Անդինի զրուցակիցն է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

YIRIKYAN-2-2

Ձգտում եմ հավատարիմ մնալ ինքս ինձ…

 

Դուք ծնվել եք հարուստ պատմություն և մշակույթ ունեցող մի երկրում՝ Լիբանանում՝ ինքներդ լինելով հին ու հարուստ մշակութային ժառանգությամբ ազգի զավակ: Պատմեք Ձեր ընտանիքի մասին: Ինչպիսի՞ մշակութային միջավայր էր Ձեզ համար Լիբանանը:

-Ծնվել եմ Բեյրութում, Սեզար և Էմիլի Յիրիկյանների ընտանիքում: Հայրս հաճախ էր պատմում իր պապերի երկրի՝ Արևմտյան Հայաստանի մասին: Եվ ես վաղ տարիքում արդեն սկսեցի գիտակցել «կորսված երկիր», «ցեղասպանություն», բառերի իմաստն ու հայրենի հողի կանչը: Բեյրութն իմ ծննդավայրն է, Հայաստանը՝ հայրենիքը: Կրելով երկու հարուստ ու միաժամանակ տարբեր մշակույթ ներկայացնող երկրների ազդեցությունը՝ մեծացա այն արժեհամակարգով, որն այսօր դրսևորում եմ կյանքում և աշխատանքում: 2001-ին նորաստեղծ ընտանիքիս հետ այստեղ գալով ձգտել եմ գործել ինքնությանս հավատարիմ մնալու և հայրենիքին օգտակար լինելու սկզբունքով:

Ձեր կենսագրությունից երևում է, որ Ձեր աշխատանքային փորձը հիմնականում ձևավորվել է արտասահմանյան ընկերություններում վարչական և ղեկավար կարևոր պաշտոններ զբաղեցնելով: Այդ ընկերություններից և ոչ մեկը հայկական չէր: Ինչպե՞ս որոշեցիք Ձեր փորձը և գիտելիքները ներդնել հայրենական տնտեսության մեջ:

-Այո, աշխատանքային գործունեությունս սկսել եմ ոչ հայկական միջավայրում, ինչը կարևոր էր փորձի, բիզնես մտածելակերպի ձևավորման տեսանկյունից: Անցել եմ այնպիսի ճանապարհ, որն ինձ թույլ է տվել ձեռք բերել հմտություններ, ուսումնասիրել, ընկալել կառավարման մշակույթը և բացահայտել հաջողության հասնելու գաղտնիքը. լինել աշխատասեր ու նպատակասլաց: Ավելի ուշ ցանկություն ունեցա գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Երբ սիրում ես հայրենիքդ, ունես երազանք և ներսումդ խոսում է հողը շենացնելու մղումը՝ դառնում ես ավելի ուժեղ, նպատակասլաց և հաղթահարում ես բոլոր խոչընդոտները: Ձգտում եմ հավատարիմ մնալ ինքս ինձ:

Երբևէ մտածե՞լ եք պետական ծառայության անցնելու մասին:

-Ժամանակ առ ժամանակ ակտիվացող այս հարցի պատասխանն ինձ համար միշտ եղել է անփոփոխ՝ ոչ:

Հայաստանը բնական մեծ ռեսուրսներ չունի, սակայն մարդկային ռեսուրսների՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների շնորհիվ կարող է մրցունակ դարձնել իր տնտեսությունը: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստանում այդ ոլորտի զարգացման համար: Բացի այդ, Դուք շատ հոգատար եք երիտասարդության նկատմամբ, ի՞նչ դեր եք հատկացնում երիտասարդներին Ձեր ոլորտի և ընդհանրապես Հայաստանի զարգացման համար, մանավանդ մշակույթի և արվեստի բնագավառում:

-Առհասարակ հաջողությունը հենց այնպես չի տրվում: Ցանկացած ոլորտում դրան հասնելու համար պահանջվում է տքնաջան աշխատանք, մտքի ճկունություն, եռանդ ու նվիրում: Տարիներ առաջ մենք քայլեր էինք կատարում ոլորտի զարգացման համար, իսկ այսօր աշխարհին լուրջ հայտ ներկայացրած երկրների կողքին ենք: Ունենք չորրորդ սերնդի կապ, որի ներդրման (և ոչ միայն) հարցում եղել ենք առաջատարը մեր երկրում: Մենք չենք բավարարվում եղածով, շարունակում ենք մեր կարևոր ներդրումն ունենալ ՏՀՏ ոլորտի զարգացման գործում: Ընդ որում՝ երիտասարդներին ներգրավելով: Լինելով կապի օպերատոր և կարևորելով այս ոլորտի զարգացումը՝ չենք անտեսում նաև տնտեսության մյուս ճյուղերի զարգացման անհրաժեշտությունը: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերը դրա վկայությունն են: Մեր հնարավորությունների շրջանակներում առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում նաև ձեր նշած ուղղությամբ: Մեզ համար կարևոր են արժեքները:

Պարոն Յիրիկյան, Դուք բազմաթիվ պարգևներ, շքանշաններ և մեդալներ եք ստացել թե՛ Հայաստանում, թե՛Հայաստանի սահմաններից դուրս: Ո՞րն է Ձեզ համար ամենապարտավորեցնող շքանշանը: Հայաստանում բոլորը՝ մեծից փոքր, ճանաչում են Ձեզ: Դա ի՞նչ է տալիս Ձեզ և ինչո՞վ է պարտավորեցնում:

-Պարգևները գերագնահատելը վտանգավոր է: Դա կործանման տանող ամենակարճ ճանապարհն է: Պարգևը ոչ միայն գնահատանք է, այլև պատասխանատվություն: Շքանշանների փայլից պետք է ոչ թե շփոթվել կամ կուրանալ, այլ զգաստանալ և շարունակել տքնաջան աշխատանքը: Ինձ համար ամենամեծ պարգևը մեր հայրենակիցների վստահությունն է ու նաև հարգանքը:

Ուշագրավ է այն փաստը, որ ՎիվաՍելՄՏՍ ընկերությունը, հավատարիմ իր «Ավելին՝ քան օպերատոր» կարգախոսին, տարիներ շարունակ զբաղվում է նաև բարեգործություններով, բնապահպանական և պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրերով և նախագծերով: Դա միայն գործարա՞ր հետաքրքրություն է, թե՞Դուք Ձեզ համարո՞ւմ եք մեր մեծ բարերարների՝ Մանթաշովի, Արամյանցի, Գյուլբենկյանի և այլոց ժառանգորդ:

-Ազգի մեծ մարդասերների հետ համեմատությունն անհամեստություն է: Նրանց անցած ճանապարհն ուղղակի պիտի ճիշտ ապրելու օրինակ լինի բոլորիս համար: Այն, ինչ իրականացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, պատասխանատվություն է երկրի, ազգի, սերունդների առջև: Դա բխում է բոլորիս շահերից: Մենք առաջնորդվում ենք Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ (ԿՍՊ), որի անմիջական նպատակը բազմաշերտ է: Այն ենթադրում է տնտեսության զարգացում, հասարակության բարեկեցության ապահովում, շրջակա միջավայրի պահպանություն և այլն: Եթե մենք ցանկանում ենք լինել զարգացած երկիր՝ գործարար աշխարհը պետք է հնարավորինս հետաքրքրվածություն դրսևորի կառավարման այդ մշակույթով առաջնորդվելու հարցում և ներգրավվի գործընթացի մեջ: Դա փոխշահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար:

Լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ղեկավար՝ ինչպե՞ս եք վերաբերվում այդ ոլորտի՝ գրականության մեջ ներխուժմանը: Դուք արդեն փոխարինե՞լ եք տպագիր գրքերը էլեկտրոնայինով:

-Աշխարհը խելահեղ տեմպով զարգանում է՝ նոր մարտահրավեր նետելով բոլորիս: Զարգացման այդ ռիթմին չհետևելու դեպքում կարող ենք հայտնվել լուսանցքում: Նոր տեխնոլոգիաների կիրառման դինամիկան ոչ միայն զարգացման ցուցիչ է, այլև մրցակցության արդյունք: Պարզապես հարկավոր է տեխնոլոգիաների զարգացման արդյունքը ծառայեցնել ճիշտ նպատակի: Էլեկտրոնային գրականության առկայությունը ընտրության հնարավորություն է: Եթե դրա առկայությունը խրախուսում է ընթերցանությունը, ապա պետք է գոհ լինել արդյունքից: Ինքս օգտվում եմ և՛ տպագիր, և՛ էլեկտրոնային ընթերցանության հնարավորությունից: Եվ չկա մեկը մյուսով փոխարինելու նպատակ: Կա ընթերցելու, տեղեկացված լինելու ցանկություն:

Ժամանակակից գրականություն կարդո՞ւմ եք: Ծանո՞թ եք Անդին ամսագրին:

-Աշխատանքային ռիթմն ինձ թույլ չի տալիս շատ ընթերցել: Վաղ առավոտյան ծանոթանում եմ օրվա լրահոսին, աշխատանքից հետո, հիմնականում հանգստի պահին, ընթերցում եմ մեր դասականներին և լրացնում այն բացթողումը, որն օբյեկտիվորեն ունեցել եմ պատանեկության, երիտասարդության տարիներս հայրենիքից դուրս ապրելու պատճառով: Անդին ամսագրին դեռևս ծանոթ չեմ, բայց ժամանակ կգտնեմ պատկերացում կազմելու համար:

Դուք հաճախ եք կրկնում՝ «մենքը» բիզնեսի հիմնաքարն է: Ինչպե՞ս է Ձեր ընտանիքը վերաբերվում և մասնակցում Ձեր բիզնես գործունեությանը և բարեգործությանը: Ձեր ժառանգները շարունակելո՞ւ են Ձեր գործը:

-Իմ բոլոր հաջողությունների հիմքում եղել է և՛ աշխատանքային թիմի, և՛ ընտանիքիս աջակցությունը: Հատկապես ընկերության գործունեության առաջին տարիներին, երբ ստիպված էինք հաղթահարել առկա խնդիրներն ու կառավարման մշակույթի նոր մոդել առաջարկել Հայաստանում, անձնական կյանքի, հանգստի համար գրեթե ժամանակ չունեի: Իմ և նպատակիս հաջողության նկատմամբ ընտանիքիս հավատը նպաստեց մարտահրավերների հաղթահարմանը: Ծնողների արարքն ու կենսակերպը օրինակ են հանդիսանում երեխաների համար: Ձգտում ենք նրանց փոխանցել մեր արժեհամակարգը:

 

Դուք «Ոսկե ծիրանի» գլխավոր գործընկերն եք: Ի՞նչը Ձեզ դրդեց որդեգրել փառատոնը հովանավորելու գաղափարը:

-«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը Հայաստանի կինոսեր հասարակության համար բացառիկ հնարավորություն է՝ հայկական և միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներին հաղորդակցվելու: Դրանցից շատերը հազիվ թե ցուցադրվեին մեծ էկրանին, եթե չլիներ կինոփառատոնը: «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի՝ քաղաքակրթությունների խաչմերուկ ծառայելու գործառույթը չափազանց կարևոր է:

Փառատոնն արդեն տասներեք տարի անընդմեջ հաջողությամբ օգնում է իրականացնել կինեմատոգրաֆիայի վեհ նպատակը՝ լուսավորել մարդուն, ընդլայնել և խտացնել նրա ապրումները, զարգացնել մտածողությունն ու օգնել դառնալու ազատ:

«Ոսկե ծիրանը» զարգացման լուրջ խթան է հայկական կինեմատոգրաֆիայի համար՝ համաշխարհային կինեմատոգրաֆիայի բաղկացուցիչ մասի, յուրօրինակ մի դպրոցի, որը կրում է ազգային առանձնահատկությունների ու ավանդույթների կնիքը:

 

Անդին 1, 2017

Share

Կարծիքներ

կարծիք