Շուշին մեր Երուսաղեմն է. Սպարտակ Ղարաբաղցյան

_MG_7119

Թթվում է անցյալի մի փոքրիկ պատառ Հիշողության արցուքով է ողողվում ու տոհմածառը ծիլ է տալիս, բողբոջում, ծաղկում…

Ուզում ես օրդ հեքիաթ դառնա՝ Սեր, Ցավ, Հիշողություն խառնիր ու շաղախիր, ոնց որ հացի խմորն ես հունցում..
Ս. Ղարաբաղցյան
Մարտի 16-ի Շուշիի Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի «Արևի բնակավայրը» գրքի շնորհանդեսը: Հեղինակը գրքի շնորհանդեսի վայրի ընտրությունը հակիրճ որակեց.
-Շուշին մեր Երուսաղեմն է: Դրանով, ըստ էության, ամեն ինչ ասված է… Շուշին Աստծո ծնկանը նստած դրախտավայր է և այս փոքրիկ աշխարհի թթխմորը:
Սպարտակ Ղարաբաղցյանի ստեղծագործության ենթահողը հիշողությունն է, նրա պատմվածքների հերոսները ապրում են քաղցր հուշերի մտերմությամբ, նրանց կյանքի ուղեցույցը քրիստոնեական հավատքն է և նրանք հավատում են, որ անդարձ հիշատակները, երբ հիշվում են, հեքիաթ են դառնում:
Հեղինակը, խոսելով իր գրքի մասին, կարևորեց հատկապես կորստի հիշողությունները՝ ասելով, որ դրանք արժևորվում են մեր մտքերում:
Շնորհանդեսին ներկա էին քաղաքի մտավորականության, այդ թվում՝ տոհմիկ շուշեցի ներկայացուցիչներ, Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության և մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանի պատգամավոր, Արցախի վաստակավոր լրագրող Վարդգես Բաղրյանը, հեղինակի մտերիմ ընկեր, Արցախի Գրողների միության նախագահության անդամ, շուշիաբնակ բանաստեղծ, Արցախյան պատերազմի մասնակից Ռոբերտ Եսայանը:
Ըստ էության, Սպարտակ Ղարաբաղցյանի գրքի շնորհանդեսը, որ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի տարելիցի նախօրյակին, հաստատումն էր այն իրողության, որ Արցախը ոչ միայն պատերազմող, այլև մշակութային արժեքների երկիր է: Բոլոր ելույթ ունեցողները և հեղինակը հատկապես ընդգծեցին, որ Արցախի անկախությունը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումն է, որ ունի և ռազմական, և սոցիալ-տնտեսկան, և մշակութային ինքնադրսևորման նշանակություն: Սպարտակ Ղարաբաղցյանի վերջին գիրքն ասվածի վկայություններից մեկն է:
-Ես չեմ կարող ասել, թե որքան եմ սիրում իմ հայրենիքը, որովհետև ոչ մի զավակ իր ծնողին սիրելու չափ չգիտի,- ասաց հեղինակը: Սպարտակ Ղարաբաղցյանն Արցախում անցել է ինքնաբացահայտման իր ճանապարհը: Արևի բնակավայրը մեր հավաքական հայրենիքն է, որի կերպարն իմաստավորվում է Արցախով: Եվ թեև այդ օրը Շուշին մառախլապատ և անձրաշատ էր, միջոցառման մասնակիցները հեռացան՝ իրենց հետ տանելով Սպարտակ Ղարաբաղցյանի գրքի ջերմությունը:

Կարծիքներ

կարծիք