Վերածննդի դարաշրջանի ամենաամբողջական մարդը`Լեոնարդո դա Վինչին

2340022a

Ֆլորենցիայում մթնոլորտը ճնշող էր

 

XV դարավերջի տասնամյակներ. Մեդիչիների հարստության բուռն տարիներ: Ամբողջ Ֆլորենցիան ապրում էր խիստ հակասական ժամանակաշրջան. մեծ վերելք էին ապրում ու աննախադեպ ծաղկում  գրականությունն ու արվեստը, հատկապես գեղանկարչությունը, քանդակագործությունն ու ճարտարապետությունը: Հանճարների մի հզոր աստղաբույլ էր արարչական ոգեշնչումով ստեղծում, կերտում  և եկող բոլոր ժամանակներին ու սերունդներին նվիրում հավերժող հմայքներով  անմահ կոթողներ:

Մշակութային և հոգևոր վերելքի այդ տարիներրը, սակայն, այնքան էլ անամպ ու անխռով չէին. բավականին լարված էր քաղաքական իրավիճակը. տեղի էին ունենում հասարակական հարաբերությունները խաթարող իրադարձություններ, որոնք պատճառ էին դառնում մարդկանց` միմյանց նկատմամբ խորթանալու, իրար չհանդուրժելու. ատելությունն ու վրեժխնդրությունը, թշնամանքն ու բամբասանքը, բիրտ մոլեռանդությունն ու անիրավ պատիժները, ամենուր տարածվող զրպարտանքներն ու զազրախոսությունները, քաղաքի նեղ փողոցների մութ անկյուններում նյութվող խարդավանքները, փսփսուքներով տարածվող վարկաբեկիչ պատմությունները արատավորում էին աստվածատուր շնորհներով օժտված ընտրյալների անունները, հեղինակազրկում նշանավոր անձանց: Չարափառությունը տոնում էր իր հաղթանակը, և գործելու ասպարեզ ստանում ու դափնիների էին տիրանում գրչակները, անտաղանդներն ու ապաշնորհները: Տաղանդավոր արվեստագետները (Միքելոցցոն, Արիստոտել դը Ֆիորավանտին, Ժենտիլե Բելլինին և շատ ուրիշներ) հարկադրված էին հեռանալ Ֆլորենցիայից, գնալ հեռավոր Եգիպտոս ու Սիրիա, Ռուսաստան ու Տաճկաստան` իրենց տաղանդը, հոգու ավյունն ու աշխատելու եռանդը նվիրաբերելու օտար երկրների և ժողովուրդների մշակույթի զարգացմանը:

Բանսարկելու մարդկային մանր ու ճղճիմ կրքերը չէին շրջանցում նաև երիտասարդ Լեոնարդո դա Վինչիին, որի հաջողություններն ու փառքը շատերի մեջ ծնում էին ամենայն    լավը ոչնչացնող չարաղետ նախանձն ու խանդը: Եվ ամենուր փորձում էին հնարավորինս նսեմացնել արվեստագետի անունն ու հեղինակությունը:

Լեոնարդոն նեղսրտում էր, ճնշվում. բարեկամների շրջանակը գնալով նեղանում էր, սեղմվում. ընկճվածությունը լափում էր նրա` առանց այն էլ լարվածությունից պրկված  նյարդերը: Նա մենակ էր, մեն-միայնակ իր արվեստանոցի պատերի ներսում: Այդ օրերը, սակայն, անպտուղ չէին. նկարչի ցավատանջ ապրումները, վիրավորված հոգու անասելի տվայտանքներն ու այդ ծանր հոգեվիճակին միայն իրեն հատուկ վեհ հպարտությամբ դիմակայելու կարողությունը մարմին և ոգի առան նրա` 1480 թվականին վրձնած «Սուրբ Հիերոնիմոս» Սուրբ Երեմիա») հռչակավոր կտավում, որը մնացել է անավարտ և այժմ պահպանվում է Վատիկանի կերպարվեստի թանգարանում:

Երբ դիտում ես կտավը, թվում է` անապատում ես, և որտեղից որտեղ դիմացդ հայտնվել է մի ավերակ` անապատի պես դատարկ, անապատի պես տխրազդու…Եվ այդ ավերակի ‎ֆոնի վրա ոչ այն է ձախ ծնկին չոքած, ոչ այն է չոր քարին նստած ճգնակյացն է` սուրբ Հիերոնիմոսը` դեմքով դեպի դիտողը: Ճգնավորը կմախքացած,  համարյա մերկ մարմնով, խոր ընկած ակնակապիճներով, ծամածռված շրթունքներով մի ծերունի է, որը, օրհասական վիճակից ելք չգտնելով, ոսկրացած աջ ձեռքով բռնել է քարը` պատրաստ հարվածելու վերքերով ծածկված իր կրծքին: Ձախ ձեռքով մարմնի վրա զգեստ հիշեցնող ինչ-որ լաթ է պահում: Տառապանքից այրվող աչքերը խղճմտանք ու գութ չեն աղերսում: Բնա՛վ: Դրանք երկնային ուժերի միջամտությունն են ակնկալում, իսկ կիսաբաց բերանից զայրույթի ու նզովքի չասված խոսքեր են կարծես դուրս թռչում: Ոտքերի տակ առյուծն է` ոլորուն պոչով: Գազանի մռնչյունը, թվում է`խառնվում է ճգնավորի աղաղակին` ավելի խիտ գույներով ներկայացնելով սրբի հոգեկան վիճակը: Ստվերով պատված նրանց դեմքերը ավելի են թանձրացնում ճնշող մթնոլորտը:

Leonardo_da_Vinci_-_Saint_JeromeԱյսպես է նկարիչը փորձել արտահայտել իր ծանր ապրումները ‎ֆլորենցյան տաղտուկ միջավայրում:

Որպես մեծ ու ճշմարիտ արվեստագետ` Լեոնարդո դա Վինչին երկար չէր կարող հանդուրժել գորշ ու մռայլ այդ առօրյան, վեհն ու գեղեցիկը ոչնչացնել փորձող այդ միջավայրը: Եվ նա ստիպված պիտի հեռանար Ֆլորենցիայից` կիսատ թողնելով Սուրբ Դոնատո վանքի գլխավոր բեմի համար պատվիրված մեծածավալ կտավը` «Մոգերի երկրպագությունը», որը, ըստ ոչ հավաստի տեղեկությունների, հետագայում ավարտել է Ֆիլիպպինո Լիպպին[1]: Այս կտավը այժմ գտնվում է Ֆլորենցիայի Ու‎ֆիցիի պատկերասրահում:

Հետո հանճարեղ նկարիչը պիտի թափառեր մի տեղից մյուսը` որոնելով այն վայրը, որտեղ կկարողանար իրականացնել իր բազմաթիվ մտահղացումներն ու ծրագրերը, պիտի որոներ աստվածաստեղծ հրաշք-առեղծվածի` բնության խորհուրդը, քանի որ «մենմիայն բնությունն է բարձրագույն ուղեղների ուսուցիչը», պիտի մարդկանց աշխարհը մտներ, գտներ ամենաբանականի և բնության երևույթների մոգական կապը, իսկ դրան հասնելու համար պիտի փորձեր կատարեր, քանի որ «բնության մեկնաբանը փորձն է» Պիտի տեսներ, հավաքեր, կուտակեր ու իր հանճարով շաղախելուց հետո ծեփեր, կերտեր ու վրձներ այն ամենը, ինչը իրպես և իրավարի ու հավերժի համար կարող էր արարել միայն ինքը` Լեոնարդո դա Վինչին:

Կուտակված պոռթկուն մտահղացումների իրացման միջավայրի կարիք ուներ նկարիչը, և հոժարությամբ ընդունեց Միլանի նորանշանակ դուքսի` Լոդովիկո Մորոյի առաջարկությունը` թողնել Ֆլորենցիան և մեկնել Միլան:

Մինչ Միլան տեղափոխվելու որոշում կայացնելը Լեոնարդո դա Վինչին տասը կետից բաղկացած մի նամակ-ծրագիր է հղում գահակալին հետևյալ բովանդակությամբ.

«Փառապա՛նծ իմ սինյոր, այն բանից հետո, ինչ ես տեսա, երբ դիտեցի ռազմական սարքեր ստեղծող վարպետների փորձերը, հանգեցի այն համոզման, որ նրանց գյուտերը կիրառության ասպարեզում ոչնչով չեն տարբերվում մեր ունեցածներից, ուստի ցանկանում եմ, ոչ ոքի վնաս չպատճառելով, այդ գուրծում իմ օգնությունն առաջարկել ձերդ պայծառափայլությանը. ձեր առջև բացում եմ իմ գաղտնիքները. հենց որ ցանկանաք իրագործել դրանք, ես պատրաստակամորեն  օգտակար կլինեմ ձեզ: Առաջարկություններիս մի մասը համառոտակի շարադրվում է այստեղ  (ընդգծումը մերն է` Ռ. Ե.):

Լեոնարդոն նշում է, որ կարող է պատրաստել թեթև, ամուր, հեշտությամբ  տեղից տեղ փոխադրվող,  հեշտ  հավաքվող կամուրջներ, որոնցով կարելի է դյուրին դարձնել դժվարանցանելի տեղերը թե՛ թշնամուն հետապնդելիս, թե՛ նահանջելիս: Գիտե նաև, թե ինչպես կարելի է հակառակորդի քաղաքի պաշարման ժամանակ ջուրը բաց թողնել խրամատներից, գցել բազմաթիվ կամուրջներ, պատրաստել գրոհը քողարկող վահաններ, սանդուղքներ և պաշարողական այլ զենքեր:

Եթե պաշարված քաղաքը, շարունակում է նկարիչը, հնարավոր չէ ռմբակոծել ամրությունների բարձրությամբ հաստ պարիսպների պատճառով, ապա գիտությամբ կարելի է ավերել ցանկացած բերդ,  եթե իհարկե այն ժայռի վրա   կառուցված չէ: Վստահեցնում է, որ կարող է ձուլել թեթև ու հեշտ տեղափոխվող հրանոթներ, որոնք կլիցքավորվեն շատ մանր քարերով, և թշնամու վրա  կարկուտի նման թափվելով`   խուճապի կմատնեն ու  կկազմալուծեն հակառակորդի զորքերը: Կարող է ստեղծել նաև քողարկված, ապահով ու աննկատելի մարտակառքեր[1], որոնք, իրենց իսկ հրանոթներով մխրճվելով թշնամու շարքերը, կարող են ճեղքել դիրքերը, որքան էլ բազմաթիվ ու ամրակուռ լինեն դրանք:

Անհրաժեշտության դեպքում կարելի է ստեղծել տեսքով գեղեցիկ, սովորական ականանետերից տարբեր, ավելի նպատակահարմար կառուցվածք ունեցող ռմբանետիչներ, հրասանդներ ու կրակմարիչներ և ոչ սովորական զենքի այլ տեսակներ: Գրում է, որ կարող է ստեղծել բաբաններ, որոնք  կօգտագործվեն այնտեղ, որտեղ չեն կարող գործել եղած հրանոթները:

Ծովամարտերում թե՛ գրոհի, թե՛ պաշտպանության արտակարգ իրավիճակների համար հնարավոր է պատրաստել բազմատեսակ մեքենաներ, ինչպես, օրինակ, նավեր, որոնք կարող են դիմադրել հրանոթներին և պաշտպանվել վառոդից ու ծխից: Խաղաղ   ժամանակ էլ ինքը կարող է օգտակար լինել հասարակական ու մասնավոր շինությունների կառուցման, ինչպես նաև ջուրը տեղից տեղ փոխադրելու հնարավորությունների ստեղծման գործնական առաջարկություններով:1482 the adoration of the magi

«Կարող եմ մարմարից, գիպսից ու բրոնզից քանդակներ անել, ինչպես նաև կատարել նկարչական պատվերներ և ստանձնել «Հեծյալի»[2] աշխատանքը, որը պատիվ ու հավիտենական փառք կբերի ձեր հոր երանելի հիշատակին ու Ս‎ֆորցաների լուսափայլ տանը»,- վերջում գրում է Լեոնարդոն:

Կարդում ես դուքսին հղված այս նամակ-առաջարկը  ու չես  հավատում, թե մի մարդ ի զորու է կատարելու այսքան բազմատեսակ, բարդ ու ծավալուն աշխատանք. ի՜նչ մտավոր կարողությունների տեր պիտի լինի, ռազմական գործի ի՜նչ քաջատեղյակություն,  ինչքա՜ն փորձ ու կազմակերպչական հմտություններ պիտի ունենա, որ նման առաջարկներ անի և դեռ նշի էլ, թե դրանք իր հնարավորությունների  մի համեստ մասն են միայն:

Արարիչն անսահման շռայլորեն էր օժտել Լեոնարդոյին. բազմաքանքար մեն  մի մահականացուի մեջ դրել էր հզոր կարողությունների մի այնպիսի բազմազանություն ու քանակություն, որ մարդկանց` առաջադիմության պատմության մեջ մտնելու համար կբավականացնեին մի քանի տասնյակ տաղանդավոր  գիտնականների:

1480-ի սկզբներին Լեոնարդոն պիտի մեկներ Միլան և մինչ այդ ցանկանում էր իրականացնել իր վաղեմի երազանքը` լինել Փոքր Ասիայում, այցելել, ինչպես ինքն էր ասում, Էրմինիա (Հայաստան), ծանոթանալ այդ հնագույն երկրին ու մշակույթին, իրեն սրտամոտ ու հոգեհարազատ ժողովրդին, վայելել նրա բնաշխարհի անանց հմայքը:

Ֆլորենցիայի խեղդող միջավայրում այդ երազանքը լույսի մի պայծառ ցոլք էր` խոստումնալից, գեղեցիկ ապրումների իր տեսլականով…

 

 

Արյան կանչը

 

Դեռևս պատանեկան տարիներին Լեոնարդոյին հետաքրքրում էին Ֆլորենցիայի դիտարժան բարձունքներից մեկի վրա XIII դարում կառուցված Սան Մինիատո (Սուրբ Մինաս) բազիլիկ հոյակերտ եկեղեցին [2], նրա հոգևոր հայրերն ու ծառայողները:  Եվ երբ Վերոքիոյի բոտտեգայում ավարտվում էին պարապմունքները, նա գնում նստում էր սարալանջին, հիանում գեղեցիկ բնապատկերով, հետո հասնում բարձունքին վեր հառնած  եկեղեցուն, պտտվում նրա շուրջբոլորը, ուշադիր զննում զարդաքանդակներն ու զարդանախշերը, երկա՜ր կանգնում հայկական արքայական քղամիդով  սուրբ Մինասի մեծադիր խճանկարի առջև, որը կերտվել էր 1279 թ. եկեղեցու Ավագ սեղանի գլխամասում` գլխավոր աբսիդի գմբեթի հարթակում: Խճանկարի տակ ոսկեհուռ տառերով գրված էր. San Muniato. Rex Ermenie (Սուրբ Մինաս. թագավոր Հայոց): Սուրբ Մինասը Տոսկանայում ու Ֆլորենցիայում քրիստոնեություն տարածողներից էր.  մարտիրոսվել էր 1250 թվականին:

Ինքնամփոփ և սակավախոս հոգևոր հայրերը հետաքրքրասեր ու առինքնող պատանու հանդեպ առանձնակի վերաբերմունք ունեին: Նրա բուռն հետաքրքրություններին հագուրդ տալու համար հաճախակի էին պատմում իրենց հայրենի երկրի, մարդկանց, նրանց արարչագործությունների մասին: Եվ պատանին մեծ հարգանքով ու ակնածանքով էր լցվում իրեն անծանոթ այդ երկրի, նրա ինքնատիպ, տաղանդավոր ժողովրդի հանդեպ և երազում երբևէ լինել այնտեղ, անձամբ տեսնել այն ամենը, ինչը այդքա՜ն գունագեղ ու նկարկեն ներկայացնում էին «երկար մորուքով ու փայլուն աչքերով» կրոնավորները[3]:

Հետագայում` ավելի հասուն տարիքում, երբ ավարտել էր վերոքիոյական դասառումները, անվանի հայերի հետ հանդիպելու և ծանոթանալու առիթներ Լեոնարդոն  շատ էր ստեղծում. Ֆլորենցիայում նրանց թիվը քիչ չէր: «Հայերը,- ինչպես նշում է մեծանուն գրող Կոստան Զարյանը,- վաղուց ի վեր մեծ ժողովրդականություն էին վայելում այդ երկրում: Հայերի կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի»[3]: Արևելքից եկած արվեստագետների թվում առանձնակի վարկանիշ ունեին կիլիկիահայերը, որոնք հիմնականում զբաղվում էին նկարչությամբ, ոսկերչությամբ, ադամանդագործությամբ: Հայաստանով և հայերով հետաքրքրվող մեծ արվեստագետը հնարավոր չէ, որ առնչություն չունենար նրանց հետ:

Հիշատակության են արժանի Լեոնարդո դա Վինչիի` Ֆլորենցիայի Պլատոնյան ակադեմիայում ունկնդիր լինելու տարիները (ակադեմիայի հիմնադիրն ու ղեկավարը իտալացի իմաստասեր, նորպլատոնական ուղղության ներկայացուցիչ Ֆիչինո Մարսելիոն էր [4]): Լեոնարդոն մտերիմ հարաբերություններ ուներ ակադեմիայի դասախոսներից մեկի` հայագետ, ազգությամբ հույն Գրիգորիս Տրապիզոնցու հետ, որը մեծագույն երկրպագուներից էր Դավիթ Անհաղթի և եռանդուն պաշտպանն ու ջատագովը Տաթևի վանքի միաբանների իմաստաբանական տեսությունների: Մասնակցելով ակադեմիայում հաճախակի կազմակերպվող բանավեճ-քննարկումներին, որտեղ արծարծվում էին նաև հայ իմաստասերների տեսակետները, Լեոնարդոն ավելի խորությամբ էր զգում և ընկալում նրանց մտքի առանձնահատկությունները. հայ մարդու կերպարն ավելի էր խտանում և ամբողջականանում նրա երևակայության մեջ:

 

****

 

Լեոնարդո դա Վինչիի վրձնակից ընկերներից շատերը, նաև ոչ քիչ թվով ճարտարապետներ ու քանդակագործներ, ինչպես նշեցինք, չհանդուրժելով Ֆլորենցիայում տիրող իրավիճակը, լքել էին հայրենի քաղաքը և մեկնել հեռավոր ափեր: Լեոնարդոն նույնպես ցանկանում էր ազատվել այդ ճղճիմ միջավայրի անտանելի ճնշումից և որոշում է հետևել հեռացողների օրինակին ու մեկնել Փոքր Արևելք: Կիլիկյան Հայաստանում, ապա Արևելյան Հայաստանում լինելու նրա որոշումն անկասելի էր. ոչ ոք և ոչինչ չէր կարող այն բեկանել: Միայն թե նկարիչը չէր կարողանում կողմնորոշվել` երբ, ինչպես և թե որ ճանապարհն ընտրել:

Եվ ահա մի դիպված առիթ եղավ, և նա հստակեցրեց անելիքը. կայացվեց որոշումը. մեկնել Եգիպտոս, այնտեղից` Սիրիա, ապա` Հայաստան: Եգիպտոսի և Տաճկաստանի` Ֆլորենցիայում հավատարմագրված դեսպանները ժամանել էին Ֆլորենցիա, որոնց  թարգմանիչները հայազգի էին: Լեոնարդոն առիթ է ստեղծում նրանց հետ հանդիպելու և տեղեկություններ քաղելու այդ երկրների մասին: Թարգմանիչներից մեկը` Բարդուղիմեոս անունով, կիլիկիացի հայ էր: Նրա` Ֆլորենցիա գալու նպատակներից մեկն էլ Ցեզարե Բորջիայի[5]  հետ հանդիպելն էր: Այդ հարցում նրան օգնում է Լեոնարդոն, որը սերտ հարաբերություններ ուներ Բորջիայի հետ: Ըստ Կոստան Զարյանի` հավանաբար հենց այդ հայ թարգմանիչն էր մանրամասնություններ հաղորդել Եգիպտոսի և Կիլիկյան Հայաստանի մասին: Գուցեև նրա միջնորդությամբ էր Եգիպտոսի սուլթանը` Կայիթ բեյը, հրավեր ուղարկել մեծ նկարչին` գալու իր երկիրը` ճարտարապետական և ռազմագիտական որոշ հարցերում օգտակար լինելու իրեն:

Լեոնարդոն, անշուշտ, քաջատեղյակ էր, որ Կիլիկիայի և պատմական Հայաստանի զգալի մասն այլևս անկախ չէր, գտնվում էր Ակ-կոյունլու և Կարա-կոյունլու ցեղախմբերի, ինչպես նաև  Եգիպտոսի տիրապետության տակ: Կնշանակի` հնարավոր է Եգիպտոսով անարգել մտնել Կիլիկյան Հայաստան, այնտեղից էլ` Արևելյան Հայաստան: Նման հնարավորությունը ոգևորում էր Լեոնարդոյին:

 

Եվ ահա վաղ գարնանային մի առավոտ Լեոնարդո դա Վինչին Պիզա[6] քաղաքի Լիվոռոնո նավամատույցից մեկնում է Եգիպտոս, ապա Սիրիա*, որտեղ նրան դիմավորում է երկրի մամլուք** սուլթանը` դավադարին***: Նրանց միջև տեղի է ունենում երկար ու բովանդակալից զրույց ռազմաշինարարական գործի, ճարտարապետական կառույցների և  տարաբնույթ այլ խնդիրների շուրջ. ճշգրտվում են աշխարհագրական այն վայրերը, որտեղ պիտի իրականացվեին այդ ծրագրերը: Լեոնարդոն անցնելու էր Տիգրիս ու Եփրատ գետերի հովիտներով, ուսումնասիրելու էր այդ վայրերում գտնվող վանքերը, բերդերն ու մենաստանները, ծանոթանալու էր դրանց վիճակին և մշակելու  վերականգնման, վերակառուցման ու ռազմական նպատակների համար օգտագործման ծրագրեր և այդ ամենը ներկայացնելու էր սուլթանին:

Կայիթ բեյը նպատակ ուներ ռազմական դաշինք կնքել Եգիպտոսի և իտալական քաղաքների միջև` թուրք հրոսակների բարբարոսական արշավանքները կասեցնելու համար: Ուստի նրան հետաքրքրում էին տարածաշրջանի ռազմավարական դիրքը, պաշտպանական և հարձակողական հնարավորությունների կիրառումը տարբեր իրավիճակներում: Ի դեպ, սուլթանը մինչ այդ շրջագայել էր նշված վայրերում, անցել Տիգրիս և Եփրատ գետերի հովիտներով. ուներ իր կարծիքն ու տեսակետը, սակայն նրան անհրաժեշտ էին ռազմաշինարարական գործի գիտակ մարդու հիմնավորումներ: Ուստի այդ պատասխանատու գործը հանձնարարում է Լեոնարդոյին: Մինչ այդ Իտալիայից հրավիրված բազմաթիվ ռազմական գործիչներն ու արվեստագետները վստահություն չէին ներշնչել դավադարին:

 

 Հայկական նամակներ հեռավոր Հայաստանից

 

Լեոնարդո դա Վինչիի` Փոքր Արևելքում, մասնավորապես Հայաստանում լինելու փաստը վիճարկման առարկա է եղել և է մինչև այսօր: Հատկապես իտալացի պատմաբաններն ու արվեստաբանները կտրականապես հերքում են այդ իրողությունը: Սակայն մոտ մեկ ու կես դար առաջ, միաժամանակ ու իրարից անկախ,  Լեոնարդոյի ձեռագրերի առաջին վերծանողներից մեկը` գերմանացի պատմաբան Ժան պոլ Ռիխտերը, և հայ մշակույթի երախտավոր Ղևոնդ Ալիշանը, նկատի ունենալով այն իրողությունը, որ նկարչի ձեռագրերից մնացել է հսկա ժառանգություն, որի մեջ հայտնաբերվել են նյութեր` Հայաստանի, հայերի և հայկական ճարտարապետության հետ ուղղակիորեն առնչվող. դրանց հիման վրա Ռիխտերը առաջ է քաշում Լեոնարդոյի` Մերձավոր Արևելքում, այդ թվում` Կիլիկյան Հայաստանում լինելու վարկածը: Ղևոնդ Ալիշանը փոքր-ինչ զգուշավոր է արտահայտվում` շեշտը դնելով այդ ձեռագրերի ավելի ուշադիր ու հանգամանորեն քննելու  անհրաժեշտության վրա:

Ռիխտերի վարկածն ունեցավ կողմնակիցներ` ներառելով իտալացի, գերմանացի, անգլիացի, ֆրանսիացի, ինչպես նաև հայ արվեստագետների, պատմաբանների, ճարտարապետների ու արևելագետների տեսանկյուններն ու դիտարկումները: Նրանց մի ստվար մասը, ինչպես` հանրահայտ արվեստաբան-պատմաբաններ Մակ Կորտին, հայ ճարտարապետության երախտավոր (Գրիգոր Գուրզադյանի բնութագրումն է) Յոզե‎ֆ Ստրժիգովսկին, Կլիմենտե Ֆուզարոն, Կոստան Զարյանը, Վիգեն Խեչումյանը, մասամբ` ճարտարապետ Արմեն Զարյանը  և ուրիշներ, հավաստում են այն փաստը, որ Լեոնարդո դա Վինչին, իրավ, եղել է Փոքր Արևելքում, ռազմաշինարարական բնույթի հանձնարարություններ է կատարել, որ նրան առաջարկել էր Սիրիայի այն ժամանակվա նշանավոր իշխանավորը` Կայիթ բեյը: Այդ ընթացքում Լեոնարդոն իր տեսածը և ունեցած դիտարկումներն ու հղացած գաղափարները չկանոնակարգված գրի էր առել  Ատլանտյան մատյանում ներառած Հայկական նամակներում: Հասկանալի չէ` ինչն է անստույգ ու անհամոզիչ նկարչի ձեռքով արված այդ գրառումներում, որ այդպես եռանդուն ժխտում է ողջ Եվրոպան: Համենայն դեպս, հայերիս համար անահասկանալի, անմեկնաբանելի, կասկածի տակ առնելի փաստեր չկան այդ գրառումներում: Այսօր արդեն թերթաթափ այդ տետրակների էջերից իմանում ենք ակնհայտը. Լեոնարդոն գիտեր` ովքեր են հայերը, ինչ երկիր է Հայաստան աշխարհը…

 

****

 

Լեոնարդո դա Վինչիի անցած ստեղծագործական ուղին ու թողած ժառանգությունը ըստ արժանվույն գնահատելիս անտարակույս պետք է նկատի ունենալ նաև նրա մեծաքանակ ձեռագրերը, որոնք բացառիկ են իրենց բովանդակությամբ ու նշանակությամբ և, ինչպես ինքը` Լեոնարդոն է ասում, իր ամենակարևոր և ամենաթանկ բաներն են դրանք:

Արագոնի կարդինալի քարտուղար Անտոնիո դե Բեատրիսը, այցելելով Ֆրանսիայի Աբուազի մոտ գտնվող Կլու դղյակը, որտեղ կյանքի վերջին տարիներին ապրում և ստեղծագործում էր նկարիչը, նրա արվեստանոցում տեսնում է մի անվերջանալի հատորների թիվ` ամբողջովին գրված ռամիկ [ոչ իտալերեն] լեզվով: Ինքը` Լեոնարդոն, խոսում է 120 ձեռագիր գրքերի մասին, որոնք պետք է համակարգեր ըստ ոլորտների ու ճյուղերի, պիտի դասակարգեր և տպագրեր: Սակայն անողոք ժամանակը այդ հնարավորությունը չտվեց նրան, և նա մահվանից առաջ այդ ամբողջ անգահատելի հարստությունը կտակեց իր աշակերտին` Ֆրանչեսկո Մելցիին` ի պարգև թանկագին ծառայությունների` ցույց տված անցյալ ժամանակներում:

Մելցին մինչև կյանքի վերջը (1570) սրտացավորեն փայփայանքով ու գորովանքով պահպանեց անգնահատելի այդ հարստությունը: Ցավոք, նա կարողացավ ի մի բերել միայն նկարչությանը վերաբերող գրառումները. դրանք նա կազմեց և հրատարակեց Տրակտատ նկարչության մասին վերնագրով, որը հետագայում դարձավ մի անգնահատելի գանձ ոչ միայն արվեստի տեսաբանների համար:

Մելցիի մահից հետո նրա որդին` Հորացիոն, չիմանալով ու չգնահատելով այդ սրբազան գրությունների արժեքը, հրամայում է «հիսուն տարի առաջ մահացած ոմն Լեոնարդոյի պատկանող հին ձեռագրերը տեղափոխել նկուղ»: Դա եղավ իր և բոլոր ժամանակների հզորագույն անհատականության` տասնամյակների մտորումների, վերլուծությունների, հանճարեղ մտքերի գրառումների, ճեպանկարների, ուրվագծերի և ուրվանկարների անպարփակ շտեմարանի անողոք ու անխնա ցրման սկիզբը: Փրկվածներից 14-ին բախտ վիճակվեց դառնալու Միլանի Ամբրոզյան գրադարանի սեփականությունը, 13-ը նապոլեոնյան արշավանքի ժամանակ կայսեր կարգադրությամբ տեղափոխվեց Ֆրանսիա (որը հետագայում վերադարձվեց իր օրինական տերերին. այդ խմբաքանակի մեջ էր նաև Ատլանտյան մատյանը (կոդեքսը), որում ընդգրկված էին նաև «Հայկական նամակները»): Ձեռագրերից մի քանիսը երջանիկ պատահականությամբ երկար դեգերոմներից ու թափառումներից հետո հանգրվանել էին աշխարհի խոշորագույն գրապահոցներում, արվեստի թանգարաններում ու մատենադարաններում (Փարիզ, Լոնդոն, Վինձոր, Միլան, Ֆլորենցիա և այլն)` 7000 էջ ընդհանուր ծավալով (ըստ որոշ աղբյուրների` 5000 էջ ):

Փրկվածներից քաղված նյութերն էլ բավական են ընդհանուր պատկերացում ունենալու դարի խոշորագույն մտածողի կենսակերպի, աշխատաոճի, գիտության ու արվեստի բնագավառներում ունեցած մտահղացումների ու մտապատկերումների, նորարարությունների բազմաշերտության, անընդհատ որոնումներ կատարելու, ամեն ինչ տեսնելու, վերլուծելու և քննարկելու անդիմադրելի ցանկության և, առհասարակ, նրա մտավոր անչափելի կարուղությունների մասին:

1971_vincy2aՄեզ հետաքրքրողը, անշուշտ, նրա  հռչակավոր «Codice Atlantico»-ն է (Ատլանտյան մատյանը), որն ամենածավալունն է (1222 էջ), որտեղ և, ինչպես նշեցինք, Հայկական նամակներն են: Ի՞նչ նամակներ են դրանք և ի՞նչ է նրանցում գրված, որ այդպես ու այդքան հետաքրքրում է մեզ` հայերիս: Այդ հինգ նամակները հասցեագրված են եղել Սիրիայում Եգիպտոսի սուլթանի տեղապահին, նկարչի խոսքով ասած` Բաբելոնի (Կահիրեն է Եգիպտոսում) դավադարին:

Գրող, պատմաբան Վիգեն Խեչումյանը գրում է, որ Լեոնարդո դա Վինչին իր ժամանակի եզակի արվեստագետներից էր, որին չափազանց մեծ հնարավորություններ էին տրված իմանալու, թե ինչ երկիր է Հայաստանը, ովքեր են հայերը. նա չէր կարող չիմանալ, թե հնագույն դարերից ի վեր, միջնադարում առավելապես, տնտեսական-առևտրական, մշակութային ինչ կապերի մեջ էին իր Իտալիան և մեր Հայաստանը: Մանավանդ Կիլիկիայի Ռուբինյան հայ թագավորությունը, այդ պետության գոյության բոլոր դարերում,  մինչև 1375 թ., հետո Կիլիկիայի ժողովուրդը`մինչև օսմանյան թուրքերի տիրապետությունը, որ նաև իր ժամանակն էր, իր դարը[4]:

Մեծ Հայաստանը (ինչպես իտալացիները, այնպես էլ ողջ Եվրոպան այդպես էին անվանում Կիլիկիան և Արևելյան Հայաստանը) շատ մեծ ճանաչում ուներ իտալական քաղաքներ Ջենովայում և Վենետիկում, ավելի ուշ` Ֆլորենցիայում: Դրանք հիմնական միջնորդ քաղաքներն էին Արևմուտքի և Արևելքի առևտրական հարաբերությունների բնագավառում: Իսկ Հայաստանը այդ երկրները կամրջող գլխավոր հանգույցն էր:

Կիլիկիայի Լևոն V թագավորի հրամանով մեծ արտոնություններ էին տրվել մասնավորապես ‎ֆլորենցիացի առևտրականներին. նրանք ազատված էին մաքս  վճարելուց, իրավունք  ունեին հայերի հետ շփվելու և ազատ ելումուտ անելու Հայաստան: Այդ արտոնությունների զգալի մասը պահպանվում էր նաև Լեոնարդո դա Վինչիի ժամանակներում: Ոչինչ չէր մոռացվել. իրենց կենսական նշանակություն ունեցող դերը դեռևս չէին կորցրել Արևելքը Արևմուտքին մոտեցնող, Կիլիկիայում և Արևելյան Հայաստանում խաչվող-հանգուցվող ճանապարհները, դրանց հանգուցակետերում գտնվող քաղաքները, որոնք իրենց բարձրորակ արտադրատեսակներով, բազմապիսի ապրանքներով մշտապես գրավում  ու հրապուրում էին դրսեկ առևտրականներին:

Հայ և իտալացի ժողովուրդներին կապող մեկ ուրիշ հանգամանք էլ կար (այդ մասին խոսել ենք վերևում). հոգևոր կապն էր, որ ստեղծել էին հայ քրիստոնյա առաքյալները. քրիստոնեությունը քարոզելելով` նրանցից շատերը նահատակվել էին և սրբերի շարքը դասվել:

Այդ ամենի մասին Լեոնարդո դա Վինչին չէր կարող տեղյակ չլինել…

 

 

Հ Ե Տ Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Լեոնարդո դա Վինչիի` «Սուրիայի դավադարին` Բաբելոնի տեղապահ     սրբազան Սուլթանին» հղած այդ  նամակների քննությանն են հանգամանորեն անդրադարձել Կոստան Զարյանը «Դեպի Արարատ» աշխատության` «Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը» գլխում (Սարգիս Խաչենց հրտ.,Եր., 2001, էջ 227-253), Վիգեն Խեչումյանը` «Գիրք մաքառման» ժողովածուի` «Առեղծվածային պատմություն» ուսումնասիրությունում («Հայաստան» հրտ.,Եր.,1968, էջ 336-370), Արմեն Զարյանը` «Արևմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը» (ԳԱ հրտ., Եր., 1979, 208 էջ):

Թեմային ժխտողական մոտեցմամբ է անդրադարձել  Գրիգոր Գուրզադյանը «Մի սիրո  պատմություն» ժողովածուի` «Լեոնարդո դա Վինչին Հայաստանո՞ւմ» էսսեում  («Զանգակ-97» հրտ.,Եր., 2004, էջ 180-193):

                                                                                                                                                          

                                                                                                                      

                                                                                                                            

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. Այս վարկածը հավանական չի թվում. որոշ աղբյուրներ հիշատակում են, որ «Մոգերի երկրպագությունը» Լեոնարդոն նկարել էր իր ունևոր ընկերներից մեկի` Ամերիգո Բենչիի պատվերով և նրա սեփականությունն էր, ու թեպետ անավարտ` այն հետագայում դարձավ Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահի զարդը: Ի դեպ` նկարի բազմազան ու հոգեբանական ներթափանցումով առլեցուն գլուխները («Այստեղ ամեն ինչ հիանալի է, հատկապես գլուխները,- գրում է Վազարին»), թարմ ու համոզիչ համադրումը (կոմպոզիցիան), բնական ու ոչ շաբլոն բնանկարը անավարտի տպավորություն չեն թողնում: Իսկ սուրբ Դոնատո վանքի գլխավոր բեմինը, իրավ, Ֆիլիպպինո Լիպպիի աշխատանքն է, որը նկարիչը կերտել է` օգտագործելով Լեոնարդոյի գծագրերն ու գծապատկերները: Այնպես որ, հեղինակային իրավունքը այսպես թե այնպես Ֆիլիպպինոյինն է:

Տասնյակ նկարիչներ են անդրադարձել ավետարանական այդ համեստ թեմային, սակայն այդպիսի հիանալի գեղարվեստական լուծման ու ընդգրկուն մեկնաբանության չեն հասել, ինչպես երիտասարդ Լեոնարդն է ստեղծել: Մենք ստորև հպանցիկ ներկայացնում ենք այս  եզակի կտավի սյուժեն այն պատճառով, որ Լեոնարդոյի առաջին մեծածավալ ստեղծագործությունն էր, և թվում է` թերություններն ու մեղանչումներն անպակաս են լինելու: Համենայն դեպս, այդ սյուժեով ստեղծված բոլոր կտավների մեջ ամենակատարյալը Լեոնարդոյի կերտածն է:

Նկարում բնության պատկերների, մարդկային կերպարների ապրումների, դեմքերի, առարկաների  իրական վերարտադրությամբ նկարիչը հասել է աշխույժ հերթագայության` արտաքին ու ներքին շարժումներով, ստեղծել կենսական ճշմարտությամբ հագեցած  տեսարաններ: Կենտրոնում Տիրամայրն է, գրկին` մանկիկը: Երեխան մի ձեռքով օրհնում է երկրպագող մոգերին, մյուսով` մանկական անկեղծությամբ ձգվում դեպի սափորը, որը նրան է մեկնում մոգերից մեկը: Շուրջը բազմություն է` համակված նույն զգացումով, որը, սակայն, յուրաքանչյուրի դեմքին առանձին արտահայտչականություն է տալիս: Աջ կողմում տարածված լայն հարթությունն է, ձախում բարձրանում են հուշարձանների ավերակները, որոնց մեջ հնադարյան զգեստներով դեպի կռիվ սուրացող հեծյալներն են: Հեթանոս աշխարհի ուրվականը աստիճանաբար փոշիանում է, նահանջում այն նոր ճշմարտության առջև, որը ծնվել է մարդկության համար, և որին հավատալով` մարդիկ երկրպագում են այդքան անկեղծ, այդքան վարակիչ:

 

  1. Վիգեն Խեչումյանը իր «Գիրք մաքառման» աշխատությունում գրում է, որ բազիլիկատեսք այս եկեղեցին զարմանալիորեն հիշեցնում է մի այլ հայկական տաճարի` Տեկորին` կառուցված 5-րդ դարում,  շատ մոտիկ Անի քաղաքին: Թեպետ փառահեղ  Սան Մինիատոն (Սուրբ Մինասը) չունի Տեկորի ոչ դասական մոնումենտալ չափուձևը, ոչ պատճառաբանված ճակատային սյուները և սրանց վրա կորված պինդ աղեղները, կամ հոնքակախ քիվերն ու սյունակուռ շքամուտքերը: Սան Մինիատոյի ճակատին դրանք արտաքուստ  պատկերի, դեկորատիվ-նկարկեն տեսքով են ներկայանում:

Ուղևորության ժամանակ Լեոնարդոն  ճեպանկարել է Հայաստանի  բնությունը հիշեցնող մի քանի տեսարաններ, նաև հայոց բազիլիկ մի հին տաճար, որն անկասկսծ Տեկորն էր, ճիշտ  այնպիսին, ինչպիսին Սան Մինիատոյի բազիլիկն է: Լեոնարդոն Կապսի վրայով անցել է Անի (այդ էր միակ ճանապարհը) և  Երզնկա  քաղաքից շարժվել դեպի արևելք, դեպի Արարատյան դաշտավայր: Եվ Անիի մերձակայքում ճեպանկարել Տեկորը::    (Տե´ս նշվ. աշխ., էջ 341, 364-365 :):

Գրիգոր Գուրզադյանը վերոնշյալ էսսեում հիշատակում է Լեոնարդոյի հայկական նամակների լուսանցքներում առկա  Բագարան անունը կրող տաճարի հատակագիծը պատկերող հինգ գծանկարներ, տաճար կամ վանք, որը կառուցված է եղել շատ վաղուց, Բագրատունյաց թագավորության շրջանում`յոթերորդ դարում, հեռավոր Հայաստանի մի ամայի վայրում` Ախուրյան գետի աջ ափին: Հարց է ծագում. ինչպե՞ս է Լեոնարդոյի ձեռքին հայտնվել  Բագարանի հատակագիծը: Կամ ինքը անձամբ եղել է տեղում` Բագարանում, և գծապատկերել հատակագիծը, կամ  դրա ուրվանկարը իրեն է հասել այլ ճանապարհով:  Առաջին տարբերակը Գուրզադյանը բացառում է` մի շարք գործոններ նկատի ունենալով: Նա համոզված է, որ այդ վայրերով  անցած վաճառականներից, ճանապարհորդներից շահագրգիռ Լեոնարդոն կարող էր ձեռք բերած լինել իրեն արդեն հայտնի տաճարի հատակագիծը:

Տաճարը հայկական վաղ միջնադարի գոհարներից էր, իր տեսակի մեջ` գագաթնակետ: Քառաբսիդ հատակագիծը չէր կարող անտարբեր թողնել Լեոնարդոյին:  Բագարանի հատակագիծը դնելով հիմքում` նա ամբողջ շարք տաճարներ է հորինում` տարբեր ծավալային լուծումներով, տարբեր գմբեթներով, տարածական կերպավորումներով: Չորս սյան վրա դրված քառակուսի, և քառակուսու վրա նստած գմբեթ: Լեոնարդո դա Վինչին ճանաչվում է որպես բագարանատիպ հատակագծի տարածողը Իտալիայում: Հռոմի կենտրոնում վեր խոյացած Սուրբ Պետրոս տաճարը կառուցված է ամբողջովին բագարանյան գաղափարով, որի հեղինակներն էին Վերածննդի դարաշրջանի հսկաներից սկզբում Միքելանջելոն, ապա Ռաֆայելը, Սանգալլան, Պերուցցին… Բրամանտեն: Բոլորին էլ գաղափար տվողը Լեոնարդոն է եղել:

«… Ախուրյանի ափին Բագարանը չկա հիմա,- գրում է Գրիգոր Գուրզադյանը,- աշխարհը խառնած այդ վանքն ավերված է հիմնովին… Փոխարենը հիմա առասպելական Հռոմի կենտրոնում երկինք է խոյացել քրիստոնեական աշխարհի խոշորագույն ապարանքը` քառաբսիդ Սուրբ Պետրոսը…Որպես հուշարձան Բագարանի…»: (Տե´ս նշվ. աշխ., էջ 189):

 

  1. ՀՍՀ 4-րդ հատորում (Եր., 1978, էջ 440) կարդում ենք. «Իտալիայի տերիտորիայում հայերի ներկայության մասին հավաստի տեղեկություններ մեզ հասել են 16-17-րդ դդ.: Գերմանական ցեղերի դեմ պատերազմող բյուզանդական զորաբանակների կազմում եղել են հայեր, իսկ երկրի փոխարքայի պաշտոնը բազմիցս վստահվել է հայազգի զորահրամանատարների… 9-րդ դարի վերջին և 11-րդի կեսերին Բալկանյան թերակղզուց հալածված բազմաթիվ հայեր տեղափոխվել են Իտալիա… Ուշագրավ է, որ 10-11-րդ դդ. իտալացիների կողմից «սուրբ» հռչակված հոգևորականների թվում կան 11 հայեր…»:

 

  1. Ֆիչինո Մարսելիո (1433-1499). իտալացի իմաստասեր, Ֆլորենցիյում Պլատոնյան ակադեմիայի հիմնադիր, նորպլատոնյան ուղղության ներկայացուցիչ:

5.Ցեզարե Բորջիան  Հռոմի պապի որդին էր: Նա եկեղեցական մարզի հրամանատարն էր, ուստիև արտերկրներից ժամանած դեսպանները որտաքին  քաղաքականության հարցերով առնչվում էին նրա հետ:

  1. Պիզա,, քաղաք Իտալիայի Տոսկանոյում, Առնո գետի ափին: Ջրանցքով կապված է Լիվոռնո նավահանգստի հետ: Հայեր այստեղ հիշատակվում են 16-րդ դարից: Ինչպես Վենետիկն ու Ջենովան, Պիզան նույնպես առևտրական հարաբերություններ է ունեցել Կիլիկիայի հայկական թագավորության հետ:


ԻՏԱԼԻԱՅԻ  «ՆԱԽԱԴՈՒՌ  ԱՄՐՈՑՈՒՄ»`

Մ Ի Լ Ա Ն Ո Ւ Մ

 

1482 թվականի խոր աշնան մի առավոտ Լեոնարդոն Եգիպտոսից ժամանում էր Միլան, որտեղ նրան անհամբերությամբ սպասում էին: Ճանապարհն անցնում էր Ֆլորենցիայով, և նա պետք է կանգ առներ իր հայրենի բնօրրանում. Կարճ ժամանակ մնալուց հետո միայն պետք է ուղևորվեր Միլան: Սակայն նա չէր ցանկանում վերապրել այն տառապալից օրերի մղձավանջը, որ ապրել էր «կոպիտ ու տգետ առևտրականներով և նույնքան տգետ կղերականներով լցված այդ քաղաքում»: Մյուս կողմից՝ մեկուկես-երկու տարվա ուղևորություններից նրա հոգին լցված էր ոգեշունչ պայծառ տպավորություններով: Այնքան բազմազան ու հարուստ էին այդ տպավորությունները, ուստի նա չէր ցանկանում, որ Ֆլորենցիայի գորշ միջավայրը հանկարծ ապականեր իր այդ լուսավոր զգացումներն ու ապրումները: Այդ պատճառով նա շրջանցում է Ֆլորենցիան և այլ ուղերթով հասնում  Միլան:

Լոդովիկո Մորոյին հղած նամակում, ինչպես նշել ենք, Լեոնարդոն խոսում էր նաև ռազմապաշտպանական կառույցների, նորագույն հզոր զինտեխնիկայի ստեղծման անհրաժեշտության մասին: Հանճարը կանխատեսում էր առաջիկա արհավիրքը՝ բախումները Իտալիայի տարանջատված պետությունների՝ Վենետիկի, Նեապոլի, Ֆլորենցիայի, Միլանի միջև: Բացի ներքին պառակտումներից և միմյանց դեմ պատերազմելուց, նրանցից ոմանք քաջալերում էին արտաքին թշնամիներին, որոնք հարմար պահի էին սպասում՝ ներխուժելու մաս-մաս եղած երկիրը: Ֆրանսիայի Կառլոս VIII թագավորի երազանքը Իտալիայի նվաճումն էր: Իսկ Իսպանիան զենքի ուժով չպիտի թուլացներ ազդեցությունը Սիցիլիայի վրա. չէ՞ որ այն հարստության շտեմարան էր իր համար…

Ռազմաքաղաքական այս իրավիճակը բնականաբար պիտի խիստ մտահոգեր Մորոյին, և Լեոնարդո դա Վինչիի յուրատիպ նամակ-ծրագրում արված առաջարկություններն ու նրա՝ որպես ռազմագետ ինժեների՝ դրանց իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը հուսադրում և ոգևորում էին դուքսին. ապահովության զգացումով էր համակվում. Լեոնարդոն իր կողքին էր:

Սակայն Լեոնարդոն սպասված պահին չկարողացավ Միլանում լինել. ուշացավ: Եվ նամակ-ծրագիրը գրելուց հետո անցած մոտ երկու տարում շատ բան էր փոխվել. ավարտվել էր Միլանի և Վենետիկի միջև մղվող պատերազմը: Թեպետ հարկ չեղավ Լեոնարդոյի առաջադրած ծրագրերին անդրադառնալու, այնուամենայնիվ, Մորոն չկորցրեց իր վստահությունը նրա նկատմամբ և երեք լուրջ հանձնարարություններ տվեց: Նախ՝ ամրացնել ու զարդարել Միլանի Միջնաբերդը՝ Castello Storzesco-ն, ապա՝ ավարտել Միլանի տաճարի շինարարությունը, որից հետո՝ ձեռնարկել հոր՝ Ֆրանչեսկո Սֆորցա-Մորոյի հիշատակին կառուցվելիք ձիարձանի կերտումը:

Մորոն Լեոնարդոյին նշանակեց դքսության ինժեներների համախմբի (ingegnazii ducales) անդամ: Խմբում արդեն Դոլչե Բուռնոյի և Բրամենտեի գլխավորությամբ  աշխատում էին տասնյակից ավելի հանրաճանաչ բարձրարվեստ մասնագետներ:

Միջնաբերդը անհամար շինություններով, հզոր պարիսպներով, աշտարակներով ու խրամատներով մի վիթխարի համալիր էր, որը պաշտպանական տեսակետից Իտալիայում համարվում էր ժամանակի ամենաանառիկ կառույցը: Լեոնարդոն ծրագրում էր ստուգել համակարգերի ամրությունը, կառուցապատել, ապա՝ վերջնական տեսքի բերելուց հետո, մտածել զարդաձևավորման մասին:

Ուսումնասիրության ընթացքում, սակայն, պարզվեց, որ, ճիշտ է, պարիսպները, աշտարակները, խրամատներն ու օժանդակ կառույց-շինությունները միմյանց հետ կապված էին վեց տասնյակ հուսալի կամուրջներով, բայց մի բան, այնուհանդերձ, կառուցողները հաշվի չէին առել. ամենաբարձր  պարիսպները, ամենախոր խրամատները, ամրակուռ բերդերն անգամ չէին կարող դիմակայել հարձակողական ամենապարզ ձևին` դավաճանությանը: Այս հանգամանքը Լեոնարդոյին խորհելու տեղիք տվեց. ինչպե՞ս անել, որ կառույցները, մասնավորապես անցուղիները, մատչելի չլինեին բոլորի համար: Եվ նա մտահաղացավ պարիսպների մեջ անցկացնել ներքին անցուղիներ, որոնք ավելի ապահով կապուղիներ կլինեին միմիայն մարտավար հրամանատարների միջև:

Լեոնարդոն այնուհետև ձեռնամուխ եղավ Միջնաբերդի ճակատամասի վերակառուցմանը: Նա որոշեց կառուցել կլոր, հայկական ոճի գմբեթով  մի բարձր աշտարակ` համալիրն ավելի ներդաշնակ դարձնելու նպատակով, որի ֆոնի վրա տպավորիչ տեսք կունենար հրապարակում վեր խոյացող  «Հեծյալը»:

Մի խոսքով, վերակառուցման պլան-նախագիծը բացառիկ էր ու հիմնավոր. այն արժանացավ ինժեներների համախմբի անդամների հավանությանը:

Լեոնարդոն միաժամանակ ուսումնասիրում, չափագրում ու հետազոտում էր Միլանի տաճարի անավարտ կառույցը, փորձում բացահայտել, թե ինչպես էր նախագծվել ու կառուցվել այդ վիթխարի կոթողը, որի ամեն մի փուլն ուղեկցվել էր գերմանացի ու իտալացի ճարտարապետների միջև ծագած սուր ու անհաշտ պայքարով: Իսկ Միլանի նախկին տիրակալները` Վիսկոնտին, այնուհետև Սֆորցան, վճռական չէին եղել. մեկ այս կողմն էին թեքվել, մեկ այն, և աշխատանքները դոփել էին տեղում:

Կիսակառույցը ժառանգություն էր մնացել Լոդովիկո Մորոյին, և նա ջանում էր ինչ գնով է լինի` վերջնակետին հասցնել տաճարի շինարարությունը: Ինչպես նշել ենք, այդ պատասխանատու գործը ևս դուքսը վստահել էր Լեոնարդոյին` խորհրդականներ նշանակելով ճարտարապետ-շինարարներ Լուկա Ֆանչելլիին, Պետրո դա Գորգոնձոլային և Դոնատո Բրամենտեին:

Աշխատանքները եռանդով առաջ էին գնում: Գմբեթի ոճի և տեղադրման սկզբունքների խնդիրը լուրջ քննարկման առարկա էր դարձել: Նախնական տարբերակով ենթադրվում էր խոշոր, սլաքանման գմբեթ` արտաքինից գոթական աշտարակներով զարդարված: Այդ նախագիծը չէր ընդունվել: Լեոնարդոն իր նախաձեռնությամբ շինարարական խորհրդին ներկայացրել էր մի նոր` հայկական ոճով ու կառուցվածքով գմբեթի նախագիծ, որն արժանացել էր հանձնախմբի հավանությանը: Սական, ցավոք, իրերի բերումով Լեոնարդոն մինչև վերջ չղեկավարեց ու չառաջնորդեց տաճարի կառուցման աշխատանքները*: Նրան արքունիքում այլ գործեր էին սպասում:

 

***

Միլանի երկնակամարում սև թուխպերը դեռ չէին ցրվել, պատերազմողների սրերը դեռ խաչվում էին, սակայն արքունիքում բաքոսյան խրախճանքները չէին դադարում: Մորոն դեռ մանկության տարիներից էր ապրում այս կենցաղավարությամբ. վալպուրգյան գիշերներ, ճոխ ու զարդարուն սրահներ, կանայք, շքեղություն…Դրանք շատ էին ու շարունակական: Լեոնարդոն, որպես պալատական նկարիչ, պիտի հոգար, որպեսզի ամեն ինչ կազմակերպվեր արժանիորեն:

Լեոնարդոյի վիճակը  ծանրանում է, երբ արքունիք մուտք է գործում Բեատրիչեն` Մորոյի 15-ամյա հարսնացուն: Օրեցօր ավելի համառ, բայց արտաքինից շատ մեղմ  ձևերով, հաճույքների անվերջանալի տոնախմբությունների մեջ էր հայտնվում պալատական ընտրանին` մանկահասակ դքսուհու ղեկավարությամբ:

Գեղեցիկ ու նրբին էր ամեն ինչ.  շինությունների  հարդարանքը, սենյակների ու սրահների կահավորումն ու պերճանքը, կահկարասիների բազմազանությունը, կանանց զգեստները, կառքերի ու ձիերի զարդարանքը, բազեների գլուխներին հագցվող թասակները, դքսուհու սեղանի սպասքն ու աղամանները, անգամ` մանկլավիկների մուճակների ճարմանդները: Այս ամենն իհարկե Լեոնարդո դա Վինչիի շնորհիվ:

Լեոնարդոյին անընդհատ կտրում էին ինժեներական, շինարարական, ստեղծագործական աշխատանքներից, հրավիրում հանդեսներին, որպեսզի զվարճացնի իրենց. Չէ՞ որ նա շնորհաշատ էր, զվարճախոս, ճարտասան, կազմակերպիչ ու վիթխարի ճաշակի տեր:

Բացի այդ ամենից, նա ստիպված էր նկարել կառավարող ընտանիքի անդամների, պալատականների, առանձնապես տիկնանց դիմանկարները:

Դա Վինչիի համբերության բաժակն արդեն լցվել էր. նա այլևս չէր կարողանում հանդուրժել դքսուհու անվերջանալի քմահաճույքները, գիշերային անիմաստ խրախճանքները: Նա երանությամբ սպասում  էր այն պահին, երբ վերջապես կազատվի պալատական նկարիչի պարտականությունների մեջ մտնող այդ անիմաստ գործերից և դարձյալ կզբաղվի իր ստեղծագործական աշխատանքով: Եվ ահա առիթը ծառացավ. Մորոն հանկարծ «հիշեց», որ Լեոնարդոն «Հեծյալի» վրա չի աշխատում: Իր մոտ է հրավիրում նկարչին և պահանջում` լրջորեն զբաղվել հուշարձանով:

Լեոնարդոյի համար, ճիշտ է, հաճելի էր այդ անակնկալը, այնուհանդերձ նա ցանկացավ մի երկու տողով  «հաղորդակցվել» գահակալի հետ: «…Ինձ [համար] շատ  տհաճ է, որ ստիպված լինելով ապրուստ վաստակել, ես պետք է ընդհատեի այն աշխատանքները, որ ձերդ պայծառափայլությունը մի ժամանակ հանձնարարել էր ինձ և զբաղվել այս կամ այն մանր-մունր [կենցաղային] գործերով…»:

Ակնարկն ակնհայտ էր. խնդիրը լուծվում է, և Լեոնարդոն եռանդով  անցնում է  իր ստողծագործական աշխատանքին:

 

Ոչ պալատական պարտականությունները, ոչ մանր, կենցաղային ձևավորումներն ու նկարչական գործերը, ոչ էլ ինժեներաճարտարապետական աշխատանքները չեն խանգարում  երիտասարդ Լեոնարդո դա Վինչիին` ուժերն ու կարողություններն ավյունով ներդնելու արվեստի փայլուն գործեր ստեղծելուն, որոնց մեջ անխտիր հասունանում  ու ձևավորվում է նրա ինքնուրույն ոճը:  Հասունանում ու կատարելոգործվում է և ինքը` որպես բազմաժանր գեղանկարիչ ու քանդակագործ:

Սկսվում է Լեոնարդոյի ստեղծագործական կյանքի երկրորդ փուլը: Եվ տեղի է ունենում նրա լայնատարած, սլացիք թռիչքը:

Միլանում ապրած տասնութ տարիները նրա ստեղծագործական կյանքի թերևս ամենաբեղմնավոր  ու ամենաբուռն շրջանն էր: Բնական չափերով կերտում է «Հեծյալը», «Աստվածամայրը քարանձավում» կոթողը` երկու տարբերակներով, որոնցում Աստվածամորը, երկու երեխաներին ու հրեշտակին տեղադրել էր այնպիսի բնապատկերի մեջ, որը ոչ թե որպես ֆոն էր ծառայում, այլ  յուրատեսակ հուզական մի միջավայր` հաղթահարելով քվանտրոչենտոյին բնորոշ` առաջին պլանի և ֆոնի տարանջատությունը: Սանտա Մարիա դել լե Գրացիե վանքի սեղանատանը դա Վինչին ստեղծել է «Խորհրդավոր ընթրիք» մեծածավալ որմնանկարը, որը դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ,, կոմպոզիցիայի կառուցման մաթեմատիկական  ճշգրտությամբ համաշխարհային արվեստի բարձունքներից է: Բացի այդ, այս տաճարում Լեոնարդոն կերտել է ևս երկու դիմանկարներ, որոնցում պատկերված են Մորոն` ավագ որդու, Բեատրիչեն` կրտսեր որդու հետ:

 

 

 

 

Ե Վ   Կ Ե Ր Տ Ե Ց   Հ Ա Ն Ճ Ա Ր Ը 

«Խորհրդավոր  ընթրիք» որմնանկարն  անձեռակերտ

 

Միլանի բարձրաշխարհիկ հասարակայնությունը հիացած էր իր գահակալով՝ Լոդովիկո Մորոյով. հպարտ կեցվածք, բնատուր խելք ու շնորհք, նաև շռայլություն. նա ոչինչ չէր խնայում արքունիքին շուք ու փայլ տալու հա­մար. նրա գանձարանի փողերը մեծապես ծախսվում էին վայելուչ կյանքի ու խրախճանքների նպատա­կով: Ինքնատիպ այս տիրակալը գրականության ու արվեստի, գիտության ու տեխնիկայի հովանավորի փառքով էր պսակել իրեն:

Կարծես ողջ Միլանն էր բարեկրթվում ու քաղաքակրթվում. հսկայական շինհրապարակների էին վերածվել Սֆորցաների դքսության մայրաքաղաքն ու մերձակայքը: Այստեղ էին իրենց գիտելիքներին ու շնորհներին կյանք տալիս Իտալիայի լավագույն ինժեներներն ու մաթեմատիկոսները, ճարտարապետներն ու շինարա­րնե­րը, քանդակագործներն ու նկարիչները,՝ բոլոր նրանք, ովքեր 1498 թվականին մասնակցել էին Ֆլորենցիայում  կազմակերպված «փառավոր գի­տական վեճին»[5]:

Մորոն հրապուրել ու Միլան էր բերել արվեստագետների սերուցքը, այդ թվում նաև Լեոնարդո դա Վինչիին, ժամանակակիցների բնորոշմամբ`՝ «անհասկանալի ու հպարտ» այդ արվեստագետին, որը կարծես ոչնչով նման չէր մյուսներին:

…Ճարտարապետ Բրամենտեն ավարտել էր դեռևս 1464 թվականին սկսած Միլանի Սանտա Մարիա Դել լե Գրացիե հոյա­կերտ տաճարի շինարարությունը: Գահակալը մտածում  էր այնպես զարդարել այդ հրաշակերտությունը, որ պեր­ճաշուքությամբ, ճոխությամբ ու գեղեցկությամբ Իտալիայում ու նրա սահմաններից դուրս ոչինչ չհամե­մատ­վեր նրա հետ: Տաճարի սրահներն ու դահլիճները պետք է զարդարված լինեին աստվածաշնչյան թե­մաների բազմաժանր դրվագներով, իսկ միաբանության սեղանատունը` Հիսուսի` խաչելությունից առաջ վերջին զատկական ընթրիքի` Խորհրդավոր ընթրիքի հանրահայտ խմբա­նկարով:

Մորոն իր երևակայական պատկերները իրականություն դարձնողի կերպարը դարձյալ տեսավ Լեոնարդո դա Վինչիի մեջ:

Բազմապատկեր, լայնածավալ որմնանկարներ ստեղծելու գաղափարը վաղուց, դեռ Ֆլորենցիայում եղած ժամանակ էր գայթակղել Լեոնար­դոյին: Եվ նա տարիներ շարունակ իր տետրերում սյուժետային հորինվածքներ էր ուրվագծում ու  ճեպանկարում: Եվ երբ  1478 թվականին Ֆլորենցիայի գահակալ Լորենցիոն պատվիրեց նրան Սինյորիայի պալատի սուրբ Բերնարդ մատուռում (կապելլայում) նկարելու համար ընտրել աստվածաշնչյան  թեմաներից «Մոգերի երկրպագությունը», նա հոժարակամ ընդունեց պատվերը և եռանդով գործի անցավ: Նա մեծ չափերի ճեպանկարներ արեց, գծագրեց ու ստվարաթղթերի վրա գծապատկերներ ձևավորեց: Սակայն քաղաքական իրադարձությունների սրման պատճառով աշխատանքները հետաձգվեցին, և նկարիչը այդպես էլ չկարողացավ անդրադառնալ կիսատ մնացած այդ որմնանկարին:

cena

…Խորհրդավոր ընտրիքի թեման շատ սրտամոտ էր Լեոնարդոյին: Ուստի այդ արտասովոր սյուժեի կերտմանը նա երկար նախապատրաստվեց: Ժամանակին «Խորհրդավոր ընթրիք»-ին անդրադարձել էին Ջոտտոն (1304-1306),Դուչչիոն (1308-1311), Անդրեա դել Կաստանիոսը (1445-1450), Գիրլանդայոն (1480), Կոզիմո Ռոսսելին (1482): Հայտնի էին և ֆլորենտական քվատրո­չեն­տականների երկու նկարները ևս[6]: Սակայն դրանցից և ոչ մեկը ոգեշնչման աղ­բյուր չէր ծառայում նրա համար: Նա այլ կերպ էր ընկալում ու պատկերացնում սյուժեն, ուստի հորինվածք­նե­րի մի նոր բանաձև էր որոնում, ձգտում էր հասնել գույների ներդաշնակության այնպիսի հարաբերակցության և լուսաստվերի նրբագույն խաղի այնպիսի լուծման, որ կերպարների ներաշխարհային բացահայտումները դառնային խիստ ընդգծված ու առանձնահատուկ:

Երկար մտորումներից հետո հանճարեղ նկարիչ- մաթեմատիկոսը վերջապես գտավ որմնանկարի կա­ռուց­վածքի (կոմպոզիցիայի) լուծման բանալին:

Ուղղանկյուն սեղանի մոտ նստած են տասներք առաքյալները՝ բաժանված չորս խմբի, յուրաքանչյուրում՝ երեք հոգի: Մեջտեղում Քրիստոսն է, որի աջ ու ձախ կողմերում նստածները եռանկյան մեջ են և ուսուցչին ավելի մերձ: Մյուս երկուսը քառանկյան տիրույթում են՝ ավելի ազատ դիրքերում: Խմբերի այդ զարմանահրաշ բաժանումով ստեղծվում է շարժման տպավորություն. յուրաքանչյուր խմբում դեմքերի, մարմինների, ձեռքերի խաղ է:

Գյոթեն գրում է, որ նման նկար միայն իտալացին կարող էր ստեղծել, քանի որ իտալացիներն են առանձնակի կատարելության հասել ձեռքերի «լեզվով» հաղորդակցվելու արվեստին, որով առանց խոսքերի տարբեր մտքեր և կապակցություններ են արտահայտում[7]:

Որմնանկարում պատկերված է այն պահը, երբ Հիսուս Քրիստոսը ընթրիքի ժամանակ առաքյալներին ասում է, որ նրանցից մեկն իրեն մատնելու է: «ճշմարիտ եմ ասում ձեզ. ձեզանից մեկը ինձ պիտի մատնի»: Ուսուցչի խոսքերը ցնցող տպավորություն են թողնում: Տասներկու աշակերտներից ամեն մեկն ըստ իր բնավորության ու խառնվածքի է ընդունում այդ հոգեցունց խոս­քը: Պահին հարիր՝ սպասվում էր, որ իրավիճակը ներկայանար բուռն խռովքով, մարդկային հոգու տվայ­տանք­ներով, դիմախաղերի ընդգծումներով. ապշահար դեմքեր, չռված աչքեր, զայրույթ-զարմանքից՝ բաց բերաններ, վեր բարձրացված ձեռքեր… Սակայն Լեոնարդոյի վրձնի տակ առաքյալները զուսպ կեցվածքով են. նրանց շարժումները, որ ավելի շատ ներքին են, քան արտաքին, աչքի են ընկնում նուրբ խորհրդա­վորու­թյամբ:

Տպավորությունն աննկարագրելի է, ցնցող է:

Խորանկար սենյակը լուսավորված է առջևից` դիտողի կողմից: Երկար ու նեղ սեղանը ծածկված է նախ­շա­զարդ սփռոցով (ծալքերից երևում է, որ առաջին անգամ է օգտագործվում): Նստածներից երկուսը սեղանի ծայ­րին են` կիսադեմով, մյուսները` դեմքով դեպի դիտողը: Այսպես ընկճվածության տպավորությունն ավելի է ուժեղանում: Քրիստոսի գլուխը առանց լուսապսակի է, նստած է մյուսներից անջատ` պատուհանից թափանցող լույսի մեջ: Բնական լույսն ու ստվերը նրա դեմքին առանձնահատուկ ներշնչում են հաղորդում: Նա հենց նոր է արտա­սա­նել դավաճանության մասին խոսքը. դեմքին մեղմ թախիծ կա. հայացքը խոնարհված է: աջ ձեռքի մեջ զսպված շարժում կա. ձախը մի տեսակ անուժ է, ափը վեր` սեղանին ընկած…

Բոլորի դեմքերը, բացի Հուդայից, լարված են. Մեկը լսածից գրեթե կայծակնահար է, մեկը`շշմած, մյուսը` վիրավորված: Քրիստոսի վրա է հակվել ինքնասպանության պատրաստ Փիլիպոսը, անակնկալից ձեռքերն է տարածել Հակոբոսը, դավաճանի վրա նետվելու է պատրաստ` ձեռքը դանակին ձգած Պետրոսը: Իսկ Հուդայի դեմքի շարժը նկատելի չէ. դավաճանին նկարիչը մի­տում­նավոր նստեցրել է թիկունքով դեպի լույսի ակունքը, որպեսզի ստվերի մեջ լինի (նկարում՝ ձախից չորրորդը):

Մտահղացումը կատարյալ է: «Խորհրդավոր ընթրիք» նկարելու ողջ ընթացքում Լեոնարդոն անհանգիստ խռովքի մեջ էր. անընդհատ որոնումներ, նորից ու նորից չափումներ-չափագրումներ, կոմպոզիցիայի ճշգրտում, մտահղացումների վերա­փո­խում և անվերջ ծնվող խնդիրներ, որ ամեն պահի ծառանում էին նրա առջև: Եվ միշտ նորից ու նոր փորձում էր գտնել սյուժեի մատուցման ամենաիրական, ամենաբնական տարբերակը:

Իսկ անողոք ժամանակը կանգ չէր առնում. պատվերն ավարտելու օրը մոտենում էր: Դուքսն ու դքսուհին շատ էին մտահոգվում: Պալատականները չարամտորեն լարվածություն էին ստեղծում. բամբասանքներն ու հանիրավի մեղադրանքներն էին օրվա խոսակցության թեմաները: Նյութը մեկն էր. Լեոնարդոն ծույլ է, անբան է. նա կատարյալ նկարիչ չէ:

 

Միլանյան գեղեցիկ արշալույսներից մեկն էր: Վայելուչ կեցվածքով, բարեկազմ, ազնվատեսք մի տղա­մարդ, որ կլիներ մոտ 45 տարեկան, ետ տարավ նորակառույց վանքի նախշազարդ դարպասի սողնակը, ներս մտավ, բարձրացավ փայտամածի վրա, վառեց նգույրների վրա դրված աշտանակների մոմերը, վերցրեց ներկակալն ու վրձինը…Որերորդ շաբաթն է՝ մի վրձնահարված անգամ չի կարողանում տալ. անհանգիստ մտքերից ալեկոծվում է հոգին. մնացել է կերպավորել երկու գլուխ, և ոչ մի կերպ չի կարողանում: Մեկը երկ­րա­յին չէ. վեհ է, վսեմ, եթերային, և իր մտքերը, երևակայությունը, թվում է` հասու չեն ստեղծելու գեղեցկու­թյան ու երկնայինի այդ զմայլելի ներդաշնակությունը, որ մարմնավորված է աստվածության մեջ: Քրիստոսը մարդկային գեղեցկության գաղափար է. այն մարմնավորել  հնարավոր չէ:

Իսկ մյուսը… Ինչպե՞ս հղանալ, ինչպե՞ս կերպավորել մեկին, որն այնքան շնորհների արժանանալուց հե­տո անգամ երեսուն արծաթով կաշառվեց ու մատնեց իր ուսուցչին` աշխարհի փրկարարին:

Երկա~ր կանգնեց մեծածավալ որմնանկարի առջև: Ուզում էր թափանցել մատնիչի ներաշխարհը, գտնել գույնն ու կերպարը մատնության: Չէր ստացվում: Անփութորեն մի կողմ նետեց ներկակալն ու վրձինը:

Օրը բացվել էր. ուղղաձիգ լուսամուտներից ներս էին թափանցել արևի ճառագայթները; Հանգցրեց մոմերը, իջավ փայտամածից: Հեռվից քննախույզ դիտեց նկա­րը. լավն է. սրտովն է: Միայն թե…

Դուրս եկավ տաճարից ու քայլերն ուղղեց դեպի Բորգետո`՝Միլանի մարդաշատ հրապարակներից մեկը` դեմքեր որոնելու…

— Սինյո’ր Լեոնարդո, սինյ’որ Լեոնարդո,- հևասպառ ձայնողը վանքի մերձակա այգուց դուրս եկող վա­նա­հայրն էր:

Նկարիչը կանգ առավ.

— Շատ դանդաղ եք աշխատում, սինյո’ր Լեոնարդո: Շաբաթներ շարունակ գալիս, ժամերով կանգնում եք նկարի առջև ու ոչինչ չեք անում: Ես բողոքելու եմ դուքսին ու դքսուհուն…

Մի տխուր ժպիտ խաղաց նկարչի դեմքին: Նա շարունակեց ճանապարհը: Հանկարծ կտրուկ կանգ առավ, ձեռ­քը ակամայից տարավ փարթամ մորուքին, աչքերը տարօրինակ փայլ ստացան. հապշտապ վերա­դարձավ վանք…

Իրիկնամուտ էր, երբ Լեոնարդոն վայր դրեց վրձինը: Գոհ էր. Հուդան կերպավորվել էր. վանահոր գլուխը «զար­դարել» էր մատնիչի մարմինը:

Նա վերջին պահին մի հայացք գցեց նաև Թովմասի[8]` «Անհավատ առաքյալիտ դեմքին. գտել էր, ճիշտ էր մարմնավորել. մանրախույզ հայացք. աջ ձեռքի ցուցամատը թերահավատորեն բարձրացրած, կեցվածք, որով կարծես ասում էր՝ «Մինչև չտեսնեմ, չշոշափեմ՝ չեմ հավատա»:

-Դե հիմա թող հավատա,- կիսաձայն քրթմնջաց նկարիչը և դուրս եկավ վանքից:

Որմնանկարը գրեթե պատրաստ էր…

 

1497 թվականի ձմռան մի երեկո Լեոնարդոն գահակալին հրավիրում է սեղանատուն` ընթրիքի: Պատվիրատուն և նրա ուղեկիցները մտնում են ներս; Լեոնարդոն նպատակադրված` վանականների ընթրելու պահը նշանակել էր լուսումութ ժամին և, ճաշի սեղանը առանձնապես ուշագրավ չլինելու համար, ձևավորել էր ճիշտ այնպես, ինչպես որմնանկարում էր` ծածկոցը, սպասքը, դանակները (երկու հատ), գինու գավաթները, մյուս առարկաներն ու ուտելիքները: Ընթրում են և ոտքի կանգնելուց հետո են  միայն նրանք նկատում, որ իրենց սեղանը շարունակությունն է սեղանատան գեղարվեստական ձևավորման:

Ընթրիքի մասնակիցները  զարմանքից քար են կտրում. «Ah, che bellisimo! Che miracoloso!»… (Օ՜, ի՜նչ սքանչելի է, ի՜նչ հրաշալի…):


 

                      ՈՐՊԵՍ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Լեոնարդոն չէր ցանկացել նկարել խոնավ ծեփի վրա, ինչպես արել  էին նա­խորդ­նե­րը. նա դան­դաղ էր աշխատում, իսկ ջրաներկով աշխատելը արագություն էր պահանջում: Ուստի  դիմել էր նախադեպը չունեցող քայլի. օգտագործել էր յուղաներկ, որը, ցավոք, ճակատագրական էր եղել որմնանկարի համար: Հետագայում պարզվել էր, որ քարը իր մեջ պարունակել էր բորակ (սելիտրա), որը խոնավությունից տարիների ընթացքում դուրս էր թափանցել՝ ամբողջ որմնանկարը պատելով սպիտակ բծերով:

Ար­վես­տի այս գլուխգործոցը մեծապես տուժել էր ոչ միայն  վանականների անփու­թության եւ օտար նվաճողների բարբարոսական վերաբերմունքի պատճառով: 1796 թվականին Նապոլեոն Բոնապարտը, գրավելով Միլանը, մտել էր վանք և տեսնելով այդ հրաշքը` ծնկի էր եկել, չոքեչոք մոտեցել որմնանկարին, երկրպագել, ապա թուղթը դնելով ծնկներին` մենաստանի անձեռնմխելիության մասին հրաման արձակել: Սակայն միապետի գեներալներից մեկի հրամանով սեղանատունը վերածվել էր ախոռի, պահեստի, բանտի ու հարդանոցի:

Որմնանկարը նկատելիորեն տուժել էր նաև   բնության տարերքների պատճառով: 1500 թվականին Միլանում տեղի ունեցած ահռելի ջրհեղեղը, հետագայում ևս երկու ջրհեղեղները թափանցել էին սեղանատուն, ողողել որմնանկարը`  մեծացնելով խոնավությունը: Այս ամենից հետո պարզ է, թե ինչ վիճակում պիտի հայտնվեր անձեռակերտ այս հրաշքը:

Դարերի ընթացքում, իհարկե, արվել են փորձեր՝ վերականգնելու, փրկելու այն: Սկզբնական վիճակի մոտավոր տպավորությունը վերականգնողները կարող էին ստանալ Ռաֆայել Մորգենի և ուրիշների արտանկարումների հիման վրա: Այնուհանդերձ, 1954 թվականին իտալացի մասնագետները երկյուղածությամբ ձեռնարկեցին վերականգնողական աշխատանքները եւ, բարեբախտաբար, որոշ հաջողության հասան: Վերականգնման վերջին լուրջ աշխատանքները կատարվեցին 1980-1999 թվականներին` Մաուրո Պելլիչոլիի ղեկավարությամբ, և    որմնանկարը գրեթե ստացավ իր նախկին տեսքը:

Կործանումից փրկվեց համաշխարհային կերպարվեստի ամենակատարյալ գործերից մեկը՝ «Խորհրդավոր ընթրիքը»:

 


…Ե Վ   Ո Չ   Մ Ի Ա Յ Ն

«Տիրամայրը քարանձավում»

 

Ֆլորենցիայում վրձնած «Մոգերի երկրպագությունը» մեծածավալ կտավից հետո այստեղ` Միլանում, Լեոնարդոն կերտեց «Տիրամայրը քարանձավում» կտավը (1483-1490/1494)[9],  որը վիթխարի հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն որպես արվեստի բարձրագույն նմուշ, այլ որպես գեղանկարիչի հասունանալու շրջափուլ:

Հետագայում վանականների պատվերով նա նկարեց նույնի կրկնօրինակը, որը նկատելիորեն զիջում էր նախորդին: Ահա թե ինչու: Պատվիրատուների պահանջով նկարը պետք է ներկայացներ ոչ թե նույն սյուժեն` Տիրամայրը, հրեշտակը, մանուկ Քրիստոսն ու մանուկ Հովհաննեսը, այլ մի սովորական եկեղեցական արարողություն, որտեղ Տիրամայրը շրջապատված պետք է լիներ հոգևորականներով:

Պայմանագիրը կնքվեց, և Լեոնարդոն ձեռնամուխ եղավ նկարի արարմանը:

Անտեսելով պայմանը` նկարիչը կերտեց բացառապես աշխարհիկ մի կտավ, որում ամեն ինչ նորամուծություն էր թե´ բովանդակության  մեկնաբանությամբ, թե´ փոքր-ինչ առեղծվածային բնապատկերմամբ, թե´ լուսաստվերային խաղով, թե´ կառուցվածքային առանձնահատկությամբ: Նկարիչը Աստվածամորը, երեխաներին ու հրեշտակին տեղադրել է բնապատկերի մեջ, որը ոչ թե  ֆոն է ծառայում, այլ  յուրահատուկ հուզկան մի միջավայր:

…Քարանձավի առաստաղից կախված են արտասովոր փայլով բյուրեղներ, կիրճի քարերի տակից ու արանքներից ծլարձակել են ամենայն մանրամասնությամբ պատկերված ծաղիկներ ու թփեր: Հենց հատակին նստած են Տիրամայրը, երեխաներն ու հրեշտակը*: Ապառաժների ծերպերից փայլում է երկինքը: Խոնավ, առեղծվածային մթնշաղ է. հստակորեն ուրվագծվում են կապտամշուշով պատված կերպարների դեմքերը: Երիտասարդ մայրը աջ ձեռքով գորովանքով փարվել է դեպի առաջ մղվող, կիսակքած, աջ ծունկի վրա հենված մանուկ Հովհաննեսին, ձախ ձեռքը ձգվում է դեպի իր որդին, որը սևեռուն հայացքով կարծես ինչ-որ բան է ուզում ասել իր հասակակցին: Հրեշտակը իր դիրքով ու շարժումով դեպի իրեն է ձգում-կլանում դիտողներին:

Կերպարները կառուցված են բրգաձև. բարձրակետը Տիրամոր գլուխն է, աջուձախ կողմերում նրա թևերն  են, հիմնանկյուններում` երեխաներն ու հրեշտակը:

Կոմպոզիցիան (համադրումը) դիտարկելով որպես ստեղծագործության մտահղացման բանալի` Լեոնարդոն կիրառեց բուրգային (եռանկյունային) կառուցվածքները (այստեղ, «Խորհրդավոր ընթրիքում», մյուս խմբանկարներում), որոնք Բարձր Վերածննդի դարաշրջանի համար հռչակվեցին դասական:

Պատվիրատուները հրաժարվեցին այս կտավից` պատճառաբանելով, թե իբր խախտվել է ժամկետը: Իրականում աշխարհիկ համադրումը սարսռեցրել էր նրանց, շփոթության մատնել: Խոստացած գումարն էլ բնականաբար չեն վճարում: Սկսվում է տարիներ ձգվող դատավարությունը: Վերջապես որոշում են փոխզիջման գալ. վանականները կընդունեն կտավը, եթե լուսապսակը զարդարի Տիրամոր գլուխը, հրեշտակն էլ ունենա իր անբաժան թևերը, իսկ Հեվհաննեսի ձեռքին լինի խաչը:

Լեոնարդոն համաձայնվում է պատվիրատուներին հանձնել նկարը, սակայն կտրականապես հրաժարվում է առաջարկած հավելումներից[10]:

 

 

«Հեծյալը»

 

Լոդովիկո Մորոյի հոր` Միլանի նախկին գահակալ Ֆրանչեսկո Սֆորցա-Մորոյի հիշատակին կանգնեցվելիք հուշարձանի պատվերը Լեոնարդո դա Վինչիին էր տրվել, երբ նա դեռ Ֆլորենցիայում էր: Գալով Միլան` բազմաթիվ և բազմազան գործերով ծանրաբեռնված արվեստագետը, այնուամենայնիվ, ձեռնարկեց նաև ձիարձանի կերտումը, և 1493 թ. դեկտեմբերի 1-ին` Լոդովիկո Մորոյի հարսանիքի օրը, նա հասարակությանը ցուցադրեց ոչ թե ձուլված արձանը, այլ կավե մոդելը: Ձուլման համար պահանջվելիք 80 տոննա բրոնզ ձեռք բերելու համար Մորոն չէր կարող խոստացած դրամը տրամադրել. գանձարանը դատարկվել էր:

Տպավորությունը ցնցող էր: Ցավոք, հրաշակերտ այդ քանդակը սերունդներին չհասավ. 1499-ի վերջերին Միլանը նվաճած ֆրանսիացի զինվորները ավերում ու թալանում էին քաղաքը:  Վտանգ էր սպառնում և ձիարձանին, ուստի Ֆերրարայի դուքս Էրկելո դ’ Էստենը` Բիատրիչեի հայրը, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII-ին հղած նամակում խնդրում է ցանկացած գնով իրեն վաճառել Հեծյալը: Սակայն նա չի համաձայնվում, դեռ ավելին, արվեստի երկրպագու թագավորը ցանկանում էր պատի հետ միասին Ֆրանսիա տեղափոխել Լեոնարդո դա Վինչիի վրձնած Խորհրդավոր ընթրիքը: Բարեբախտաբար ինժեներները խորհուրդ չտվեցին, քանի որ որմնանկարը վերջնականապես կոչնչանար: Սակայն «Հեծյալը»  դարձավ հենց իրենց` ֆրանսիացի գասկոնական[11] զինվորների խրախճանքի առարկան. նետահարվեց որպես թիրախ և քարուքանդ եղավ…

Արձանի բարձրությունը, Լեոնարդոյի մաթեմատիկոս ընկերոջ` Լուկա Պաչոլինիի վկայությամբ, գագաթից մինչև սկզբնամաս 12 արմնկաչափ էր` մոտ 6 մետր:

 

 

     [1] Դժվար չէ կռահել, որ խոսքը հրասայլի (տանկի) նախատիպի մասին է, որ առաջին անգամ հղացել է Լեոնարդո դա Վինչին:

     [2] Ակնարկը Լոդովիկո Մորոյի հոր` Միլանի նախկին գահակալ Ֆրանչիսկո Ս‎ֆորցա-Մորոյի հիշատակին կերտվելիք բրոնզաձույլ ձիարձանի մասին է :

     [3] Բնական զգացում. Չէ՞ որ նրա երակներում հոսում էր հայի արյունը: Նա ապօրինի զավակն էր XIV դարի երկրորդ կեսերին Կիլիկիայից գաղթած հայ ընտանիքից սերված, գեղեցիկ, գրավիչ ու խորաթափանց գեղջկուհի աղջկա` Կատերինայի, որին գայթակղել էր երիտասարդ նոտար սըր Պիերո դա Վինչին:

    *  Սիրիան Փոքր Ասիայի ծովափնյա մի ընդարձակ երկրամաս էր, Եգիպտոսի մամլուքների`բավականին թուլացած պետության նահանգը, որը ղեկավարում էր դավադարին:

    ** Մամլուքները վաղ հասակում գերված կամ գնված, մահմեդականացված և ռազմական գործին նվիրված սպիտակամորթ ստրուկներ էին: Եգիպտոսի Էյքուբյանները 13-րդ  դարի սկզբին  մամլուքներից ստեղծեցին հատուկ զինվորական ընտրանի :

    **         Դավադարը տիտղոս  է. տեղապահ, փոխանորդ: Մեր հասկացությամբ` նահանգապետ : Ի դեպ` դավադարը Սիրիայում բավականին անկախ էր զգում իրեն և սուլթանի իրավունքներով էր տնօրինում դատն ու  դատաստանը, հարկահավաքությունը, այլևայլ ռազմական գործողությունները :Դրանով է թելադրվում սուլթանական այդ իրավունքը, որ նա կիրառում է` հանձնարարություններ տալով մեծ իտալացուն :

     [4] Տե՛ս Վիգեն Խեչումյան, Գիրք մաքառման,«Սով. գրող» հրտ., Եր., 1968, էջ 338:

* Տաճարը, որն անվանվեց Սանտա Մարիա դել լե Գրացիա, ավարտին է հասցրել  Դոնատտո Բրամենտեն` կիրառելով Լեոնարդոյի առաջադրած մեթոդներն ու ոճային կառուցվածքը:

[5] Տե´ս Ա.Կ. Ջիվելեգով, Լեոնարդո դա Վինչի, Եր. 1986, էջ 57 :

    [6] Թեման արծարծած նախորդ նկարիչները Քրիստոսին և նրա աշակերտներին նստեցրել են շարքով, հենց այնպես, առանց փոխադարձ կապի ու հաղորդակցման, նույնատիպ կրկնվող դիրքերում, իսկ Հուդան` առանձնացած, սեղանի մի այլ կողմում: Այդ նկարիչները մանրամասնել են նաև ճաշասեղանի սպասքը, ուտելիքն ու խմելիքը, իսկ լարված դրամատիզմը, որը սյուժեի բուն խնդիրն էր, չեն կարողացել հաղորդել:

    [7] Տես Վարդան Դևրիկյան, Խորհրդավոր ընթրիք: Հայկական ավանդույթից մինչև Լեոնարդո, «Տիգրան Մեծ» հրտ.,Եր.,2008, էջ 85 :

   [8] Լեոնարդոն առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել Թովմասի կերպարի նկատմամբ. ամեն ինչ զննող, ամեն ինչ քննող այս առաքյալն ավելի սրտամոտ ու հասկանալի էր իրեն : Պատահական չէ, որ նրան է նստեցրել ուսուցչի ձախ կողքին, և նրա գեղեցիկ գլուխը Քրիստոսի գլխից հետո միակն է, որ ողողված է լուսամուտից թափանցող լույսով: Կարծիքներ կան, որ կերպարը մարմնավորել է իր դիմանկարի նախատիպով : Ի դեպ` Քրիստոսի խաչելիության ժամանակ Թովմասը 45 տարեկան էր: Նկարն ավարտված տարում էլ լրանում էր Լեոնարդոյի 45-ամյակը:

 

   [9] Կտավը պահպանվում և ցուցադրվում է Լուվրի պատկերասրահում:

  * Ըստ որոշ աղբյուրների` նկարիչը Տիրամորը պատկերել է հարազատ մոր` Կատերինայի, իսկ հրեշտակին` 14 տարի հոգատարությամբ և սիրով դաստիարակած ու կրթության տված խորթ մոր` Ալբիերա Ամադորիի կերպարով:

   [10] Հետագայում այդ «լրացումները» կատարեց Լեոնարդոյի աշակերտ, արդեն հայտնի գեղանկարիչ Ամբրոջո դը Պրեդիսը: Կտավի այս տարբերակն այսօր հանգրվանում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում:

   [11] Գասկոնը գավառ է Ֆրանսիայի հարավում: Գասկոնացիք համբավավոր էին որպես պարծենկոտների ու մեծամիտների և օժտված` անասելի վառ երևակայությամբ:

Share

Կարծիքներ

կարծիք