Ս. Ստեփանոս Նախավկայի քարկոծության տեսարանը պատկերող որմնանկարներ Դադիվանքում

Հեղինակ:

13Արցախը հայ արվեստի ու մշակույթի անսպառ գանձարան է, սակայն տարիներ առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ այստեղ է գտնվում նաև հայ որմնանկարչության եզակի ու հիասքանչ նմուշներից մեկը՝ Դադիվանքի ԺԳ դարի որմնանկարների շարքը: Դադիվանքը Արցախի ուշագրավ վանական համալիրներից է (նկ. 1), քաջ ծանոթ պատմամշակութային, գիտական աշխարհին, հայտնի է նաև զբոսաշրջության ասպարեզում: Վանքի մասին կան շատ արժեքավոր պատմական հիշատակություններ և արդի շրջանի ուսումնասիրություններ, աշխատություններ, գիտական հոդվածներ:

Բարեբախտաբար, 1993 թվականի ազատագրումից հետո այն ավելի խորն է ուսումնասիրվել, պեղվել ու վերականգնվել հայ մասնագետների կողմից: Մի կողմ թողնելով եկեղեցական ու հասարակական բնույթի տարբեր շենքերի վերականգնման բարդ ու պատասխանատու խնդիրը ու վանքային համալիրի կառույցների ներկայիս վիճակը՝ մտադիր ենք անդրադառնալ համալիրի Ս. Աստվածածին կամ Կաթողիկե եկեղեցու ներսում պահպանված հրաշալի որմնանկարներին: «Ճարտարապետություն ու Շինարարություն» ամսագրի 2013 թ. N 11-ում լույս է տեսել Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու հարավային պատի Ս. Նիկողայոս Հայրապետի թագադրության տեսարանը պատկերող որմնանկարի մաքրման, ամրակայման ու պահպանողական վերականգնման մասին մեր աշխատությունը: Այժմ ներկայացնում ենք նույն եկեղեցու հյուսիսային պատին պահպանված Ս. Ստեփանոս Նախավկայի քարկոծության տեսարանը պատկերող որմնանկարի արժեքավորման, ուսումնասիրության ու պահպանման նպատակով իրականացված աշխատանքները, որոնք ավարտվել են անցյալ տարվա նոյեմբերին:

Տողերիս հեղինակի և որմնանկարների վերականգնման՝ ծագումով բելգիուհի և քառասուն տարուց ավելի Իտալիայում ապրող ու գործող մասնագետ Քրիստին Լամուղեի համագործակցությամբ անցյալ տարի աշնանը վերադարձանք Դադիվանք՝ սկսած աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով: Որմնանկարը տեղակայված է Կաթողիկե /1214 թ./ եկեղեցու հյուսիսային պատի արևելակողմ վերին քիվի անկյունում /նկ. 1/: Ինչպես դիմացի պատի որմնանկարը, այս վերջինս նույնպես շրջանակված է դրսից կարմիր, հաստ, իսկ ներսից՝ բարակ, սպիտակ եզրագծով: Մինչ աշխատանքների սկիզբը դժվարությամբ կարելի էր ենթադրել ու երևակայել 1297 թվականին իրականացված հրաշալի որմնանկարի գեղարվեստական արժեքը: Այս որմնանկարը շատ ավելի փոքր է Նիկողայոս Հայրապետի թագադրության տեսարանը պատկերող որմնանկարից /5 քմ 15 քմ-ի դիմաց/: Այն նույնպես պատված էր մրի, ծխի, կեղտի, մոմավառության հետևանքով առաջացած թանձր յուղային շերտով: Մաքրման աշխատանքները սկսելուց հետո պարզվեց որմնանկարի նկարչական, գեղարվեստական ու հորինվածքային մտահղացման ու կատարման վարպետության անուրանալի արժեքը: Հնարավոր դարձավ հաստատել, որ այս որմնանկարը նույն նկարիչ-ստեղծագործող խմբի հերթական իրականացումն է, քանզի համընկնում են նկարչական ոճը, գույների, երանգների ընտրությունը, գծանկարը, նկարչական հմտությունը, մանրամասների ելևէջները: Սա հաստատվում է նաև այն հանգամանքով, որ այս որմնանկարում քարկոծողների խմբի կողմից օգտագործվող քարերի տեսակը, գույնը, ձևը տեսնում ենք նաև դիմացի պատի Ս. Նիկողայոս Հայրապետի թագադրության տեսարանը պատկերող որմնանկարի ստորին հատվածում՝ երկինքը և երկիրը բաժանող սպիտակավուն, հորիզոնական գծից ներքև, գետնին ընկած /նկ. 2/: Նույն հեղինակին պատկանելիության մեկ այլ ակնառու վկայություն է նաև նկարչական ոճը, ինչը հստակ զգացվում է առաջին որմնանկարի Ս. Նիկողայոսի և երկրորդ որմնանկարի Հիսուս Քրիստոսի բաց ձեռքերի մանրամասները համեմատելիս /նկ. 3/:

Ս. Ստեփանոս Նախավկայի քարկոծության տեսարանը պատկերող որմնանկարի հորինվածքային ելակետը հետևյալն է: Կարմիր եզրագծով շրջանակված տեսարանի խորքը բաժանված է երկու մասի: Ստորին՝ շագանակագույն հատվածը պատկերում է երկիրը, իսկ վերին՝ կապտավուն հատվածը՝ երկինքը: Ինչպես դիմացի պատի որմնանկարում, այստեղ նույնպես երկրի և երկնքի սահմանը պատկերված է սպիտակավուն հորիզոնական եզրագծով: Թեմատիկ հորինվածքը քառախումբ է: Ստորին ձախակողմում պատկերված է քարկոծողների վեց հոգիանոց խումբը, որի դիմաց կանգնած է Ս. Ստեփանոս Նախավկան, որի աջ ձեռքին բուրվառն է, իսկ ձախ ձեռքին՝ սկիհը: Քարկոծողների ձեռքերին կարմիր, կլոր քարեր են, որ նետում են դեպի սուրբը: Հետաքրքիր է նկատել, որ նետված քարերի մի մասը ընկել է գետնին, մյուսը կախվել է օդում և հրաշքով արգելակվել այնպես, որ չվնասեն Ս. Ստեփանոսին /նկ. 4/: Քարկոծող խմբի դեմքերը քիչ արտահայտիչ են ու խիստ, բոլորի հայացքն ուղղված է դեպի Ս. Ստեփանոսը: Քարկոծողների հագին՝ մեկումեջ, կարմիր ու բաց գույնի վերնազգեստ է, ոտքերին՝ սև կրնկակոշիկ, գլխներին՝ սլաքաձև գլխարկ /կարմիր զգեստի գլխին՝ բաց, իսկ բաց զգեստի գլխին՝ կարմիր գլխարկներ /նկ. 5/: Որմնանկարի հորինվածքի վերին հատվածում երկնային պատկերներ են, որոնց թվում՝ աջակողմում, Հիսուս Քրիստոսի պատկերն է, իսկ ձախակողմում չորս հրեշտակներն են: Հրեշտակները քարկոծող խմբի վերևում անմեղ և անզոր հետևում են քարկոծությանը, իսկ Հիսուս Քրիստոսը սպասում է Ս. Ստեփանոսի հոգու համբարձմանը: Հրեշտակների խումբը, թերևս, որմնանկարի ամենաարտահայտիչ մասն է: Նրանց դեմքերը նուրբ են ու կանացի, թևերը՝ սլացիկ ու գունազարդ /նկ. 6/: Հետաքրքիր է, որ ձախակողմյան հրեշտակի բացված թևը որմնանկարի կարմիր շրջանակի սահմաններից անց է կացել: Հրեշտակների մարմինները ծածկված են թափանցիկ և ծալքավոր, նուրբ վերնազգեստով /նկ. 7/: Որմնանկարի աջակողմը ամբողջովին վնասվել է, քանզի այն եզրագծում է պատի անկյունը, որտեղից տարիներ շարունակ անձրևաջուրը, հոսելով, քայքայել է նաև սվաղը: Ամենից վատ պահպանված պատկերը Հիսուս Քրիստոսինն է: Ինչպես Ս. Նիկողայոսի որմնանկարի դեպքում, այստեղ նույնպես սպիտակավուն որմնագիր հայատառ տեքստ կա: Յուրաքանչյուր խմբի կողքին գրված է պատկերված անձանց անունը (քարկոծողներից բացի), նկարչական հորինվածքի միջին մասում զետեղված է հետևյալ քառատողը /նկ. 8/.

ՏԵՍԵՔ ԶՀՈՂ

ԵՂԷՆ ԲՆՈՒԹՒ(?)

ՍՆ (?)Մ ԶԱՐԶԱՐԵ

ՄՆՈՎ:

Որմնանկարի մաքրման, ամրակայման ու պահպանողական վերականգնման աշխատանքների ավարտին Ս. Ստեփանոս Նախավկայի քարկոծության տեսարանը պատկերագրող որմնանկարը վերադարձավ իր նախնական հմայքին /նկ. 9/: Այն ավելի ընթեռնելի դարձնելու նպատակով հարմար գտանք իրականացնել ժամանակավոր լուսավորություն: Կաթողիկե եկեղեցու ներսի բոլոր պատերին և արտաքին շքամուտքի մակերեսին մեր կողմից իրականացվել են քարերի մաքրման ու ամրակայման աշխատանքներ, որի արդյունքում եկեղեցին այժմ այցելուներին ներկայանում է լուսավոր ու մաքուր, ինչպես վայել է քրիստոնյա հայոց տաճարին /նկ. 10,11/:

 

 

Անդին 9, 2016

 

 

Share

Կարծիքներ

կարծիք