«Իսահակյանը և Դեմիրճյանը գրական հեղձուկ միջավայրի թթվածինն էին»

 
DSC06148 Մարտի 4-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողով։

Բացման իր խոսքում թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշեց, թե որքան կարևոր է  Դերենիկ Դեմիրճյանի թողած պատկառելի գրական ժառանգության արժևորումը:

-Իմ համոզմամբ՝ Ավետիք Իսահակյանն ու Դերենիկ Դեմիրճյանն իրենց ժամանակի գրական այդ հեղձուկ միջավայրի թթվածինն էին, — ասաց Կ. Վարդանյանը:

Գրող, հրապարակախոսս, Անդին ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը, շնորհակալություն հայտնելով հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներին, նշեց, որ որքան էլ տարօրինակ է, Դերենիկ Դեմիրճյանի անգնահատելի գրական ստեղծագործության մեջ ինքը հատկապես առանձնացնում է «Հայը» խոհագրությունը, որում հայի էությունը լավագույնս է նկարագրված թեկուզ հենց մեկ նախադասությամբ. «Հայի չափը չափազանցն է»:

Գիտաժողովի ընթացքում Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործության վերաբերյալ գրականագիտական թեմաներով ելույթ ունեցան Կարինե Ռաֆայելյանը, Աելիտա Դոլուխանյանը, Ժենյա Քալանթարյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Անի Փաշայանը, Համո Սուքիասյանը, Սիրանույշ Գալստյանը և Նաիրա Շահվալդյանը:

Դերենիկ Դեմիրճյանի անվան թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը իր «Ցեղասպանության և վերապրումի թեման Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործություններում» խորագրով հոդվածում անդրադարձ կատարեց դարաշրջանի դժվարություններին և գրողի ապրումներին.

-1915 թ. Հայոց ցեղասպանության թեման տարատեսակ դրսևորումներով արծածվել է հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններում։ Այդ գրողներից  մեկն էր Դերենիկ Դեմիրճյանը, ով իր «Ավելորդը», «Ժպիտը», «Աստծո տանը», «Գիրք ծաղկանց» պատմվածքներում գրում է Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի հարկադրյալ տեղահանության, ապրած արհավիրքների թողած հոգեբանական ծանր հետքերի, ապագան վերագտնելու դժվարին ճիգերի, վերապրումի անխուսափելիության մասին՝ առանց հիշատակելու կոնկրետ տարեթիվ, տեղանք և առանց օգտագործելու «ցեղասպանություն» եզրույթը:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրության դոկտոր պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, խոսելով «Գիրք ծաղկանց» պատմվածքի մասին, կարևորեց այն փաստը, որ Դեմիրճյանը փայլուն տիրապետել է հայ միջնադարյան գրականությանը և իր ժամանակին մեծապես ազդվել է Դավիթ Սալաձորցու «Գովասանություն ծաղկանց» տաղից։

-Այդ ստեղծագործության առանցքային իմաստը նրանում էր, որ հայ ազգը, թեև բազմիցս տրորվել է, բայց մշտապես հարություն է առել՝ շնորհիվ աշխատանքի և գրքի նկատմամբ իր պաշտամունքի։

 

Share

Կարծիքներ

կարծիք