Մանասեի և Կարինե Աշուղյանի մենազրույցը «Հմայիլների» շուրջ

18449916_1345124065540862_1789405439_n

Մանասե — Քո «Հմայիլներում» Մ. Ցվետաևայի հատկանշած Անմահությունից Տարագրվածի թախծությամբ ես նայում մահկանացության կնիքով կնքվածների` երկրայինների այս տանը, որովհետև` «Մեկն իմ անունով գնում է, գալիս… Մի բոլորովին ուրիշ, ուրիշ  օր:    Հենց ես եմ գալու, Ես գալու եմ դեռ» / «Ուրիշ ես»/: Միայն դու գիտես` քո այդ ո՞ր ես-ի բացակայությունն է, միայն բանաստեղծները գիտեն` նյութեղենը որքան օտար է իրենց, որքան անհարիր` այն եթերայինին, որ բանաստեղծողի կերպն առած` շրջում է Երկնային արքայությունում: Եղել են տարագրվածներ, որ բերկրանքով են ընդունել այդ բացակայությունը, քանզի նյութեղեն ներկայությունը ստորադասված է նրան, ինչը նյութից անդին է և չափվում է Ժամով Հավերժի:

Կարինե Աշուղյան— Երկնային արքայությունից տարագրված բանաստեղծն այս թիթեռակյաց օրերի ահասարսուռ-քնքույշ թախծի ու զմայլանքի մեջ զբաղված է հենց հմայախոսությամբ. նրա գիրը հմայիլ ու թովչություն է` հղված Հավերժի ժամին նույնացվող Մահվանը և Անմահությանը, Վերջին և Սկզբին: Երևի, ոչ ոք բանաստեղծի չափ չի վախենում մահվանից, և ոչ ոք բանաստեղծի չափ չի հավատում անմահությանը. ապրելու թրթիռն այնքան սքանչելի է, որ անհնար է չսարսափել վաղ-ուշ վրա հասնող վախճանից և նաև չհավատալ, որ ինքնագիտակցված այս կյանքը չի կարող երբևէ դադարել: Բանաստեղծը սարսափում է, երևի, մտահոգությունից, որ Անմահությանը հղված Հմայիլները կարող են կիսակատար մնալ, և «հաղորդագրությունները» կարող են կես ճամփին մնալ: Ու նաև չի սարսափում, որովհետև հավատում է անմահությանը և գիտե, որ կոչնակը հնչելու է ճիշտ Հավերժի ժամին:

— «Մարմինդ վեր է տարածությունից և ժամանակից»` խենթ պահին վարգող նժույգին ես դիմում  «Անուններ» բանաստեղծության մեջ, դիմում ես ճախրանքի պահին ամպեր գրկած թռչունին, ոսկելողակ ձկանը… դիմում ես ու խոստանում` «Մի օր կհիշեմ ուրիշ անուններ»: «Զանգակաձայն» ու «զվարթ» անուններ ես խոստանում հավատավորի բերկրությամբ: Ի դեպ, այս բանաստեղծությունը կարելի է մեկնել իբրև նշանագիտական մի հմայիլ, որ ասես  երկրային իրերը ուզում է   եղծանումներից փրկել, անխաթար պահել: Մեր ժամանակների մեծագույն խզումներից մեկը իրերի և նրանց անունների փոխօտարումն է, խորթացումը. մեր ներաշխարհային հայելիացումները, պարզվեց, ոչ թե դաշնությամբ են գոյել մեզ հետ, այլ չարաբաստ տեսիլքվել են` մեզ հասցնելով բնազանցական վիհեզրերին: Դու կորուսյալ հաշտությունն ես, ահա, երազում: Հնարավո՞ր է:

— Իրերի և անունների փոխօտարումը, սակայն, բոլոր ժամանակների խզումն է. հայելին, որի մեջ տեսնում ենք ինքներս մեզ և ողջ աշխարհը, միշտ էլ այս կամ այն չափով «ծուռ» է կամ փշրված: Մարդունհ երբեք տրված չէ իրերի և անունների ներդաշնությունը: Եվ դարձյալ միայն բանաստեղծի արյունն է պաղում բնազանցական այդ վիհեզրերից հնչող թովիչ մահերգից: Երբ փիլիսոփան է ճիգ անում`  հասկանալու իրի և անվան փոխհարաբերությունը, զատորոշելու նրանց կատեգորիալ առաջնայնությունը, նա ամենևին խնդիր չունի նայելու վիհի հատակը:

Զանգակաձայն և զվարթ անուններով վերակոչվելու մղումն, ահա, քաղել եմ զգայելի- մտածելի ամենայնից, որովհետև ողջ գոյավորն է հղի նախնական ներդաշնության վերագտնումի սպասումով:

-Հիշու՞մ ես Պիեռ Բեզուխովի`«Այս ամբողջը ես եմ» հայտնատեսական բերկրանքը, այսպես ողջը կամաց- կամաց վերածվում է Հուշի-Հիշողության «Ես դառնում եմ հիշողություն»:

-Մենք ամենքս շարունակ զբաղված ենք դրանով` կամա թե ակամա, գիտակցված, թե` չգիտակցված: Պարզապես Հիշողության վերածվելու բանաստեղծի զգացողությունն է բացառիկ. անհուշ չլինելու-չդառնալու ոչ մի հատուկ ջանք չթափելով` նա լցվում ու լցվում է Ձայնի, Գույնի, Բույրի` Կյանքի հիշողությամբ: Ինչ- որ իմաստով նա ընդամենը սափոր է, որտեղ լցվող հիշողություններից, ինչպես խմորվող խաղողից` գինին, ծնվում են հմայիլները:

-Բանաստեղծումի աստվածացումը. խա ոչ միայն քո` բանաստեղծի ենթադրվող բնազդով է` աստվածացնել այն, ինչը միջոց է վերերկրայինին հաղորդակցվելու, այլ խիստ գիտականացված, գոնե այն տեսության համաձայն, որ կյանքը գենային ալիքների ծնունդ է, այլ կերպ ասած` ձայնի-ալիքի-հնչյունի… բանաստեղծական բնազդը և գիտական վավերումը :

-Եվ այնուամենայնիվ, բանաստեղծումի աստվածացումը նախ և առաջ բնազդով է, և որ արդի բնագիտությունը երկրային կյանքին ալիքային բնույթ է վերագրում, իսկ բնագիտության փիլիսոփայությունը և գոյաբանությունը վավերացնում են կյանքի` ձայն-հնչյուն լինելը, ընդամենը ռացիոնալ ճանապարհով իռացիոնալ ճշմարտությանը վերադառնալու է նման: Բանաստեղծության մեջ այդ բնազդը, ներըմբռնումն ու իմացականությունը այնպես սերտորեն են միահյուսված, ինչպես ձյան մեջ` ճերմակությունն ու պաղությունը:

Մանասե-Գոյի հրաշքներից մեկը փոխակերպվելն է՝ մետամորֆոզը, որ բանաստեղծումի դեպքում դրսևորվում է հեղինակային ես-ի տարամիտվածությամբ` ինքնադիտարկում իր սեփական այլացումներում: Սա ընդգրկված է քո «Նորավեպեր» շարքում, որ բացվում է Ֆ. Կալոյի իտերացիոն մի նկարով: Ի դեպ, այս շարքի «Էնեականը» իտերացիայի հեղինակային ես-ի հայլացումները այլ ես-երի մեջ. «ուրիշ ես» օրինակ է` ըստ հայտնի անտիկ ստեղծագործության:

Կարինե Աշուղյան-Բանաստեղծը միշտ է կրում իր մեջ Այլացումներ: Երջանկություն փնտրելու և կատարելության հասնելու նույն ճանապարհին պատահող այդ Այլացումները իրականում դարձյալ իրի և անվան առավել կամ պակաս ներդաշնություններն են:

— Փոխակերպումներն ավելին են, քան միևնույն ես-ի տարակերպ այլացումները, առավել ևս բանաստեղծական հայեցաձևը նաև փորձ է` միահյուսելու Տարագրվածի փիլիսոփայությունը քո այն ինքնակեցությանը, որը «Վեր- Հուշի» մեջ է, այսինքն` դու այլ ես-երից հետո ընդունում ես միայնությանը դատապարտված մնալու անխուսափելիությունը` «Միայնակ կին, Ավելի միայնակ, Քան պարզապես մարդը, Քան պարզապես կինը, Քան մայրը միայնակ»:

-Իսկ մտահասանելի այն ո՞վ կամ ի՞նչն է, որ միայնակ չէ` անտառի ծառը նույնքան մենակ է, որքան բացատինը, որևէ բզեզ նույնքան է մենակ, որքան աստղը` անհաշիվ աստղերի կողքին: Աստվածներն էին մենակ` դիցարաններում, և մեն- միակ Աստված է մենակ: Տիեզերքն է մենակ, անգամ, եթե ուրիշ, մեր գիտակցությանն անմերձ Տիեզերքներ կան` դրանք էլ ինչ- որ համակեցություն են կազմում, որ դարձյալ  ինքնին  մեկն է ու մենակ: Մեկը հենց գոյության գաղտնիքն է և գոյության միակ հնարավորությունը: Իսկ բանաստեղծությունը նաև միակության- մանակության հուզական բանաձևումն է, թերևս:

-Մենք հանգում ենք միայնության փիլիսոփայությանը, ինչը  «Հմայիլների» առանցքն է, և ինչը դարձյալ ենթարկված է յուրատոսակ իտերացիայի, Մարկեսն է ասում ` «Ես մի գիրք եմ գրել, մնացյալներն այս մեկի այլացումներն են»/:

-Այդպես է, երևի, ամեն գրողի դեպքում: Ու ես էլ, երևի, ինչ էլ որ այսուհետ գրեմ` բանաստեղծություն, արձակ, թարգմանություն կամ նույնիսկ հոդված ու

հրապարակախոսություն, միևնույն է, դրանք կմնան հմայիլների այլացումներ:

-Հանկարծ, մեր մտածումներից դուրս,  մտածեցի, որ չարացած-թունավոր մեկ-

երկուսը, վախենամ` ավելի չարանան- թունավորվեն, այն տեսակից, ում թվում է` իրենց   «ճաշակով  ու  թույլտվությամբ» գրողը պիտի գրի և ակնկալի գնահատում ու սեր:

-Նկատի ունես գրականությամբ «զբաղվող», մարդկանց ցավ պատճառելու հաշվին ապրող, ճշմարիտ արժեք ունեցող ամեն ինչի վրա վայրահաչող կատաղի մեկ-երկու «լրագրողի՞» Ի սեր Աստծո, իրենց այլացումներն էլ չարությունն ու թույնն են. ուրիշ ի՞նչ անեն…  Իսկ գրողը` նա, մյուսը, էակից- հոգեկից բոլորը գիտեն, որ շատ աստղերի լույսը փոշիանալուց-անէանալուց միլիարդավոր լուսատարիներ անց է միայն տեսանելի դառնում: Եվ գրողը հենց այդ աստղային խաղաղությամբ պիտի հաշտ լինի իր փառքի լուսարձակմանը` իր Անվան ու Բառի, իր ներդաշնության լույսի առկայծմանը: Իսկ այսօր և այստեղ, այսինչի և այնինչի կողմից հռչակումն ու գովազդը, խոսքն այն բացառիկների մասին չէ, ում ապագայի փառքի վերհուշն ազդարարում են հրաշքով այստեղ և այսօր իր կողքին գտնվող բացառիկները, որևէ կապ չունեն Անմահության և  Հավերժի հետ: Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

 

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք