Կինը տղամարդկանց աշխարհում

IMG_0015---Copy-(2) …Տարիներ առաջ մայրիկս լքեց այս երկրային աշխարհը, այնինչ թվում էր, թե ինչքան գնամ հայրական տուն, մայրս պիտի ինձ դիմավորի: Հիմա մայրս չկա, կան դիմավորողներ, բայց տունը անսովոր դատարկ է…

Թերևս, իմ այս տրտմությունն էր, որ ինձ ստիպեց գրել այս մասին:

 

 

Քրիստոնեական Սուրբ Երրորդությունն ասում է՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի…  Այստեղ պիտի որ հարց առաջանար՝ իսկ որտե՞ղ է Մայրը:

Առանց կանացի սկզբի ոչինչ չի կարող ստեղծվել, ոչ մի Տիեզերք չի կարող ծնվել: Եվ ակնհայտ է կանացի նախասկիզբը: Կինն այն միջանկյալ և սրբագործ հոգին է, որ միավորում է նյութն ու հոգին մեկ մարմնում և հորը ճանաչել է տալիս որդուն:

Թերևս, ինչպես Վերևում, այնպես էլ Ներքևում է: Ներքևում Սուրբ Երորրդությունն է՝ կնոջ ամենօրյա սրբագործությամբ, Վերևում էլ նույնն է, ինչպես քրիստոնեական Հավատամքն է ասում…

Հետաքրքիր պատկեր է ներկայացնում ժամանակների մարդկությունը, ում իշխանական խավերում հիմնականում տղամարդիկ են՝ բացառությամբ մի շարք երկրների, որտեղ, որպես ընդմիջարկում, կանայք են երևում:

Կնոջը, կարծես թե, նախախնամության կողմից լուռ վկայի, կյանքի հարահոսը փոխանցողի և անընդհատականությունը պահպանողի դերն է տրված: Եվ այս իմաստով պատահական չէ, որ կինը միշտ, ինչպես բացարձակ ճշմարտությունները, եղել և շարունակում է մնալ տղամարդկանց համար ներշնչանքի աղբյուր և՛ կյանքում, և՛ արվեստում ընդհանրապես:

Սակայն կնոջ համար ամենագլխավոր և ճշմարիտ արվեստն այն է, որ ողջ կյանքի ընթացքում չմոռանա, որ ինքը կին է ու միշտ կին մնա: Իհարկե, շատ բան պայմանավորված է, թե ով է կնոջ կողքին, ինչպիսի տղամարդ, ով կարող է թելադրել, թե իր կինը կդառնա ընդամենը լվացք անող, ճաշ եփո՞ղ, թե՞ միաժամանակ կմնա խնամված կին՝ իր հմայքով, քնքշությամբ և մայրությամբ:

Թերևս, կրոնի իշխանությունը եղել է ու է գրեթե բացառապես տղամարդկանց ձեռքին, բայց իրական հավատը կնոջ սրտի մեջ է:  Քանզի միայն կնոջ միջոցով է, որ տունը ճանաչելի է դառնում որպես հոգևոր տաճար:

Երբ որևէ տուն ես մտնում, և այնտեղ մայրը չկա, ուրեմն՝ այնտեղ ոչինչ չկա, այնտեղ դատարկություն է, և նույնիսկ տղամարդու հաղթական վերադարձը չի փրկի տան ամայությունն այդ:

Սակայն շատ կրոններում կինը անտեսված է:

Օրինակ, ըստ բուդդայականության՝ կանայք անհասկանալի և անքննելի են: Այս կրոնում նույնիսկ կնոջ նկատմամբ շեշտված թշնամական վերաբերմունք կա: Կինը տանջանքներով լի նյութական աշխարհի՝ սանսարայի մարմնացումն է: Բուդդայականությունը կնոջը  դատապարտում է տղամարդուն իր հետ ամուր կապելու և դրանով նրա փրկությանը խանգարելու համար: Բուդդիզմի հետևորդների կարծիքով՝ ընտանիքի հետ կապերը չխզած տղամարդը չի կարող փրկվել: Այդպես վարվեց Բուդդան, ով թողեց իր ընտանիքը:

Բուդդայականությունը կնոջը փրկություն չի խոստանում: Եվ կնոջ ամենամեծ մխիթարությունը մնում է միայն, որ նա մի այլ վերածնության ժամանակ այլևս իբրև կին աշխարհ չգա:

-Ինչպե՞ս պետք է պահենք մեզ կանանց նկատմամբ,- հարցնում է Բուդդայի սիրելի աշակերտ Անանդան: Բուդդան պատասխանում է.

-Կանանցից միշտ խույս պիտի տալ, Անանդա՛:

-Իսկ եթե արդեն ստիպված տեսել ենք նրանց, այն ժամանա՞կ,- հարցնում է աշակերտը:

-Չխոսել նրանց հետ, Անանդա՛,- ասում է Բուդդան:

-Իսկ եթե ստիպված լինենք խոսե՞լ:

-Այն ժամանակ պետք է սթա՛փ պահեք ձեզ,- պատասխանում է Բուդդան:

Բուդդան կանանց չէր ընդունում ոչ մի միաբանության մեջ ու ասում էր.

-Ինչ միաբանության մեջ որ կանայք մուտք գործեն, այնտեղ կդադարի սուրբ կյանքը:

Նա նույնիսկ զգուշացնում է ամուսնացողներին.

-Իմաստունը պիտի զգուշանա ամուսնանալուց այնպես, ինչպես որ մարդ այրվող ածուխից  է զգուշանում:

Իսկ հուդայականության մեջ կինը ի սկսզբանե եղել է իր ժողովրդի կողքին, գրեթե տղամարդուն հավասար: Հին Կտակարանում պատմվում է Դեբորա, Եսթեր և այլ անուններով հրեա կանանց մասին, ովքեր իրենց խոհեմությամբ կարողանում էին օգնել սեփական ժողովրդին…

Սակայն այս կրոնը անթաքույց հայտարարում է, որ ցանկալի է ունենալ տղա ժառանգ, որովհետև հրեա տղամարդը պարտավոր է  պահպանել ազգը.

Երանելի են նրանք, ովքեր ունեն արական սեռի երեխաներ և ցավալի՝ ովքեր ունեն իգական սեռի երեխաներ (Թալմուդ):

Հրեա հոգևորականները աղավաղեցին Աստծո տեսակետը կանանց վերաբերյալ, ու հրեական կարգերում կնոջ համար սահմանված սահմանափակումները հետզհետե բազմաբնույթ դարձան, և հատկապես  երևելի աստվածաբան Տերտուղիանոսի այն հորդորից հետո, թե կանայք պետք է ման գան ինչպես Եվան՝ ողբալով ու զղջալով, որովհետև մեղքի մեջ են: Նույնիսկ Թալմուդը  զգուշացնում է տղամարդուն.

Շատ մի շփվեք կանանց հետ: Դա ձեզ ի վերջո անբարոյության կտանի:

Սակայն, Հիսուսի հայտնության ու քարոզչության շրջնում, երբ հրեա միջավայրում կանանց հանդեպ խտրականությունն ու սահմանափակումները հասել էին ծայրահեղության, Հիսուս Քրիստոս զրուցում է նրանց հետ, խրատում ու բժշկում, ներում և պաշտպանում հրեական օրենքով դատապարտելի անբարոյական համարվող կնոջը, միաժամանակ կարևորելով այն, որ այս հարցում կնոջ պատիժն ավելի խիստ չպետք է լինի, քան տղամարդունը: Աստծո Որդին վերացնում է տղամարդու՝ կամայականորեն կնոջն արձակելու օրենքը, ինչը խիստ էր հրեական կարգերում, հավասար իրավունքներ հաստատելով նրանց միջև:

Այսօր հուդայականության մեջ կնոջ և տղամարդու օրենսդրական սահմանափակումները գրեթե վերացել են և նույնիսկ, ՙԶինծառայության մասին՚ օրենքի համաձայն, պարտադիր հիմունքներով զորակոչման են ենթակա տասնութ տարին լրացած, չամուսնացած և երեխաներ չունեցող բոլոր հրեա աղջիկները:

Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների գրեթե մեկ երրորդը կանայք են:

Կինը առանցքային նշանակություն ունի նաև հրեաների ազգային ինքնության տեսանկյունից, այսինքն՝ հրեա է համարվում այն մարդը, ով ծնվել է հրեա կնոջից, ինչը նրանց հրահանգներից մեկն է:

Ակնհայտ է՝ իսլամն էլ է կնոջը փառաբանում: Ղուրանում աղջկա ծնունդը աստվածային պարգև է :

Ովքեր դաստիարակում են երկու աղջիկ զավակի ու հասցնում մինչև չափահաս լինելը և լինում են շատ բարի նրանց հանդեպ՝ կլինեն պաշտպանված  դժոխքի կրակներից (Ղուրան):

Ղուրանը, որ մուսուլմանների օրենսգիրքն է, կառավարում և կարգավորում է ինչպես հոգևոր և ամենօրյա գործերը, այնպես էլ կնոջ և ամուսնու միջև ներդաշնակ հարաբերությունները: Կինը իրավունք ունի ամուսնուց ստանալու այն ամենը, ինչի կարիքն ունի: Նա ընտանիքում իշխանուհի է՝ իր կանացի պարտականություններով, արժանացած ամուսնու եթե ոչ սիրուն, ապա, հաստատ, ուշադրությանը: Կինը պատասխանատու չէ ընտանիքի տնտեսական ապահովման համար, դա ամուսնու գործն է, իսկ ընտանիքից դուրս, փողոցում…

Օ՜ Մարգարե, ասա քո կանանց ու քո դուստրերին, լավ կլինի, որ պարտակվեն իրենց վարագույրի մեջ: Այդպես հեշտ կլինի տարբերել նրանց, և ապա նրանք չեն ենթարկվի որևէ նվաստացման (Ղուրան 33:59):

Իսկ Քրիստոսի խոսքը՝ Ավետարանը, հորդորում է.

Եվ ամեն կին, երբ աղոթք է անում կամ մարգարեանում գլխաբաց, անպատվում է իր գլուխը (Ա Կորնթ. 11.4-10):

Ղուրանը սովորեցնում է, որ կանայք տղամարդկանց զույգերն են, և  ամուսնալուծությունն առավել ատելի է Ալլահի կողմից, ու թույլ է տալիս բազմակնություն, առանց սահմանափակումների.

…Ամուսնացեք կանանց հետ, ովքեր դուր են գալիս ձեզ, երկու, երեք և չորս: Եթե վախենում եք դուք, որ չեք կարող հոգ տանել իրենց հավասարապես, ապա ամուսնացեք մեկի հետ (Ղուրան):

Հին Կտակարանը նույնպես ընդունում է բազմակնությունը. Սողոմոն թագավորը ուներ յոթ հարյուր կին և երեք հարյուր հարճ, Դավիթ թագավորն էլ շատ կանայք ու հարճեր ուներ:

Իսկ Նոր Կտակարանը, ավելին, ժխտում է ամուսնալուծությունը և կարևորում ամուսնական զույգերի հավատարմությունը.

-Եվ ես ասում եմ ձեզ, ամեն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց ապօրինի կենակցության պատճառի, նա է, որ նրան շնության է մղում, և ով որ արձակվածին է առնում, շնանում է (Մատթեոս, 5.32):

Ըստ Ավետարանի՝ Քրիստոս փեսան է, եկեղեցին՝ հարսը, այսինքն  թե՝ կինն ու տղամարդը անքակտելի կապի մեջ են, և առանց մեկի մյուսի գոյությունը կիսատ է:

Թերևս, իսլամում կնոջ դերը և ընդհանրապես կին և տղամարդ առնչությունները շատ սահմանափակումներ ունեն, ի տարբերութուն քրիստոնեության, ուր այս հարաբերությունների հիմքում առաջնայինը Սերն է:

Եվ ընդհանրապես, քրիստոնեության մեջ կինը բոլորովին այլ հարթության վրա է: Այստեղ Աստված է կնոջ միջոցով փառավորվում երկրի վրա: Ըստ Նոր Կտակարանի՝  Աստված իշխանություն տվեց կնոջը, և կինը երկրի վրա դարձավ Աստծո գործակիցը. մխիթարող, արարող, սրբագործ հոգի…

Հովհաննես Մկրտչի մայրը՝ Եղիսաբեթը, առաջինը ավետեց ու ողջունեց Աստծո Որդու ծնունդը.

-Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը (Ղուկաս 1-42),- ասաց Մարիամին:

Եվ Մարիամը պատասխանեց.

-Իմ անձը կփառավորի Տիրոջը,

Եվ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան (Ղուկաս 1-46,48):

Ավետարանում Հովհաննես Մկրտչի կողմից Հիսուսի մկրտությունից հետո հայտնվում է կինը, ով օծում է Քրիստոսին. սա աննախադեպ է: Կանայք Հիսուսի կողքին էին քարոզչության ընթացքում, կանայք էին կանգնած խաչի տակ և ողբում էին: Եվ առաջինը կանայք հայտնաբերեցին Հիսուսի մարմնի բացակայությունը: Եվ ավելին, կանայք են առաջինը տեսնում և ավետում հարուցյալ Հիսուսին:

Ոչ մի կրոնում այսքան չի կարևորվել կինը, մայրը, ինչպես քրիստոնեության մեջ: Քրիստոնեական սրբերի ամենամեծն ու բարեխոսը Մարիամ Աստվածածինն է՝ Հիսուսի մայրը: Նույնիսկ Ղուրանում էլ Սուրբ Մարիամը կատարյալ է համարվում:

Մոր և ընդհանրապես Մեծ Մոր պաշտամունքը՝ իր տիեզերական  սրբագործությամբ, Հայաստանում եղել է վաղ, դեռ նախաքրիստոնեական ժամանակներում, այսինքն՝ կանացի նախասկիզբը, կնոջ ամենօրյա սրբագործությամբ, որը և պահպանում է կյանքի հարահոսն ու անընդհատականությունը:

Այսօր էլ մեր երկրում մոր պաշտամունքը չափազանց շեշտված է: Հայ կինը ընտանիքի պահապան հրեշտակն է: Եվ մեր կենցաղում մոր դերը դաստիարակության ու ընտանիքի ներքին կանոնակարգված ղեկավարման մեջ շատ մեծ է: Ու պատահական չէ, որ հայ երևելիները գրել են.

-Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը:

Կամ.

-Տվեք ինձ կիրթ ու խելացի մայրեր՝ ես ձեզ կտամ կիրթ ու խելացի հասարակություն:

Մեր ժամանակներում գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրներն էլ ընդունում են կնոջ և տղամարդու հավասարությունը:

Փառք Աստծո, այսօր Հայաստանում էլ կին-տղամարդ հարաբերության մեջ չկա ոչ մի օրենսդրական սահմանափակում, սակայն կա մեր ցեղակրոն ավանդույթը, որն անընդհատ հուշում է՝ ընտանիքի գլուխը տղամարդն է: Եվ կինը պարտավոր է հնազանդվել նրան:

Այնուամենայնիվ, ինչպես Վերևում է, այնպես էլ Ներքևում է: Ներքևում Սուրբ Երրորդությունն է՝ կնոջ ամենօրյա սրբագործությամբ, Վերևում էլ նույնն է, ինչպես քրիստոնեական Հավատամքն է ասում. Հայրը, Որդին և Սուրբ Հոգին…

…Միայն թե հիմա չգիտեմ՝ որտե՞ղ է մայրս:

 

 

Անդին 2, 2014

Share

Կարծիքներ

կարծիք