Արմենուհի Սիսյանի կարոտի տարածությունը

777

Տիեզերական ու տեխնոլոգիական դարաշրջանը, թվում է, հեղաշրջեց  ու վերաձևեց ամեն ինչ, մարդուն հեռացրեց և օտարեց ինքն իրենից,  բնությունից, սակայն մարդկային  հոգին, ներաշխարհն ու  կորիզը, որի ներսում տեղի է ունենում չարի և բարու հակամարտությունը, մնացել է  հավատարիմ իր նախաստեղծ էությանը, պարզապես  ամենակուլ ժամանակի սլացքի մեջ հարկավոր  է հաճախ ականջալուր լինել սրտի ձայներին և հայացքն ուղղել երկնքին: Ասվածի աներկբա վկայությունն է Արմենուհի Սիսյանի «Հազար տարվա կարոտ» ժողովածուն (Երևան, 2016, էջ 230): Համատարած սիրով և լույսով է շնչում ժողովածուն. ինքնատիպ մտածողության և բացառիկ աշխարհատեսության տեր հեղինակն իր բանաստեղծությամբ փորձում է հիշեցնել կամ վերադարձնել մարդուն առօրեականի մեջ ամենօրյա  կորստյան վտանգին ենթարկված բնությանը մոտ լինելու, երկնքին նայելու, երկնքի հետ խոսելու անհրաժեշտությունն ու պահանջը: Եվ հեղինակի երկմտությունն այն, թե «բանաստեղծությա՞ն իրականությունն է առավել զորեղ, թե՞ իրականությունը կյանքի, որ տրված է մեզ սահմանափակ օրերի սահմանում…» (էջ 9), այս պարագային հօգուտ բանաստեղծության է: Այս առումով գրականությունը և հատկապես պոեզիան, մեր համոզմամբ, կարող է մտածողություն փոխել, և հենց այդ պատճառով էլ այսօր այն առավել իրական է ու կարևոր: Մեր ժամանակներում այն նաև մարդուն իր ինքնակործան ընթացքից ետ բերելու խնդիրն  ունի. «Աղոթքիս մեջ հարություն առնող երազներս, // որ մեռել էին առօրյա գործերիս մեջ, // արտասվեցին իմ աչքերում // ու ձգվեցին դեպի երկինք՝ // ամփոփելով ամպերի մեջ՝ // քուլա-քուլա…// իսկ ես կշարունակեմ դեռ աղոթել. // չդատարկվի երկինքն հանկարծ իր ամպերից…» (էջ193):

Ի՞նչ է բանաստեղծությունը հարցին  Արմենուհի Սիսյանն իր պատասխանն ունի. ժողովածուն բացող բանաստեղծությունը ինքնադիմանկարի մի փորձ է. «…Առավոտյան մի բանաստեղծություն կարդացի՝ //  երեք թե չորս տողից // ու զգացի՝ լցվեց երկինքը…» (էջ8): Հատկանշական են նաև  բանաստեղծության և բանաստեղծելու շուրջ  նրա յուրատեսակ  մտորումները. «Տողով հաղթահարեցի // կորուստներս, // ցավերս, // կարոտներս, // տողով հաղթահարեցի // ինքս ինձ» (էջ 43), «…բանաստեղծություն շնչո´ւմ են, // եթե թոքերը մսեղեն չեն լոկ…» (էջ 29) կամ՝ «…կգնամ բանաստեղծություն հավաքելու // այնտեղ, ուր ծառերը ծաղկել // ու ինձ են սպասում…»(էջ21): Ընդհանրապես, բնության ու բանաստեղծության փոխհարաբերությունը առանձնահատուկ տեղ ունի Սիսյանի պոեզիայում, որի միջոցով էլ մեկնում է աշխարհընկալման իր կերպը:

Նրա տողերում ու հայացքի լուսշերտերում ի հայտ են գալիս և տեսանելի  դառնում կնոջական աշխարհի նրբերանգները՝  որքան խորքային ու զգացմունքային, այնքան  մաքուր ու անկեղծ, որտեղ տիրապետողը գեղեցիկն ու լուսավորն է,   քանզի  նույնական է իր նախաստեղծ սկզբնաշխարհին, քանզի  հայացքն ուղղված է տիեզերքին, նրա անխախտ ներդաշնակությանը: Հեղինակն արձագանքում է մարդկային հոգու բոլոր թրթիռներին, մարդն ամբողջանում է երկրի ու երկնքի  միություն-դաշինքով՝ ներանձնության մեջ՝ իր ապրումների, ձգտումների, հուսալքության ու հուսավառության ամենախորքային ծավալումներով: Նրա գրչի տակ «բառերն են ապրում» (էջ 106), խոսում սիրո, կարոտի մասին, ապրված ու հոգուց ծնված  տողերը հաստատում են սիրո՝  կյանքի հիմնաքար լինելը և նրա մեջ ապրելու ձգտման անխուսափելիությունն ու  դժվարությունները. «…ցավերիս ու կարոտներիս միջով գալիս եմ ընդառաջ, // վերցրու´ ինձ սեր // ու կամքս մի´հարցրու» (էջ 97): Փոքրածավալ  քերթվածները զերծ են արտաքին պաճուճանքներից, բնագիրն ինքը առաջ է գնում նրբին ու մաքուր հայացքից, զգացումից ու ապրումից ծնված տողերով, ինչպես՝ «…կուզեի՝ համբուրեիր բանաստեղծություններիս ամենալավ տեղը՝  հոգիս…»( էջ 190):

Սիսյանի ոգեղեն էությամբ բանաստեղծական աշխարհում տիրապետողը ճերմակն է ու անուրջը, կարոտն ու լույսը: Նրա լեզվին խորթ կամ հակացուցված են  մռայլությունն ու մթությունը, բանաստեղծությունները կարծես ժպտում և ճառագում են ներքին խաղաղությամբ, լի են հույզով, զգացումով և լավատեսությամբ: Միաժամանակ զգալի է այն խաղաղ, առեղծվածային լարվածությունը, որով լցված է հերոսի ներաշխարհը: Իմացության, կենսափորձի ու ապրումի, խառնվածքի և հավատի շաղախն ու բանաստեղծական երևակայությունը, երազն ու իրականությունը դառնում են ստեղծարար գործոն, բանաստեղծական ոգու խիզախում, որով և իմաստավորվում, ոգևորվում ու գեղեցկանում է ներկան:Նրա պոեզիան դաշինքի մեջ է գեղեցկության ու բնության հետ՝  միտված  մարդու՝ իր ամբողջականությունը  վերագտնելու, զգալու, վերադարձնելու առաքելությանը: Հոգու ներքին շարժման մեջ ամեն ինչ սկսվում է լուռ խոսք ու դիմումով բնությանը՝ քամուն, անձրևին, ձմռանը, ձյանը, արևին, աշնանը, երկնքին («Հոգիս նվաղում է, անձրև´», «Հովանոց չունեմ», «Թաղի´ր ինձ, ձմեռ», «Արի համբուրվենք, քամի´», «Նոյեմբեր» և այլն): Բնությունը տվյալ պահի մեջ դառնում է վիճակ, վերածվում հոգեվիճակի և արտացոլում մարդու ներաշխարհը: Ձյունը, ճերմակը, կապույտը այն խորհրդանիշերն են, որոնցով հեղինակը հասնում է գեղարվեստական ընդհանրացման. «…ու քաղաքս ճերմակ հրաշք է դարձել… // մաքրվելու, մաքրվելու´ ենք վաղվա համար….» ( էջ 40): Թվում է՝ «անցել են ճերմակի  ժամանակները», բայց «բնությունը  չի հանդուրժում  ոչինչ անմաքուր…» ( էջ 47). տեսանելի  է դառնում մարդ — բնություն կապը: Ճերմակը Սիսյանի հոգու գույնն է, հաճախ ճերմակն ու սերը նույնանում են, դառնում հոմանիշներ. «…որտեղի՞ց բուսնեց սերը ճերմակ՝// ճերմակ թերթիկներով, ճերմակ սրտով.// ճերմակ ծաղկի՞ց, թե՞ ծաղիկն էր, որ սիրուց ծլեց…» ( էջ 20): Սերը բանաստեղծի համար ճերմակ է, մաքուր է, ձյուն է. «Ճերմա՞կ է՝//մաքու´ր  է, // ձյու´ն է, // սե´ր է. //թող քաղաքս թաղվի ձյուների մեջ…»( էջ 13). «ու գիտեմ՝ ինչու է ձյունը ճերմակ. // թե սեր է՝ պիտի մաքուր լինի… » ( էջ 168):

Խորը և խաղաղ, անձնական և անանձնական զգացումներն ու ապրումներն  իրենց արտացոլումն են գտնում երկնքի  անսահամանության մեջ, որն էլ դառնում է Արմենուհի Սիսյանի  կարոտի տարածությունը:Մշտական ու հավերժական է գոյի ներսում կարոտը, որը և հեղինակն համարում է ապրելու նախապայման. «Կարոտել, այսինքն՝ ապրել…»: Կարոտների շղթան անընդհատական է, քանզի հեռու են ձգվում հիշողության արահետները,  քանզի յուրաքանչյուր ակնթարթը դառնում է անցյալ՝ իր հետ բերելով նորանոր կարոտներ ու տագնապներ, յուրաքանչյուր հեռացում, յուրաքանչյուր բաժանում ծնում է մի նոր կարոտ. «…ու ամեն հեռացումի հետ թևի մի  ճախրանք ավելանում էր…» (էջ 58): Կարևոր է հավատին ապավինելու, այն չկորցնելու հանգամանքը. «…հոգուս մեջ կպահեմ գույնը հավատի, // որ ծառերն ապրեն…» (էջ 42) և հավատի շաղախով չափել կարոտ — երկինք հարաբերությունը: Զգալի և տեսանելի է արյան միջոցով մարդուն փոխանցված կարոտը դեպի բնությունը, դեպի մարդու և բնության միաձուլումը: Բնության ու մարդու միասնության անհրաժեշտությունը Սիսյանի բանաստեղծական աշխարհում դառնում է առկա փաստ. « …պարզապես արևը //  ներել գիտի սխալները // և ազնիվ են բնության օրենքները: // Այդ ե՞րբ մարդը հեռացավ բնությունից… » (էջ 206): Մարդկայնորեն ու բնականորեն է ընդունվում  հերոսի կողմից յուրաքանչյուր առօրեական երևույթ, որին և հակադարձում է հակադրության ամենամերժ ոգով. «…ու երբ ճերմակի պակասից սիրտս է հեղձվում, ես նայում եմ վեր…» (էջ 9): Տիրոջը, երկնքին ու բնությանը ապավինելու մշտական   մղումը նրա ասելիքը դարձնում է աննյութեղեն ու երկնային, առկա է զգացմունքների  պաշտամունքը. բնությունն ինքը նրա պոեզիայում  մարդկային հոգեվիճակների  կրողն ու արտացոլումն է: Ժողովածուն միասնական է ոչ միայն  իր ներքին կառուցվածքով, այլև կենսական – հոգեբանական նախադրյալներով, որ ապրել ու զգացել է հեղինակը: Բնաստեղծությունները ամուր կապի մեջ են. նույն ոգին է, որ ստեղծում է գոյության իր օրենքները. հավատի, Տիրոջն ապավինելու, ճշմարտության ու  ազնվության, անկեղծության ու մաքրության բարոյական ու մարդկային ըմբռնումները:

Մարդ-տիեզերք, մարդ-երկինք, մարդ-բառ հարաբերությունները Սիսյանի պոեզիայում առթում են  ներհայեցումի, ինքնաճանաչման ու ինքնախորասուզման, զգացմունքների խտացման և ստիպում են հայացքն ուղղել հոգու անհունի և տիեզերքի հարաբերության գաղտնիքներին: Բնության միջոցով կյանքի ներդաշնակությունը վերականգնելու, մարդու և մարդկության խաթարված, աններդաշնակ կյանքը դեպի ճշմարտություն վերադարձնելու միտում ունի Արմենուհի Սիսյանի պոեզիան:

 

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք