Սա քեզ թույլ է տալիս քո պատկերը տեսնել հայելու մեջ, և ամենակարևորը` Նարեկացին մեզ կարծես թե ստիպում է, որ մենք ինքներս մեզ նայենք կողքից, որը շատ ու շատ մարդիկ ի զորու չեն անել կամ խուսափում են, քանի որ ապրում են իրենց «Ես»-ի իշխանության տակ»,- գրում է հիվանդներից մեկը:

 

Շատ հաճախ հիվանդերը իրենք են նշում. «Սա իմ մասին է: Սա ես եմ»: «Նարեկի» ԺԷ աղոթքը լսելուց հետո հիվանդը գրում է.

 

«Մի՛»-երը լսելուց հետո հասկանում էի, որ յուրաքանչյուր «մի՛» ինձ էր վերաբերում: Դա ինձ էր ասվում: Առաջ երբեք չեմ մտածել, թե իմ մեջ որևէ վատ բան կա: Լսելուց հետո հիշում եմ ինչ-ինչ մտքեր, որ ասել եմ տարիներ առաջ, ու հասկանում եմ իմ սխալները, որ առաջ երբեք չէի ընդունի: Հիմա ավելի խաղաղ եմ: Երբ ես հանգիստ եմ, երեխան էլ է հանգիստ ու քնում է խորը քնով»:

Մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխայի մայր

 

Չպետք է մոռանալ, որ Նարեկը ի սկզբանե ժողովրդի կողմից ընկալվել է որպես բժշկարան. Նարեկացու խոսքը բուժիչ է, ապաքինող, կյանք տվող: Փոխաբերությունների և այլաբանությունների ուսումնասիրությունը բժշկության և հոգեբանության տեսանկյունից չափազանց հետաքրքիր և կարևոր գործընթաց է: Եթե վերլուծենք հիվանդությունները և դրանց ուղեկցող ախտանիշները, պետք է փաստենք, որ փոխաբերությունների միջոցով «Նարեկում» նկարագրված են տարաբնույթ հիվանդություններ` կապված հոգեկան աշխարհի հետ, որոնք չեն կարող վրիպել հոգեթերապևտի, հոգեբույժի տեսադաշտից:

Ժամանակակից հոգեբուժությունը կարգավորում է հիվանդի ագրեսիան, գրգռված վիճակները, դեպրեսիան (ընկճախտը) դեղորայքային բուժման միջոցով, սակայն նմանատիպ խնդիրների արմատական, հիմնավոր բուժումը հնարավոր է միայն ինքնաճանաչման, ինքնահասկացման ճանապարհով:

 

Բան ԿԵ

Ե՛ս վրիպեցայ, ե՛ս օտարացայ, ե՛ս յիմարացայ, յաղթուեցայ ու անպէտ եղայ, ե՛ս ինքս լքուեցայ, ուզեցի և կործանեցայ, ե՛ս մոլորեցայ, ե՛ս մատնուեցայ (մեղքերու), ե՛ս մերժուեցայ, ե՛ս խորթացայ, ե՛ս գերի եղայ ու գայթակղեցայ, ե՛ս նզովուեցայ, ե՛ս թշուառացայ, գինովցայ ու վատթարցայ, ե՛ս ինկայ, ե՛ս խաբուեցայ, ե՛ս անօրինեցայ, ե՛ս ապականեցայ, մեռայ և յաւէտ եղծուեցայ, այս ամէնուն մէջ մաս մը չունիս չարի, որ ես միայն անփոփոխ բարի:

 

ԿԵ աղոթքի հետևյալ հատվածը ևս մեկ անգամ ապացուցում և կարևորում է նարեկյան փոխաբերությունների դերը բժշկական տեսանկյունից: Այստեղ պետք է հիշել Մանուկ Աբեղյանի խոսքը «Նարեկի» մասին. «Նարեկացին աշխարհի ամենահին հոգեբույժն է, Նարեկն էլ` աշխարհի ամենահին հոգեբուժության գիրքը»: Աշխարհի ամենահին հոգեբույժը դեռևս 10-րդ դարում պարզորոշ նկարագրել է հոգեախտաբանական ֆենոմեններից դեպրեսիան, անձի կորուստը — դեպերսոնալիզացիան, ընկալման խանգարումներից դեռեալիզացիան, որոնք գիտական բժշկության մեջ նկարագրվել են ընդամենը 18-րդ դարից սկսած: Բժշկության համար դեռևս անհասկանալի է անձի կորստի առաջացման պատճառները, հետևապես և` բուժման միջոցները, այնինչ ԿԵ աղոթքում Նարեկացին նկարագրում է այս երևույթը` բացահայտելով դրա առաջացման պատճառները և վերականգնման հնարավորությունները:

 

«Երբ լսում ես «Նարեկ» և սկսում ես ճանաչել ինքդ քեզ, ներսդ դառնում է դանդաղ գործող հրաբուխ, որը բնականաբար օրերից մի օր անընդհատ «Նարեկ» լսելով` ժայթքում է լավայի ձևով, և հոգիդ մաքրվում է մաղձից ու կեղտից: Թեթևություն ես զգում և դառնում նոր մարդ: Այս պրոցեսը ընթանում է աստիճանաբար և շարունակական, քանի որ մարդ ենք և մեղավոր: Արդյունքում ստանում ենք այն, որ բնավորության շատ գծեր, ժառանգաբար անցած, որոնք խանգարել կամ նեղել են մեզ կամ շեղել են կյանքի ճիշտ ճանապարհից, կորչում են: «Նարեկը» ցույց է տալիս կյանքում հանդիպող փորձությունները ճիշտ և հեշտ հաղթահարելու ճանապարհ: Նա սովորեցնում է բացահայտել ինքդ քեզ և ապրել նպատակասլաց կերպով և ամուր կամքով առաջ գնալով. այն է` ապրել-սիրելով, սիրել-ներելով, ներել-ներվելով, ներվել-խաղաղվելով, խաղաղվել-հաղթությամբ, հաղթել-բարձրանալով, բարձրանալ-իջնելով, իջնել-հավատալով, հավատալ-գիտակցելով, գիտակցել-Աստծով»:

62 տարեկան կին, շողացող առիթմիա, դեպրեսիա

 

Ամփոփելով` պետք է ևս մեկ անգամ փաստել, որ աղոթքները օգնում են մարդուն ինքնահաղթության, ներքին ԵՍ-ի դեմ պայքարի, էգոիզմի (եսամոլության) հաղթահարման ճանապարհին: Հոգուն տալիս են աստվածայինը` առաքինություն, չափավորություն, զսպվածություն, արդարություն, լուսավորություն և սեր, ինչն էլ հնարավորություն է տալիս խուսափել խստությունից, կոպտությունից, իշխանատենչությունից, անտարբերությունից: Հասկացման ճիգերով փոխվում է մարդու ինքնությունը: Ճշմարտության ձեռքբերմամբ ինքնությունը իր մեջ ներկրթում է իմաստություն:

 

Արմեն Ներսիսյան

նարեկաբույժ

 

Անդին 1, 2017

Share

Կարծիքներ

կարծիք