Նա և ծառան | Նոբելյան ճառը

Հեղինակ:

coetzee_j-m_l 2003 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Մաքսվել Կուտզեեն բուր է՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված ֆլաման (հոլանդացի): Ծնվել է 1940 թվականին, ավարտել Քեյփթաունի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, մեկնել Անգլիա՝ աշխատելու: Ապա տեղափոխվել է ԱՄՆ, զբաղվել գրականությամբ, դարձել գրականության պրոֆեսոր: Եվ տասը տարի Ամերիկայում ապրելուց հետո վերադարձել է ծննդավայր:

Ինչ էլ գրի՝ Կուտզեեն հիմնականում գրում է Հարավային Աֆրիկայի մասին: Այն նրա գրքերում ի հայտ է գալիս երբեմն ճանաչելի, երբեմն անճանաչելի, երբեմն իրական, երբեմն՝ տիեզերքում մոլորված փոքրիկ մի մոլորակ: Կուտզեեն երբեք ապարտեիդի դեմ պայքարի ակտիվ մարտիկ չի եղել, ինչպիսին էր, օրինակ, Նադին Գոլդիմերը, որը 1991 թվականին նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի: Կուտզեեն աշխարհին նայում է արարչի ամենատես, բայց բացակա հայացքով: Ինքնակենսագրական գրքերում նա ասում է, որ դեռ մանկութ չէր կարող չնկատել իր աշխարհի սոցիալական լարված հակամարտությունը. այստեղից էլ նրա հետաքրքրությունը «նվաստացվածների և անարգվածների» նկատմամբ:

Իր գրականության մեջ Կուտզեեն անդրադառնում է որոշակի թեմաների. հարաբերությունը ճնշվածների և ճնշողների միջև, մարդկային անհատի անկումը կամ դիմագրավումը ֆիզիկական կամ բարոյական բռնությանը, ծնողների և զավակների հարաբերությունը և իրենց ժառանգներին վշտից, բռնությունից և վիրավորանքներից պաշտպանել չկարողանալու ողբերգական անզորությունը, մարդկային կյանքի դյուրաբեկությունը:

Կուտզեեն մոտ քսան գրքի հեղինակ է, արժանացել է գրական մի շարք մրցանակների: Ինչպես Նոբելյան մրցանակի արժանացած շատ գրողներ, նրա անունը նույնպես մի քանի տարի շարունակ հիշատակվել է թեկնածուների ցուցակում: Պետք է ավելացնել նաև, որ թեև Նոբելյան մրցանակը հանիրավի համարվում է բավական քաղաքանացված, սակայն Կուտզեեի դեպքում այդ հանգամանքը իսպառ բացառվում է:

Նրա ամենահայտնի ստեղծագործությունների շարքում կարելի է թվարկել «Բարբարոսներին սպասելիս», «Միքայել Կ-ի կյանքն ու ժամանակը», «Անպատվություն», «Էլիզաբեթ Կոստելո» վեպերը:

1994 թվականին Կուտզեեն հրատարակեց «Վարպետը Պետերբուրգից» վեպը՝ նվիրված Դոստոևսկուն: Հեղինակը «Դևերը» վեպի սյուժետային գծերը միահյուսել է Դոստոևսկու կենսագրական փաստերի հետ: Վեպի բարդ ֆաբուլան գրողին հնարավորություն է ընձեռում կրկին անդրադառնալ ստեղծագործական խնդիրների, ինչը այս կամ այն կերպ առկա է նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում, նաև Նոբելյան բանախոսության մեջ:

 

Նոբելյան բանախոսություն

Նա և ծառան

 

Սակայն անդրադառնամ իմ նոր ընկերոջը:

Նա ինձ շատ դուր եկավ, և ես պարտք

համարեցի նրան սովորեցնել այն ամենը,

ինչ կարող է օգտակար լինել և

գլխավորը՝ սովորեցնել հասկանալ

և խոսել ինձ հետ: Նա այնպիսի ընդունակ

աշակերտ էր…

Դանիել Դեֆո, Ռոբինզոն Կրուզո

 

Բոստոնը, որ Լինկոլնշիրի ծովափին է, գրում է ծառան, գեղեցիկ քաղաք է: Այնտեղ Անգլիայի ամենաբարձր զանգակատունն է. նավապետները դրա օգնությամբ են ճշտում իրենց ուղին: Բոստոնի շուրջ խրուտ ճահիճներ են: Այստեղ շատ են ջրցուլերը՝ չարագույժ թռչուններ, որոնք բարձր ճիչեր են արձակում, այնքան բարձր, որ հրանոթի կրակոցի նման լսվում են նույնիսկ երկու մղոն հեռավորությունից:

Խրուտներում, գրում է ծառան, քիչ չեն նաև այլ թռչուններ՝ բադեր ու կռնչաբադեր, մրտիմներ ու այլ բադազգիներ, որոնց որսալու համար ճահճոտ երկրամասի բնակիչները՝ ճահճուտների մարդիկ, վարժեցնում են ձեռնասուն բադեր և դրանց անվանում խաբուսակներ կամ նալիկներ (նկատի ունենալով նալել բառի խաբել իմաստը):

Խրուտները ճահիճների բուն տարածքն են: Նման տարածքներ սփռված են Եվրոպայով, նույնիսկ ողջ աշխարհով մեկ, սակայն այլ վարերում դրանք այլ կերպ են կոչվում և ոչ թե «ֆեներ». fen-ը անգլերեն բառ է (նույնպես նշանակում է խրուտ, ճահճուտ), բայց ենթադրում է նաև փոփոխության դժվար ենթակվող վիճակ:

Լինկոլնշիրյան այդ խաբուսակներին, գրում է ծառան, բուծում են հատուկ գետախորշերում և վարժեցնում՝ ձեռքով կուտ տալով: Հետո, երբ գալիս է ժամանակը, նրանց առաքում են արտասահման՝ Հոլանդիա և Գերմանիա: Հոլանդիայում և Գերմանիայում նրանք ծանոթություն են հաստատում նրանց հետ, ովքեր ստեղծված են ըստ իրենց պատկերի և նմանության, ու տեսնելով, թե ինչ թշվառ գոյություն են քարշ տալիս հոլանդական կամ գերմանական բադերը (ինչպես են սառչում նրանց գետերը, ինչպես է ձյունը ծածկում նրանց երկիրը), անմիջապես տեղեկացնում են նրանց (մի լեզվով, որ հասկանալի է բոլորին), որ Անգլիայում, որտեղից են իրենք ծնունդով, ամեն բան այլ է. անգլիական բադերն ունեն սնունդով լի առափնյակներ, և մակընթացություններն այնտեղ ազատորեն հորդում են գետերն ի վեր: Ունեն լճեր և գետակներ, բացօթյա և սաղարթածածկ գետախորշեր, իսկ հողը սփռված է ցորենի հատիկներով, որ իրենցից հետո թողնում են հնձվորները: Եվ չկա ձյուն ու սառնամանիք, դե, ծայրահեղ դեպքում, թեթև, չնչին ձյունափոշի ու պաղություն…

Այդպես, գրում է նա, բադային լեզվով շարադրված այդ խաբեությամբ նրանք՝ այդ խաբուսակներ կամ նալիկներ կոչվածները, իրար գլխի են հավաքում վայրի թռչունների հսկայական երամներ և, այսպես ասած, առևանգում: Անընդհատ կռկռացնելով նրանց լեզվով, խաբուսակները խաբված երամներին Հոլանդիայից և Գերմանիայից առաջնորդում են ծովերից անդին և իջեցնում Լինկոլնշիրի ճահճուտների խաբուսիկ գետախորշերում՝ հավատացնելով, թե հենց սրանք են այն գետախորշերը, որոնց մասին նրանց ասվել է, և ուր բոլորն ապրելու են պաշտպանված ու կուշտ: Եվ մինչ նրանք զբաղվում են դրանով, խաբեիկ մարդիկ՝ խաբուսակ բադերի տերերը, գաղտագողի ներթափանցում են իրենց իսկ սարքած եղեգնյա թաքստոցները կամ գաղտնարաններն ի ներս և, մնալով անտեսանելի, ջրի երեսին պտղունց-պտղունց շաղ տալիս ցորենի հատիկներ, իսկ խաբուսակ բադերը (կամ նալիկները) լողում են նրանց կողմ և իրենց հետքից տանում արտասահմանյան հյուրերին: Եվ այդպես, երկու կամ երեք օրվա ընթացքում տեղացի բադերը եկվորներին տանում են դեպի ավելի ու ավելի նեղլիկ գետակներ՝ անընդհատ կռնչաբացականչելով՝ տեսեք, ինչ հրաշալի է կյանքը մեզ մոտ՝ Անգլիայում, ու այդպես հասցնում այն վայրերը, ուր տեղադրված են որսացանցերը:

Դրանից հետո խաբեիկ մարդիկ բաց են թողնում խաբեհաչ շներին, որոնք վարժ են թռչուններին խաբեհաչով քշելու լողաձևին: Այդ զարհուրելի էակներից սարսափահար բադերը փորձում են օդ բարձրանալ, սակայն օդը աղեղնաձև ծածկող որսացանցերը նրանց ստիպում են կրկին իջնել ջրերի վրա և լողալ առաջ, իսկ ոմանք էլ շունչները փչում են ցանցերի մեջ խճճվելով: Ցանցերը աստիճանաբար նեղացնում են նրանց ճանապարհը (քսակի փակվող բերանի նման), իսկ ցանցերի վերջում կանգնած են խաբեիկ մարդիկ և մեկը մյուսի հետևից որսում են գերյալներին: Այդ մարդիկ գովում և փաղաքշում են խաբուսակ բադերին, իսկ ինչ վերաբերում է հյուրերին, ապա նրանց գլխներին անմիջապես հասցնում են մահակներով, տեղում փետրում և վաճառում հարյուրներով ու հազարներով:

Այդ բոլոր նորությունների մասին ծառան Լինկոլնշիրից գրում է ամեն օր, վարժ և արագագիր ձեռագրով, փետրագրիչով, որ յուրաքանչյուր նոր էջ սկսելիս խնամքով սրում է գրչահատով:

Գալիֆաքսում, գրում է ծառան, մինչ Հակոբ Առաջին արքայի օրոք վերացվելը կար մահապատժի սարք, որն աշխատում էր այսպես. դատապարտյալը գլուխը դնում էր կառափնատեղիին՝ չորսուներից սարքած խաչափայտին կամ թասաձև փոսիկին, իսկ դահիճը քաշում, հանում էր ծանր շեղբը պահող գամը: Շեղբը սահանկում էր եկեղեցու մուտքի նման բարձրադիր շրջանակի միջով և անթերի, քանց մսագործի դանակ, թռցնում մարդու գլուխը:

Գալիֆաքսում, ի դեպ, գոյություն ուներ ավանդույթ, ըստ որի եթե գամը հանելու և շեղբի անկման միջև ընկած ժամանակահատվածում դատապարտյալը հասցներ ոտքի ցատկել, փախչել բլուրն ի վար և լողալով անցնել գետը (այդ ընթացքում նաև խույս տալով դահճի հետապնդումից), նրան ազատություն կշնորհեին: Սակայն ողջ ընթացքում, ինչ սարքը գտնվում էր Գալիֆաքսում, նման բան չի եղել երբևէ:

Նա (ոչ թե ծառան, այլ ինքը) նստած է Բրիստոլի իր առափնյա տան սենյակում և կարդում է այս ամենը: Նա ծերացել է, կարելի է ասել՝ արդեն հասել է զառամյալ տարիքի: Դեմքի մաշկը, որ այն ժամանակ, երբ արմավենու տերևներից հովանոց կամ ծածկ դեռ չէր պատրաստել, գրեթե սևացել էր, հիմա գունատ էր, բայց մնացել էր չորուկ, ինչպես մագաղաթ: Իսկ քթին նկատվում էր արևխոցը, որն այդպես էլ չբուժվեց:

Այն հովանոցը դեռ կա, դրված է անկյունում, բայց թութակը, որին նա իր հետ բերեց, սատկել է: «Խեղճ Ռոբին,- նրա ուսին նստած կռկռում էր թութակը,- խեղճ Ռոբինզոն Կրուզո: Ո՞վ կփրկի խեղճ Ռոբինին»: Կինը տանել չէր կարողանում թութակի բանդագուշանքները՝ «Խեղճ Ռոբին», և այդպես՝ ամեն օր, օրեր շարունակ: «Ես նրա վիզը կոլորեմ»,- հոխորտում էր կինը, սակայն երևում է՝ համարձակությունը չէր բավարարում:

Երբ նա հովանոցի և թութակի հետ իր կղզուց վերադարձավ Անգլիա (հետն ունենալով նաև գանձերով լի սնդուկ), սկզբնական շրջանում ապրում էր բավական հանգիստ, իր պառաված կնոջ հետ, ագարակում, որ գնել էր Հանտինգթոնում: Նա կարող էր նման բան թույլ տալ իրեն, քանզի արդեն հարուստ էր և իր արկածների գիրքը հրատարակելուց հետո ավելի հարստացավ: Սակայն կղզում անցկացրած տարիները, իսկ հետագայում էլ թափառումները սպասավոր Ուրբաթի հետ (խեղճ Ուրբաթ, մղկտում էր նա, քանզի թութակն այդ պահերին լոկ կռկռացնում էր ու երբեք չարտասանեց այդ անունը) փախցրին տնակյաց ջենտլմենի կյանքով ապրելու ցանկությունը: Ու, եթե ճիշտն ասենք, ամուսնական կյանքը նույնպես հիասթափեցրել էր նրան: Նա նկատեց, որ ավելի ու ավելի հաճախ է մտնում ախոռ՝ իր ձիերի մոտ, որոնք, փառք Աստծո, նրան տեսնելով ոչ թե լեզուներին էին տալիս, այլ, ցույց տալով, որ ճանաչել են նրան, հանդարտ վրնջում էին ու ապա լռում:

Նրան, ով մինչ Ուրբաթի հայտնվելը տարիներ շարունակ կղզում ապրել էր միայնակ և լռության մեջ, վերադարձից հետո թվում էր, թե աշխարհը գերհագեցած է խոսքերով: Կնոջ կողքին անկողնում պառկած՝ նա իրեն այնպես էր զգում, ասես գլխին խճաքարերի մանրիկ անձրև է տեղում, անվերջ խշշում ու թակթկում, այնինչ նա լոկ մի բան էր փափագում՝ խաղաղ քուն:

Ուստի, երբ կինը հոգին ավանդեց, նա սգաց նրա մահը, բայց այնքան էլ չվշտացավ: Կնոջը հողին հանձնելով՝ նա հանուն պարկեշտության որոշ ժամանակ սպասեց, ապա, հանտինգթոնյան ագարակը թողնելով որդու տնօրինությանը, վերցնելով միայն կղզուց բերած հովանոցը, թառին նստած թութակի խրտվիլակը, ևս մեկ-երկու հույժ անհրաժեշտ իր, սենյակ վարձեց բրիստոլյան նավաշինարանի «Զվարթ նավազ» պանդոկում և այդ օրվանից միայնակ ապրում է այստեղ, ցերեկները շրջում նավաշինարանում ու նավահանգստում և ծխամորճ ծխամորճի հետևից ծխելով՝ հայացքն անընդհատ հառում ծովին, դեպ արևմուտք, քանզի տեսողությունը դեռ սուր էր: Ինչ վերաբերում է ուտելիքին, ապա նա ուտում էր միայն իր սենյակում. կղզում միայնության հետ մտերմանալուց հետո մարդկանց ընկերակցությունը նրան ոչ մի ուրախություն չէր պարգևում:

Նա կորցրել էր հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, սակայն իր անձնական արկածների պատմությունը գրելով ձեռք էր բերել գրելու սովորություն, ինչը բավական հաճելի զբաղմունք էր: Երեկոները, մոմեր վառելով, նա հանում էր թուղթը, սրում գրիչն ու մեկ-երկու էջ գրում իր ծառայի անունից, ով իբր տեղեկագրեր է ուղարկում Լինկոլնշիրի խաբուսակների և Գալիֆաքսում գտնվող մահվան հսկայական մեքենայի մասին, որից հնարավոր է նաև ազատվել, եթե կարողանաս ոտքի ցատկել և վազել բլուրն ի վար, հասցնես կատարել նաև մի շարք այլ նախապայմաններ: Ուր էլ հայտնվեր նա՝ այդ հույժ բազմազբաղ ծառան, նրա առաջին գործն այդ վայրի մանրամասն տեղեկագրությունն ուղարկելն էր:

Զբոսնելով նավահանգստի պատնեշապատի երկայնքով, մտորելով Գալիֆաքսում տեղադրված սարքի մասին՝ նա՝ Ռոբինը (որին թութակը վարժվել էր անվանել՝ խեղճ Ռոբին) քարեր է գցում ջուրն ու ականջը ձայնի պահում: Ակնթարթ, ավելի կարճ պահ, և քարը հասնում է ջրին: Աստծո գթասրտությունը արագահաս է, բայց մի՞թե պողպատե հսկայական, ծանր շեղբը, որին նաև ճարպ են քսել, ավելի արագընթաց չէ: Առհասարակ, ինչպե՞ս խուսափենք այդ շեղբից: Եվ մարդկային ո՞ր տեսակին պիտի պատկանի նա, ով երկրով մեկ դեգերելով, մի մահապատժից մյուսին անցնելով (մահակով՝ ծոծրակին, գլուխը թռցնելով)՝ մեկը մյուսի հետևից տեղեկագրեր է ուղարկում դրանց մասին: Գործնական մարդ է, մտածում է նա: Թող գործնական լինի, ենթադրենք, ցորենի կամ կաշվի առևտուր է անում, գուցե նաև թրծած կղմինդր է արտադրում կամ մատակարարում ինչ-որ վայրից, ուր կավը շատ է, թեկուզ հենց նույն Ուոպփինգից, և, գործի բերումով, շատ է ճամփորդում: Թող ծաղկի և բարգավաճի նրա գործը. տանք նրան սիրող կին նաև, ով այնքան էլ շատախոս չէ և իրար հետևից երեխաներ է բերում նրա համար, մեծ մասը՝ աղջիկ. թող նա երջանիկ լինի ողջախոհության սահմաններում, իսկ հետո թող կտրվի նրա երջանկության առասանը: Մի ձմեռ Թեմզան թող դուրս գա ափերից ու ջրի տակ առնի քուրաները, ուր թրծում է նրա կղմինդրը, կամ հեղեղի նրա ցորենի ու կաշվեղենի պահեստները: Եվ ահա նա՝ նրա այդ ծառան, սնանկ է արդեն, և պարտատերերը ճանճերի կամ ագռավների նման խուժում են նրա վրա, և նա ստիպված է լքել կնոջն ու զավակներին ու փախչել տնից, ուրիշի անվան տակ, արտաքինը փոխելով, ապաստան փնտրել Աղքատների թաղամասի ամենգարշելի հետնախորշերում: Եվ այդ ամենը՝ ջրերի բարձրանալը, կործանումը, փախուստը, անփողությունը, թշվառությունը, միայնությունը, կլինեն նավաբեկության այլաբանություն, այն կղզու այլաբանական պատկերը, որի վրա Ռոբինը աշխարհից կտրված անցկացրեց քսանվեց երկարուձիգ տարի, հասավ խելագարության դուռը (և ո՞վ ասաց, որ ընդամենը «դուռն է հասել»):

Կամ էլ ահա թե ինչ. թող նա լինի թամբագործ՝ տուն, արհեստանոց ու պահեստներ Ուայթչեպելում և գորտնուկ՝ կզակին, և սիրող կին, որ լեզվին չի տալիս ու հոգում է նրա զավակներին՝ մեծ մասը՝ աղջիկ, և պարգևում է նրան երջանկություն, մինչ այն պահը, երբ քաղաքի վրա կիջնի ժանտախտը. դա 1665 թվականն է, Լոնդոնի մեծ հրդեհը դեռ առջևում է: Ժանտախտի համաճարակը քաղաք խուժում է օր օրի, ալիք-ալիք տարածվելով, և մեռյալների թիվն անընդհատ ավելանում է ու ավելանում, նրանց մեջ և հարուստներ են, և աղքատներ, քանզի ժանտախտը անհաղորդ է հասարակության մեջ գրաված դիրքին, և այդ թամբագործի ողջ ունեցած-չունեցածը նրան չի կարող փրկել: Նա կնոջն ու դուստրերին ուղարկում է գյուղ, ինքն էլ է ուզում փախչել, սակայն միտքը փոխում է ու չի գնում: «Եվ մի վախենար խավարի սարսափներից,- Աստվածաշնչի պատահական մի էջ բացելով կարդում է նա,- և ցերեկով թռչող նետերից ու գիշերվա խավարի մեջ տարածվող խոցերից, և կեսօրին ամայացնող ախտերից: Կընկնեն քո կողքին հարյուրավորները և հազարավորները քեզ նման, բայց քեզ վրա հարված չի իջնի»:

Ընդունելով սա որպես նախանշան՝ պաշտպանվածության նշան, նա մնում է համաճարակով բռնկված Լոնդոնում և նստում տեղեկագրություն կազմելու: Փողոցում, գրում է նա, տեսա ամբոխ և կին՝ նրանց մեջ, որ մատնացույց էր անում երկնի խորքերը: «Տեսեք,- բացականչում է կինն այդ,- հրեշտակը, ողջը՝ ճերմակ, սպառնում է մեզ հրեղեն թրով»: Եվ համակ բազմությունն ի նշան համաձայնության գլխով է անում: «Հիրավի,- ասում են մարդիկ,- ահա նա, հրեշտակը զինավառ»: Սակայն թամբագործը չի տեսնում ոչ հրեշտակ, ոչ թուր: Տեսնում է միայն տարօրինակ տեսքով ամպի ծվեն, որի մի կողմը արեգակի ճառագայթներից փայլում է ավելի վառ, քան մյուսը:

«Սա նախանշան է»,- բացականչում է կինը փողոցում, իսկ նա, թեկուզ սպանիր, դրանում ոչ մի նշան չի տեսնում: Այդպես է ասված նրա տեղեկագրում:

Հաջորդ օրը նրա ծառան, որ նախկինում թամբագործ էր, իսկ հիմա՝ անգործ, անցնելով Ուոպփինգի գետափով՝ տեսնում է, թե մի կին ինչպես է իր տան շեմից ձայն տալիս հարթահատակ նավակով լող տվող մեկին: «Ռոբին, Ռոբին»,- կանչում է կինը: Եվ տղամարդը թիավարում է դեպի ափ ու նավակից մի պարկ վերցնելով՝ դնում ափամերձ խճերին, ապա կրկին թիավարում հեռու, իսկ կինը, դեպի ջուրն իջնելով, բարձրացնում է պարկն այդ և վշտաբեկ քարշ տալիս դեպի տուն: Ծառան ձայն է տալիս տղամարդուն՝ Ռոբերտին և խոսքի բռնվում նրա հետ: Ռոբերտը հայտնում է, որ կինն իր կողակիցն է, իսկ պարկում նրա և երեխաների մի շաբաթվա պաշարն է՝ միս, յուղ, թեփոտ ալյուր. ավաղ, ինքը չի համարձակվում մոտենալ նրանց, ոչ մեկին, ոչ կնոջը, ոչ երեխաներին, որովհետև նրանք վարակված են ժանտախտով, և դրանից իր սիրտը կտոր-կտոր է լինում: Եվ այդ ամենը՝ Ռոբերտ անունով տղամարդը, ջրերն ի վեր նրա հետևից աղաղակող կինը, ափին թողած պարկը, իհարկե, ինչ-որ ուրույն իմաստ ունեն, սակայն միաժամանակ արտահայտում են նաև նրա՝ Ռոբինզոնի միայնությունը կղզում, ուր հուսահատության մթամած ժամերին ալիքների վրայով աղաչանք էր հղում Անգլիա, մերձավորներին, որ փրկեն իրեն, իսկ այլ ժամանակ թիավարում էր դեպի խորտակված նավի բեկորները՝ պաշար հայթայթելու:

Ահա ևս մի պատմություն այդ վշտահար ժամանակների մասին: Չդիմանալով այլևս ժանտախտի անհերքելի ախտանշանների՝ աճուկների շուրջ և թևատակերում ի հայտ եկած այտուցների պատճառած տառապանքին՝ մարդը, հեծեծալով, մորեմերկ դուրս է վազում փողոց՝ Ուայթչեպելի Հարրոու ծառուղի, ցատկոտելով, ոստոստելով, բյուրավոր անհեթեթ շարժումներ կատարելով, իսկ նա՝ թամբագործը, տեսնում է նրան ու տեսնում է նաև, թե նրա կինն ու երեխաները ինչպես են հառաչելով վազում նրա հետևից, աղաչում վերադառնալ: Եվ այդ ոստյուններն ու ցատկերը այլաբանական պատկերն են իր ոստյունների ու ցատկերի, երբ ինքը, նավաբեկութունից հետո նավազ ընկերներին որոնելով, վազվզում էր ավազուտներում ու չգտնելով ոչինչ՝ մի զույգ կոշիկից բացի, այն էլ՝ նույն ոտքի, հասկացավ, որ միայնակ է անբնակ կղզում և, ամենայն հավանականությամբ, կմահանա առանց փրկության որևէ հույսի:

(Սակայն կարդացածից զատ այլ ի՞նչ է թաքուն երգում այս դժբախտ, ժանտահար մարդը, փորձում է գուշակել նա, այլ ի՞նչ՝ իր անելանելի միայնությունից զատ: Ո՞ւմ է դիմում նա ջրերի ու տարիների վրայով, այլոց աչքի համար անտեսանելի իր քարանձավի խորքերից):

Անցյալ տարի նա՝ Ռոբինզոնը, մի նավազի երկու գինեյ տվեց թութակի համար, որին վերջինս, իր ասելով, բերել էր Բրազիլիայից. թռչուն, որ այնքան վեհապանծ չէր, որքան նրա սիրեցյալ էակը, սակայն այնուամենայնիվ հրաշալի արարած էր, կանաչ փետուրներ ուներ, ալ կատար ու բացի այդ, եթե հավատանք նավաստուն, բավական խոսքաշեն էր: Իրոք, թռչունը (ոտքը՝ շղթայակապ, որ չփախչի) պանդոկի սենյակում թառին նստած անընդհատ կրկնում էր՝ «Խեղճ թութակ, խեղճ թութակ». իրար հետևից, անընդհատ, մինչ նա թռչունի գլուխը ծածկեց կնգուղով: Սակայն այլ բառեր, օրինակ՝ «Խեղճ Ռոբին» սովորելու համար թութակը հավանաբար շատ էր ծեր:

Խեղճ թութակ. հայացքը նեղլիկ պատուհանից հառել է կայմերի գագաթներին և դրանցից անդին ալեկոծվող մռայլ Ատլանտյան օվկիանոսին. «էս ո՞ւր եմ ընկել,- հարցնում է խեղճ թութակը,- Էս ի՞նչ կղզի է, էսքան ցուրտ, էսքան մռայլ: Իմ դժբախտության ահեղագոչ ժամին ո՞ւր ես դու, իմ Փրկիչ»:

Մարդը, լուլ հարբած և ամենայն բանից ուշացած արդեն (նրա ծառայի պատմություններից ևս մեկը), գետնատարած մրափում է Կրիպլգեյթ դարպասի մոտ: Կողքով անցնում է սայլը՝ բեռնավորված դիակներով (մենք դեռ չենք լքել ժանտախտի ժամանակը), իսկ մերձակայքի բնակիչները, կարծելով, որ մարդն այդ մահացել է, նրան դնում են սայլ, մեռյալների հետ: Եվ գնում է սայլն այդ ավելի ու ավելի հեռու, մոտենում մեռելների եղբայրական գերեզմանին, որ Մաունթմիլում է, և սայլապանը, ով վարակից պաշտպանվելու համար դեմքը ծածկել է լաթով, ձեռքը գցում է մարդուն՝ մտադրվելով նրան էլ գլորել փոսը, իսկ վերջինս, ուշքի գալով, դիմադրում է և ապշահար բացականչում. «Որտե՞ղ եմ ես»: «Հրես, քեզ թաղում են մեռելների հետ»,- պատասխանում է սայլապանը: «Բայց մի՞թե ես մեռել եմ»,- հարցնում է մարդը, և սա նույնպես այլաբանություն է և ակնարկում է նրա կյանքը կղզում:

Լոնդոնի որոշ բնակիչներ, իրենց առողջ ցուցանելով, համառորեն շարունակում են ինչ-ինչ գործերով դեսուդեն վազել՝ հուսալով, որ ամեն բան կանցնի: Սակայն իրենց արյան խորքերում նրանք գաղտնի կրում են ժանտախտի բացիլը, և երբ ախտը հասնում է սրտին նրանց՝ տեղում տապալվում են դիտապաստ (այսպես է հաղորդում նրա ծառան), ասես կայծակից շանթահար: Իսկ ահա սա կյանքի այլաբանությունն է, ողջ կյանքի, ինչպիսին կա: Հարկ է պատրաստ լինել. մենք պետք է պատրաստվենք մահվան, այլապես մահը մեզ վրա կխուժի հանկարծակի, ուր բռնեց՝ կխոցի տեղում: Այդպես հանկարծակի էլ նա՝ Ռոբինզոնը, հայտնաբերեց ճշմարտությունը, երբ մի գեղեցիկ օր ավազների վրա մարդկային ոտնահետք տեսավ: Դա հետք էր, ուրեմն՝ նշան մարդկային: Եվ ոչ միայն. «Դու միայնակ չես»,- ասում էր նշանը: Ու նաև. «Ուր էլ լողաս բաց առագաստներով, ուր էլ թաքնվես, միևնույն է, քեզ կգտնեն»:

Ժանտախտի տարում, գրում է ծառան, մարդիկ լոկ վախից թողնում էին ամեն բան՝ տուն, տեղ, ընտանիք, կին ու երեխա և փախչում Լոնդոնից հեռու, ինչքան կարող էին: Իսկ երբ ժանտախտն անցավ, նրանց փախուստը դիտվեց որպես վախկոտություն: Եվ մնացողները դատապարտում էին փախչողներին: Սակայն, գրում էր ծառան, մենք անտեսում ենք, թե ինչ տեսակ արիություն է պետք ժանտախտին դիմագրավելու համար: Դա բնավ այն չէ, ինչ հրացանին ապավինելով թշնամու վրա խոյացող զինվորի խիզախությունը. այստեղ հարկ էր մահվան դեմ ելնել անձամբ իր՝ Մահվան դալուկ նժույգը հեծած:

Թութակը, որ առավել սիրելի էր երկուսից, տիրոջ սովորացրածից բառ անգամ ավելին չասաց կյանքի նույնիսկ լավագույն պահերին: Հապա ինչպե՞ս եղավ, որ այս ծառան՝ չէ՞ որ նույնպես թութակ, այն էլ՝ ոչ մյուսի չափ սիրված, գրում է տիրոջից ոչ վատ, գուցե ավելի լավ: Քանզի նա՝ նրա ծառան, այլևս կասկած լինել չի կարող, հրաշալի է տիրապետում գրչին. «Մահվան դալուկ նժույգը հեծած»: Նման արտահայտություն հորինել անգամ ի վիճակի չէր նա: Նրա մտքում նման տողեր ծնվում էին լոկ այն ժամանակ, երբ ապավինում էր ծառայի ողորմածությանը:

Կամ հենց նույն խաբուսակ կամ նալիկ բադերը. ի՞նչ գիտի ինքը՝ Ռոբինզոնը, խաբված բադերի մասին: Ոչինչ: Մինչ ծառայի տեղեկագրերը ոչինչ չգիտեր:

Լինկոլնշիրյան ճահճուտների բադերը խաբուսակ, մահվան զարհուրելի մեքենան Գալիֆաքսում. նրա ծառայի՝ Բրիտանական կղզիների հետազոտության, թվում է, ընդգրկուն տեղեկագիրը, որ նրա սեփական կղզու հետազոտության այլաբանությունն է, կատարված նրա իսկ պատրաստած մակույկով, հետազոտություն, որ ցույց է տալիս, թե կղզին ունի նաև մեկ այլ՝ հեռավոր կողմ. մռայլ, խութերով պատնեշված, անհյուրընկալ, որից նա խուսափեց: Թեև երբ ապագայում հայտնվեն գաղութաբնակներ, գուցե նրանք հետազոտեն ու բնակություն հաստատեն այնտեղ, և դա նույնպես կվերածվի այլաբանության՝ հոգու խավարչտին և լուսավոր կողմի այլաբանության:

Երբ գրագողերի և նմանակողների առաջին հրոսակները խուժեցին նրա կղզու պատմության վրա և սկսեցին ընթերցողներին կերակրել նավաբեկյալների մասին շինծու հորինվածքներով, նրանք նրա աչքին երևացին քանց մարդակերների հորդաներ, որ կերակրվում էին իր իսկ մարմնով, ուտում իր մարմինը, ավելի ճիշտ՝ կյանքը, ինչի մասին նա չհապաղեց հայտարարել. «Երբ ես մարտնչում էի մարդակերների դեմ, որ ինձ սպանել, խորովել և հոշոտել էին ուզում,- գրեց նա,- կարծում էի, թե պայքարում եմ հենց այդ երևույթի դեմ: Այդ ժամանակ ինձ հայտնի չէր,- շարունակել է նա,- որ մարդակերները լոկ բուն ճշմարտության մարմինն հոշոտելու ընդունակ առավել դիվային անհագության այլաբանությունն են»:

Ի դեպ, հիմա, երկարատև մտորումներից հետո նրա սրտում կարծես խղճահարություն է արթնանում նմանակողների հանդեպ: Քանզի հիմա նրան թվում է, թե ողջ աշխարհում կա արժանահիշատակ ընդամենը մի քանի սյուժե, ու եթե ջահելներին արգելվի սնունդ քաղել տարեցներից, ապա նրանք՝ այդ ջահելները, ստիպված կլինեն ողջ կյանքն անցկացնել մունջ:

Ահա ճիշտ այդպես, կղզու իր արկածների պատմության մեջ նա խոսում է այն մասին, թե մի գիշեր ինչպես արթնացավ զարհուրած, համոզված, որ ինքը՝ սատանան է հսկայական շան տեսք ընդունած սողոսկել իր մահիճ, հեծնել իրեն: Եվ նա, ոտքի ցատկելով, ճանկեց սակրը և սկսեց հարվածներ հասցնել աջ ու ձախ, մինչև սթափվեց մահիճի մոտ քնած թութակի տագնապահար ճիչերից: Եվ միայն շատ օրեր անց նա հասկացավ, որ ոչ շունը, ոչ սատանան իր ծոցը չեն մտել, չեն հեծնել իրեն. ողջ գաղտնիքն ընդամենը հպանցիկ կաթվածն էր, որի պատճառով չի կարողացել շարժել ոտքն ու կարծել է, թե ինչ-որ բան հեծնել է իրեն: Դասը, որ բխում է այս դեպքից, պետք է կարծել, ուսուցանում է, թե ցանկացած ախտ, ներառյալ և կաթվածը, սատանայի ծնունդ են և, վերջին հաշվով, հենց սատանան են, և հիվանդության գալուստը կարող է լինել այլաբանությունը հենց սատանայի գալուստի կամ շան, որ ինքնին սատանայի այլաբանություն է, և, ընդհակառակը, այն երևույթը, որ հիվանդության այլաբանությունն է, ինչպիսին է, օրինակ, թամբագործի պատմությունը ժանտախտի վերաբերյալ, ուստի դրանց մասին՝ սատանայի կամ ժանտախտի մասին գրողներից և ոչ մեկին պետք չէ վանել իբրև ստախոսի և ստահակի:

Երբ շատ տարիներ առաջ նա որոշեց թղթին հանձնել կղզում անցկացրած իր կյանքի պատմությունը, հայտնաբերեց, որ բառերը չեն ենթարկվում իրեն, գրիչը դեմ է առնում թղթին, և մատները, չկամենալով աշխատել, փայտանում են: Սակայն օր օրի, քայլ առ քայլ նա յուրացրեց գրողական արհեստը, մինչև վերջապես նրա և Ուրբաթի արկածների պատմությունը թեթև ու նույնիսկ անհոգ տարածվեց թղթի հյուսիսային, սառցակալած կողմերից անդին:

Ավաղ, գրողական այդ վաղեմի թեթևությունը լքել է նրան: Հիմա, երբ նա նստում է դեպի բրիստոլյան նավահանգիստ բացվող պատուհանի մոտ դրված գրասեղանի առջև, ձեռքերն հանդես են բերում այն անճարակությունը, իսկ գրիչը՝ նույն խորթ գործիքի հատկությունները, ինչ առաջներում:

Իսկ ինչպե՞ս է գլուխ հանում գրողական արհեստից այն մյուսը՝ ծառան: Նրա պատմությունները բադերի, մահվան մեքենայի և ժանտախտի ժամանակների Լոնդոնի մասին բավական սահուն են, սակայն նա ինքն էլ մի ժամանակ ոչ պակաս սահուն էր գրում: Հնարավոր է՝ նա այնքան էլ ճիշտ չի դատում նրա՝ կզակին գորտնուկ ունեցող այդ պստլիկ պճնասերի մասին: Գուցե հենց այս պահին նա միայնակ նստած է ընդարձակ թագավորությունում ինչ-որ տեղ վարձակալած սենյակում և գրիչը թաթախում է թանաքի մեջ, և համակվելով թերահավատությամբ, երկմտությամբ, ուշացած մտորումներով՝ թաթախում է կրկին ու կրկին:

Ինչպե՞ս կարելի է պատկերել նրանց՝ նրան ու ծառային: Որպես եղբայրնե՞ր՝ երվորյակ եղբայրնե՞ր: Որպես զինակից ընկերնե՞ր: Թե՞ որպես չարակամներ ու թշնամիներ: Ի՞նչ անուն կտա նա այդ անանուն գործընկերոջը, ում հետ կիսում է իր երեկոները, երբեմն նաև գիշերները, ով նրա կողքից բացակայում է միայն ցերեկները, այն ժամերին, երբ նա՝ Ռոբինը, ժամանող նավերն ու մարդկանց զննելով, շրջում է նավահանգստում, իսկ ծառան շրջագայում է թագավորությունով մեկ և տեղեկագրեր կազմում:

Իր շրջագայությունն ավարտելով երբևէ կմտնի՞ Բրիստոլ այդ ծառան: Նա ուզում է նրան տեսնել իրապես, սեղմել ձեռքը, նրա հետ քայլել ծովապատնեշի կողքով, լսել պատմությունները դեպի կղզու անհայտ՝ հյուսիսային կողմ կատարած արշավների մասին, գրողական գործում ունեցած արկածների մասին: Սակայն նա վախենում է, որ իրենց, համենայն դեպս այս կյանքում, վիճակված չէ հանդիպել: Եթե նա փորձեր նկարագրել իրենց երկուսին էլ՝ իրեն ու ծառային, կգրեր, որ նրանք նման են միմյանց ընդառաջ ընթացող երկու նավերի. մեկը գնում է արևելք և մյուսը՝ արևմուտք: Կամ, ավելի ճշմարիտ, կնմանեցներ երկու նավազների, ովքեր խորասուզված ինչ-որ բան են անում նավասարքերի վրա. մեկը՝ արևելք գնացող նավում, մյուսը՝ արևմուտք: Նրանց նավերն անցնում են կողք կողքի, շատ մոտ, առնվազն բավարար, որ ողջույներ փոխանակեն: Սակայն ծովը մրրկահույզ է, փոթորկոտ, ջրաշիթերը մշուշել են նրանց աչքերը, ձեռքերի ափերը վառվում են ճոպանների շփումից, և նրանք անցնում են իրար կողքով և միմյանց ձեռքով անելու հնար ու ժամանակ անգամ չունեն:

 

 

Թարգմանությունը՝ Հակոբ Սողոմոնյանի

 

Անդին 3, 2016

Share

Կարծիքներ

կարծիք