Նոբելյան բանախոսություն

Հեղինակ:

bob-dylan

2016 թ. գրականության Նոբելյան մրցանակը Բոբ Դիլանին շնորհելու որոշումը շատերի վրա ցունամիի տպավորություն գործեց: Սրան հաջորդեց սկանդալային ասեկոսեների շարանը, թե գրականության ամենահեղինակավոր մրցանակը վաղուց արդեն տրվում է քաղաքական նկատառումներով. 2016-ին այն տրվեց ժուռնալիստի, հիմա էլ՝ երգչի, իբր Դիլանը հրաժարվում է մրցանակից և այլն:

Սրան հակառակ հնչեցին ձայներ, որոնք Դիլանի արվեստը համարում էին մեր ժամանակների ամերիկյան մշակույթի ամենանշանակալից երևույթը, նրա երգերի տեքստերը գնահատում իբրև բարձր պոեզիայի դրսևորում, իբրև փաստարկ բերում նրան Պուլիտցերյան մրցանակ շնորհելու ձևակերպումը («Հանրահաճո երաժշտության և ամերիկյան մշակույթի վրա ունեցած մեծ ազդեցության համար, ինչը դրսևորվել է բանաստեղծական բացառիկ ուժով օժտված քնարական կոմպոզիցիաներով»), այն, որ նրա բանաստեղծությունները վաղուց տեղ են գտել ամերիկյան դասագրքերում, լրջագույն գրականագետներն ու գրական հանդեսները բազում հոդվածներ են նվիրել նրա տեքստերի ուսումնասիրությանը, իսկ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը իր քարոզներից մեկի համար, որին ներկա է եղել երկու հարյուր հազար մարդ, նյութ է ընտրել Դիլանի հիմներից մեկի տեքստը և այլն, և այլն: Դիլանի կոմնակիցներից մեկն էլ առաջ է քաշել խիստ բնորոշ տեսակետ, թե պարտադիր չէ, որ բարձր գրականությունը անպայման լինի ինչ-որ ծանրակշիռ վեպ (բայց Դիլանը նաև վեպի հեղինակ է) կամ այդ տիպի այլ ստեղծագործություն: Բարձր գրականություն կարող է լինել նույնիսկ ամենափոքրիկ «խաղիկը», իսկ այդպիսիք Դիլանի գործերում բազում են:

Ինքը՝ Դիլանը, կարծես փոքր-ինչ ապշահար, բայց խորին ակնածանքով է ընդունել Նոբելյան մրցանակին արժանանալու լուրը (ի դեպ, նրա թեկնածությունը լրջորեն քննարկվել էր նաև անցյալ տարի), ինչը արտահայտվել է նաև նրա Նոբելյան բանախոսության մեջ, որը նրա զբաղվածության պատճառով (Դիլանը 1988 թվականից հայտարարել է համերգների «անընդմեջ» շրջագայություն, որը շարունակվում է առ օրս, և տարեկան տալիս է շուրջ երկու հարյուր համերգ) և խնդրանքով հնչեցրել է Շվեդիայում ԱՄՆ դեսպանը:

Տասնյակ «Գրեմմիների», «Օսկարի», «Պուլիտցերյան» մրցանակի դափնեկիր, ԱՄՆ բարձրագույն շքանշանների ու մեդալների ասպետ, երգիչ, երգահան, բանաստեղծ, արձակագիր, դերասան, ռեժիսոր ու նաև գեղանկարիչ Բոբ Դիլանը (Ռոբերտ Ալեն Ցուկերման) ծնվել է 1941 թ. Միննեսոտա նահանգի Դուլուտ քաղաքում, հրեա ներգաղթյալների ընտանիքում: Հայրական կողմը ծագում է 1905 թ. Օդեսայի հրեական ջարդերից մազապուրծ մանր առևտրականներից (հավանաբար այստեղից էլ նրա բնազդական ընդվզումը բռնության և խտրականության դեմ), մայրական կողմը սերում է լիտվական հրեաներից, որոնք, ի դեպ, ըստ Դիլանի մի խոստովանության, ծագում են Թուրքիայից և կրել են Կիրգիզ ազգանունը: Բանաստեղծություններ սկսել է գրել տասը տարեկանից, գրեթե այդ տարիքից էլ տարբեր խմբերի հետ համերգներ է տվել, և ահա արդեն կես դարից ավելի հանդիսանում է ռոք և ֆոլք երաժշտության ամենանշանավոր կուռքերից մեկը:

Նոբելյան մրցանակի է արժանացել «Ամերիկյան երգի վեհ ավանդույթների շրջանակներում պոետիկ նոր դրսևորումների համար» ձևակերպումով:

Ինչպես խորհուրդ է տվել Նոբելյան հանձնախմբի ներկայացուցիչը, նրա երգերը պետք է «կարդալ»:

 

Նոբելյան բանախոսություն

 

Բոլորին բարի երեկո: Ես ամենաջերմ ողջույններով եմ դիմում Շվեդական ակադեմիայի անդամներին և բոլոր պատվավոր հյուրերին, որ այս երեկո հավաքվել են այստեղ:

Ես ցավում եմ, որ չեմ կարող անձամբ լինել ձեզ հետ, բայց խնդրում եմ, իմացեք. հոգով, անտարակույս, ես ձեզ հետ եմ, և ինձ համար մեծ պատիվ է այսպիսի հեղինակավոր մրցանակի արժանանալը:

Արժանանալ գրականության Նոբելյան մրցանակի… այդպիսի բան ես չէի կարող պատկերացնել կամ կանխատեսել: Մանկութ իմացել, կարդացել և ներծծել եմ նրանց ստեղծագործությունները, ում արժանի են համարել այդ մրցանակին. Քիփլինգ, Շոու, Թոմաս Ման, Պյոռլ Բակ, Ալբեր Կամյու, Հեմինգուեյ… Գրականության այդ հսկաները, ում գործերը դասավանդվում են դպրոցներում, տեղ ունեն ողջ աշխարհի գրադարաններում, և ում մասին խոսում են մեծարանքով, միշտ խորունկ հետք են թողել իմ մեջ: Հիմա այդպիսի ցուցակում նաև իմ անունն է, և դա հիրավի վեր է ցանկացած խոսքից:

Չգիտեմ, այդ կանայք ու տղամարդիկ երբևէ մտածե՞լ են, որ իրենց արժանացնելու են Նոբելի, բայց ենթադրում եմ, որ ցանկացած մեկը, ով գիրք է գրում, բանաստեղծություն կամ պիես, աշխարհի որ անկյունում էլ անի այդ գործը, հավանաբար հոգու խորքում փայփայում է այդ թաքուն երազանքը: Այն հավանաբար այնքան խորն է անթեղված, որ նույնիսկ իրենք չգիտեն դրա մասին:

Եթե ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ ասեր ինձ, որ ես Նոբելյան մրցանակ ստանալու չնչին իսկ հնարավորություն ունեմ, ես անպայման կմտածեի, որ ես նույնքան հնարավորություն ունեմ Լուսնի վրա հայտնվելու: Ընդհանրապես, այն տարի, երբ ես ծնվել եմ, և դրան հաջորդող մի քանի տարիներին աշխարհիս երեսին ոչ մեկին արժանի չեն համարել Նոբելյան մրցանակի: Ուստի ես խոստովանում եմ, որ գտնվում եմ խիստ բացառիկ հասարակության մեջ, եթե չասեմ ավելին:

Ես համերգային շրջագայության էի, երբ ստացա այդ ապշեցուցիչ լուրը, և այն բանի համար, որ այն գիտակցեմ ինչպես հարկն է, պահանջվեց բնավ էլ ոչ մեկ րոպե: Ես սկսեցի մտածել Վիլյամ Շեքսպիրի՝ գրականության այդ վիթխարի անհատի մասին: Հավանաբար նա իրեն դրամատուրգ էր համարում: Նրա մտքով իսկ չէր անցնում, որ ինքը գրականություն է գրում: Նրա խոսքերը գրվում էին բեմի համար: Դրանք նախատեսված էին արտասանվելու, ոչ թե ընթերցվելու համար: Երբ նա ստեղծում էր «Համլետը», ես վստահ եմ՝ բազում բաների մասին էր մտածում. «Դերասաններից ո՞վ կկարողանա ավելի լավ խաղալ այս դերերը», «Ինչպե՞ս պիտի սա բեմադրել», «Արդյոք ինձ իսկապես պե՞տք է, որ այդ ամենը տեղի ունենա Դանիայում»: Անշուշտ, նրան առաջին հերթին զբաղեցնում էին ստեղծագործական տեսլականը և պատվախնդրությունը, բայց նաև հարկ էր լինում մտորել ու գլուխ հանել առավել երկրային խնդիրների մասին. «Մեզ փող տվե՞լ են», «Այս հատվածները արդյոք լա՞վ են իմ հովանավորների համար», «Որտեղի՞ց գտնեմ մարդկային գանգ»… Ես պատրաստ եմ գրազ գալու, որ նրա մտքով իսկ չի անցել հարցը, թե՝ «Գրականությո՞ւն է արդյոք դա»:

Երբ դեռ պատանի ես սկսեցի երգեր հորինել, և նույնիսկ այն ժամանակ, երբ իմ ունակություններով կարողացա ինչ-որ ճանաչում ձեռք բերել, այդ երգերի հետ կապված իմ ակնկալիքներն իրենց սահմանն ունեին: Ես ակնկալում էի, որ, հնարավոր է, դրանք կարող են հնչել սրճարաններում կամ բարերում, գուցե հետագայում, այնպիսի տեղերում, ինչպիսին են, օրինակ, «Կարնեգի հոլը», Լոնդոնի «Պալադիումը»: Եթե երազանքներիս գրկում ես իսկապես շատ էի վեր բարձրանում, հնարավոր է՝ երևակայում էի, որ ինչ-որ ժամանակ ձայնապնակ կթողարկեմ և հետագայում ռադիոյով կլսեմ իմ երգերը: Ահա թե ինչ իսկապես խոշոր պարգև էր իմ մտքում: Ձայնապնակ թողարկելն ու իր երգերը ռադիոյով լսելը նշանակում էր, որ քեզ համար ի հայտ է եկել մեծ լսարան, և քեզ, հնարավոր է, կհաջողվի հետագայում էլ զբաղվել նրանով, ինչին ձեռք ես զարնել:

Դե ինչ, նրանով, ինչին ես ձեռք եմ զարնել, զբաղվում եմ վաղուց: Ես ձայնագրել եմ տասնյակ ձայնապնակներ և հազարավոր համերգներ տվել ամբողջ աշխարհով մեկ:

Բայց այն ամենից, ինչ ես անում եմ, ինձ համար կենսականորեն կարևորը իմ երգերն են: Կարծես թե դրանք իրենց տեղն են գտել այլևայլ մշակույթների շատ ու շատ մարդկանց կյանքում, ինչի համար ես երախտապարտ եմ:

Սակայն ահա թե ինչ պիտի ասեմ. իբրև երգասաց ես հանդես եմ եկել և հիսուն հազար, և հիսուն մարդու առջև, ու կարող եմ ձեզ հավաստիացնել, որ հիսուն մարդու համար ելույթ ունենալն ավելի դժվար է: Հիսուն հազար մարդը մի դեմք ունի, իսկ հիսուն հոգին բոլորովին այլ բան է: Ամեն մարդ յուրահատուկ, առանձին անհատականություն է, աշխարհ ունի իր մեջ: Նրանք ընդունակ են ամեն ինչ ավելի հստակ ընկալելու: Այդտեղ փորձության է ենթարկվում քո ազնվությունը և այն, թե ինչպես է այն համակեցվում քո տաղանդի խորության հետ: Ինձնից չի վրիպել, որ Նոբելյան հանձնաժողովի կազմը այսքան փոքրաթիվ է:

Բայց, Շեքսպիրի նման, ես էլ եմ հաճախ տարվում ստեղծագործական խնդիրներով, ապա և սկսում գլուխ կոտրել երկրային խնդիրների վրա. «Երաժիշտներից ո՞վ ավելի լավ կնվագի այս երգերը», «Արդյոք ճի՞շտ ստուդիայում եմ ձայնագրվում», «Արդյոք ճի՞շտ տոնայնությամբ է այս երգը»: Որոշ բաներ երբեք չեն փոխվում, նույնիսկ չորս հարյուր տարվա մեջ:

Երբեք ժամանակ չեմ ունեցել ինքս ինձ հարցնելու՝ Գրականությո՞ւն են արդյոք իմ երգերը: Այդ իսկ պատճառով էլ ես Շվեդական ակադեմիային շնորհակալ եմ և՛ այն բանի համար, որ ժամանակ է վատնել այդ հարցը քննարկելու վրա, և՛, վերջին հաշվով, այն բանի համար, որ նա դրան տվել է այսպիսի հրաշալի պատասխան:

Լավագույն մաղթանքներս ձեզ:

Բոբ Դիլան

 

 

Թարգմանությունը՝ Հակոբ Սողոմոնյանի

Անդին 1, 2017

 

 

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք