Դոստոևսկու պոետիկայի խնդիրները (հատված)

Հեղինակ:

1470486061-6

«Ծիծաղելի մարդու երազում» մեզ ամենից առաջ ապշեցնում է այդ ստեղծագործության համապարփակվածությունը և միաժամանակ դրա ծայրահեղ խտացվածությունը, զարմանահրաշ գեղարվեստա-փիլիսոփայական լակոնիզմը: Որևէ ծավալված տրամաբանական փաստարկում դրանում չկա: Այստեղ շատ վառ արտահայտվում է Դոստոևսկու՝ գաղափարը գեղարվեստորեն տեսնելու և զգալու այն բացառիկ ունակությունը, որի մասին մենք խոսում էինք նախորդ գլխում: Մեր առջև այստեղ գաղափարի ճշմարիտ արվեստագետն է:

«Ծիծաղելի մարդու երազը» տալիս է մենիպեայի  համապարփակվածության լիակատար խորը սինթեզը, որպես աշխարհայացքի վերջին հարցերի ժանրի, միջնադարյան միստերիայի ունիվերսալիզմի հետ, որ պատկերում է մարդկային ցեղի ճակատագիրը՝ երկրային դրախտը, մեղսագործությունը, քավությունը: «Ծիծաղելի մարդու երազում» ակնհայտորեն բացահայտվում է այդ երկու ժանրերի ներքին հարազատությունը, որ կապված են, իհարկե, և պատմա-գենետիկական հարազատությամբ: Բայց ժանրային առումով այստեղ գերակշռում է մենիպեայի անտիկ տեսակը: Եվ ընդհանրապես «Ծիծաղելի մարդու երազում» իշխում է ոչ թե քրիստոնեական, այլ անտիկ ոգին:

Իր ոճով և կոմպոզիցիայով «Ծիծաղելի մարդու երազը» նշանակալիորեն տարբեր է «Լոբահատից» ՝ դրանում կան դիատրիբայի, խոստովանանքի և քարոզի էական տարրեր: Այդպիսի ժանրային համալիրն ընդհանրապես բնութագրական է Դոստոևսկու ստեղծագործության համար: Ստեղծագործության կենտրոնական մասը պատմություն է երազատեսիլքի մասին: Այստեղ տրվում է, այսպես ասած, երազների կոմպոզիցիոն յուրօրինակության հիանալի բնութագիրը. «…Ամեն բան տեղի ունեցավ, ինչպես միշտ՝ երազում, երբ թռչում-անցնում ես տարածության և ժամանակի և գոյության ու բանականության օրենքների միջով և կենում ես միայն կետերի վրա, որոնց մասին անրջում է սիրտը»:

Դա, ըստ էության, ֆանտաստիկական մենիպեայի կոմպոզիցիոն կառուցման մեթոդի միանգամայն ճիշտ բնութագիր է: Ավելին, որոշակի սահմանափակումներով և վերապահումներով այդ բնութագիրը կարող է տարածվել և Դոստոևսկու ողջ ստեղծագործական մեթոդի վրա: Դոստոևսկին իր ստեղծագործություններում համարյա բնավ չի օգտվում հարաբերականորեն անընդհատական պատմական և կենսագրական ժամանակից, այսինքն՝ խիստ էպիկական ժամանակից, նա «թռչում-անցնում է» դրա վրայով, նա գործողությունը կենտրոնացնում է միայն ճգնաժամերի, անկումների և արհավիրքների կետերում, երբ ակնթարթն իր ներքին նշանակությամբ հավասարեցվում է «բիլիոն» տարվա, այսինքն՝ կորցնում է ժամանակային սահմանափակությունը: Եվ ընդմեջ տարածության, ըստ էության, թռչում-անցնում և գործողությունը կենտրոնացնում է միայն երկու «կետերում»՝ շեմին (դռան մոտ, մուտքի մոտ, աստիճանների վրա, միջանցքում և այլն), որտեղ տեղի է ունենում ճգնաժամն ու բեկումը, կամ հրապարակի վրա, որի փոխարինումը սովորաբար լինում է հյուրասենյակը (դահլիճը, ճաշասենյակը), ուր տեղի է ունենում արհավիրքն ու սկանդալը: Հենց այդպիսին է նրա ժամանակի և տարածության գեղարվեստական հղացքը, նա հաճախ թռչում-անցնում է և տարրական էմպիրիկ ճշմարտանմանության, և մակերեսային դատողական տրամաբանության միջով: Հենց այդ պատճառով էլ մենիպեայի ժանրն այդքան հարազատ է նրան:

Դոստոևսկու ստեղծագործական մեթոդի համար, որպես գաղափարի արվեստագետի, բնութագրական են և այսպիսի խոսքերը.

«…Ես տեսել եմ ճշմարտությունը, ոչ այն, ինչ ուղեղով եմ հնարել, այլ տեսել եմ, տեսել, և դրա կենդանի պատկերը հավերժ լցրեց իմ հոգին»:

Իր թեմատիկայով «Ծիծաղելի մարդու երազը» Դոստոևսկու առաջատար գաղափարների համարյա լիակատար հանրագիտարան է, և միաժամանակ բոլոր այդ թեմաները և հենց դրանց մշակման գեղարվեստական միջոցը բնութագրական են մենիպեայի կառնավալիզացված ժանրի համար: Կանգ առնենք դրանցից մի քանիսի վրա:

 
1.«Ծիծաղելի մարդու» կենտրոնական կերպարում ակնհայտորեն շոշափվում է կառնավալիզացված գրականության «իմաստուն հիմարի» և «ողբերգական խեղկատակի» ամբիվալենտական լրջա-ծիծաղային կերպարը: Բայց այդպիսի ամբիվալենտականությունը, ճիշտ է, սովորաբար ավելի խլացված ձևով, բնութագրական է Դոստոևսկու բոլոր հերոսների համար: Պետք է ասել, որ Դոստոևսկու գեղարվեստական միտքը ոչ մի մարդկային նշանակալիություն չէր ներկայացնի առանց որոշակի տարավարքորդության (դրա զանազան այլացումներով): Ամենից վառ դա բացահայտվում է Միշկինի կերպարում: Բայց և Դոստոևսկու բոլոր մյուս առաջատար հերոսների մեջ՝ և Ռասկոլնիկովի, և Ստավրոգինի, և Վերսիլովի, և Իվան Կարամազովի, միշտ «ինչ-որ ծիծաղելի» բան կա, թեպետ և՝ առավել կամ նվազ չափով թուլացրած ձևով: Կրկնում ենք, Դոստոևսկին որպես արվեստագետ չէր պատկերացնում միատոն մարդկային նշանակալիություն: «Կարամազով եղբայրների» առաջաբանում («Հեղինակի կողմից») նա պնդում է նույնիսկ տարօրինակության պատմական էականությունը. «Քանզի ոչ միայն տարավարքորդը «միշտ չէ» մասնավորություն և զատվածություն, այլ ընդհակառակը, պատահում է այնպես, որ հենց նա էլ, թերևս, և կրում է իր մեջ երբեմն ամբողջի միջուկը, իսկ նրա դարաշրջանի մնացած մարդիկ՝ բոլորը, ինչ-որ փչող քամիով, չգիտես ինչու, ժամանակավոր նրանից կտրվել են…»:
«Ծիծաղելի մարդու» կերպարում այդ ամբիվալենտականությունը մենիպեայի ոգուն համապատասխան մերկացված և շեշտված է:

 

Դոստոևսկու համար բնութագրական է և «ծիծաղելի մարդու» ինքնագիտակցության լիությունը՝ նա բոլորից լավ գիտե, որ ինքը ծիծաղելի է («…եթե կար երկրի երեսին մի մարդ, որ ամենից շատ գիտեր այն մասին, որ ես ծիծաղելի եմ, ապա դա ես ինքս էի…»): Սկսելով իր երկրի երեսին դրախտի քարոզը՝ նա ինքը հիանալիորեն հասկանում է դրա չիրագործելիությունը. «Ավելին ասեմ. թող, թող դա երբեք չիրականանա, և չի լինի դրախտը (չէ՞ որ դա արդեն ես հասկանում եմ), բայց ես, միևնույն է, պիտի քարոզեմ»: Այդ տարավարքորդը, ով սուր գիտակցում է իրեն և ամեն ինչ, նրա մեջ դույզն-ինչ միամտություն չկա, նրան անհնար է ավարտել (քանի որ նրա գիտակցության համար արգելված ոչինչ չկա):

 
2.Պատմվածքը սկսվում է մենիպեայի համար տիպական մարդու թեմայով, ով միակն է, որ գիտե ճշմարտությունը, և ում վրա այդ պատճառով բոլոր մնացյալ մարդիկ ծիծաղում են՝ որպես խելագարի վրա: Ահա այս հիասքանչ սկիզբը.
«Ես ծիծաղելի մարդ եմ: Նրանք հիմա ինձ խենթ են կոչում: Դա պաշտոնի բարձրացում կլիներ, եթե ես դեռևս նրանց համար չմնայի նույնքան ծիծաղելի, ինչպես և նախկինում: Բայց հիմա ես արդեն չեմ բարկանում, հիմա նրանք բոլորը հաճելի են ինձ, և նույնիսկ, երբ նրանք ծիծաղում են ինձ վրա, և այդժամ նույնիսկ հատկապես հաճելի են: Ես ինքս էլ նրանց հետ կծիծաղեի, դե, ոչ թե ինձ վրա, այլ նրանց սիրելով, եթե նրանց նայելիս այդքան տխուր չլինեի: Տխուր էի այն պատճառով, որ նրանք ճշմարտությունը չգիտեն, իսկ ես գիտեմ ճշմարտությունը: Օհ, ինչ դժվար է միայնակ ճշմարտությունն իմանալը: Բայց նրանք դա չեն հասկանա: Ոչ, չեն հասկանա»:

 

Սա մենիպեոսյան իմաստունի տիպական դիրքորոշում է (Դիոգենեսի, Մենիպեոսի կամ Դեմոկրիտեսի «Հիպոկրատոսյան վեպից»), ճշմարտության կրողի, բոլոր մնացյալ մարդկանց նկատմամբ, որ ճշմարտությունը խելագարություն կամ հիմարություն են համարում, բայց այստեղ այդ դիրքորոշումը, զանազան այլացումներով և տարատեսակ երանգներով, բնութագրական է Դոստոևսկու բոլոր առաջատար հերոսների համար՝ Ռասկոլնիկովից մինչև Իվան Կարամազով՝ համակվածությունն իր «ճշմարտությամբ» որոշում է նրանց վերաբերմունքն այլ մարդկանց հանդեպ և ստեղծում է այդ հերոսների մենության հատուկ տեսակը:

 
3.Այնուհետև պատմվածքում հայտնվում է կինիկական և ստոիկական մենիպեայի համար շատ բնութագրական՝ աշխարհում առ ամեն ինչը բացարձակ անտարբերության թեման. «…հոգուս մեջ ահագնանում էր ահավոր մի կարոտ մի իրավիճակի հանդեպ, որն արդեն ինձանից ամբողջովին անսահմանորեն վեր էր՝ հենց դա էր ինձ վրա հասած մի համոզմունք առ այն, որ աշխարհիս երեսին ամենուր մեկ է: Ես շատ վաղուց էի զգացել դա, բայց լրիվ համոզմունքը հայտնվեց այս վերջին տարում ինչ-որ հանկարծակի: Ես հանկարծ զգացի, որ ինձ համար միևնույնը կլիներ, արդյոք գոյություն կունենա՞ր աշխարհը, կամ եթե ոչ մի տեղ ոչինչ չլիներ: Ես սկսեցի լսել ու զգալ իմ ողջ էությամբ, որ շուրջս ոչինչ չկար»:

 

Այդ համապարփակ անտարբերությունը և անգոյության կանխազգացումը «ծիծաղելի մարդուն» հանգեցնում է ինքնասպանության մտքին: Մեր առջև, Դոստոևսկու մոտ բազմաթիվ, Կիրիլովի թեմայի այլացումներից մեկն է:

 

4.Այնուհետև հայտնվում է ինքնասպանությունից առաջ կյանքի վերջին ժամերի թեման (Դոստոևսկու առաջատար թեմաներից մեկը): Այստեղ այդ թեման, մենիպեայի ոգուն համապատասխան, մերկացված և սրված է: Այն բանից հետո, որ «ծիծաղելի մարդը» ինքնասպան լինելու վերջնական որոշում է կայացնում, նա փողոցում օգնություն աղերսող մի աղջնակի է պատահում: «Ծիծաղելի մարդը» նրան կոպիտ բրթեց, քանզի ինքն իրեն մարդկային կյանքի բոլոր նորմերից ու պարտավորություններից դուրս էր զգում, ինչպես մեռյալները «Լոբահատում»: Ահա նրա խորհրդածությունները.
«Բայց եթե ես ինքս ինձ սպանեմ, օրինակ, երկու ժամից, ապա ինձ ի՞նչ այդ աղջիկը, և իմ ի՞նչ գործն է արդեն ամոթը և ամենայն ինչ աշխարհում… Չէ՞ որ հենց դրա համար էլ դոփեցի ու վայրի ձայնով ճչացի դժբախտ երեխայի վրա, թե, ուրեմն, ոչ միայն ահա կարեկցանք չեմ զգում, այլ եթե նույնիսկ անմարդկային ստորություն էլ գործեմ, ապա հիմա կարող եմ, որովհետև երկու ժամից ամեն բան կմարի»: Այդ՝ մենիպեայի ժանրի համար բնութագրական բարոյական փորձարարությունը պակաս բնութագրական չէ Դոստոևսկու ստեղծագործության համար: Այնուհետև այդ խորհրդածությունը շարունակվում է այսպես. «Օրինակ՝ ինձ հանկարծ մի տարօրինակ նկատառում պատկերացավ, որ եթե ես առաջ լուսնի կամ Մարսի վրա ապրած լինեի, և այնտեղ ինչ-որ ամենազազրելի և անազնիվ արարք գործած լինեի, որ կարելի է միայն պատկերացնել, և այնտեղ դրա համար դատապարտված ու պատվազրկված լինեի այնպես, ինչպես միայն կարելի է զգալ և պատկերացնել լոկ երբեմն երազում, մղձավանջում, և եթե հայտնվելով հետո երկրի երեսին՝ ես շարունակեի պահպանել գիտակցությունն այն մասին, ինչ արել էի մյուս մոլորակում, և, բացի այդ, իմանայի, որ արդեն այնտեղ ոչ մի գնով և երբեք չեմ վերադառնալու, ապա, նայելով երկրից լուսնին, ինձ համար միևնույնը կլինե՞ր, թե՞ ոչ: Այդ արարքի համար ես ամոթ կզգայի՞, թե՞ ոչ»: Միանգամայն համանման փորձարարական հարց լուսնի վրա արարքի մասին. հարց է տալիս և Ստավրոգինը Կիրիլովի հետ զրույցում: Այդ ամենը՝ մեզ ծանոթ Իպոլիտի («Ապուշը»), Կիրիլովի («Դևերը»), «Լոբահատում» գերեզմանոցային անամոթության պրոբլեմատիկան է: Ավելին, այդ ամենը Դոստոևսկու ողջ ստեղծագործության տարբեր կողմերն են՝ «Ամեն ինչ թույլատրելի է» թեմայի (աշխարհում, ուր չկա աստված և հոգու անմահություն) և դրա հետ կապված բարոյագիտական սոլիպսիզմի:

 
5.Այնուհետև ծավալվում է կենտրոնական (կարելի է ասել՝ ժանրագոյավորող) ճգնաժամային երազի թեման, ավելի ճիշտ՝ երազի միջոցով մարդու վերածննդի և նորոգման թեման, որը թույլատրում է «ակներևաբար» տեսնել երկրի երեսին բոլորովին այլ, մարդկային կյանքի հնարավորությունը: «Այո, ես այն ժամանակ տեսա այդ երազը, նոյեմբերի երեքի իմ երազը: Նրանք հիմա ինձ ծաղրում են այն բանով, որ դա ընդամենը երազ էր: Բայց մի՞թե միևնույնը չէ՝ երա՞զ է, թե՞ ոչ, եթե այդ երազը փոխարինեց իրականությանը: Չէ՞ որ եթե մի անգամ ճանաչել ես ճշմարտությունը և տեսել ես այն, չէ՞ որ արդեն գիտես, որ դա ճշմարտություն է, և ուրիշը չկա և չի կարող լինել, քնա՞ծ եք դուք, թե՞ ապրում եք: Դե, թող որ երազ է, դե թող, բայց այս կյանքը, որ դուք այդքան երկինք եք հանում, ես ուզում էի ինքնասպանությամբ մարել, իսկ իմ երազը, օ, նա ավետեց ինձ նոր, մեծ, նորոգված, ուժեղ կյանքը»:

 
6.Հենց «երազում» մանրամասն զարգանում է երկրային դրախտի ուտոպիստական թեման, ակներևաբար տեսած և ապրած «ծիծաղելի մարդու» կողմից հեռավոր անհայտ աստղի վրա: Երկրային դրախտի հենց նկարագրությունն արված է անտիկ ոսկեդարի ոգով և այդ պատճառով խորապես ներթափանցված է կառնավալային աշխարհազգացողությամբ: Երկրային դրախտի պատկերումը շատ բանով համահունչ է Վերսիլովի երազին («Դեռահասը»): «Ծիծաղելի մարդու» շատ բնորոշ արտահայտված կառնավալային հավատն առ մարդկային ձգտումների և մարդու բարի բնույթի միասնությունը. «Իսկ այնինչ, չէ՞ որ բոլորը գնում են առ միևնույն բանը, համենայն դեպս, բոլորը ձգտում են միևնույն բանին, իմաստունից մինչև վերջին ավազակը, միայն թե տարբեր ճանապարհներով: Դա հին ճշմարտություն է, բայց ահա թե ինչն է այդտեղ նոր՝ ես չէ՞ որ շատ չեմ կարող: Որովհետև ես տեսել եմ ճշմարտությունը, ես տեսել եմ ու գիտեմ, որ մարդիկ կարող են հիասքանչ և երջանիկ լինել՝ չկորցնելով երկրի երեսին ապրելու ընդունակությունը: Ես չեմ ուզում և չեմ կարող հավատալ, որ չարիքը կարող է մարդկանց նորմալ վիճակը լինել»:

Մեկ անգամ ևս շեշտենք, որ ճշմարտությունը, ըստ Դոստոևսկու, կարող է լինել միայն կենդանի տեսունակության առարկա, այլ ոչ թե վերացական իմացության:

 
7.Պատմվածքի վերջում հնչում է Դոստոևսկու համար շատ բնութագրական՝ կյանքի դրախտի ակնթարթային վերափոխման թեման (այն ամենից խորը բացահայտված է «Կարամազով եղբայրներում»). «Իսկ այնինչ դա այնքան հեշտ է՝ մեկ օր, մեկ ժամին ամեն ինչ մեկեն կարգի կբերվեր: Կարևորը՝ սիրիր ուրիշներին, ինչպես քեզ, ահա թե ինչն է կարևորը, և դա է ամենը, դրանից ավելի ոչինչ պետք չէ, տեղնուտեղը կգտնես, թե ինչպես հիմնավորվես»:

 
8.Նշենք նորից նեղացած աղջնակի թեման, որն անցնում է Դոստոևսկու մի շարք ստեղծագործությունների միջով, մենք դրան հանդիպում ենք «Նվաստացրած և անարգվածներում» (Նելին), ինքնասպանությունից առաջ Սվիդրիգայլովի երազում, «Ստավրոգինի խոստովանանքում», «Հավերժական ամուսնու» մեջ (Լիզան), տառապող երեխայի թեման «Կարամազով եղբայրների» առաջատար թեմաներից մեկն է (տառապող երեխաների կերպարները «Ապստամբություն» գլխում, Իլյուշեչկայի կերպարը, «երեխան լալիս է» Դմիտրիի երազում):

 
9.Այստեղ կան նաև հետնախորշային նատուրալիզմի տարրեր՝ ողորմություն խնդրող կապիտան-կռվազանը Նևսկու վրա՝ այս կերպարը ծանոթ է մեզ «Ապուշից» և «Դեռահասից», հարբեցողությունը, թղթախաղը և ծեծը սենյակում այն հյուղակում, ուր վոլտերյան բազկաթոռներում անցկացնում էր իր անքուն գիշերները «Ծիծաղելի մարդը»՝ խորասուզված վերջին հարցերի լուծման մեջ, և որտեղ նա տեսնում է իր երազը մարդկության ճակատագրի մասին: Մենք չսպառեցինք, իհարկե, «Ծիծաղելի մարդու երազի» բոլոր թեմաները, բայց և դա էլ բավական է, որպեսզի ցուցադրենք մենիպեայի տվյալ տարատեսակության վիթխարի գաղափարական տարողությունը և դրա համապատասխանությունը Դոստոևսկու թեմատիկային:

 

«Ծիծաղելի մարդու երազում» չկան կոմպոզիցիոն արտահայտված երկխոսություններ (բացի «անհայտ էակի» հետ կիսաարտահայտված երկխոսությունից), բայց պատմողի ողջ խոսքը ներթափանցված է ներքին երկխոսությամբ, բոլոր խոսքերն այստեղ ուղղված են ինքն իրեն, տիեզերքին, նրա արարչին, բոլոր մարդկանց: Եվ այստեղ, ինչպես միստերիայում, բառը հնչում է երկնի և երկրի առաջ, այսինքն՝ ողջ աշխարհի առաջ:

Այդպիսին են Դոստոևսկու երկու կարևոր ստեղծագործությունները, որոնք առավելագույնս հստակ բացահայտում են նրա ստեղծագործության ժանրային էությունը, որ հակված է առ մենիպեան և դրան հարազատ ժանրերը:

«Լոբահատի» և «Ծիծաղելի մարդու երազի» մեր վերլուծությունները մենք տալիս էինք ժանրի պատմական պոետիկայի տեսանկյան ներքո: Բայց միաժամանակ մենք ջանում էինք նույնպես ցույց տալ, թե ինչպես Դոստոևսկու մոտ ժանրի ավանդական հատկանիշներն օրգանապես զուգակցվում են անհատական անկրկնելիությամբ և դրանց օգտագործման խորությամբ:

 

Թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի

Անդին 1, 2017

Share

Կարծիքներ

կարծիք