Իրանական ժամանակակից պոեզիա

2980494

Անհայտ կորածը

 

Անհայտ կորել է

կապույտ գիշերանոցով

երիտասարդ մի կին

որ ունի կրծոտված դեղին մատիտ

ի սեր Ձեր մայրերի

այդ մասին չխոսեք

 

 

Ուսապարկ

 

Ես կյանքից ինչ եմ ուզում

երաժշտության մի քանի ձայներիզ

և մի հնամաշ ՙՓլեյեր՚- ականջակալ

մատիտ

թուղթ

կամ օրաթերթի սպիտակ մի անկյուն

ու մի գավաթ կաթ

պահեր

վայրկյաններ

ժամեր

 

ես կյանքից ինչ եմ ուզում

կապույտ մի շապիկ և ջինս

անանուխի համով մի քիչ կոնֆետ

և շվվացնել փողոցների մայթեզրերին

երեկոները

ուրբաթները

գիշերները

 

Ես կյանքից ինչ եմ ուզում

զրուցել գողերի հետ

մարդասպանների

մարմնավաճառների

գնալ սրճարան սրբերի հետ

մարգարեների

կախարդների

իրավունքի ու ծիծաղի ու թեյի բաժանում

գրել մի բանաստեղծություն

աշխարհի զուգարանի պատին

որ ինչպես մի մանրաքար

մնա կոշիկների մեջ

օրեր

տարիներ

դարեր…

 

 

Իմ կյանքը

 

Ինձ մի սիրիր

ես դեռ չծնված

սիրահարվեցի մեռած մի մարդու

որ քար չուներ իր գերեզմանին

Ինչպիսի՜ տղամարդ…

ինձ մի սիրիր

Իմ տղամարդը

որ սիրահարված էր մի օր

մեռած մի կնոջ

քնած է ոտքերիս տակ

ինձ կանչում է հազար ծանոթ անուններով

ինչպիսի՜ ձայն…

Ինձ մի սիրիր

ես նրա գերեզմանաքարի համար

փորձում եմ գտնել ամենագեղեցիկ գրությունը

և հայտնաբերել նրա ծննդյան թվականը

ինչպիսի՜ ծնունդ …

 

 

 

Հույս

 

Մարմինդ երբեմն կապույտ

երբեմն կարմիր

ծիածան է մարմինդ մայրիկ

մեր հարյուր թումանանոցները

տղամարդու օծանելիքի բույրը ունի և

հացթուխը մեզ հետ բարի չէ մայրիկ

կմեծանամ

քեզ համար հազի օշարակ կառնեմ

քրոջս համար

հազարերանգ գունավոր մատիտներ

Ծիածանը կվերադառնա երկինք

և գիշերները կքնենք քո կողքին

 

 

Ռաշիդ խան

 

Այս ժպիտը շրթունքներիս

«Բուրժուա» շրթներկ չէ

բնական է թարթիչներիս կորությունը

դիմափոշի չեմ քսել

իսկ աչքերիս փայլը

ոչ մի պարուհու աչքերում չես գտնի

 

Երբ գնաս

կհանգչեն ճրագները

և քո Սինդրելան

կվերսկսի

գետինը լվանալ

 

 

Մատով գրված բանաստեղծություն սեղանի փոշու վրա

 

Ուզում էի ծիծաղել

ոչ ոք չկար

գլուխը պատի ուսին

քուն էր մտել հայելին

պատուհանը հմայված էր լուսնով

Ուզում էի ծիծաղել

ոչ ոք չկար

 

Իսկ հետո

 

Քո չմարված ծխախոտը

նետեցիր իմ չոր անտառը մոլոր

հետո

հարցրիր

«Հո չխանգարեցի»

ծիծաղեցի

«Ոչ մի դեպքում»

 

 

Կարմիր կապույտ նշանը

 

Ասում է

սիրում է ինձ

քեզ նման

Ասում է

ամենագեղեցիկ կինն եմ աշխարհի

ճիշտ քեզ նման

Սիրում եմ նրան

ինչպես քեզ

Եվ մտածում եմ

արդյո՞ք կխաղա մի օր

իր գլխարկի եզրի հետ

 

 

 

Կորածը

 

Մի ամբողջ շաբաթ համառում էի

ուզում էի ինձ հրավիրես քո տուն

ներիր ինձ

Այսօր այս ամենը, ինչ կորցրել էի այդ ընթացքին

գտա քո սենյակում

Արծաթագույն գլխազարդս

կապույտ ժապավենը վարսերիս

յոթամյակիս լուսանկարը

և

քո բարի սիրտը

իրոք ինձ ներիր

 

 

Ծնունդ

 

Արթնացիր

Սոհրաբ

երբ քնած են մարդիկ

չպետք է քնենք

պետք է կյանքը գողանանք

կիթառդ բեր

Սոհրաբ

սիրտս խելացնոր մի պար է ուզում

ժամանակ չկա

սև ագռավի չափ հո չեմ ապրելու

դե պրծիր այ մարդ

լուսաբացից հետո

պետք է դառնամ միանձնուհի

ժողովրդին ասեմ

բարև

բարև

բարի օր ձեզ

 

 

Կենաց

 

Նստում եմ ամենահեռավոր մարդկանց կողքին

ամենաբարձր հռհռոցով

գինի եմ խմում

Աշնան պաղ գրկում

ավարտված գրկերում

պարում եմ

մոռացել եմ քո անունը

Մեծն Սուլեյման

արդեն առանց հեքիաթի էլ քունս տանում է

սովորել եմ լեզուն կենդանիների

Եվ

առհավետ շնորհակալ եմ մրջյուններից

 

 

Գերի

 

Այս աշխարհից գլուխ չեմ հանում

այս շենքը շատ բարձր է

չեմ կարող հիշել սենյակները

Աստիճանները չեն վերջանում

այստեղ ոչ մի գործ չունեմ

ոչ մի

մի համբույրի համ

թողնելուց բացի

ինչ-որ աստիճանի վրա

 

 

Պաշտոնական աշխատակից

 

Փողոցները չեն վերջանում

հուղարկավորությունը

այս փողոցում չի վերջանում

այս փողոցը կրում է եղբորս անունը

եղբայրս երբեմն գնում էր գործուղման

վերջացել է եղբորս գործուղումը

 

 

Վզնոցը

 

Բոլոր խնջույքներում

վզիս մանյակը

քո տան բանալին է

էլ չեմ խոսում այն մասին

որ ես գալու քաջություն չունեմ

իսկ դու կողպեքը փոխելու

 

 

Ծովահեն

 

Փոթորիկ էր

եկավ ու գնաց

ծովի սիրտը դատարկվեց

քանի սատկած ձուկ

մի շիշ

առանց գանձի

քարտեզի

 

 

Քեզ մատաղ, Սինդրելա

 

Լացերդ լացած լինես

գնալու օրը

դժվար չի լինի

Քունջ ու պուճախից կհավաքես

դեռ չկարդացած բանաստեղծությունները

և կխցկես ձեռքիդ պայուսակը

կապույտ շապիկը կարդուկես

կկախես կախիչից

թթված կաթը

կդատարկես զուգարանի մեջ

 

հոսանքի ստացագրի ետևում կգրես

ինձ չսպասեք

 

 

 

 

Պարսկերենից թարգմանությունը՝ Վահե Արմենի

 

Անդին 1, 2017

 

Share

Կարծիքներ

կարծիք