«Որպես գլխատված ծաղկի մի թերթիկ» կամ «Երկու բառ»

DSC05225---…«Վերադարձիր հայրենիք»…

Անաղմուկ ցավի ու փոթորկահույզ հուշերի խորքից արթնացած այս բառերն էին անդադար պտտվում տղայի մտքում՝ ասես ներդաշնակություն փնտրելով օդում սուրացող քամու հետ: Անորոշության քամու, որ մի օր ստիպեց հեռանալ… հուսահատության քամու, որի բաղադրատարրերն այժմ երբեմնի վերագտած ու անդարձ կորցրած անուրջների փշրանքներն են, որ շշնջում են ամեն վայրկյան Նրա ձայնով. «Վերադարձիր հայրենիք»…

-Արթնացեք, խնդրեմ: Այստեղ ցուրտ է:

Տղան բացեց աչքերը՝ զգալով այնքան ծանոթ քամու ապտակն ու գուրգուրանքը:

-Լսո՞ւմ եք ինձ: Արթնացեք:

-Ի՞նչ է պատահել: Ո՞վ եք Դուք:

-Այստեղ ցուրտ է…

-Ես դա արդեն լսել եմ,- ընդհատեց տղան,- Դուք Ձեզ կրկնում եք:

-Բայց…

-Մի՞թե այդ «ցուրտ»-ն է Ձեզ իրավունք տալիս խաթարելու այն «հանգիստը», որ միայն այստեղ կարող եմ գտնել: Հեռացե՛ք:

-Իհարկե: Բայց վերցրեք այս նամակը: Այն Ձեզ համար է,- ասաց անծանոթն ու հեռացավ:

Տևական ժամանակ տղան անթարթ հայացքով նայում էր հորիզոնի անեզր հեռվին՝ ականջալուր լինելով կորցրած անուրջների փշրանքների անձայն հնչյուններին, որ դարձյալ շշնջում էին Նրա ձայնով. «Վերադարձիր հայրենիք»…

Տղան առերևույթ անտարբեր հայացքը մի պահ հառեց նամակին, ու ժամանակն ասես կանգ առավ: Նամակն, իսկապես, իրեն էր հասցեագրված՝ Նրա ձեռագրով, Նրա անունից… Անփութորեն պատառոտելով ծրարը՝ նա վերցրեց նամակը՝ որպես անգին մի գանձ…

 

«Բարև… Նամակս սկսում եմ այն բառով, որ ամենաշատն եմ գործածել քեզ հանդիպելիս՝ իմ ամենասիրելի և ամենաատելի բառով:

Բարև… Այս սուրբ ու սուտ բառն էր, որ տարիներ անց միացրեց մեր ուղիները մի օտար երկրի անծանոթ քաղաքում: Այն հիմա էլ օտար է ինձ համար. իմ հուշերը, իմ էությունն ու ինքնությունը եղել են ու կմնան մեր հարազատ երկրի ծանոթ քաղաքում. այնտեղ, որտեղ մեր մանկությունն է, մեր նվաճումներն ու կորուստներն են, մեր մաքրաթև երազներն ու անրջահյուս հույսերը:

Դու արդեն գիտես, որ այդ անծանոթ քաղաքում ես փնտրում էի մի բան, որ աշխարհի և ոչ մի քաղաք չէր կարող ինձ տալ… Բայց ես երջանիկ եմ… և շնորհակալ… Շնորհակալ եմ այս օտար երկրի անծանոթ քաղաքին, որ չտվեց ինձ այն, ինչ ես փնտրում էի, բայց փոխարենը մեզ տարավ այն արահետներով, որոնք նույն ճանապարհին էին միանում:

Գիտեի, որ կգա այն պահը, երբ ընդամենը երկու բառ կկարողանամ արտաբերել: Գիտեի, որ կընտրեմ այդ երկուսը. «Վերադարձիր հայրենիք»…

Կարծում եմ՝ չեմ սխալվել: Ավելի քան վստահ եմ, որ որտեղ էլ լինես, մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ կունենաս: Բայց դու պետք ես քո երկրին առավել, քան արտաքուստ հաջողություն խոստացող օտար ափերին:

Որպես գլխատված ծաղկի մի թերթիկ, որի արմատը խորն է այնքան, որ դիմակայեց ժամանակի հողմերին, որի ցողունը կամքն է աննկուն, որ ուղենիշ դարձավ առաջընթացի, և որի տերևներն ավետիսն են չթոշնող ծաղկի, դու պետք է վերադառնայիր:

…Դու եկար: Շնորհակալ եմ քո վերադարձի համար:

Մտածում ես՝ ինչպե՞ս կարող եմ իմանալ: Վերադարձել ես, քանի որ կարդում ես այս նամակը: Հավատա, որ այս սառը գերեզմանաքարից հիմա ջերմություն է հորդում: Օտար ու շատերին իր շքեղությամբ գերող երկիրն անզոր գտնվեց փրկելու իմ կյանքը, բայց ես երջանիկ եմ…

Եվ խնդրում եմ քեզ, հիշիր, որ ամեն անգամ, երբ մեր հայրենիքը օրհասական վտանգի մեջ է եղել, հայորդիները չեն երկնչել: Իհարկե, նրանց համար ավելի քան դժվար է եղել տեսնել որդու կորստից սարսափող աչքերը հայ մայրերի, հույսով ու սիրով լի աչքերն իրենց սիրելիների ու քույրերի և օրորոցում ժպտացող ու սպասումով լի աչքերն իրենց մանուկների:

Բայց կա մի սեր, որ առանձնանում է մյուս սերերից՝ անսահմանությանը գերազանցող հայրենասիրությունը…

Դու նման ընտրություն կատարելու խնդիր չունես: Այսօր մեր երկրի մեծագույն հարստությունը հենց կյանք արժեցող խաղաղությունն է: Խաղաղություն, որ պետք է ջնջի հայ մայրերի՝ կարոտով շաղախված արցունքները, որ միշտ կլինի հպարտությունը ամեն մի հայորդու և հայուհու, խաղաղություն, որ իր արտացոլանքը կգտնի մանուկների ժպտուն աչքերում, և… խաղաղություն… որ այլևս թույլ չի տա սիրելիներին կորցնել միմյանց:

Խաղաղությունն այս, սակայն, փխրուն է այնքան, որքանով որ ամուր է արմատը «հայոց ծաղկի»: Դու էլ մի թերթիկն ես այդ ծաղկի, որին ավանդվել է այս խաղաղ երկինքն ու ջերմացնող արևը: Մի լսիր քամու ձայնը. այն պոկում ու հեռացնում է ծաղկաթերթիկները, բարձրացրու հայացքդ ու տես սպիտակաթույր աղավնիների ճախրանքը…

Ներիր, որ հրաժեշտի պահին որպես վերջին երկու բառ չընտրեցի նրանք, որ միշտ պահել եմ իմ հոգում, և որոնք, ինչպես իմացա այդ օտար քաղաքում, միշտ ցանկացել ես լսել ինձանից:

Ես գիտեմ, որ կյանքում պատահաբար չի լինում ոչինչ: Եթե քո վերադարձի գինը իմ կյանքը պիտի լիներ, ուրեմն… թող լինի այդպես…

 

Հ.Գ. «Սիրում եմ Քեզ»… (երկու բառ, որ կարող էին լինել  «Վերադարձիր հայրենիք»-ի փոխարեն)»…

 

Անդին 1, 2017

Share

Կարծիքներ

կարծիք