Պարզ ու հստակ. Մտազեղումներ a la Musil

IMG_0479

Ողջ մարդկային իմացությունը

կամ փորձառություն է, կամ մաթեմատիկա

Ֆ. Նիցշե

Չլինելով աստվածաշնչյան ազգ,

դարձանք սուրբգրային վրիպակ:

 

 

Գրաբարը՝ պետական լեզու

 

Կարծում եմ՝ Հայաստանում պետական լեզու պետք է հռչակել գրաբարը, որպեսզի ոչ ոք չկարողանա և չփորձի անգամ ԼՊՏԱԼ…

 

Սխալմունք

 

Մենք ամեն օր մեր հավաքական թերկատար գործողություններով մոտեցրել ու ծնել ենք սույն սպառնալից իրավիճակը ու հիմա ցանկանում ենք անկոտրում մենակի ինքնամխիթարիչ, հուսադրիչ խոսքերով բացերը սվաղել…

 

Ռեալպոլիտիկ

 

Ամենը, ինչը մենք ցայս պահը տեսել ու լսել ենք, ընդամենը ազգային ու մարդկային իդեալների սխալ գործածության հատուկ դեպք է: Սա այն դեպքն է, երբ ոչ ոք ոչնչի համար պատասխան չի տալիս… և դա կոչվում է իրատեսական քաղաքականություն կամ եթե կուզեք՝ ռեալպոլիտիկ:

 

Ինչը և ինչոցը

 

Ամենն, ինչ կատարվում է, լավագույնս մտածված կատարյալ անմտություն է, մանավանդ եթե փորձես ինքդ քեզ համար պարզել ինչն ու ինչոցը: Հավելյալ խելամտություն ցուցաբերելու պարագայում մենք դժվար թե պարզունակ տափակամտությունների շրջանակից դուրս գանք… առավել ևս գերիրապաշտ ռացիոնալիզմի դիրքերից հանդես գալու պարագայում…

 

Անսպասելի հարվածի տեղավայրը

 

Մերօրյա վերլուծաբանները վերլուծելով իրավիճակը ու հավակնոտ կանխատեսումներ անելով՝ հիմնականում հակընդդեմ եզրակացությունների են հանգում: Մի հարցում միայն բոլորը միասնական են՝ լինելու է ա՛յն, ինչ լինելու է, քանզի անկարելի, այլև անիմաստ է ջանք թափել՝ կանխելու անցանկալի զարգացումները, որովհետև հարվածը մի՛շտ էլ անսպասելի տեղից է հասցվում, մի տեղավայր, կարելի է ասել՝ անմատչելի մի սրբատեղի, որն ըստ էության կամ հաշվանքի ենթակա չէ, կամ էլ այդ մասին բոլորը գերադասում են լռել՝ հանուն սեփական վերլուծաբանությունների տրամաբանված ամբողջի, թեև բոլորն էլ քչից-շատից գիտեն, թե որտեղ է վտանգը դարանակալած. մեզ պարտադրված կենցաղավարության կերպի, մեր կենսաձևի վերացարկված, հոգեխորթ ու ժամանակավրեպ տեղանքներում…

 

Մի առիթով Միշել Ֆուկոն նկատում է.

 

Այն, ինչի կարիքն ունի հասարակությունը՝ պահպանելու համար առկա գերակայող հասարակապետական վիճակները, դա անպայմանորեն չի վերաբերում հաստատագրված այդ նույն կարգերի ու նորմերի հանդեպ համընդհանուր հարգամեծարության իրողությանը, քանզի նրանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը ևս մեծագույն օգտակարություն է իր մեջ պարունակում:

Michel Foucault, De l’amitiռ comme mode de vie,

Dits et ռcrits, t. IV, Paris 1954-1988, pp.163-167.

 

Զիա՞րդ եւ ընդե՞ր

 

Այս օրերին ամենուր և բոլորից նույն բանն ես լսում. մենք պե՛տք է վերափոխվենք, կերպափոխվենք, սառը ցնցուղ ընդունենք՝ ազնվանանք, ուժեղանանք, գիտելիքահենվենք… Ասվում է նաև, թե ինչո՞ւ և ինչպե՞ս… կամ որ ավելի արտառոց դեպք է՝ զիա՞րդ եւ ընդե՞ր… Անհասկանալի է մնում միայն, թե մենք ասելով մենք այդ ո՞ւմ նկատի ունենք, և որ ամենակարևորն է՝ որտե՞ղ և ե՞րբ… Մանավանդ որ մենք միմյանց հանդեպ գոյություն չունենք…

 

Դա էլ հո Կա՛նտն է ասել

 

Իրատեսական քաղաքականություն — չանել այն, ինչը շատ կուզենայիր անել: Փոխարենը՝ կարելի է մարդկանց քո կողմը գրավել՝ կատարելով նրանց մանր-մունր ցանկությունները: Իրատեսական քաղաքականությունը չպետք է անձնատուր լինի գաղափարի տիրապետությանը, այլ պետք է առաջնորդվի գործնական պահանջմունքով: Գեղեցիկ և հասարակականորեն օգտաշահ գաղափարները, բնականաբար, ամեն ոք ուրախությամբ կուզենար իրականացնել, դա ինքնին հասկանալի է: Կնշանակի՝ պետք չէ անել հենց ա՛յն, ինչը շատ ես ուզում անել: Դա էլ հո Կա՛նտն է ասել…

 

Մեխի հետ վարվեցողության կանոններից

 

Ավելի իրականությանը մոտ է, թեև ցավեցնող, մեխին բռունցքով հարվածելը, քան շատրվանի մեջ մեխ խփելը, մանավանդ որ վերջինս անհնարինի ոլորտից է: Բայց մենք հաճախ հենց անհնարինն ենք նախընտրում ցավեցնող իրականությունից՝ ձևացնելով, թե շատրվանի շիթը հնարավորինս ամրակայունություն ունի՝ իրականացած երազների հանգույն:

 

Բարեկամական հորդոր

 

Հայոց պատմությունը բազմիցս փաստում է, որ ազգս, լինելով հերոսական՝ ոգով և մարմնով, անհրաժեշտության պահին հիմնականում չի հասցնում իր այդ բնատուր հատկանիշը գործադրել՝ առավելապես ծանոթ-բարեկամի անբարեպատեհ հորդորներին անսալով…

 

Դոն Նազար և Քաջ Կիխոտ

 

Վախենամ թե մենք այսօր քաջնազարականության գաղջ ու մակաբույծ հետնաբեմերից սահունագույնս թևակոխում ենք դոնկիխոտության պատրանախոստում առաջնահարթակը, երբ գոյապատմական աղետներից մազապուրծ՝ հանգամանքների բարեբաստիկ, թե դժպատեհ բերումով, հայապահպանության վերջին փշրանքները՝ հունդ ու արմտիքով հանդերձ, ուժածվատիչ հողմաղացների բերանն ենք տալիս՝ թերահաշվարկի ըմբերանումով…

 

ԵՀԱԿն ընդդեմ ԵԱՀԿի

 

Եթե որոշեի կուսակցություն հիմնել, հաստատ այն կանվանեի ԵՀԱԿ — Երանի Հոգով Աղքատներին Կուսակցություն: Կարծում եմ՝ հետևորդների պակաս չեմ ունենա: Կուսակցությունում կհավաքագրվեն բոլոր երանյալները, հոգեշնորհներն ու աղքատախնամները: Դուրս կմնան, թերևս, աներանյալները, հոգեխորթներն ու բիրդան աղաները: Արտաքին վտանգները կդիմագրավվեն, ներքինները կանմեղսագրվեն: Սվիֆթի ասած՝ Եհուներն ու Հուիհըմհըմներն էլ կչքմեղանան: Տեսնես բանուգործը թողած քանի՞ կուսակից կկարողանամ հավաքագրել սույն հույժ հայ-քրիստոնեական, բայց, ըստ էության, ոչ հայեցի և ըստ այդմ անհրապուրիչ գաղափարի շուրջ:

 

Լավ է ուշ, քան ուշահայտ

 

Հայության հավաքական միտքը, ինչպես որ հայի հետին խելքը, ՈՒՇԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ խարանով է դրոշմակնքված: Մենք միշտ ուշանում ենք ակնբախ անցանկալի երևույթները հետևողականորեն կանխելու հարցում և վերջին ճիգով ջանում ենք դիմագրավել անխուսափելին: Դրա պատճառն այն է, որ մենք մատների արանքով ենք նայում կյանքի նորահայտ մարտահրավերներին՝ թողնելով, որ մեզ 80-ականների արժեհամակարգով առաջնորդեն…

 

Հայոց դոնկիխոտականը

 

Անիվը հորինել են վաղնջահայերը, թափանիվը՝ հայ ժողովրդի դարավոր պայքարը մարմնավորող Դոն Կիխոտը, անվադողը՝ հայերիս ցնկնած հնդեվրոպացիները, իսկ ա՛յ երկանիվ-հեծանիվ եզրը հորինել է Վահան Տերյանը՝ Հոգևոր Հայաստանի իր մղձավանջներում, 1045-1918 թթ. մինչպետական շրջանում, սպասենք, թե ո՞ր անվանին կհորինի հնգանիվը, վեցանիվը, յոթանիվը, մինչդեռ բանավեճի մեջ բանը վեճ է դառնում ու կորցնում իր նախաստեղծ իմաստը. ճշմարտությունը տեղապտույտ է տալիս, մինչև որ կգա թրթուռանիվ քարշակը և անվավեր կճանաչի մեր այս անվավոր ընթացքը: Իսկ ընդհանրապես պահանջատիրության իմաստը պահանջելն ու տիրելն է և ոչ թե պահանջի տեր լինելը: Ապրանքը պետք է պահանջված լինի, բայց մենք երևում է՝ լավ չենք պահանջում կամ իրարից ենք պահանջում, դրա համար էլ մեր մեջ տարաձայնություններն են ահագնանում և ոչ պահանջի առարկայական հիմքը: Մեր պահանջը ոչ թե ոսոխից պետք է լինի, այլ մեզանից:

 

Իսկ դու ի՞նչ ես ասել Հայաստանի համար

 

Քանի որ երբեք չես իմանա, թե իրականում ով ինչ է ԱՐԵԼ, ավելի ճիշտ է մարդկանց բնութագրել այն հատկանիշով, թե ով ինչ է ԱՍԵԼ Հայաստանի համար: Հիմա չգիտեմ՝ Հովհաննես Թումանյանն ի՞նչ է արել, բայց շատ լավ գիտեմ, թե ինչ է ասել Հայաստանի համար: Եվ ընդհանրապես ողջ Արևմտահայաստանից արածները գնացին, ասածները մնացին: Հետևաբար՝ այսօր արդեն ԱՍԵԼԻՔԸ միայն պետք է հռչակվի իբրև մեր հիմնական ԱՆԵԼԻՔ: Դե գոնե այս մի հարցում նմանվենք Աստծուն…

 

 

Երջանիկ և հարուստ

 

Ամենը, ինչին մենք ընդունակ ենք, խարսխված է այն բանի վրա, որ մենք առանձնապես խստապահանջ չենք ինքներս մեր հանդեպ և, քավ լիցի, բարձրագույն իմացություն չենք ակնկալում, քանզի մեր անգիտությամբ ակնհայտորեն շատ ավելի երջանիկ ենք և սպասումներով հարուստ:

 

Արարատի ծեր կատարին

 

Ողջ ճշմարտությունը ի վերջո պետք է ասվի. ազգիս ապագան մազից է կախված, և մազարմատը կախ է տված Արարատի լերկ գագաթից…

 

Պարտադիր, բայց ո՛չ պարտադրված

 

Մեր աշխարհագրությունը մեզ հուշում և պարտադրում է փոխել մեր աշխարհընկալումը, բայց մենք ընդամենը ազգապահպանման քարոզ ենք ցնկնում:

 

Ինքնախոստովանական ցուցմունք

 

Ինչպես որ ասածներով ու չասածներով, այնպես էլ լավ կամ վատ արարքներով չի կարելի դատել մարդու մասին, քանզի մութ են դրանց կյանքի կոչման իրական դրդապատճառները: Այլ մարդու մասին պետք է դատել — սրտի թեթևացման նպատակով — անթաքույց մենության մեջ հանպատրաստից դուրս տված ինքնախոստովանական ցուցմունքներից, որ միայն Աստծուն են հայտնի:

 

Աստվածապատեհ հույս

 

Մարդ որքան հայամտած պետք է լինի, որպեսզի հույսը Աստծո կամ որ նույնն է՝ զտագույն պատահականության վրա դնի…

 

Շատ գիտես՝ քիչ խոսիր

 

Բոլորն ամեն ինչ գիտեն՝ չլինելով ամենագետ:

 

Աչալրջության հորդոր

 

Ապագան ապահով չէ այնքան, որպեսզի ողջը ինքահոսի մատնվի…

 

Կենսապնդիչ հրապուրանք

 

Եվ վերջապես, ազգային կյանքով ապրելու գաղափարը պետք է ո՛չ միայն հրապուրիչ լինի, այլև կենսապնդիչ…

 

Քաղաքական ստամբակություն

 

Քաղաքականությունը դառնում է անարհեստավարժ առտնին զբաղմունք, երբ անընթերցասեր, ներաշխարհի ճապաղությամբ մեծահարուստ համբակներն անգամ մտահասու են դառնում նրա մակերևութախոր հոգեզեղումին…

 

A POSTERIORI versus A PRIORI

 

Կյանքի ու մահվան ընկալման տարբերությունը նրանում է, որ առաջինի մասին մենք գրեթե ամեն ինչ գիտենք, թեկուզ տարակուսանքով, իսկ երկրորդի ինչ լինելը կռահում ենք a priori, բայց և ամենայն միանշանակությամբ՝ չնայած կրոնական գիտակցության կողմից այս երկուսի միջև հավասարության նշան դնելու ցօրս ապարդյուն անգիտակից մղումին…

 

Ճշմարտության գահավիժեցումը

 

Ճշմարտությունը երբեք միայնակ չի այցելում, նրա մշտուղեկիցներն են կասկածը, անարժանահավատությունը և սխալականության բարդույթը, քանի որ ճշմարտությունը բացարձակ մեծություն չէ, առավել ևս բացարձակ արժեք: Ճշմարտության հայտնագործումը ընդամենը սեփական հավակնոտությունը բավարարելու, այն ավարտական մի ինչ-որ վիճակի հանգեցնելու մոլուցք է: Այն միշտ էլ կարելի է շրջանցել, մանավանդ որ նրանով առաջնորդվելը ընդամենը սեփական կործանումն է նախապատրաստում: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, ասել է թե՝ ես հավակնոտ մեծամոլությամբ եմ տառապում:

 

Սևին սապոնն ինչ կանի

 

Սևը կարելի նաև որպես սպիտակ հրամցնել, եթե առաջինը շահեկանորեն օգտավետ է երկրորդից կամ եթե նրանց միջև սկզբունքային տարբերություն չկա կամ այնքան չնչին է, որ կարելի է արհամարհել:

 

Խոսելու մարմաջ

 

Մտքերը, ինչպես որ զգացմունքները, արտահայտված լինելու գրավչությունից են ծնունդ առնում, այլապես դրանք առիթը չէին ունենա ինքնասերվելու և ոչ իսկ կարիքը՝ ինքնապարտադրվելու…

 

Տեսլականի անգիտակցականը

 

Գիտակցաբար մշակված տեսլականը երբեք չի իրականանում: Այդ պատճառով մարդս հակված է խոսելու ձևախեղումների, փոխզիջումների, զիջումների մասին: Մարդս պետք է թևավորված լինի կյանքի ուժի հանդեպ հույսի, սիրո և հավատի առերեսումներով: Նրան անհրաժեշտ է ինքնաճանաչողություն և ուղղություն տվող գաղափար, ապագայի պատկերի կարիքը մարդս չունի:

 

Երկնաթռիչգետնատարած

 

Երբեք մի՛ կորցրեք երկնահայեցության թելը, մանավանդ եթե ժամանակավորապես կտրվել եք հողից…

 

Խոտորընթաց

 

Իրերի ընթացքն այնտեղ է, ուր նրանք կարևորություն են ձեռք բերում՝ չլինելով տրամաբանական:

 

Մարդու փնտրտուք հանուն մակդիրների՝

մեծազոր, ազնվամիտ, արդարադատ, հայրենանվեր…

 

Գրելու և պարտադրված գրելու աշխարհը լեփլեցուն է մեծազոր բառերով ու հասկացություններով, որոնք վաղուց կորցրել են իրենց առարկան: Մեծ այրերի ու ոգեզեղումների մակդիրակերտ բաղադրիչները շատ ավելի երկար են ապրում, քան նրանց վերաբերող առիթները, և այդ պատճառով շատ մակդիրներ ավելորդ են դառնում: Դրանք երբեմնի ժամանակներում ստեղծվել են ոմն երևելի մարդու կողմից մեկ ուրիշ նշանավոր մարդու համար, սակայն այդ մարդիկ բոլորն էլ վաղուց մահացած են, և նրանցից հետո իրենց կյանքը շարունակած հասկացությունները հարկ է լինում ինչ-ինչ հանգամանքներում վերստին գործածել: Այդ պատճառով մակդիրների, որոշարկիչների համար, զուտ շուկայական պահանջարկից ելնելով, մշտապես մարդիկ են փնտրվում:

 

Անհրաժեշտության ճգնաժամ

 

Մեր բոլոր ձեռնարկումներում, որ պետք է հավասարապես հասկանալ ինչպես մարմնական, այնպես էլ հոգևոր բնույթի, վերջնարդյունքում մենք մեզ պատկերանում ենք իբրև մշտատև նախապատրաստությունների գերի, որոնք ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ, և այդ պատճառով տարիների ընթացքում մեր կյանքից մարում-հանգում է անհրաժեշտության զգացումը, ինչպես հայրենասիրությունն է պարպվում հագագահունչ ճառի մեջ:

 

Ելումուտ չի՛ք

 

Մինչ մեզանից ոմանք ավել-պակաս խելամիտ կարծիքներ ենք հայտնում ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի վերաբերյալ, իրավիճակը, իրադրության ահաբեկչությամբ պայմանավորված, զմռսում է թաղկացյալ ուղեղների ելումուտի բացազատ օջախները:

 

Անզորության հաղթանակ

 

Յուրաքանչյուր առաջընթաց հաղթանակ է՝ առանձին վերցրած և անջրպետվածք՝ ամբողջի մեջ: Դա ներուժի հավելաճն է, որն իր շարունակական ընթացքի մեջ ըմբերանում է անզորություն հավելաճին, և դրանից հնարավոր չէ ձերբազատվել:

 

Լրջմտության գոյության իրավունքը՝ անվիճարկելի

 

Այս աշխարհի բոլոր լրջմիտ արարքներին, մանավանդ խոսքի լրջմիտ ելևէջանքին անլուրջ չվերաբերվելու հետևանքը կործանարար կարող է լինել նույն այդ լրջմտության բուն իսկ գոյության իրավունքի տեսանկյունից: Ասված է և ամենայն լրջությամբ է ասված. մեր գերակա նպատակն է մարդկանց կենսամակարդակի բարձրացումը: Ասվածը լուրջ ընդունելու պարագայում ստիպված ես փաստել, որ կենսամակարդակի աճը զուգորդվում է հասարակական դժգոհության երկրաչափական աճով. անգամ կայուն նվազագույն եկամուտը չի ապահովագրում արժան-անարժանի առաջ վիզ ծռելու և իր տեղը ճանաչելու անպատվաբեր սոսկանքից, իսկ արժան-անարժանն էլ սահմռկում է ասեղի անցքով ուղտի բարեհաջող սողոսկման տեսլականից: Ասվածին անլուրջ վերաբերվելու դեպքում երկուսն էլ շահում են՝ և՛ կենսամակարդակի աճից դժգոհողը, և՛ այն ամենայն լրջմտությամբ խոստացողը: Արդյունքում՝ կողմերը գոնե չեն վիճարկում գոյության իրավունքը լրջմտություն ասվածի:

 

Հանուն խղճի մաքրության

 

…և չնայած մեր հավաքական ոգու բարձրագույն որակների անհատական զեղումների հանդեպ առկա անվստահությանը, ամեն դեպքում մենք պարտավոր ենք լավատես լինել, վստահել մեր մեջ ներդրված ազնվազարմ ուժերին, հավատալ երջանիկ ապագային, այլապես մենք չենք կարող դիմակայել մեր խղճի կազմալուծիչ ընթացքին…

 

Ծնունդ և արտավիժում

 

Ինչպես որ միակ ճշմարտությունը ծնունդ է առնում բազմակարծության խառնաշփոթում, այնպես էլ միակարծության պարզաջրվածքում թաղված է մնում բազմակի ճշմարտությունների արտավիժվածքը:

 

Մտագրոհ հանուն գրոհի

 

Կյանքը ինքյան մտածելու տեղիք է տալիս… սակայն միտքը ինքնին պայթեցնում է կյանքի հեղհեղուկ սահմանները, քանզի ինքնակա ու ինքնաբավ կյանք է վարում՝ կեցության նեղլիկ սահմաններից անդին: Երբ ուղեղը սկսում է մտածել, կյանքը կանգ է առնում, ապրելը դառնում է ծեքծեքուն փոթազարդ՝ չիմացության անջրդի անապատի քարաշամբին տպված…

 

Ասածն արած չէ և ընդհակառակը

 

Ո՛չ մարդկանց ասածներին է պետք հավատալ, ո՛չ արածներին, ո՛չ էլ, առավել ևս, մտածածներին: Դրանց չպետք է հավատ ընծայել, այլ պարզապես ընդունել որպես թերասածության, զանցարարության և թերահաշվարկի հերթական դրսևորում… Իսկ ավելորդ լավատեսություն ցուցաբերելու դեպքում կարելի է հավաստել, որ դրանցում ավելի շատ ասելու, անելու և մտածական ճիգ կա, քան թե իրական արդյունք…

 

Բոլոր ասուններին և պապանձուններին

 

Այն մարդիկ, ովքեր իրենց մտածածներին ու զգացածներին չեն ուզում կամ ի զորու չեն բառային ձևակերպում տալ, նրանք այս կյանքում ո՛չ միայն չունեն ասելիք, այլև անելիք, առավել ևս շինիչ դերակատարություն…

 

Ինքնահոսի

 

Պետք չէ իզուր տեղը շատ անհանգստանալ այն բանի համար, ինչը լինելու է: Դա է հուշում աշխարհիս ամենասովորական ընթացքը:

 

Էվրիկա

 

Ամենաանպտուղ հասկացությունը՝ կատարել սեփական պարտականությունն այնտե՛ղ, որը քեզ է հատկացված: Հսկայական ուժեր ես ծախսում ոչնչի համար: Մարդուս ամենաիսկական պարտականությունն է՝ գտնե՛լ սեփական տեղը և գիտակցաբար կերտել հանգամանքները:

 

Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ

 

Ներկան հպարտությամբ և վերևից է նայում անցյալին, իսկ եթե անցյալը պատահաբար ավելի ուշ եկած լիներ, ապա նա ևս հպարտությամբ և վերևից կնայեր ներկային, բայց գլխավոր հարցում երկուսն էլ իրար հար և նման նույնություն են հանդես բերում, քանի որ և՛ այնտեղ, և՛ այստեղ վճռական տարբերությունների անճշտության տոկոսն ու բացթողումները էական դեր են խաղում: Ընդսմին՝ մասն իբրև ամբողջ է ընդունվում, հեռավոր նմանությունն՝ իբրև ճշմարտության իրագործում, և հրեղեն ու վեհ խոսքի մորթազերծված դատարկահունչ խրտվիլակը լցոնվում է օրվա քվեատուփի մեջ:

 

Անբռնազբոս ու ինքնադավ

 

Մենք՝ մարդիկս, ինքներս մեր դեմ ենք ապրում՝ չնայած արտաքուստ մեր հույժ անբռնազբոս պահվածքին:

 

Անուղղելի լավատեսություն

 

Հայրենիքի հանդեպ սերը վերակենդանացնող ցանկացած փորձ ողջունելի է:

 

Քանզի նրանք չգիտեն, թե ինչ են անում

 

  1. Ինքնագոհ ու բավարարված…, երբ ոմանց խորությունն է դժպատեհ, այլոց լայնությունը, և ոչինչ վեհությամբ չի բուրում:

 

  1. Մարդս, որ ինչ-որ գործ է անում, սովորաբար չգիտե, թե ինչու է դա անում, քանզի մարդ արարածը չի կարող երբեք առաջ ընթանալ, բայց միայն այնժամ, եթե չգիտի, թե ուր է գնում:

 

  1. Մարդուս մեջ լռության, նրբության, երկյուղած պատկառանքի և բարության պես մի բան կա, որոնք այդպես էլ չեն գտնում իրենց ճիշտ ճանապարհը, և այն կապարե համաձուլվածքը, որպիսին ճակատագիրն է մեզ բոլորիս բաժին հանում, ի վերջո մեր իդեալիզմի ծիծաղելի ձևն է ընդունում:

 

  1. Դեռևս լույս աշխարհ չի եկել այն մարդը, ով ի զորու կլինի հորդորել իրեն հավատացողներին. Կողոպտե՛ք, սպանե՛ք, անառակությամբ զբաղվեք, մեր ուսմունքն այնքան հզոր է, որ այն ձեր մեղքերի կոյուղաջուրը կվերածի ճերմակափրփուր լեռնային առվակի:

 

  1. Այսօր ոչ ոք ընդունակ չէ, Նիցշեի բառերով ասած, հանուն ճշմարտության կրելու հոգևոր քաղցը: Սակայն դեռ կարելի է հույս փայփայել, որ կգա այն հեռավոր օրը, երբ մտքի տիրակալների ցեղախումբը, ամպերից ցած իջնելով, ոտք կկոխի հոգևոր պտղաբերության հովիտները:

 

Համարենք ճշմարիտ և ազնիվ

 

Աշխարհը կխորտակվեր, եթե ճշմարիտ համարվեր այն ամենը, ինչն այդպիսին է ընդունվում, և թույլատրելի համարվեին բոլոր ազնիվ համարվող մտադրությունները, որոնք այդպիսիք են թվում:

 

Որքան տափակամիտ՝ այնքան հասկանալի

 

Որևէ մարդու իրական նշանակության գլխավորագույն հատկանիշն ամփոփված է իր ժամանակակիցների առաջ ինքզինքը հասկանալի դարձնելու ընդունակության մեջ…

 

Անտրամաբանական ազգեր

 

Համաշխարհային պատմության մեջ անտրամաբանական ոչինչ տեղի չի ունենում: Անտրամաբանական են լոկ առանձին ազգերի մատից ծծած հավակնությունները ավելիին հասնելու՝ տրամաբանված ամբողջի սահմաններից անդին, մանավանդ ձեռքերը ծալած ու ուղեղն անջատած հոգեվիճակում:

 

Բարգահավաճ ծովածավալ

 

Դույզն-ինչ հոռետեսության նշույլը, որ ցոլանում է յուրաքանչյուր հանրահռչակված ոգեպնդիչ կարգախոսի մեջ, մեծագույն արժանահավատությամբ է շղարշում հետամտած իրական ձեռնարկմանը, իսկ ծովածավալ լավատեսության համար հիմք է ծառայում այն, որ եղածից ավելի վատը պարզապես հնարավոր չէ… պատկերացնել:

 

Սրտակեղեք ուղեղնամորմոք

 

Մարդկային ուղեղը հաջողությամբ տարաբաժանում է առարկաները՝ մաս առ մաս, սակայն առարկաներն էլ, իրենց հերթին, բաժան-բաժան են անում մարդկային սիրտը՝ հանապազ…

 

Պահանջված ճիշտ

 

Ամենուր և ամեն ինչում ճիշտ լինելու կամ այդպիսին երևալու հակումը՝ մի կենսապահանջմունք, որը գրեթե հավասարազոր ու համադասված է մարդկային արժանապատվությանը, իրական պատճառն է հասարակական համակեցության ոլորտում գործվող հիմնարար ավերածությունների:

 

Անպատասխանատու ազատություն

 

Երբ պատասխանատվությունը կորսվում է հազարավոր կապակցումների մեջ, մարդս ընկնում է ազատության կասկածելի դրության մեջ: Քանզի մարդս առնչվում է աշխարհային ճշմարտությունն զգալու դժպատեհությանը: Հակառակ համընդհանուր նախապաշարման՝ դրա համար, թերևս, ավելորդ մանրախնդրությունն է պակասում մարդուս…

 

Անենթակա ստորոգում

 

Մակդիրահեղց եսասիրության դժգունած, այսպես կոչված քերականական ստվերը ամուր կառչած է մնում մեր յուրաքանչյուր գործողությանը, քանի դեռ գոյություն չունեն ստորոգյալներ առանց ենթակայի:

 

Ասպարեզում են մեծը, միջինը և դույզը

 

Հավանաբար մարդուս ՄԵԾադղորդ մտային կորովը, ՄԻՋԻՆ հաշվով, կարիքն ունի ԴՈՒՅԶՆ-ինչ նեղացման, որպեսզի ծավալվելու ԱՍՊԱՐԵԶ ունենա:

 

Եղանակի տեսություն

 

Առաջիկա օրերին բարձրլեռնային և ցածրադիր գոտիներում սպասվում է անսպասելին, քանի որ Հայաստանի երկնոլորտային շերտը կազմավորող օդերևույթը և ընդերքի պեղումնառատ հողերևույթը շա՛տ են հայկական, և հետևաբար եղանակային վայրիվերումները հույժ կանխատեսելի են, այլև կառավարելի, թեև փոփոխական…

 

Անմեղապարտ ու բազմամեղ

 

Բոլոր մարդիկ անմեղ են, քանի դեռ նրանց մեղքը ապացուցված չէ կամ երևույթին առանձնապես կարևորություն չի տրվում: Օրինակ, երբ ասվում է. ի¯նչ մեղքս թաքցնեմ, ես էլ այսինչին անմեղ մարդու տեղ էի դրել, ճի՛շտ է, սա չի տեղավորվում իմանալ-չհայտնել մեղսակազմի մեջ, բայց այնուամենայնիվ իրենով մեկ այլ մեղսակազմ է հրահրում, այն է՝ չիմանալը մարդուն չի ազատում պատասխանատվությունից, իմա՝ մեղքի գիտակցումից: Բայց կան և այնպիսիք, որ չգիտեն, որ իրենք գիտեն, կամ իրենց թվում է, թե ուրիշները չգիտեն, որ իրենք լավ էլ գիտեն, այդպիսիք անմեղսագետ են: Կան և մեղսադիրներ, որ նաև մեղսազանց են ու մեղապարտ… Պարզ ասած, ուզում եմ ասել, որ սև կատվին կարելի է գտնել հենցևհենց գերմութ սենյակում, եթե անգամ սևուկն այդ ընդհանրապես չկա ու չէր էլ կարող լինել, որպեսզի նրա սենյակում լինել-չլինելու փաստը երևակվելու պես իրեն մեղսագրվեր:

 

Խարխափամիտ անձնապաստան

 

Իմաստուն ժողովուրդները ևս գլխահակ խոյանքով նետվում են հոգեմտավոր խարխափումների ծուղակը՝ հենց որ հրեղեն ու վեհ խոսքը մաղաքամվում է քաղաքական տուրևառությունների անձնապաստան մաղով:

 

Առասպել և իրականություն

 

Աշխարհաստեղծման ծեծված ու ծամծմված առասպելը՝ արարչագործության հրաշքից մակաբերված, մարդուս շեղում է ինքնաճանաչողության ճշմարիտ ճանապարհից: Հեշտ է և ուղեղի աշխատանք չի պահանջվում մատից ծծած առասպելների ոգով բացատրություն տալ կյանքի առաջացմանը երկրի վրա, մինչդեռ բնության պատմությունը կյանքի ինքնածնության վարկածին է հակված՝ տեղ չթողնելով գերբնական ուժերի գոյությանն իսկ: Քանզի մարդս իր բնույթով ծույլ է ու հակված է ինքնախաբեությանը տրվել: Նույնն է նաև պատմության ուսումնասիրության ասպարեզում. գիտնականները, հասարակագետները ևս հակված են առասպելականացնելու պատմական որոշակի, հաճախ աննշան իրադարձությունները՝ հենց միայն պատմական օրինաչափությունների ճանաչման կեղծ ու հորինաստեղծ առասպելը հյուսելու նպատակով:

 

FAUTE DE MIEUX — ավելի լավի պակաս

 

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք, բայց մի՛ արասցէ՝ խղճի մտօք:

 

Ալլահու աքբար

أكبر الله

 

Աստված մեծ է, խոսք չկա,

Նույն բառերն են՝ հատընտիր,

Սուրբ Գիրք, Թալմուդ ու Ղուրան,

Վեդաներն էլ վերադիր:

 

 

Անդին 2, 2017

 

Share

Կարծիքներ

կարծիք