Շարունակությունը՝ հաջորդիվ…

Հեղինակ:

Գերմանացի արձակագիր, էսսեիստ Գյունտեր Գրասը պատանեկությունը Երկրորդ աշխարհամարտին զոհած սերնդից է: Ծնվել է 1927 թվականին Դանցիգ քաղաքի (ներկայումս Գդանսկ, Լեհաստան) արվարձաններից մեկում: Իր ճակատագիրը նմանեցնում է հայրենի քաղաքի ճակատագրին, երբեմն այդ օրինակով ներկայացնում քսաներորդ դարի Գերմանիայի պատմությունը:

Տարեկիցներից շատերի նման Գրասը եղել է հիտլերյուգենդի անդամ, իսկ 1944-ին արդեն զինվոր էր: 45-ի ապրիլին վիրավորվել է, գերի ընկել ամերիկացիներին, հայտնվել ռազմագերիների ճամբարում: 1948-ին սկսել է ուսանել Դյուսելդորֆի արվեստների ակադեմիայի քանդակի բաժնում, գրել է բանաստեղծություններ, հետո անցել արձակի:

Նրա առաջին իսկ վեպը՝ «Թիթեղյա թմբուկը» (1959), աղմկալից ընդունելության է արժանացել: Սա գերմանական ՙդաստիարակչական վեպի՚ պարոդիա է, ուր գրոտեսկի միջոցով արտացոլվում է Դանցիգի, ֆաշիզմի և պատերազմի պատմությունը: Գրասի հաջորդ երկու վեպերը՝ «Մուկն ու կատուն» (1961) և «Շան տարիներ» (1965), շարունակում են այս գիծը: Այս վեպերը հաճախ անվանվում են «դանցիգյան եռագրություն»:

Գրասի հետագա ստեղծագործությունների թեման Գերմանիայի կյանքն է: «Տեղային թմրեցում» վեպում (1969) գրողը փորձում է համադրել ուսանողական շարժումների ֆանատիզմը և ավագ սերնդի զսպվածությունը: «Խխունջի օրագիրը» (1972) ՍԴԿ-ի նախընտրական քարոզարշավի հաշվետվության և գլխավոր հերոսի ինքնակենսագրության յուրատեսակ միախառնուրդ է: Սրանց հաջորդել են «Տափակաձուկը» (1977) վեպը, «Հանդիպում Տելգտում» (1979) պատմա-ֆանտաստիկ վիպակը, «Հորինվածքներ» (1982), «Առնետուհին», (1985) վեպերը և այլ ստեղծագործություններ: Գրասի գրչին են պատկանում բազմաթիվ էսսեներ, հոդվածներ, բանաստեղծություններ, գրել է նաև մի շարք պիեսներ:

Գրասը արժանացել է նաև բազմաթիվ այլ մրցանակների ու պարգևների, ուսումնական մի շարք հաստատությունների դոկտոր է:

2001 թվականին լույս տեսած «Իմաստուն խեցգետինը» վեպում Գրասը անդրադարձել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Արևելյան Եվրոպայից և Ռուսաստանից փախած գերմանացիների ճակատագրին:

Նոբելյան մրցանակի (1999) է արժանացել «Նրա աշխույժ ու մռայլ այլաբանությունները լույս են սփռում պատմության մոռացված կերպարի վրա» ձևակերպմամբ:

 

 

Նոբելյան բանախոսություն

 

Շարունակությունը՝ հաջորդիվ

 

Շվեդական ակադեմիայի մեծարգո անդամներ, տիկնայք և պարոնայք:

«Շարունակությունը՝ հաջորդիվ»… տասնիններորդ դարում ամսագրերն ու շաբաթաթերթերը նման ծանուցումներով էին երկարաձգում արձակ գործերի հրապարակումը: Շարունակելի վեպը ծաղկում էր ապրում: Այն ընթացքում, երբ մեկը մյուսի հետևից տպագիր հրապարակվում էին վեպի առաջին գլուխները, վեպի միջին մասի ձեռագիրը դեռ նոր էր հանձնվում թղթին, իսկ վերջաբանը գոյություն չուներ նույնիսկ հեղինակի մտքում: Պետք է ասել՝ ընթերցողին հրապուրում էին ոչ միայն հանրածանոթ, ծեծված թեմաները: Դիքենսի որոշ վեպեր հենց այդպես հատվածաբար էլ լույս են տեսել: Տոլստոյի ՙԱննա Կարենինան՚ շարունակաբար տպագրվող վեպ էր: Բալզակի ժամանակը, որ նման էր զանգվածային արտադրանքի ջանադիր մատակարարի, նրան (այդ օրերին դեռ ոչ այնքան հայտնի) երևի սովորեցրեց համապատասխան հատվածի ավարտին ամենամեծ լարումին հասնելու տեխնիկան: Ֆոնտանեի գրեթե բոլոր վեպերը, օրինակ՝ «Ճամփաներ և ճամփաբաժաններ»ը, նույնպես շարունակաբար տպագրվել է հանդեսներում, ինչի կապակցությամբ «Ֆոսիշե ցայտունգ»ի հրատարակիչը վրդովված բացականչել է. «Այս անառակի պատմությունը երբևէ ավարտվելո՞ւ է, թե՞ ոչ»:

Բայց իմ խոսքի կտավը ահա այս ոճով հենելուց կամ թել-թել քանդելուց առաջ հարկ է հիշեցնել, որ այս դահլիճը և ինձ այստեղ հրավիրած Շվեդական ակադեմիան ինձ օտար չեն: «Առնետուհին» վեպում, որը լույս աշխարհ է եկել շուրջ տասնչորս տարի առաջ, և որի գահավեժ պատումի աղետալի ընթացքի մասին գուցե դեռ հիշում է որևէ ընթերցող, Ստոկհոլմում, մոտավորապես նույն խառնակ բազմության առջև հնչում է ներբող ի պատիվ առնետի, ավելի ստույգ՝ ի պատիվ լաբորատոր առնետի:

Նա արժանացավ Նոբելյան մրցանակի: Պետք է ասել՝ վերջապես: Քանզի նա վաղուց էր ընդգրկված թեկնածուների ցուցակում: Նրան նույնիսկ համարում էին ամենահավանական թեկնածուն, ֆավորիտ: Նա՝ շիկամազ, կարմրաչ լաբորատոր առնետը, մեծարվում էր որպես միլիոնավոր փորձակենդանիների՝ ծովախոզուկներից մինչև ռեզուս-մակակների ներկայացուցիչ: Նա (վեպում այդպես է պնդում պատմողը), առաջին հերթին նա է հնարավորություն տվել իրականացնել Նոբելյան բոլոր հետազոտություններն ու հայտնագործությունները բժշկության բնագավառում, մասնավորապես նրա շնորհիվ են կատարվել Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Վաթսոնի և Կրիկի հայտնագործությունները գենային աճպարարությունների պարզապես անծիր ոլորտում: Այդ ժամանակներից ի վեր հնարավոր է քիչ թե շատ օրինականորեն կլոնավորել, ասենք, եգիպտացորեն, բանջարեղեն, նաև զանազան գազանիկներ: Ուստի հիշատակված վեպի վերջում, այսինքն՝ հետմարդկային դարաշրջանում, ավելի ու ավելի մեծ իշխանություն ձեռք բերող առնետամարդիկ կրում են «Վաթսոնկրիկ» անվանումը: Նրանց մեջ համատեղված է երկու տեսակների լավագույն հատկությունները: Առնետային նախասկիզբը մարդու մեջ և հակառակը: Այդ տեսակը բազմացնելով՝ աշխարհը կարծես փորձում է ապաքինվել: Մեծ պայթյունից հետո, որից փրկվել էին միայն առնետները, խավարասերներն ու թրիքաճանճերը, ձկների և գորտերի շերեփուկները, վերջապես գալիս է քաոսը կարգավորելու ժամանակը և այն էլ ապշեցուցիչ կերպով փրկված վաթսոնկրիկների շնորհիվ:

Սակայն քանի որ բառերի այն շղթան ավարտվեց «Շարունակությունը՝ հաջորդիվ» նախազգուշացումով, իսկ լաբորատոր առնետի Նոբելյան բանախոսությունը բնավ էլ վեպի զվարճալի վերջաբան չէր, ուստի ես հիմա կարող եմ հիմնավորապես զբաղվել պատմողական քերթվածքով՝ որպես գոյատևման և արվեստի կերպաձև:

Մարդիկ պատմողական քերթվածքին դիմել են ի սկզբանե: Այն ժամանակներից դեռ շատ առաջ, երբ մարդկային ցեղն սկսեց վարժանքներ անել գրերով և աստիճանաբար ձեռք բերել այբուբեններ, յուրաքանչյուրը ինչ-որ բան էր պատմում մյուսին և յուրաքանչյուրը ունկ էր դնում, թե մյուսն ինչ է ասում իրեն: Դեռևս գրել չիմացող մարդկանց մեջ շուտով հայտնվեցին մարդիկ, ովքեր կարողանում էին մյուսներից լավ ու շատ պատմել կամ ճշմարտանման ստել: Եվ նրանց մեջ էլ ի հայտ եկան այնպիսիք, ովքեր կարողանում էին վարպետորեն պատնեշել պատմության հանդարտահոս ընթացքը, ապա կուտակված զանգվածին թույլ տալ հորդալ ափերից, տարածվել ճյուղավորված գետակներով և դեռ չցամաքած՝ անսպասելիորեն միախառնվել որպես լայնահուն գետ. այնտեղ հայտնվում էին նաև դրեյֆող բարիքի բազում բեկորներ, որոնցից կառուցվում էին սյուժետային օժանդակ գծեր: Այդ վաղնջական պատմողները բնավ կախում չունեին օրվա կամ լամպի լույսից և իրենց գործը շատ լավ անում էին նաև մթանը, ավելին, խավարն ինքնին սրում էր լարումը, նրանց չէին վախեցնում ոչ անջուր անապատները, ոչ դղրդացնող ջրվեժները, իսկ անհրաժեշտության դեպքում, դիցուք՝ համընդհանուր հոգնության պատճառով, նրանք ընդհատում էին պատմելը՝ խոստանալով պատմությունը շարունակել հաջորդ օրը՝ «Շարունակությունը՝ հաջորդիվ»: Այդ իսկ պատճառով նրանց շուրջ խմբվում էին բազում ունկնդիրներ, որոնք թեև նույնպես գիտեին պատմել, սակայն այդքան հարուստ ու անսպառ չէին իրենց պատումի մեջ:

Իսկ ինչի՞ մասին էին պատմում այն ժամանակներում, երբ ոչ ոք դեռ չգիտեր գրել կամ գրի առնել: Սկզբում՝ Կայենի ու Աբելի ժամանակներում, հավանաբար ավելի շատ խոսվում էր սպանության մասին: Հարուստ նյութ էր տալիս նաև վրիժառությունը, մանավանդ արյան վրեժը: Վաղուց անտի տարածված թեմա էր նաև ժողովուրդների բնաջնջումը: Կարող էին և պատմել ջրհեղեղների, երաշտների, կուշտ ու սոված տարիների մասին: Չէին խուսափում նաև ունեցվածքներն ու ինչքերը, դիցուք՝ անասուններն ու ասուններին թվարկելուց: Որպեսզի պատմությունը ճշմարտանման հնչի, չպիտի խուսափեին տոհմական երկարուձիգ ցուցակներ թվարկելուց. ով ումից առաջ և ով ումից է աշխարհ եկել և այլն: Նույն սկզբունքով էր կառուցվում նաև պատմությունը հերոսների մասին: Պահանջարկ ունեին նաև (հիմա էլ արագորեն սպառվող) բազմիցս կրկնվող պատմությունները սիրային եռանկյունիների, ինչպես նաև հրեշավոր արարածների մասին, որոնք՝ մարդու և որևէ կենդանու խառնակության ծնունդ, տերուտնօրինություն էին անում լաբիրինթոսներում կամ դարանակալում առափնյա եղեգնուտներում: Էլ չենք խոսում աստվածներին ու կուռքերին նվիրված լեգենդների մասին, նմանապես նաև չենք հիշատակում ծովագնացների՝ արկածներով լի պատմությունները. լեգենդներ, որոնք շուրթից շուրթ անցնելով հղկվում էին, լրացվում, ի հայտ գալիս այլևայլ տարբերակներով, իմաստափոխվում՝ վերածվում նախնականին հակառակ ասելիքի և ի վերջո գրի առնվում որևէ պատմողի կողմից, ում իբր թե անվանում էին Հոմերոս, կամ գրի էին առնվում պատմողների մի ողջ բազմության կողմից, ինչպիսին է, օրինակ, Աստվածաշնչի գրառման պատմությունը: Գրականությունը գոյություն ունի այդ օրերից ի վեր: Չինաստանում, Պարսկաստանում, Հնդկաստանում, Պերուական բարձրավանդակում և այլուր, ուր ի հայտ է եկել գիրը, եղել են պատմողներ, որոնք հայտնի են եղել որպես գրող, անուն հանել (միայնակ կամ խմբով) կամ մնացել անանուն:

Մենք, որ հիմնավորապես անցել ենք գրավոր խոսքին, պահպանել ենք հիշողություններ բերանացի պատմությունների, գրականության բանավոր սկզբնավորման մասին: Եթե հանկարծ մոռանանք, որ ամենայն պատմություն ի սկզբանե ելել է շուրթերից,- երբեմն՝ գայթելով, կակազելով, ապա՝ ասես վախից հալածվելով, հախուռն արագախոսությամբ կամ ի լուր ասված գաղտնիքը կասկածելիորեն մեծաքանակ ունկնդիրներից ասես թաքուն պահելու միտումով՝ շշուկով, որին այնուամենայնիվ դարձյալ հաջորդել է բարձրաձայն խոսքը, որ խլացրել է մեծամիտ բացականչությունները կամ հարցերը նրանց, ովքեր բոլոր ժամանակներում, քթերն ամենուր խոթելով հոտոտում են, թե ինչը որտեղից է փչում,- եթե մեր գիր գրելով մեծամտանանք, մոռանանք այս ամենը, ապա մեր գրավոր խոսքը կդառնա ծայրեծայր թղթային, թարմ շնչից զուրկ գաղջ մի բան:

Լավ է, որ մեր տրամադրության տակ բազում գրքեր կան, որ ինչպես էլ ընթերցվի՝ մտքում, թե բարձրաձայն, մեկ է, անցել են ժամանակի փորձության միջով: Հենց նրանք են ինձ օրինակ ծառայել: Երբ երիտասարդ էի ու սովորելու դեռ ընդունակ, այնպիսի վարպետները, ինչպիսիք են Մելվիլը կամ Դյոբլինը, նաև Լյութերյան Աստվածաշունչը ինձ մղեցին գրելու՝ բառերը բարձրաձայն ասելով, թուքը թանաքի հետ խառնելով: Ու այդպես էլ շարունակվեց: Եվ գրողի իմ լուծը հաճույքով կրած հիսուն տարիներիս ընթացքում ես հանգուցավոր, թանձր արտահայտությունները որոճալով վերածում եմ դյուրամարս խյուսի, չքնաղ միայնության մեջ մրմնջում ինքս ինձ համար և միայն այն եմ հանձնում թղթին, ինչ գտել է իր գեղգեղուն տոնայնությունը, ձեռք բերել հնչեղություն և արձագանք:

Այո, ես սիրում եմ իմ գործը: Նրա շնորհիվ ես հայտնվում եմ մի հանրության մեջ, որն ուզում է բազմաձայն հայտարարել իր մասին և հնարավորինս ճշգրիտ դաջվում է ձեռագրի էջերում: Ես նրանց հետ առավել հաճույքով հանդիպում եմ այն ժամանակ, երբ հասարակության համար բարձրաձայն կարդում եմ վաղուց ինձնից փախս տված կամ ընթերցողի կողմից սեփականաշնորհված իմ գրքերը, ուր գրվածն ու արտահայտվածը հանդես են գալիս վերջապես խաղաղություն գտածի նման: Այդ ժամանակ լեզվից ժամանակից շուտ կտրած ջահելների, ալեհեր, բայց դեռ անհագ մարդկանց բազմության առջև հստակորեն թղթին հանձնված բառը կրկին վերածվում է բանավոր խոսքի: Եվ այդ հմայությունները գործում են ամեն անգամ: Այդպիսի շամանությամբ գրողն իր համար վաստակում է և՛ հաց, և՛ պանիր: Ու թեև նա գրում է ընդդեմ ընթացիկ ժամանակի, թեև որպես ճշմարտություն սահուն փչում է շարեշար ստեր, նրան հավատում են, հավատում են նրա անմրմունջ խոստումին՝ «Շարունակությունը՝ հաջորդի»…

Բայց ինչպե՞ս ես դարձա գրող, բանաստեղծ, նկարիչ՝ սպիտակ թղթի հանդեպ վախը հոգուս մեջ: Ի՞նչ տնաբույս մեծամտություն է կարողացել տղեկին մղել նման հանդգնության: Դեռ տասներկու տարեկան չեղած, ես հիմնավորապես վճռեցի, որ գրող եմ դառնալու: Դա այն ժամանակ էր, երբ Դանցինգի Լանգֆուր արվարձանի մեր բնակարան ներխուժեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Պոեզիայի բնագավառում նեղ մասնագիտացումն սկսվեց միայն հաջորդ՝ պատերազմի երկրորդ տարում, երբ հիտլերյուգենդի «Հիլֆ միթ» հանդեսը գրական մրցույթի մասնակցելու գայթակղիչ առաջարկություն արեց ինձ: Ու ես անմիջապես սկսեցի սևագրի տետրում գրի առնել իմ առաջին վեպը: Մայրիկիս տոհմի պատմության ազդեցությամբ ես այն անվանեցի «Կաշուբներ», սակայն վեպի գործողությունները տեղի էին ունենում ոչ թե ներկայումս անհետացած կաշուբներ փոքրիկ ժողովրդի միջավայրում, այլ տասներեքերորդ դարում, երբ գահը թափուր էր, անիշխանության զարհուրելի ժամանակներում, երբ ավազակ ասպետներն ու կողոպտիչներն էին տերուտնօրինություն անում ճանապարհներին և կամուրջների վրա, և գյուղացիները կարողանում էին փրկվել լոկ սեփական օրինականությանը՝ ինքնադատաստանին ապավինելով:

Ինչքան հիշում եմ, կաշուբյան երկրամասերի տնտեսական իրավիճակի հակիրճ նկարագրությունից հետո ես անմիջապես թատերաբեմ էի հանել ավազակներ, ավարառություն և սպանդ: Այնտեղ այնպիսի մոլեգնությամբ էին խեղդամահ ու սրախողխող անում, կախաղան բարձրացնելով, գլխատելով ու թրատելով դիմում ինքնադատաստանի, որ առաջին գլխի ավարտին բոլոր հիմնական հերոսներն ու երկրորդականների զգալի մասը սպանված էին, հողի տակ թաղված կամ թողնված գիշանգղերին ի կեր: Քանի որ իմ ոճը թույլ չէր տալիս մեռյալներին օգտագործել ուրվականների տեսքով և վեպը վերածել «սարսափի», իմ փորձը անհաջողության մատնվեց և «Շարունակությունը՝ հաջորդիվ…»-ին արագորեն վերջ տրվեց. ոչ ընդմիշտ, ոչ ընդհանրապես, սակայն սկսնակ գրողը հստակ նախազգուշացում ստացավ. հնարովի կերպարների հետ հետագա գրելիքներում վարվել առավել շրջահայաց և խնայողաբար:

Սակայն սկզբնապես ես թաղվեցի գրքերի գիրկը: Ես կարդում էի շատ ինքնատիպ եղանակով՝ ցուցամատներով ականջներս խցանելով: Աստ հարկ է պարզաբանել, որ մենք՝ ես ու քույրս, մեծանում էինք նեղ պայմաններում՝ երկսենյականոց բնակարանում, ուր ոչ սեփական խուց ունեինք, ոչ էլ նույնիսկ անկյուն: Հիմա եմ հասկանում, որ դա իր առավելություններն ուներ, քանզի այդպես ես վաղ սովորեցի կենտրոնանալ, ուշադրություն չդարձնել ոչ մարդկանց, ոչ աղմուկին: Ասես պանրամանի կափարիչով ծածկված՝ ես այնպես էի խորասուզվում գրքերում պատկերված աշխարհի մեջ, որ մայրս՝ բավական կատակասեր կին, իմ բացարձակ վերացածությունը հարևանուհուն ցույց տալու համար իմ գրքի կողքին դրված բուտերբրոդը (կարդալիս սիրում էի մերթընդմերթ բուտերբրոդ խածել) մի անգամ փոխարինեց օճառի կտորով (կարծեմ՝ «Պալմոլիվ»), և երկու կանայք, մայրս՝ նույնիսկ որոշ հպարտությամբ, ականատես եղան, թե ինչպես ես, աչքս գրքից չկտրելով, վերցրի օճառը, կծեցի, պոկեցի մի կտոր և մի րոպեից ավել համառորեն ծամում էի, մինչև վերջապես կարողացա ազատվել գրքում կատարվող իրադարձություններից ու վերադառնալ իրականություն:

Կենտրոնանալու այդ վաղ վարժանքն իրեն զգացնում է մինչ օրս: Սակայն այլևս երբեք նման մոլեգնությամբ չեմ տրվել ընթերցանության: Մայրս գրքասերների ակումբի անդամ էր: Գրքերը կապույտ վարագույրով ծածկված պահարանում էին: Դոստոևսկու և Տոլստոյի վեպերը դրված էին Համսունի, Ռաաբեի ու Վիկի Բաումի գրքերի կողքին: Ձեռքի տակ էր նաև Սելմա Լագերլյոֆի «Սագա Յոստ Բերլինգի մասին» գիրքը: Հետո սկսեցի կերակրվել քաղաքային գրադարանում, սակայն ընթերցամոլության նախնական խթան այնուամենայնիվ հանդիսացել են մայրիկիս գրական գանձերը: Գաղութային ապրանքների կրպակի տիրուհին, հաշվենկատ գործարար կինը, որը, սակայն, ապառիկ ապրանք էր տալիս անվստահելի գնորդներին, սիրում էր գեղեցիկը, վայելք զգում էժանագին ռադիոյից հնչող օպերային և օպերետային երաժշտություն լսելով, հաճույքով ունկնդրում իմ բազմախոստում պատմությունները, հաճախ էր այցելում քաղաքային թատրոն, ուր երբեմն տանում էր նաև ինձ:

Սակայն մանրբուրժուական հեղձուկ կենցաղին խորթ այս հակիրճ դրվագները, որ մի քանի տասնամյակ առաջ էպիկական շնչով և հնարովի կերպարներով ներկայացրել եմ գրվածքներիցս մեկում, կարևոր են սոսկ այնքանով, որ օգնելու են պատասխանելու հարցին, թե ինչպես ես դարձա գրող: Իհարկե, այդ հարցի պատասխանը որոնելիս կարելի էր հենվել երազկոտության, բառախաղերի ու բառեխաղերի հանդեպ ցուցաբերած սիրո, ստելու բացարձակ անշահախնդիր հակումի վրա (լոկ այն պատճառով, որ ճշմարտության նկարագրությունն այլ կերպ խիստ ձանձրալի կլիներ), մի խոսքով՝ այն ամենի վրա, ինչ այլ խոսքերով կոչվում է օժտվածություն: Սակայն ինձ՝ թեթևքաշային տաղանդիս, ծանրակշիռ քաշ ձեռք բերելուն օգնեց քաղաքականության սրընթաց ներխուժումը մեր ընտանեկան հովվերգության մեջ:

Մայրիկիս սիրելի զարմիկը, որ նրա նման սերում էր կաշուբներից, ծառայում էր Դանցիգի լեհական փոստատանը: Նա հաճախ էր այցելում մեզ, միշտ ցանկալի հյուր էր: Պատերազմի սկզբում, երբ հարկ եղավ Հեվելիուսի հրապարակում գտնվող փոստատունը գոնե առժամանակ պաշտպանել տեղածին էսէսականների գրոհներից, քեռիս փոստատան պաշտպանների մեջ էր, ովքեր հետո կապիտուլյացիայի ենթարկվեցին: Նրանց դատեցին ռազմական ժամանակների օրենքներով և գնդակահարեցին: Քեռիս հանկարծ դադարեց լինել: Հանկարծ դադարեցին նրա մասին խոսել: Բայց որքան ակնհայտ էր դառնում նրա բացակայությունը, այնքան հաստատուն տեղ էր գրավում նա իմ մտածմունքներում: Եվ դա շարունակվեց տարիներ. երբ տասնհինգ տարեկանում համազգեստ հագա, երբ տասնվեցում ճանաչեցի ահը, երբ տասնյոթում գերի ընկա ամերիկացիներին, իսկ տասնութում ազատություն ձեռք բերեցի և սկսեցի առևտուր անել սև շուկայում, երբ յուրացրի քարտաշի արհեստն ու քանդակագործի արվեստը, երբ վարժանքներ էի անում գեղարվեստական ակադեմիաներում, նկարում էի ու գրում թեթև քաշի բանաստեղծություններ, գրոտեսկային մեկ գործողությամբ պիեսներ: Այդպես էլ շարունակվեց մինչ այն պահը, երբ ինձ՝ կյանքը գեղագիտորեն ընկալելու ասես բնածին պահանջ ունեցող մեկի համար բեռի այդ հսկա զանգվածին դիմանալը դարձավ անտանելի: Եվ այդ ավերակների կույտի տակ հայտնվեց մայրիկիս սիրելի զարմիկը՝ լեհական փոստատան գնդակահարված աշխատակիցը, ով հողին էր հանձնվել, որպեսզի ես (հապա ուրիշ ո՞վ) գտնեմ, հանեմ հողի տակից և այլ անվամբ ու այլ կերպարանքով, գրողական շնչի զորությամբ վերստին կյանք հաղորդեմ նրան: Ճիշտ է, այս անգամ ես գրում էի վեպ, որի գլխավոր և երկրորդական հերոսները լի էին կենսունակությամբ ու արշավաքայլ կտրեցին բազում գլուխներ, իսկ ոմանք կարողացան հասնել նույնիսկ մինչև վեպի վերջ, այնպես որ, հեղինակային մշտական խոստումը՝ «Շարունակությունը՝ հաջորդիվ…» իրականացավ:

Եվ այդպես շարունակ: Իմ առաջին երկու վեպերի («Թիթեղյա թմբուկը» և «Շան տարիներ»), նաև միջանկյալ վիպակի («Մուկն ու կատուն») հրատարակումը ինձ՝ համեմատաբար երիտասարդ գրողիս, վաղ սովորեցրեց, որ գրքերը կարող են հարուցել վրդովմունք, զայրույթ, ատելություն: Իր երկրի հանդեպ սիրուց ծնված գործը կարող է ընկալվել որպես սեփական օջախի անարգում: Այդ ժամանակներից ի վեր ես համարվում եմ վիճահարույց գրող:

Ու եթե նկատի ունենանք այն գրողներին, որոնք աքսորվել են Սիբիր կամ չգիտեմ էլ ուր, պետք է ասել, որ այդ իմաստով ես հայտնվել եմ լավ հասարակության մեջ: Ուստի եկեք չնվնվանք: Մշտական վիճահարությունը հարկ է ընկալել որպես կենարար և մեր արհեստի խիզախումին արժանի լիցք: Այնպես է ստացվել, որ նրանք, ովքեր դեպքեր և իրադարձություններ են ստեղծում սոսկ բառերի միջոցով, հաճույքով և դիտավորյալ թքում են այն իշխանավորների ապուրի մեջ, որոնք կարողանում են մշտապես հաղթել գահի և իշխանության պայքարում: Այս հանգամանքը գրականության պատմությանը ստիպում է համապատասխան վերաբերմունք հանդես բերել գրաքննության մեթոդների զարգացման և կատարելագործման նկատմամբ:

Տիար Վատ Տրամադրությունը Սոկրատեսին ստիպեց ցմրուր պարպել թույնի գավաթը, Օվիդիուսին աքսոր ուղարկեց, Սենեկային ստիպեց կտրել երակները: Կաթոլիկ եկեղեցու արգելած գրքերի ցուցակում դարերով եղել են գոհարներ, գրական չքնաղ պտուղներ, որ աճել են մշակույթի արևմտաեվրոպական այգիներում: Եվ այդ ցուցակը դեռ շարունակում է ընդլայնվել: Իշխանիկների բացարձակ իշխանությամբ կիրառված գրաքննությունը որքա՞ն է վնասել եվրոպական Լուսավորությանը: Գերմանացի, իտալացի, պորտուգալացի քանի՞ գրողի է ֆաշիզմը արտաքսել նրա երկրից, նրա լեզվական տարածքից: Քանի՞ գրող է զոհ գնացել լենին-ստալինյան տեռորին: Եվ ի՜նչ բռնությունների են ենթարկվում գրողները նույնիսկ այսօր. Չինաստանում, Քենիայում, Խորվաթիայում, այլուր:

Ես սերում եմ Գրքերի Խարույկների երկրից: Մենք գիտենք, որ անցանկալի գրքի ոչնչացման մոլուցքը (այս կամ այն եղանակով) դեռևս (կամ դարձյալ) համահունչ է ժամանակի ոգուն, իսկ երբեմն հանդես է բերում նաև հեռուստագենիկ հատկություն, այսինքն՝ ունի նաև հանդիսատես: Այսօր էլ ամենուր հալածում, սպառնում կամ սպանում են գրողներին, սակայն առավել զարհուրելին այն է, որ ողջ աշխարհը կարծես համակերպվել է այդ անվերջանալի տեռորի հետ: Ճիշտ է, աշխարհի այն մասը, որ իրեն ազատ է հռչակել, երբեմն վրդովված բացականչում է, ինչպես եղավ 1995-ին, երբ Նիգերիայում բնության հանդեպ բարբարոսական վերաբերմունք ցուցաբերելու համար իշխանությունների դեմ ընդվզած գրող Քեն Սարո-Վիվան համախոհների հետ դատապարտվեց մահապատժի, որն ի կատար ածվեց: Սակայն այդ ճիչը լոկ ակնթարթ է տևում և իսկույն անցում է կատարվում օրախնդիր մեկ այլ հարցի, որովհետև, հասկանո՞ւմ եք, էկոլոգիապես հիմնավորված բողոքը կարող է խոչընդոտել գլոբալորեն իշխող նավթային գիգանտ Շելի բիզնեսին:

Իսկ ինչո՞ւ են գրքերն ու գրողները այնքան վտանգավոր, որ պետությունն ու եկեղեցին, գերհզոր կոնցեռններ և այլևայլ քաղբյուրոներ անհրաժեշտ են համարում անպայման հակազդել նրանց: Չէ՞ որ իշխող գաղափարախոսության դեմ անմիջականորեն ուղղված խոսք միայն բացառիկ դեպքերում է լինում, որին, սակայն, իսկույն հաջորդում է սսկվելու հրաման կամ ավելի վատ բան: Գրական վկայությունն անգամ, որ ճշմարտությունը բազմակարծ է (ինչպես այն, որ գոյություն ունի ոչ թե մեկ, այլ բազում իրականություններ), հաճախ բավարար է, որ կենտ և միակ ճշմարտության այլևայլ պահապաններ այդ վկայությունը մեկնաբանեն իբրև իրենց ուղղված ինչ-որ վտանգավոր, ինչ-որ մահացու սպառնալիք: Գրողին կասկածելի, խոցելի է դարձնում նրա մասնագիտության բնույթը, այն, որ նա չի կարող հանգիստ թողնել անցյալը, քչփորում է ինչ-որ շատ արագ սպիացած վերքեր, փակ գետնահարկերից հանում է թաքցրած դիակներ, մտնում է արգելված սենյակներ, իր հերոսներին սնում է սրբազան կովերով, ինչպես վարվել է Ջոնաթան Սվիֆթը, որը անգլիական ազնվական խոհանոցին խորհուրդ է տալիս ռոստբիֆի համար օգտագործել իռլանդացի երեխաների միս: Եվ, իբր, գրողի համար տաբու չէ նույնիսկ կապիտալիզմը: Սակայն գրողի գերագույն մեղքն այն է, որ նա չի կամենում իր գրքերով շքերթի ելնել հաղթողների հետ, ընդհակառակը, նախընտրում է շրջագայել այնտեղ, ուր պատմական երևույթների ճամփեզրերին կանգնած են պարտվածները, ովքեր կարող էին շատ բան ասել, սակայն չունեն խոսքի իրավունք: Ով վերջիններիս օժտում է խոսքի իրավունքով՝ կասկածի է ենթարկում հաղթանակը: Ով իրեն շրջապատում է պարտվածներով՝ պատկանում է նրանց թվին:

Այս կամ այն ժամանակների հանդերձներով զգեստավորված տիրակալները, իհարկե, ընդհանուր առմամբ ոչինչ չունեն գրականության դեմ: Նրանք նույնիսկ կուզենային այն ունենալ որպես սենյակային զարդ և պատրաստ են սատարել նրան: Ներկայումս այն պետք է լինի հետաքրքրաշարժ, ժամանցային մշակույթի մի մաս, այսինքն՝ նկատի ոչ միայն բացասականը, այլև շուտափույթ հույսի շողիկ պարգևի հալածյալ մարդուն: Ըստ էության, «դրական հերոսի» կարիք զգացվում է միշտ, թեև ոչ այնքան կանոնակարգված ձևով, ինչպես «դեպի կոմունիզմի» ժամանակներում էր: Ազատ շուկայի ներկայիս անծայրածիր ջունգլիներում ոմն Ռեմբո կարող է հայտնվել որտեղից ասես և, ծիծաղը դեմքին, իր հաջողության ճանապարհը սալարկել դիակներով. ոմն «գժական», որ պատրաստ է երկու կրակոցների միջակայքում ճեպով կենակցել, հաղթող, որ իր հետևից կույտերով տուժածներ է թողել. կարճ ասած՝ հերոս, որ մեր գլոբալ աշխարհին ի ցույց դնում է իր թաթի գաղջահոտ դրոշմը: Եվ «թունդ ջահելի» այդ պահանջարկը համահունչ է նաև ծառայակամ ԶԼՄ-ներին: Ջեյմս Բոնդը ծնեց իրեն նման բազում կերպարներ, ճիշտ այնպես, ինչպես կլոնավորված Դոլի ոչխարը: Եվ նրա նման, ինչպես սառնասիրտ սուպերմեն, բարին հետայսու էլ պետք է հաղթի չարին:

Նշանակո՞ւմ է արդյոք, որ նրան հակառակվողը կամ հակառակորդը բացասական հերոս է: Բնավ պարտադիր չէ: Ինչպես կարող եք իմ գրքերից նկատել, ես ստամբակային (պիկարոյական) վեպի մավրո-իսպանական դպրոցի ծնունդ եմ: Որպես ավանդական մոդել այդ վեպը դարերի միջով պահպանել է պայքարը հողմաղացների դեմ: Պիկարոն գոյատևում է ձախողումի կոմիկականության շնորհիվ: Նա միզում է իշխանության հիմնասյուների վրա, խարխլում այն, բայց միաժամանակ գիտի նաև, որ ի վիճակի չէ ոչ տաճարը քանդելու, ոչ գահը տապալելու: Սակայն բավ է իմ պիկարոն անցնի կողքով, և վեհապանծի համարում ունեցողն իսկույն ի հայտ կբերի իր բավական խղճուկ տեսքը, իսկ գահը կսկսի քիչ-քիչ տատանվել: Պիկարոն իր հումորը քաղում է հուսահատությունից: Այն ընթացքում, ինչ Բայրոթում բարձրորակ հանդիսատեսի առջև անվերջ բեմադրվում է «Աստվածների վերջալույսը», նա ընդամենը խնդմնդում է, քանզի նրա թատրոնում ձեռք ձեռքի ընթանում են կատակերգությունն ու ողբերգությունը: Նա ծաղրում է վստահ երթի ելած հաղթողներին, նրանց ստիպում մերթ այստեղ, մերթ այնտեղ սայթաքել: Ու թեև դա ծիծաղ է հարուցում, սակայն դա յուրահատուկ ծիծաղ է. այն խեղդվում է կոկորդում. նույնիսկ ամենաանուղղելի ցինիկն այստեղ հանդես է բերում ողբերգական երանգներ: Բացի այդ, միայն կարմիր կամ սև գույն նախապատվող քննադատամոլների համար նա ֆորմալիստ է, ավելին, առաջնակարգ մաներիստ է. նա թատերադիտակը հակառակ է բռնում: Ժամանակը նրա համար խաղացկուն ճանապարհ է: Նա ամենուր հայելիներ է տեղադրում: Երբեք չգիտես, թե տվյալ կամ հաջորդ պահին ում բանբերն է: Հանուն գայթակղիչ հեռանկարի պիկարոյի բեմահարթակում թզուկները նույնիսկ հաղթում են հսկաներին: Ռաբլեն կարողացավ ողջ կյանքում այդպես թաքնվել անօրեն իրավապահներից և սուրբ ինկվիզիցիայից, որովհետև նրա հսկաները՝ Գարգանտյուան ու Պանտագրյուելը, գլխիվայր շրջեցին սխոլաստիկ օրենքներով կառուցված կյանքը: Ի՜նչ հոմերական քրքիջ էր հարուցում այդ զույգը: Իսկ երբ իր հսկա քամակը ծավալելով Գարգանտյուան բազմեց Նոտր-Դամի աշտարակներին և այնտեղից միզանսցենա կատարելով հեղեղեց Փարիզը, միզաշիթից փրկված մարդիկ հռհռում էին: Կամ ևս մեկ անգամ վկայակոչենք Սվիֆթին, Իռլանդիան սովից փրկելու նրա՝ համեմունքներով հագեցած ծրագիրը գործնականում կիրառելի է նաև հիմա, զորօրինակ՝ համաշխարհային տնտեսության խնդիրների կապակցությամբ վերին ատյանների մոտակա հանդիպման ժամանակ երկրների ղեկավարների սեղանին մատուցել նրբահամ ուտեստներ՝ պատրաստված երեխաների մսից, բայց ոչ թե իռլանդացի, այլ բրազիլացի կամ հարավսաուդյան թափառական տղաների մսից: Սույն գեղարվեստական միջոցը կոչվում է սատիրա: Ինչպես հայտնի է, նրան թույլատրվում է ծիծաղի նյարդը խուտուտ տալ ցանկացած եղանակով, թեկուզ սարսափի միջոցով:

1973 թվականի մայիսի 2-ին, երբ Հայնրիխ Բյոլը կարդում էր իր Նոբելյան բանախոսությունը, որում խոսում էր խիստ տարբեր հույզեր արթնացնող այնպիսի հակամարտ հասկացությունների մասին, ինչպիսիք են բանականությունը և պոեզիան, բանախոսության վերջում ափսոսանք հայտնեց նաև, որ «ժամանակի սղության պատճառով ստիպված է եղել զանց առնել հումորը, որը դասակարգային մենաշնորհ չէ բնավ, և որի մեջ չեն տեսնում ոչ աննկատ պոեզիան, ոչ էլ թաքուն դիմադրողականությունը»: Ոչ, Հայնրիխ Բյոլը գիտեր, որ այսօր ճամփեզր մղված և հազվադեպ ընթերցվող Ժան-Պոլն իր տեղն ունի գերմանական ջահերի պանթեոնում, որ Թոմաս Մանի գրականությանը և՛ աջերը, և՛ ձախերը վերաբերվում էին հեգնախառն կասկածամտությամբ և, ավելացնեմ իմ կողմից, այդպես են վերաբերվում նաև հիմա: Իհարկե, Բյոլը նկատի ուներ ոչ թե տարածված ՙձեռառնոցի՚ հումորը, այլ տողատակերում հնչող անձայն ծիծաղը, իր ծաղրածուի թախիծի խրոնիկական բռնկումները, հուսահատության կոմիզմը այն հավաքորդի, ով լռության հավաքածու է կազմում: Ի դեպ, նման հնարքները, ինչպիսին է, զորօրինակ, «Շարունակությունը՝ հաջորդիվ…»-ը, հաճախ օգտագործում են հեղինակավոր ԶԼՄ-ները, և հենց նրանք են «կամավոր ինքնավերահսկիչի» դեր կատարում և հանդիսանում են ազատ Արևմուտքի՝ բարեհոգության դիմակով քողարկված գրաքննությունը: Հիսնականների սկզբին, երբ ես, գիտակցելով, թե ինչ եմ անում, սկսեցի գրել, Հայնրիխ Բյոլը արդեն հայտնի, բայց չընդունված գրող էր: Վոլֆգանգ Կյոպենի, Գյունթեր Այխի և Առնո Շմիդտի հետ նա մի կողմ էր այդ ժամանակ վերածնվող մշակութային շարժումից: Ետպատերազմյան երիտասարդ գրականությունը դժվարությամբ էր լեզու գտնում նացիոնալ-սոցիալիստների իշխանության տակ անբարոյացած գերմաներենի հետ: Բացի այդ, Բյոլի սերնդի, ինչպես նաև ավելի երիտասարդ գրողների, որոնց թվին պատկանում էի նաև ես, ճանապարհը փակում էր արգելանշան՝ Թեոդոր Ադորնոյի ասույթի տեսքով. մեջբերում եմ. «Օսվենցիմից հետո բանաստեղծություն գրելը բարբարոսություն է, և դա հիվանդագին է դարձնում նաև այն ընկալումը, թե ինչու այսօր հնարավոր չէ բանաստեղծություն գրել…»:

Նշանակում է, ուրեմն, այլևս ոչ մի «Շարունակությունը՝ հաջորդիվ…»: Այնուհանդերձ, մենք գրում էինք: Իհարկե, Ադորնոյի «Minima Moralia. Խորհրդածություններ հաշմված կյանքի մասին» գրքի (1951) մտորումների նման Օսվենցիմն ընկալելով որպես ցեզուրա՝ դադար, և քաղաքակրթության պատմության անամոք վիհ: Այդ արգելափակող նշանը շրջանցել հնարավոր էր միայն այդպես: Եվ սակայն Թեոդոր Ադորնոյի չարագույժ նախազգուշացումը ուժի մեջ է նաև այսօր: Իմ սերնդի գրողները բացահայտ անտեսեցին այն: Լռել չէր կարող ոչ ոք, ոչ ոք չէր ուզում լռել: Չէ՞ որ խոսքը գերմաներենը շարաքայլային կապանքներից ազատագրելու, հովվերգականության և երկնագույն հոգեցունցության ճիրաններից փրկելու մասին էր: Մեզ՝ դաղված երեխաներիս համար խիստ կարևոր էր հրաժարվել կարկառուն հեղինակություններից, «սև» կամ «կարմիր» գաղափարամոլական շտամպներից: Կասկածը և հոռետեսությունը քայլում էին ձեռք ձեռքի, կարծես իբրև նվեր հրամցնում բազում գորշուկ արժեքներ: Ես, համենայն դեպս, արգելք դրեցի իմ առջև և միայն հետագայում կարողացա հայտնաբերել լիովին մեղավոր ճանաչված լեզվի հարստությունը, նրա գայթակղիչ մեղմությունը, նրա հակումը դեպ երազկոտ խոհականություն, նրա ճկուն ամրությունը, նրա բարբառային գունախաղերը, նրա պարզությունն ու բազմիմաստությունը, խենթությունն ու կանոնակարգվածության մեջ փթթող գեղեցկությունը: Եվ վերստին ձեռք բերված այդ հարստությունը հարկ էր կրկին կյանքի կոչել. ի հեճուկս Ադորնոյի և կամ՝ Ադորնոյի մեղադրականից ոգեշնչվելով: Օսվենցիմից հետո գրել հնարավոր էր միայն այդպես. թե չափածո և թե արձակ: Միայն այդպես, հիշողության վերածվելով և անցյալից չհրաժարվելով ետպատերազմյան գերմանալեզու գրականությունը կկարողանար արդարանալ և՛ իր, և՛ հետայդու ընդունված գրական ավանդույթի՝ «Շարունակությունը՝ հաջորդիվ…»-ի առջև: Եվ միայն այդպես հնարավոր եղավ վերքը բաց պահել և չեղյալ հայտարարել ցանկալի կամ նախասահմանված մոռացությունը, որ սողոսկում էր էպիկական մտահղացման քողի ներքո՝ «եղել է, չի եղել»:

Ում օգտի համար էլ պահանջվել է ընդհանրացնել, ինչ մեղադրանքների էլ ենթարկվել է վերադարձը նորմալ կյանք, և ինչքան էլ ձգտել են ամոթալի անցյալը ներկայացնել որպես հեռավոր պատմություն՝ գրականությունը չի տրվել որքան հասկանալի, նույնքան էլ անխոհեմ այդ գայթակղություններին: Եվ դա ճիշտ է: Քանզի ամեն անգամ, երբ Գերմանիայում հայտարարվում էր Զրո Ժամ՝ ետպատերազմյան ժամանակաշրջանի ավարտը (վերջին անգամ դա եղել է տասը տարի առաջ, երբ ընկավ Բեռլինի պատը և Գերմանիայի միասնությունը արձանագրվեց թղթի վրա), մեզ հետապնդող անցյալը հասնում էր մեզ:

Այն օրերին, 1990 թվականի փետրվարին Մայնի Ֆրանկֆուրտում ես «Ուղերձ առ Օսվենցիմ» անվամբ դասախոսությունների շարք էի կարդում ուսանողներին: Հանրագումարի էի բերում, հաշվետվություն ներկայացնում. գիրք առ գիրք: Այդպես հասա 1972 թվականին հրատարակված «Խխունջի օրագրից» գրքիս, ուր անցյալի և ներկայի ճանապարհները մերթ խաչվում են, մերթ ընթանում զուգահեռ, իսկ երբեմն նաև բախվում միմյանց: Քանի որ որդիներս պահանջում էին հստակ բացատրել, թե ինչ է նշանակում իմ մասնագիտությունը, ես գրքում գրեցի. «Գրողը, զավակներս, այն մարդն է, ով գրում է ընդդեմ հեռացող ժամանակի»: Իսկ ուսանողներին ասացի. «Այդպիսի դիրքորոշումը ենթադրում է, որ հեղինակը չի կտրվում հողից, չի փակվում անժամանակ ժամանակի մեջ, աշխարհին նայում է որպես ժամանակակից, ավելին, չի փախչում հեռացող ժամանակի փոփոխական կոլիզիաներից, այլ միջամտում է և հարում որևէ բանի: Նման միջամտության և որևէ բանի հարելու վտանգավորությունը հանրահայտ է. գրողը ենթարկվում է անհրաժեշտ միջտարածությունը կորցնելու վտանգի, նրա լեզուն կարող է ենթարկվել քչով բավարարվելու գայթակղությանը, այսրոպեական իրավիճակների սահմանափակությունը կարող է սահմանափակել նաև ազատ թռիչքի վարժված նրա երևակայությունը, նրան սպառնում է հեղձուկի վտանգը»:

Ինչ-որ ժամանակ իմ մեջ ի հայտ եկած խիզախումի հակումին ես հավատարիմ եմ արդեն տասնամյակներ: Իսկ ինչի՞ նման կլիներ մեր արվեստը առանց խիզախումի: Լավ, ընդունենք, որ գրական պաշտոնյայի նման գրողը կապահովեր իր ոչ թշվառ գոյությունը: Սակայն իրականության հանդեպ կլիներ նրա հետ առնչվելու վախի գերին: Միջտարածությունը կորցնելու վախից նա ինքը կկորչեր հեռու հեռուներում, ուր առկայծում են առասպելները, և վեհությունն է տրվում ինքնափառաբանման: Ոչ, ժամանակակիցը, որ մշտապես անցյալ է դառնում, կհասներ հետքից և հարցաքննության կենթարկեր նրան: Քանզի յուրաքանչյուր գրող ներդրված է իր ժամանակի մեջ, ինչքան էլ կրքոտ պնդի, թե ծնվել է իր ժամանակից շուտ կամ ուշ: Նա թեման ընտրում է ոչ իր կամքով, ճիշտ կլինի ասել, որ նրա համար այն կանխորոշված է: Ես համենայն դեպս չեմ կարողացել ազատ ընտրություն կատարել: Եթե սոսկ ինձնից կախված լիներ, ես ուժերս կփորձեի զուտ գեղագիտական վարժանքներում և անհոգ, նմանապես և նույնչափ էլ անվտանգ, կտրվեի ծաղրածուության:

Սակայն այդպես չեղավ: Սկիզբ առավ դիմադրության շարժում: Ամենուր ավերակներ էին ու լեշեր՝ գերմանական պատմության որկորից փսխած: Բավական էր նոթերը կիտել, և այդ զանգվածի ծավալը մեծանում էր բազմակի: Բացի այդ, ես սերում եմ փախստականների ընտանիքից: Եվ գիտակցումը, որ հայրենիքի կորուստը անդառնալի է, հանդիսացավ լրացուցիչ ազդակ, հավելվեց այն ամենին, ինչ գրողին տանում է գրքից գիրք. սովորական պատվախնդրությանը, ձանձրույթի վախին, եսակենտրոնությանը: Գրելիս ես ոչ թե ուզում էի ինձ վերադարձնել ավերակ, կորուսյալ Դանցինգ քաղաքը, այլ ուզում էի երդվել նրան: Ես համառորեն ճգնում էի ապացուցել ինձ և իմ ընթերցողին, որ կորուսվածը չպիտի անհետ կորչի մոռացության գրկում: Գրական արվեստի շնորհիվ այն պիտի կրկին միս ու արյուն առնի. իր ողջ վեհությամբ և ողորմելիությամբ, իր եկեղեցիներով ու գերեզմանատներով, նավաշինարանների ժխորով ու Բալթիկայի հոգնած ալեբախության բուրումքով, իր վաղուց ի վեր նվաղած լեզվով, որ ախոռասնույց որոճքի է նման, իր՝ խոստովանության արժանի մեղանչումներով և անպատիժ ոճիրներով, որոնց թողություն չի բերի և ոչ մի խոստովանություն:

Նմանատիպ կորուստները սնուցող հող են սևեռուն գաղափարով տարված նաև այլ գրողների համար: Համենայն դեպս, մի քանի տարի առաջ ես ու Սալման Ռուշդին զրուցելիս խոստովանեցինք, որ նրա համար Բոմբեյը, ինչպես ինձ համար իմ կորուսյալ Դանցինգը, միաժամանակ հանդիսանում է և՛ աղբանոց, և՛ ներշնչանքի ակունք, սկիզբն ամենայնի և աշխարհաշինության կենտրոն: Նման ինքնավստահությունը, նման հուզախռովությունը բնորոշ է գրականությանը: Դրանք գրողի բոլոր պտուտակներն աշխատեցնող ստեղծագործական նախադրյալներ են: Հղկված վարպետությունը, նուրբ հոգեվերլուծականությունը կամ ռեալիզմը, որ սխալմամբ ընկալվում է որպես բնօրինակի ճշգրիտ պատճենահանում, պիտո չեն նմանատիպ նյութի հսկայածավալ զանգվածը յուրացնելու համար: Որքան էլ շատիվ պարտ ենք լուսավորյալության բանական ավանդույթներին, այնուամենայնիվ պատմության ընթացքի աբսուրդը իր մեջ հեգնանք է պարունակում ցանկացած բանական բացատրության նկատմամբ:

Եթե զանց առնենք ողջ հանդիսույթը, կտեսնենք, որ Նոբելյան մրցանակը հանգչում է դինամիտի հայտնագործության վրա: Իսկ այն մարդկային մտքի այլ հայտնագործությունների նման՝ ատոմի ճեղքում լինի, թե գենային կոդի մրցանակակիր վերծանում, աշխարհին պարգևել է և՛ խինդ, և՛ դառնություն: Այդպիսի պայթուցիկ լիցք իր մեջ կրում է նաև գրականությունը: Անգամ եթե նրա հարուցած պայթյունները իրադարձություն են դառնում ոչ անմիջապես, այլ, այսպես ասած, ժամանակի խոշորացույցի ներքո ու աշխարհը փոխում են՝ ընկալվելով և՛ որպես փառաբանություն, և՛ որպես մեղսասացություն, այդ ամենը կատարվում է հանուն մարդկային ցեղի: Որքա՞ն ժամանակ պահանջվեց Եվրոպական Լուսավորությանը՝ Մոնտենից մինչև Վոլտեր, Դիդրո, Կանտ, Լեսսինգ և Լիխտենբերգ, որ կարողանա բանականության կանթեղը հասցնել սխոլաստիկայի խավարի մթամած անկյունները: Եվ ի՜նչ հաճախ էր մարում այդ շողիկը: Բանականության լույսի տարածմանը խոչընդոտում էր գրաքննությունը: Իսկ երբ նրա հրացոլքը վերջապես տարածվեց, դա արդեն հանգած, տեխնիկական հնարավորություններով սահմանափակվող, լոկ տնտեսական և սոցիալական զարգացման ուղղությամբ կենտրոնացած բանականություն էր, որ իրեն հրամցնում էր որպես Լուսավորություն և ողջ ուժով ջանում ի սկզբանե խռով երկու զավակների՝ կապիտալիզմի և սոցիալիզմի գլուխը լցնել կեղծգիտական ժարգոնով ու մատնացույց էր անում լոկ տվյալ պահի համար ճշմարիտ թվացող առաջընթացի ուղին:

Հիմա տեսնում ենք, թե հանճարեղորեն ձախողված Լուսավորության զավակները աշխարհն ուր հասցրին: Կարող ենք դատել, թե ինչ վտանգավոր է իրավիճակը, ուր մեզ նետել է բառերի հարուցած և ընդամենը ժամանակի վատնումի հանգեցրած պայթյունը: Անտարակույս, մենք ճգնում ենք Լուսավորության միջոցներով նվազեցնել կորուստը. այլ միջոց ու ճար չունենք մենք: Մենք ահով տեսնում ենք, որ այն օրից ի վեր, ինչ կապիտալիզմի եղբայր սոցիալիզմը հայտարարվեց մահացած, կապիտալիզմը վարակվել է ամբարտավանության մտագարությամբ և ընդհանրապես դիվոտել է: Նա կրկնում է մեռած հայտարարված իր եղբոր սխալները, վերածվում դոգմայի, որպես միակ ճշմարտություն հրամցնում շուկայական տնտեսությունը, արբել է իր հիրավի անսահման հնարավորություններով և տրվելով համաշխարհային մակարդակի այլևայլ միաձուլումների մոլուցքին՝ խելագար խաղագումարներ է ներդնում: Զարմանալի չէ, որ կապիտալիզմը, ինչպես ինքն իրեն հեղձամահ արած սոցիալիզմը, վերափոխումների ընդունակություն հանդես չի բերում: Նրա պարտադրանքը կոչվում է գլոբալացում: Եվ մեծամիտ անմեղսունակությամբ դարձյալ հայտարավում է, թե դրան այլընտրանք չկա:

Նշանակում է՝ վերջ պատմությանը: Հարկ չկա այլևս անհամբեր սպասել «Շարունակությունը՝ հաջորդիվ…»-ին: Թե՞ այնուամենայնիվ կարելի է հուսալ, որ առանց այդ էլ բոլոր հարցերի լուծումը տնտեսությանը հանձնած քաղաքականությունը քանի որ չի կարողանում նոր դոգմատիզմը սասանելու հնար գտնել, գուցե գրականությո՞ւնը կարողանա ինչ-որ բան մտածել:

Բայց կարո՞ղ է արդյոք այդպիսի պայթուցիկ պատումը (այնուամենայնիվ դինամիտ է, չէ՞) գրական բարձր որակներ հանդես բերել: Ուշացած արձագանքին սպասելու ժամանակ կունենա՞նք: Հնարավո՞ր է պատկերացնել գիրք, որի վերջում առաջարկվում է այնպիսի դժվարաճար ապրանք, ինչպիսին գալիքն է: Եվ արդյոք հիմա այն վիճա՞կը չէ, ուր գրականությանը պատվիրված է անցնել հանգստի, իսկ երիտասարդ հեղինակներին որպես փոխհատուցում տրվում է սոսկ ինտերնետի խաղահրապարակը: Լայնորեն տարածվել է գործուն անգործունեությունը, որի հանրահայտ աուրան ձևավորել է «հաղորդակցության միջոցներ» խաբուսիկ արտահայտությունը: Ժամանակը ծրագրավորված է ընդհուպ մարդկային հնարավորությունների կոլապսը՝ սրտի հանկարծակի կանգը: Արևմտյան աշխարհը հանձնվել է մշակութա-փութագար ունայնամտության: Ի՞նչ անել:

Քանի որ հավատացյալ չեմ, ինձ մնում է ծունկի իջնել այն սրբության առջև, ով մինչ այս ինձ օգնել է տեղից շարժել ամենածանր ավերաբեկորները: Ես աղերսում եմ. Կամյուի ներողամտությանը արժանացած սուրբ արդարակյաց Սիզիփոս, հոգա, որ քարը չմնա վերևում, որ այսուհետ նույնպես մենք կարողանանք գլորել այն, որ մենք, քեզ նման, երջանիկ լինենք մեր քարով, և որ չընդհատվի պատմությունը մեր կյանքի չարչարանքների մասին:

Աղոթքս տեղ կհասնի՞: Թե՞ նոր հովերի համաձայն մարդկային ցեղի պատմության շարունակությունը հոգալու հարցը վիճակված է արհեստականորեն ստեղծված, կլոնավորված արարածին:

Այսպիսով, ես կրկին վերադառնում եմ իմ խոսքի սկիզբ և կրկին բացում «Առնետուհին» գիրքս, որի հինգերորդ գլխում ստորադասական եղանակով քննարկվում է լաբորատոր առնետին որպես հետազոտական գիտությանը ծառայություն մատուցած այլ փորձակենդանիների ներկայացուցչի Նոբելյան մրցանակ շնորհելու հարցը: Եվ անմիջապես հասկանում եմ, թե որքան քիչ օգուտ են տալիս մրցանակներով զարդարուն այդ բոլոր հայտնագործությունները մարդկության ամենամեծ պատուհասի՝ սովի հաղթահարման գործին: Ճիշտ է, ով վճարունակ է՝ կարող է ձեռք բերել նոր երիկամներ: Կարող է վերապատվաստել սիրտը: Անթել հեռախոսով կապվել աշխարհի ցանկացած անկյունի հետ: Մեր գլխավերևում ջանադիր հոգածությամբ պտտվում են արբանյակներ և տիզերական կայանքներ: Գիտության փառապանծ հաղթանակների շնորհիվ հայտնագործվել և ներդրվել են զինատեսակներ, որոնց տերերը կարող են դրանց միջոցով բյուրապատիկ պաշտպանվել մահից: Ինչ անցել է մարդու մտքով, ամեն բան իրականացել է ապշեցուցիչ կերպով: Եվ միայն սովի դեմն առնել չի կարողացել մարդը: Այն նույնիսկ ընդլայնում է իր տիրույթները: Այնտեղ, ուր այն հիմնավորվում է, կյանքը վերածվում է թշվառության: Ողջ աշխարհով մեկ տարածվում են փախստականների հորձանքներ. նրանց հալածում է սովը: Եվ չգտնվեց գիտական մտքի հետ համագործակցող որևէ քաղաքական կամք, որ տոգորվեր մոլեգնորեն տարածվող թշվառությունը հաղթահարելու վճռականությամբ:

1973 թվականին, երբ ԱՄՆ-ի եռանդուն թողտվությամբ Չիլիում տեռոր սկսվեց, Կանցլեր Վիլի Բրանդտը ելույթ ունեցավ ՄԱԿ-ում: Նա պաշտոնն ստանձնելու կապակությամբ ՄԱԿ-ում ելույթ ունեցող առաջին կանցլերն էր: Բրանդտը խոսեց համընդհանուր աղքատացման մասին: Նրա բացականչությունը՝ «Սովը նույնպես պատերազմ է», հնչեց այնքան համոզիչ, որ դահլիճը պայթեց ծափահարություններից:

Ես այդ ճառին ներկա էի: Այդ ժամանակ ես աշխատում էի «Տափակաձուկը» վեպի վրա, ուր խոսքը մարդկային գոյության առաջնային հիմքի՝ ուտելիքի մասին է, այսինքն՝ դրա պակասի և հղփացածության մասին, մեծ որկրամոլների և մեծաթիվ սովյալների մասին, քմահաճ վայելքների և հարուստների սեղաններից փրկված փշրանքների մասին:

Այդ թեման հրատապ է և այսօր: Հարստության կուտակմանը աղքատությունը պատասխանում է սրընթաց աճով: Անվտանգության ինչ համակարգով էլ պատսպարվեն հյուսիսի և արևմուտքի հարուստները աղքատ հարավից և արևելքից, ինչպես էլ փակվեն իրենց ամրոցներում, փախստականների հորձանքները, միևնույն է, կհասնեն նրանց. ոչ մի պատնեշ չի կարող դիմագրավել սովյալների գրոհին:

Ապագայում կպատմեն այս մասին: Վերջ ի վերջո մեր վեպը պիտի շարունակություն ունենա: Եվ եթե մի ոչ գեղեցիկ օր նույնիսկ արգելվի գրել կամ տպագրել, եթե գիրք որպես գոյատևման միջոց անհնար լինի հայթայթել, կգտնվեն պատմողներ, որոնք իրենց խոսքով կենդանություն կհաղորդեն մեզ, նոր բանվածքով շարունակելով հին պատմությունը, բարձրաձայն և մրմունջով, մերթ արտասվելով և մերթ ծիծաղելով, մանելով ու հյուսելով այն:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Հակոբ Սողոմոնյանի

Անդին 2, 2017

Share

Կարծիքներ

կարծիք