Չակերտներ (երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի)

BaxtamyanՉակերտը տրոհության կետադրական նշան է, որ գործածվում է խոսքի մեջ տարբեր բառեր, բառակապակցություններ, նախադասություններ առանձնացնելու կամ ընդգծելու համար: Չակերտները բացել նշանակում է խոսքի քողարկված իմաստը բացահայտել, պարզել:
Այս պատմությունը հարյուր տարեկան է, կապված է սյուրռեալիզմի ծագման և նրա հիմնադիրներից մեկի՝ իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի հետ: Սյուրռեալիզմի վարդապետություններից մեկը իրերի, արժեքների, միջավայրի նկատմամբ ունեցած հստակ ձևակերպումն ու բնութագիրն էր՝ մեկ բառ, մեկ նախադասություն կամ ուղղակի՝ «սիրում եմ-չեմ սիրում»: Այն, ինչ բնորոշ չէ մարդկության մեծ մասին, առավել ևս բազմերանգ հայությանը, որը միշտ խուսափում է որոշակիությունից (ասում են՝ պատմական ճակատագիր է, նույնիսկ հայոց մեղքերի խոստովանությունն էլ ուղղակի չէ, այլ ընդհանրական է):

Հանրային հեռուստաընկերության չորս եթերաշրջանների չորս հարյուր հյուրերի ներկապնակը

Համոզված եմ՝ շատերը չեն ցանկանում խոսել իրենց վախերի, երազանքների, երևակայության և ըմբոստության մասին (կրկին՝ անցյալի ժառանգություն) և կառչած այս անցյալից, առանց «կախարդական փայտիկի», աշխարհագրական վատ դիրքում կամ քաղաքակրթությունների խաչմերուկում, չցանկանալով ոչինչ փոխել, երազել, կերտել՝ մենք սկսեցինք երեսուն հարցից բաղկացած հարցախույզը, որը ընթացքում չնչին փոփոխությունների ենթարկվեց:

Առաջին ընդվզումը՝ ինչպես կարելի է մեկ գրքի անուն տալ՝ Աստվածաշունչ, Նարեկ, Խորենացի, Թումանյան, Փոքրիկ իշխան, ու այդպես անորոշ մի պատկառելի շղթա:

Մի պահ կանգնենք այս հանգրվանում, հիշենք «գրակի դասատուի» ինչ-որ «առաքելությամբ» տոգորված կենսաքաղց էությունը, որին դուք աստվածացնում էիք, և վստահ էիք, որ նա… զուգարան չի գնում: Հիշեք, թե նա ինչպես էր խոսում Դոն Կիխոտի մասին, նրա վեհ, պլատոնական զգացմունքների մասին, ու բոլորդ պատրաստ էիք փնտրել հողմաղացներ, ոգեշնչվել նրա վեհանձնությամբ ու նման… բաներ: Իրականում Սերվանտեսը ծաղրում էր ժամանակի շավղից դուրս եկած, այսինքն՝ ժամանակավրեպ տեսակին, ասելով որ ասպետական ժամանակներն անցել են, ու մեր մեջ ասած՝ էշությունից բացի ուրիշ արդյունք չտվեցին:

Բայց չէ, «գրակի դասատուն», վարակված իր «գրակի դասատուից», նա էլ՝ Գայանյան վարժարանից, երկու հարյուր տարի բարբաջում է նույն անհեթեթությունը՝ որպես այլընտրանք չքննարկելով որևէ այլ տարբերակ:

Հետո՝ անգիրներ, որոնք վերջնականապես գնդակահարում են մարդու սերը պոեզիայի նկատմամբ, ու հայրենաբաղձ փրփուրներով, ոչինչ չցանկանալով ավելացնել, փոխել՝ սկսում ենք գործել:

Հայկական շեքսպիրապատման երկու հարյուր տարվա ավանդույթ, շեքսպիրագիտության կենտրոն, շեքսպիրյան միջազգային փառատոն ունեցող ժողովուրդը, պարզվում է, Համլետի իրական թարգմանություն ունեցավ միայն երկու տարի առաջ, այսինքն՝ դրանից առաջ թարգմանությունները, մեղմ ասած, լիարժեք չէին. խոսքը սյուժեի մասին չէ, այլ խորքային իմաստի:

Ժամանակակից սերունդը ծանոթ չէ անցած դարի բեսթսելլեր «Աննա Ֆրանկի օրագիրը» «օրագրությանը», որի դրսևորումները՝ օպերա, բալետ, էլ չեմ ասում՝ ֆիլմեր, առ այսօր ստեղծվում են: Բայց խոսքը թարգմանության մասին է, որը մեզանում կատարվել է ռուսերենից: Որքան մեծ եղավ իմ զարմանքը. նախ՝ այս օրագրություն կոչվածը բացահայտ կեղծարարություն է՝ տպագրությունից հետո երկար տարիներ ընթացել են դատական պարզաբանումներ. իրական հեղինակ հոլանդացի լրագրողը Օտտո Ֆրանկից (Աննայի հորից) պահանջում էր իրեն հասանելիք հոնորարը: Դատական այս գործի ստվարածավալ նյութերը առ այսօր փակ են: Իսկ բուն Աննայի օրագիրը իրենից ներկայացնում է դեռահաս աղջկա սեռական բարբաջանքները, որոնք էլ հենց պատճառ դարձան, որ Միացյալ Նահանգների պահպանողական հանրությունը պահանջեր այն հանել պարտադիր ուսումնական ծրագրից:

Մի՛ սպասեք Գոդոյին, ուղղակի գտե՛ք:

Ի դեպ, «Չակերտների» հարցերը նախապես ուղարկվում են հյուրերին, քանի որ սա քննչական ծուղակ կամ հոգեվերլուծության թեստ չէ: Խաղ է, որի կանոնները հայտնի են, որին հետևում են ուրիշները՝ գնահատելով քո խաղաոճը, խոսքը, բառամթերքը, նախասիրությունները:

Ողջ օրը, օրվա կեսը կամ մի մասը մենք խոսում ենք օրից՝ ի՞նչ զգացինք, ինչո՞վ էր լցված, ո՞վ եկավ-գնաց, ի՞նչ ասաց: Բայց ի՞նչ ընտրել, առանձնացնել՝ խոսել Արարատի՞ց, որը վաղուց քո պատշգամբից չի երևում, ամեն առավոտ արթնացնող աղբատարի՞ց, թե՞ հոգեմաշ երազներից: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ… լինել պայծառ մարտունա՞կ, թե՞ խարխափել լուսանցքում: Անցանկալի է, վտանգավոր է, հազար ու մի ականջ կա:

Իսկ հայի բնութագիրը մի իսկական փորձություն է՝ խիզախ է, դավադիր է, շինարար է, ճակատագրապաշտ է, հավատացյալ է, միամիտ է. ավելի լավ կբնորոշեն Դեմիրճյանը, Սարոյանը կամ Կանտը:

Ամենապարզը՝ ֆիլմ: Ու պարզվեց, որ ողջ խորհրդային շրջանում հայկական ֆիլմին փնովողները դարձան մոլի երկրպագուներ՝ իհարկե, ավելացնելով Ֆելլինի, Տարկովսկի, Ֆորման, երբեմն՝ շատ հազվադեպ որևէ նոր բան, ու այնպիսի տպավորություն է, որ քառասուն տարի մեր քարանձավում ոչինչ չի փոխվում:

 Արևմտյան Հայաստան. այն վախեցնում է, մենք չենք ուզում հատել սահմանը, մենք չենք ուզում տեսնել «նրանց», չենք ուզում այցելել բանտարկված հարազատին՝ որքա՜ն իրեն լավ կզգա բանտապահը: Կգնանք միայն տանկով՝ այն դեպքում, երբ հյուրերի մեծամասնությունը զենք չի սիրում, չի տիրապետում և ապավինում է գերագույն գիտակցությանը կամ ճշմարտությանը:

Էգեյան ծով: Ձմեռ: Երբեմնի հունական Հալիկառնասը գրեթե դատարկ է:

Դատարկ հյուրանոցներ, փողոցներ, ռեստորաններ: Նավահանգստում իրար կիպ կպած, քնած մրսող առագաստանավեր: Հատուկենտ հովեկներ, նկատի ունեմ մեր վեցյակին: Փողոցի անկյունում հնավաճառի խանութն է.

Լեցուն,

Լեցուն,

Լեցուն… Կահույքն ու ջահերը դրսում են՝ ծառերի տակ, ծառերի վրա, մայթեզրին: Խանութը միշտ փակ է: Մի օր կեսօրին բաց տեսանք, հազիվ սողոսկեցինք ներս՝ շատ զգույշ. շարժվելու տեղ չկար, սեփականատերը՝ ձուլված շշերին, կշեռքներին, զանգերին, գորգերին, միջահասակ, աշխույժ, լավ անգլերեն խոսող տղամարդ է:

 

Հարց-պատասխան.

-Ձեր անունն ի՞նչ է:

-Այնքան դժվար անուն է, նույնիսկ այստեղ՝ Թուրքիայում, հստակ չեն կարողանում արտաբերել. Նժդեհ է:

-Նժդե՛հ,- բղավեցինք բոլորս միասին: Նա զարմացավ: Իմ ծնողները Կովկասից են, Աթաթուրք-Լենին պայմանագրից հետո Չեչնիայից տեղափոխվել են Բոդրում: Ես սովորել եմ Ամերիկայում, ինժեներ եմ աշխատել, թոշակի անցնելուց հետո եկա, նարնջի այգիներ գնեցի, մի քանի զբոսանավ: Այս խանութը հոբբի է, մարդիկ բերում են իրենց անպետք իրերը, ես գնում եմ, ոմանք էլ գտնում են իրենց փնտրածը:

-Ի՞նչ արժեն այս մատանիները:

-Այս մատանիները հարյուր տարվա պատմություն ունեն, Թուրքիայի տարբեր շրջաններից են, մի մասի վրա ինչ-որ տառեր կան, նրանց գինը տարին երկու լիրա է, այսինքն՝ հիմա երկու հարյուր: Երկու լիրան՝ մեկ դոլար:

Մատանիները հիմնականում փոքր չափի էին, գուցե դեռահասների, աղջնակների առաջին անպաճույճ զարդերն են եղել:

Հարյուր տարի առաջ:

Հարյուր տարի առաջ. փոքրիկ, ծուռտիկ կապտաքարերով արծաթե այս մատանիները գուցե հայուհիների մատներից են հանվել, փոխանակվել մեկ բաժակ ջրով կամ ուղղակի խլվել են նրանցից: Գինը հիմա ընդամենը հարյուր դոլար է:

-Իսկ դուք որտեղի՞ց եք:

Շատ տոթ էր:

Ձմեռ էր:

Խաղը շարունակվում է:

-Սիրում եմ Երևանն ամբողջովին:

-Սիրում եմ Աբովյան փողոցը:

-Փոքր Կենտրոնը:

Դուք երբևէ ուշադիր նայե՞լ եք Երևանի պատշգամբներին, անցե՞լ եք բակերով, քայլե՞լ եք փողոցներով, վարե՞լ եք մեքենա: Մի անգամ վաղամեռիկ Մհեր Դավոյանն ասաց՝ Երևանը պարսկական քաղաք էր, հետո՝ ռուսական, հետո՝ սովետական, հիմա վերջապես հայկական է: «Ոսկե ծիրան» կինոփառատոներից մեկի ժամանակ նշանավոր կինոռեժիսոր Վիմ Վենդերսը վարպետության դասի ժամանակ այն հարցին, թէ ինչ գիտեր Հայաստանի մասին, ասաց՝ որևէ երկիր մեկնելիս ես չեմ կարդում նրա պատմությունը, տեղում հարցեր եմ տալիս, և իմ տեսածը լավագույն ճշգրիտ պատասխանն է:

 

Մենք նայում ենք:

Նայում են մեր բոլոր ճարտարապետները՝ Թամանյանից սկսած: Յուրաքանչյուրն իր երազանքի շենքն է կառուցել, դեսից-դենից տեսած, ազդված, ու այս ժամանակավրեպ միջնաբերդ-աշտարակներով կամ նոր էլիտար «շուշաբանդներով» ու վարդագույն պարծանքի վրա «ծպցրած» էժանագին օդորակիչներով մենք շարունակում ենք խցկել ամեն քառակուսի մետրը՝ տեղ չթողնելով ո՛չ քայլելու, ո՛չ կանգնելու, ո՛չ սիրահարվելու համար:

 

Նա տեսել է ԵՐԵՎԻ

Ռուս գրող Պյոտր Ալեշկովսկին՝ հայտնի այլախոհ Յուզ Ալեշկովսկու եղբորորդին, կառուցվող Հյուսիսային պողոտայի մասին ասաց, որ այն հայկական երազանքի արտապատկերն է: Չունենալով ծով՝ մենք հածանավեր հիշեցնող, սուր եզրերով շենքեր ենք կառուցում, որոնք քթերը տնկած են դեպի Արարատը: Հրաշալի այլաբանություն և անեծք՝ հաշվի առնելով, որ այդ նավերը դատարկ են՝ բնակիչներ չկան:

Երազո՞ւմ եք ճանապարհորդել, լինել տարաշխարհիկ երկրներում, քաղաքներում: «Չակերտներում» առաջատարը Նյու Յորք-Փարիզ-Հռոմ եռանկյունին է:

Շրի Լանկա: Ձմեռ:

Գիշերվա ձմերուկի ռոմից ու հյուրատան տոթ սենյակից գլուխս տժժում է: Նստած եմ լիանաների ու խոնավության մեջ: Դիմացի ծառի ճյուղերին գլխիվայր կախված են շան գլխով ինչ-որ հսկա չղջիկներ: Կապիկների ընտանիքը դուրս է եկել առավոտյան նախավարժանքի:

-Ձեզ տանեմ բուսաբանական այգի,- լսվում է կողքիս: Երևի հյուրատան աշխատողներից է: Նայում եմ շուրջս:

-Ամբողջ երկիրը բուսաբանական այգի է:

-Դուք որտեղի՞ց եք:

-Արմենիայից:

-Այստեղից հեռո՞ւ է:

-Շատ:

-Եվրոպայո՞ւմ է:

-Համարյա:

-Դուք քանի՞ միլիոն եք:

-Երեք:

-Հիմա ձեզ մոտ ի՞նչ եղանակ է:

-Ցուրտ է, ձմեռ է:

-Երբ ձմեռը գալիս է, դուք չվո՞ւմ եք երկրից:

-Թխի՛ գա, գնանք «բոտանիկ գարդըն»:

 

Տաթև՛, եղե՞լ ես Տաթևում:

Անի՛, եղե՞լ ես Անիում:

Արա՛քս, տեսե՞լ ես Արաքսը:

 

Երևանի թաղամասերն ու շրջանները վերանվանելով պատմական Հայաստանի բնակավայրերի անուններով՝ երկու խնդիր էր լուծվում: Խորհրդային Միությունը «բաց էր պահում» Թուրքիայի հետ պահանջատիրական իր նկրտումները, միաժամանակ մեզ հեռացնում Հայրենիքից՝ տեղայնացնելով այն մի հարթության վրա: Եվ տասնամյակներ անց Կիլիկիան ոչ թե պատմություն է, այլ տոնավաճառ, Զեյթունը հերոսամարտ չէ, այլ սրտաբանական, Արեշը դպրատուն չէ, այլ մեքենայի բազար: Հետո, ինչո՞ւ էր մեզ թույլատրված դնել Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Եղեռնի զոհերի հուշակոթողները… Չգիտեմ:

Մարտինի, ռոմ, կոլա, ճզմած լիմոն, երաժշտություն, որը ծանոթ է մանկությունից. կարծես ոչինչ չի փոխվում:

Խմիչքները՝ բազմազան, աղջիկները՝ նույնպես:

Նա ծորում է ացտեկական իր դիմագծերով, ասում՝ ես մատչելի չեմ, և նույնիսկ ցանկություն չկա ապացուցելու, որ կարևոր չէ, թե ինչ ես:

Նա պարում է կրքառատ:

Հպվում է, բուրում է, քրտնում է:

Աչքերը վերածվել են Ալեքսանդրիայի փարոսին, կանչում են նավաբեկված կամ նավահանգիստը կորցրած նավերին, ու երբ մոտենում ես, պարզվում է՝ առջևդ դատարկ է:

Ալեքսանդրիայի փարոս:

Համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:

Կառուցվել է Ալեքսանդրիա քաղաքի մոտ գտնվող Փարոս կղզում. հը՜մ…

Մ.թ.ա. 3-րդ դարում կառուցված 135 մետր բարձրություն ունեցող քառանկյուն այս բուրգը (պատկերացրեք 45-հարկանի շենք) կանգուն էր հազար տարի:

Երկրաշարժից կործանվեց: Նրա հիմքի վրա կառուցված է մզկիթ-ամրոց: Ալեքսանդրի ողջ հավակնությունները, քաղաքակրթական ծավալապաշտության փշուրները հիմա միայն թանգարաններում են, իհարկե, կարելի է գտնել նաև ժամանակակից սուպերմարկետներում, բայց ոչ երևանյան փաբերում:

Վերադառնանք քաղաքի նկուղներից մեկը. անունը, առաջարկվող տեսականին ու զուգարանը կարևոր չեն: Սեղանի շուրջ կանանց բազմություն է՝ ինչ-որ գունավոր բաժակներով, պարահրապարակում անսեռ երաժշտություն է: Սեղանին մի քանի «տղամարդ-տակառներ» են մոտենում, կանանցից մեկը կանգնում է, շատ ջերմ «քսմսվում» (ենթագլուխ՝ հարյուր տարի չենք հանդիպել): Ներկայացնում է ընկերուհիներին: «Տակառները» տեղավորվում են իշոտնուկների վրա, սեղանը համալրվում է նոր երանգներով: Մի քանի կում, հետո հերթական անսեռ ձայնաշերտի վրա մի մասը ծղրտալով սլանում է դեպի պարուղի: Երկուսը, ամեն մեկը՝ մի բևեռում, նստած են: Ինչ-որ հարց, որը չի հասկացվում: Ձգվում են առաջ, դեպի քանդված վերնաշապիկի կոճակները, հետո զրույցը հասկանալի շարունակելու համար տեղափոխվում են միմյանց մոտ:

Անունների հավատարմագրում:

Միանգամից մոռացվում է,

ևս մի կում,

հավանության հայացքներ:

Կրկին հարց՝ կիպ մտած ականջի մեջ ու դանդաղ, երկար, ժպտերես բացասական նշան: Այս պահին երևում են կնոջ բրեկետները, որը դեռահասի տպավորություն է թողնում:

Կրկին՝ ականջի մեջ քչփչոց, ավելի մեծ ժպիտ:

Ի՞նչ է փնտրում կինը տղամարդու մեջ:

-Ուս… գլուխը դնելու ուս:

-Ուրիշ տեղ չկա՞ գլուխը դնելու:

-Այլաբանորեն եմ ասում, այսինքն՝ վստահություն, հանգստություն, ապահովություն:

-Խոսքը շվեյցարական բանկի մասին չէ, այլ պրիմիտիվ տղամարդու:

-Պրիմիտիվ տղամարդը ուժեղ է:

-Ուժեղ տղամարդու մի օրինակ:

-… Ալեքսանդր Մակեդոնացի…

-Իիիիի՞նչ… Խոսքը տղամարդո՞ւ մասին է, թե՞ մենք տարբեր բաներ ենք հասկանում:

-Ես տղամարդ չեմ ունեցել… չէ՛, չէ՛, էս մասը կհանեք:

-Լավ, ինչպիսի՞ տղամարդ եք երազում, փնտրում, ցանկանում…

Վերադառնանք նկուղ, որտեղ բրեկետներով կինը համբուրվում է:

-Դու աչքերդ բաց ես համբուրվում:

Շփոթմունք՝ կարծես բռնել են ձեռնաշարժության ժամանակ:

-Ի՞նչ կա:

-Հո մանակապի՞ղծ չես:

-Նման փորձ ունե՞ս:

-Դու անտանելի ես: Իզուր քեզ այդքան բան պատմեցի:

-Մի բան չես պատմել:

-Ոչինչ չեմ պատմելու, դու մոլագար ես, իմպոտենտ:

-Տղամարդու պոտենցիան շատ հեշտ է պարզել, իսկ կնոջինից սատանան էլ գլուխ չի հանի:

Ո՞ր կինոյից է, կինոսե՛ր:

-Ո՞ւմ եմ ասում. Մինչև հիմա տղամարդ էլ չես տեսել, հետո մեկի վրա կփաթաթես քո հնարած հեքիաթները, հետո կասես, որ քո երազանքները չիրականացան, հետո՝ ամբողջ աշխարհը մեղավոր է՝ բացի քեզնից: Հայոց աշխարհը բաղկացած է զոհերից և ոսոխներից:

Պատմական ի՞նչ իրադարձություն է ցնցել:

-Ես չեմ ուզում հավատալ,

որ միլիոն ու կես էր:

Միլիոն ու կես անգամ բազմապատկվում է իմ խոցելիությունը, սեփական փորձին, ավանդույթին անհաղորդ լինելը:

Ես չեմ վիճարկում վիճակագրությունը, նունիսկ մեկը եթե իր կամքին հակառակ հեռացվել է իր տնից՝ ուղղակի հեռացվել է, արդեն դատապարտելի է:

Ինձ հանգիստ չի տալիս, որ այդ կայսրության տարածքում հազար, երկու հազար տարի ապրող մեծամասնություն կազմող հույներին, հայերին, քրդերին, ասորիներին, չգիտեմ, թե էլ ում, ի ն չ պ ե ս… մի քանի հարյուր տարի ոտքը պնդած ցեղը, տնտեսական լեզվով ասած, դուրս մղեց դաշտից: Այն էլ, երբ երկու ճակատով արյունաքամ էր լինում: Հարյուրավոր պատասխաններ կան, գիտեմ:

Նկատե՞լ եք՝ կենդանիների մասին բազմաթիվ ծրագրերում ներկայացվող հակամարտությունների ժամանակ ինչ համակրանքով են ներկայացվում հեպարդը, կոկորդիլոսը, բորենին՝ նրանց կազմակերպվածությունը, արագությունը, ճարպկությունը:

Իսկ ջուր խմող իշայծամը սուպերմարկետի միսն է:

-Ինձ ցնցել է, թե ինչպես է ցնցոտիով անզեն հայ զինվորը հաղթել Սարդարապատում, իսկ երկու տարի անց զինվածը նույնիսկ մի փամփուշտ չի կրակել Կարսում: Ալեքսանդրապոլում էլ Քյազիմին դիմավորել են աղուհացով:

Ինչպե՞ս ես վերաբերվում պարգևներին:

-Պարգևները հիշում են երկու անգամ՝բանկետում ու հոգեհանգստի ժամանակ:

Կյանքի ամենադժվար դրվագը:

-Դրվագ. մեղմ է ասված՝ մի հսկա շրջան: Դպրոցական տարիներ՝ անիմաստության, նվաստացման, մանկավարժական խորհուրդներ, դասղեկի ժամեր, դասարանը մեկը մյուսի դեմ լարել, անհեթեթ անգիրներ: Ես բանտում չեմ եղել, բայց ինձ համար խաղի կանոններ չունեցող ճամբար էր, ուր երբեք չեմ ցանկանա վերադառնալ, ու կարծում եմ՝ հիմա էլ շատ բան չի փոխվել, միայն հայտնվել է ընտրության փոքր հնարավորություն: Հետո սարսափելի են ծնողները, որոնք դառնում են դասատուներ տանը, ու դու օտար ես թե՛ թիկունքում, թե՛ դիրքերում:

Մարդկության ամենամեծ հայտնագործությունը:

-Կրակ, անիվ, էլեկտրականություն, վառոդ, թուղթ, ինքնաթիռ, նույնիսկ հավանականության տեսություն, ամեն ինչում կարելի է գտնել բնության, տրամաբանության, էվոլյուցիայի նախատիպեր: Փողի՝ վերացական արժեքի ստեղծումը, այնուհետև՝ դրա թագավորությունը դուրս է ամեն տեսակի երևակայությունից: Մեկ էլ ֆուտբոլը, որը այսօր նունպես փողի հոմանիշ է: Ոչ գրքերը, ոչ էլ իմաստասիրական տեսությունները այդքան կենսունակ չեն, որքան փողի երկրպագուները: Բոլորը փող են ուզում և ապրում են հանուն փողի:

Մարդկության ստեղծած ո՞ր արժեքներն են ձեզ համար նվիրական:

-Երեխաները:

Խոջայական կապիտալի ժամանակահատվածում մարդիկ դեգերում էին Սինգապուրից Ամստերդամ և մինչև կյանքի վերջը չէին հանդիպում իրենց երեխաներին: Մեկ տարի առաջ Տավուշի Այգեպար գյուղում Ամանորին ադրբեջանական դիրքից երկու հարյուր մետր հեռու գտնվող մի գյուղացու տանը, որը չորս զավակ ուներ, լավ խաղող և գինի, մեծացրել և ուսման էր տվել երեխաներին, իրենից ու կնոջից բացի մարդ չկար: Երեխան մեզ համար վերացական սրբություն է: Մի գարնանային կիրակի Անիի հնավայրում քսանհինգ հոգուց բաղկացած քուրդ ընտանիք էր շրջում. իրենք լավ գիտեին, ուր են եկել, համենայն դեպս ոչ նախնիների օրրան, հետո մի տեղ բոլորը նստած թեյ էին խմում: Երեխաները՝ խաղաղ, երեք սերունդ իրար հետ: Ամանորին Հորդանան թռչող ինքնաթիռում հայկական «սերուցքն» էր. ամբողջ ժամանակ գոռում էին երեխաների ու իրար վրա, այնպիսի տպավորություն էր, որ հակամարտող բանակներ են կամ լոնդոնյան դերբի:

Մանկության ամենապայծառ դրվագը:

-Երևի վեց կամ յոթ տարեկան էի, ընտանիքով մեկնել էինք Ղրիմ: Մայրս Եվպատորիայի բուժիչ ցեխեր պետք է ընդուներ ու ինձ իր հետ տարավ: Մի մեծ հանդերձարանում պետք է հանվեինք, շուրջս տարբեր տարիքի և քաշի կանաք էին: Ապշած էի մերկ մարմինների այդ պատկերասրահում: Նրանք ուշադրություն չէին դարձնում ոչ մեկի վրա, հետո դուրս էին գալիս տախտակամած ու մոտենում գորշ ցեխով լի լոգարաններին, ցեխոտվում էին և արևի տակ պառկում: Ինձ էլ ցեխակոլոլ արեցին: Ցեխը աստիճանաբար չորանում էր, ճաքեր տալիս, մի պահ զգացի, որ ինձանից ինչ-որ բան է զատվում և հոտոտում օդը. կողքի կանանցից մեկը անհասկանալի բառեր ասաց: Հաջորդ օրն ինձ տեղափոխեցին տղամարդկանց բաժին, և սկսվեց սեռական հակասությունը:

Ի՞նչ է պակասում Հայաստանին:

Մի անգամ անկախության սերնդից մեկն ասաց.

-Ծով:

Մենք գժվում ենք մեր լեռների մեջ, յուրաքանչյուր ազգ ծով ունենալու սահմանադրական իրավունք ունի:

Մենք չենք կարողանում պահել մեր Ծովը, այն մեզ հակացուցված է:

Ինչի՞ց եք վախենում:

-Հիվանդություն, աղետ, պատերազմ՝ այս ամենը հասկանալի և նույնիսկ կանխատեսելի է, սարսափելին այս ամենի առաջ կանգնած

ԱՆՃԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ է:

 

Անդին 1, 2017

 

Share

Կարծիքներ

կարծիք