Բանաստեղծություններ

Հեղինակ:

DSC05249--
Քաղաքն առանց քեզ

անկատար է:

Հիմա, երբ գնացել ես,

ամբոխները չեն խելագարվում:

Հրապարակները դատարկ են,

ազատները՝ խաչված:

Չկաս,

ու աղավնիները

խաղաղություն

չեն կանչում:

Գնացել ես, ու անդորրս

երևի

բաճկոնումդ թողեցի:

Ուր է հիմա

փոստատարը,

որ քեզնից

ինձ լուր կբերեր:

Մի աշխարհ խոսք

ու բռաչափ ծրար:

Դադարել եմ ինձ սպասելուց:

Պիտի գնամ,

որ ապրելու պահին

մեռնեմ քո գրկում:

Երկու փողոց այն կողմ,

երեք շենք մյուս կողմ,

մի քանի մղոն հեռու,

օվկիանոսներից այն կողմ

ինչ-որ մեկը կրկին մեռնում է:

7 մղոն այն կողմ

Հայրենիքում

նորից

ազատ են:

Ես դեռ սպասում եմ:

 

 

****

Քաղաքում խառնաշփոթ էր՝

դու կորել էիր:

Եկան,

ձեռագիրդ հրամցրին.

-Ճանաչո՞ւմ եք:

Լռեցի:

Որքա՞ն նամակ

չհասավ ուզածին՝

նամականիշ չկար:

Փոստատարն էլ, ավաղ,

երեկ մեռավ:

Շրջանցեցի:

Սրճարանում ես էի,

մի կին

ու քո աղոտ պատկերը:

Գինի էինք խմում:

Կինը հարցրեց.

-Ճանաչո՞ւմ եք:

Լռեցի:

Տենես ի՞նչ եղավ նա,

ում ճանաչողի

մարմինը

պիտի

ստվերում նեղսիրտ մնար:

Մինչև հիմա

նամակներս

անպատասխան մնացին:

Քսան տարի հետո.

-Ճանաչո՞ւմ եք:

Դեռ

լռում եմ:

 

 

 

 

***

Մինչ բառարանները

լռում էին,

ես հորինեցի քեզ:

Դեռ լույս չտեսած լեզվով

ասացի՝ մենակ եմ:

Աղոթեցի դեռևս

անտիպ տառերով:

Բառարանները լռում էին,

գործը գլուխ եկավ՝

ինձ ապրելով:

Գիտնականները լռում էին,

հորինեցի «սրճարան»-ը:

Բոլորն եկան,

սրճեցին,

համբուրվեցին

ու հեռացան:

Հորինեցի սրճարանն ու էդպես էլ չխմեցի

անվանական սուրճը:

Հորինեցի սերն ու էդպես էլ չսիրեցի:

Բառարանները լռում էին,

ու դեռևս չհորինված

մահը վրա հասավ:

 

***

Կորա…

Ես չեմ նշմարվում.

կորել եմ ինքս իմ մեջ:

Ես

իմ չխմբագրված

բանաստեղծություններն եմ:

Անտիպ

ու աննշմար քաղաքում

ես «ես» չեմ:

Ես

շուրթերիս սառած

աղոթքն եմ,

«Հայր մէր…»

(չէ,այն չէ)

Մոտ օրերս

7 հազար տարվա ալիքը

անկարող կլինի տեսնվել քեզ հետ:

Դու բաճկոնդ կհանես,

իսկույն կմեռնես

«Հայր մէր…»

(էլի այն չէր)

7 հազար տարվա

հիվանդ հոգիներ

կմեռնեն առանց

«Հայր մէր»-ի

(այն էր)

 

 

Անդին 1, 2017

Share

Կարծիքներ

կարծիք