Ընտրության ընտրություն

дадад Յուրաքանչյուր երկրի կյանքում ընտրությունները թերևս ամենակարևոր ներքաղաքական միջոցառումն են: Ընտրությունները հնարավորություն են ընձեռում նոր թափ ու որակ հաղորդել քաղաքական գործընթացներին՝ հենվելով նոր գաղափարների ու ծրագրերի և նորացված քաղաքական վերնախավի վրա: Չմոռանանք նաև, որ նոր եկող ուժերը մատնանշում են նախորդների սխալները և գալիս են դրանք սրբագրելու խոստումով:

Ցանկացած երկրի պարագայում իրական ընտրությունների բացակայությունը անխուսափելիորեն հանգեցնում է կառավարման արդյունավետության անկման, հովանավորչության երևույթի արմատավորման և, բառի ընդգրկուն իմաստով, կոռուպցիայի ծաղկման:

Հետխորհրդային հանրապետություններում, ըստ էության, կամ ընտրություններ տեղի չեն ունենում, կամ դրանք լիարժեքորեն չեն ապահովում արդար ու օրինաչափ արդյունք: Պատճառը ոչ միայն տեղ գտնող խարդախություններն են ու ընտրակաշառքը, այլև հեղինակապետական (ավտորիտար) գրեթե միատարր իշխանության լծակների զգալի ազդեցությունը քվեարկողների կամքի վրա, ինչպես և հասարակական թերահավատությունը, թե ընտրությունների գործընթացով հնարավոր է հասնել իշխանական համակարգի փոփոխության:

Դատապարտվածության կամ ավելի մեղմ ասած կանխորոշվածության զգացողությունը իրենց հերթին աղավաղում են յուրաքանչյուր ընտրողի քաղաքացիական պատասխանատվության գիտակցումը:

Զարմանալի չէ, որ սրանից հետո ճեղքված հասարակության մեկ հատվածն առհասարակ մեկուսանում է այս գործընթացներից, իսկ մի զգալի մասն էլ ընտություններին մասնակից ուժերի հետ ստվերային գործարքների մեջ մտնելու հակվածություն է դրսևորում:

Նման մթնոլորտում, իհարկե, արժեզրկվում է քաղաքական դաշտում գործող ուժերի դերը, կորչում է հավատը նրանց հնարավորությունների հանդեպ, և անհատական պատասխանատվությունից ձերբազատված պարզ հաշվարկը հանգեցնում է այն եզրակացությանը, թե նպատակահարմար է գործ ունենալ թեկուզ ոչ համակրելի, բայց իրավիճակին տիրապետող ուժի հետ:

Վերջին տարիներին քաղաքական ուժերի հանդեպ եղած վստահության պակասը, տարբեր երկրների հասարակություններին, ի դեմս նրանց ակտիվ հատվածի, մղեց դեպի քաղաքացիական շարժումներ:

Քաղաքացիական շարժումները, լինելով փողոցային տրամադրությունների արտահայտիչը, իրենց առջև դնում են կարճ ժամկետներում իրականացվելիք որոշակի ու արմատական ծրագրեր: Երկյուղելով կրկնել կուսակցությունների ճակատագիրը՝ նրանք խուսափում են կազմակերպական ձև ու ծրագրային բովանդակություն հաղորդել իրենց գործունեությանը և քաղաքական ազդակ են դարձնում ամբոխի բացասական տրամադրություններն ու օրվա իշխանություններից ձերբազատվելու հիմնական պահանջը:

Ինչպես փաստում են մեր աչքի առջև խաղարկված սցենարները, կազմակերպական ու գաղափարա-ծրագրային հիմքից կտրված այդ շարժումները ճկունության ու թարմության շնորհիվ և հաճախ ոչ առանց որոշակի ուղղորդման ու հովանավորության եթե կարողանում են իրենց նվազագույն-առավելագույն ծրագրերն իրականացնել և փոխարինել գործող իշխանություններին, ապա կարճ ժամանակից հայտնվում են անփորձության, անելիքի անորոշության և իրենց իսկ սերմանած անհանդուրժողական փոխհարաբերությունների ծնած ճգնաժամի առջև: Ունակ չլինելով իրական բարեփոխումների, կարճ ժամանակում նրանք վերակերպվում են իշխանության այն վիշապին, որին ոչ վաղ անցյալում իրենք էին սպանել: Թե հետո ինչ է լինում, կարելի է դատել արաբական երկրների, Ուկրաինայի, չմարած ներքաղաքական մյուս հրաբուխների օրինակներից:

Մեխանիկական նմանեցումներից խուսափելով՝ արձանագրենք, որ քաղաքացիական շարժումների մի քանի պոռթկումեր վերջին տարիներին տեղի ունեցան նաև մեզանում: Ասպարեզ իջնող նոր և հավակնոտ խմբերը հանրության ուշադրությունը գրավելու համար պարզեցին արմատական կարգախոսներ, բայց իշխանության կանգնեցրած խուլ պատին բախվելով՝ հայտնվեցին հիասթափվող համակիր բանակից մերժվելու և կամ ծայրահեղ արարքների դիմելու երկընտրանքի առջև:

Առհասարակ, հեղափոխական իշխանափոխությունների հասնում են հիմնականում կամ արտաքին ուժերի քաղաքական, նյութական, ուղղորդող և այլ օժանդակությունների շնորհիվ և կամ այն դեպքում, երբ իշխանությունը ճեղքվում է միջից (որպես ծանոթ օրինակ հիշենք Լևոն Տեր Պետրոսյանի հրաժարականը): Չմոռանանք, որ մեր օրինակները վերաբերում են հեղինակապետական համակարգերին և ոչ, օրինակ, դասական ժողովրդավարության երկրներին: Կարելի է հիշել Ֆրանսիայի օրինակը, որի ղեկավար, կենդանի լեգենդ Դը Գոլը, ազդված երիտասարդական շարժումներից, հանրաքվեի ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների մի քանի դրույթ: Այնուհետև, երբ պարտվեց հանրաքվեում, տրամաբանական համարեց խաղաղ հեռանալ:

Վերադառնալով մեր իրականություն՝ հիշենք նաև, որ արդեն մոտ տասնհինգ տարի տարբեր քաղաքական ուժեր իշխանափոխության դրոշով հրապարակներ իջնելուց հետո «մնացել են պատվիրած ծանրության տակ» և անհետացել են քաղաքական ակտիվ բեմից, ասպարեզում մնալու համար դարձել են սրա կամ նրա կցորդը կամ հայտնվել են «պահեստայինների նստարանին»:

Իշխանափոխության այս շարքի և այս տարվա վերջին փորձը «Սասնա ծռերի» հանդուգն ձեռնարկումն էր: Ինքնակամ հայտնվելով քաղաքական ու ֆիզիկական փակուղու մեջ՝ «Ծռերը» ակնկալում էին, որ իշխանություններից դժգոհ ժողովուրդը դուրս կգա փողոց և կբացի ոչ միայն ՊՊԾ գնդի, այլև նախագահական պալատի անառիկ դարպասները: Այն հարցում, որ հասարակության մեծամասնությունը երազում էր իշխանական գործող համակարգի փոփոխության մասին, «ապստամբները» չէին սխալվում, բայց այն, որ երկարատև ալեկոծումի օրերին հասարակության գերակշիռ հատվածը դուրս չեկավ տնից, փաստում է, որ հանրության մեծամասնության համար ընտրված միջոցը չէր արդարացնում նպատակը:

Մեր դրամատիկ ճակատագրի բերումով հայ մարդու համար եղբայրասպան արյունահեղությունը համազոր է սրբապղծության: Հասարակությունը չի հանդուրժի դիակների վրայով իշխանության բարձրանալը՝ ոչ պակաս երկյուղելով դրա տրամաբանական շարունակությունից: Իհարկե չմոռանալով նաև մեծ հավակնություններով հրապարակ իջած այլ ուժերի ձախող օրինակները: Իսկ գլխավոր մտահոգությունը մնում է այն, թե մի երկիր, որի սահմաններից փչում է պատերազմի շունչը, կարո՞ղ է իրեն թույլ տալ նման շռայլություն:

Մեր պատմության մեկ այլ մռայլ օրինակ վկայում է, թե ինչպես 1920 թ. մայիսի 1-ին Երևանում բոլշևիկները դուրս եկան տոնելու աշխատավորության օրը և հաջորդ հինգ-վեց օրերին գրաված պահեցին մայրաքաղաքի փողոցներն ու հրապարակները: Նրանց ընկերներին հաջողվեց ավելին՝ հեղաշրջում իրականացնել Ալեքսանդրապոլում: Պատերազմների մեջ եփված իշխանությունները կոշտ բռունցքով ճզմեցին ներքին դավադրությունը, բայց երիտասարդ հանրապետության վարկը փրկել չհաջողվեց: Չորս ամիս անց վերսկսված թուրքական ինտերվենցիան սասանված հեղինակությամբ պետականության ներկայացուցիչներին ստիպեց ընտրելու չարիքի փոքրագույնը և հայրենիքի վերջին կղզյակը փրկելու համար իշխանությունը հանձնել կարմիր Ռուսաստանի հայ դրածոներին: Դարձյալ մերժելով ուղղակի նմանությունները՝ հաստատենք մեկ բան՝ փողոցային շարժումներն ու ներքին հեղափոխությունները Հայաստանում չպետք է ունենան իշխանափոխության հավանականություն:

Ներքաղաքական զինյալ պայքարներ կարող են իրենց թույլ տալ, օրինակ, Ռուսաստանը կամ նույնիսկ Թուրքիան, բայց նման քմահաճությունների իրավունքի համար Հայաստանը դեռ շատ պիտի հզորանա, ինչպես և հեռանա իր բարոյական կռվաններից:

Արդարացիորեն ներքին ընդվզում ապրող մարդկանց հայտնվելը ՊՊԾ գնդին հարող տարածքում բացատրելի էր, սակայն արդարացված չէր այդ տարերային ընդվզումը առաջնորդելու նախաձեռնությունը ստանձնած գործիչների վարքը:

Փողոցներ դուրս եկած ժողովրդին ուղղորդելը՝ ի պաշտպանություն զինված գործողություն իրականացրած անձանց և նրանց նպատակի, նշանակում է վերջիններիս ուղղակիորեն գործակից (դատարանից առաջ չընկնելու համար խուսափենք հանցակից բառից) դարձնել սպանություններ իրականացրած, պատանդառած և զինված գործողությունների ճնշմամբ իշխանափոխություն պարտադրող մարդկանց:

Իհարկե, նման արտառոց հանգամանքներում բանականը զգոն մտահոգությամբ իրադարձություններին հետևելն է, բայց այնուամենայնիվ, եթե նման ճգնաժամային պահին անգամ մեծ է իշխանությունների դեմ քաղաքական գործողություններ իրականացնելու ցանկությունը, ապա գոնե դրանք թե տեղի և թե պահանջների առումով պետք է զատվեին ծայրահեղ, անկանխատեսելի ու վտանգավոր հետևանքներով հղի իրադարձությունից:

Նման պարագաներում գլխավոր հարցը պետք է լինի հայոց անկախ պետականության Ճակատագիրը: Այն պետականության, որն իրապես մերն է, ստեղծվել է մեր ափերի մեջ և մեր ազգային հարատևության միակ երաշխիքն է:

Բռունցք բարձրացնելուց առաջ հարկ է լավ կշռադատել, թե իջեցվող հարվածը որքան է վնասելու իշխանություններին և որքան՝ պետությանը:

Եթե այս պետությունը մերն է, ուրեմն մերն են նաև նրա զինվորը, նրա ոստիկանը, նրա անվտանգության աշխատակիցը: Պաշտոնական պարտականության կողքին նրանք մեր բոլորի բարոյական մանդատն են կրում՝ ապահովելու մեր երկրի սահմանների անվտանգությունը և երկրի ներսի կարգուկանոնն ու անդորրը:

Մեր պետության ապահովության ու անվտանգության աշխատակիցը, թող ներվի ասել, շատ կոպիտ համեմատությամբ, այն շունն է, որը միշտ պատրաստ պետք է լինի մեր բակն ու տունը վտանգի ենթարկողի վրա հաչելու և կծելու նրան:

Այդ աշխատակիցն իր գործառույթն իրականացնում է՝ անկախ նրանից, թե ով է օրվա իշխանավորը, և եթե այսօրվա իշխանավորը վաղը փորձի վտանգ ստեղծել իշխանություն դարձած երեկվա ընդդիմադիրների հանդեպ, այդ աշխատակիցը առանց վարանելու պետք է կանխի օրվա զանցառուին և հանցառուին:

Իսկ եթե այդ մարդկանց պահվածքը հարիր չէ ժողովրդավարության կանոններին, ապա վրդովմունքի սլաքը ոչ թե հրահանգ կատարողի, այլ վերին իշխանության դեմ պետք է ուղղվի: Պետք է ծառանա գործող համակարգը բարեփոխելու անհրաժեշտությունը:

«Սասնա ծռերին» հրապարակայնորեն փառաբանողները առնվազն նրբանկատություն պիտի ունենային հարգանք դրսևորելու նույնպես հայ, նույնպես կենսագրություն ունեցող սպանված ոստիկանների հիշատակի և նրանց հարազատների վշտի հանդեպ:

Իհարկե, նման դատողությունների հանրագումարում ծագում է անխուսափելի հարցը՝ իսկ մեր իրավիճակում ո՞րն է ելքը: Ո՞րն է ելքը, երբ պետության մեջ մոլախոտի պես փթթել են արատները, երբ ընտրությունները հույս չեն ներշնչում, երբ արտագաղթող երկիրը կաթիլ-կաթիլ կորցնում է կենսական ավիշը: Ելքը քաղաքական պայքարն է, փոփոխությունների անհրաժեշտության համատարած գիտակցումը, քաղաքացիական պատասխանատվությունը և ի վերջո ընտրությունների ճանապարհը:

Ամենածայրահեղ ու տանջալից քայլերի փոխարեն չարժե՞ արդյոք քաղաքացիական հանրության և մասնավորապես երիտասարդության հզոր էներգիան ուղղել երկրում արդար ընտրությունների մթնոլորտի ստեղծմանը: Մտնել թաղեր ու բնակարաններ, ներշնչել բոլորին, որ անբարո է անարդարությունների մասնակից դառնալը: Ծնողին զավակի առաջ, զավակին ծնողի առաջ և բոլորիս բոլորի առաջ ենթարկել ընտրակեղծարարությանը մեղսակից դառնալու կամ չդառնալու փորձության բարոյական գնահատականին: Քաղաքական վճռական պայքարը նախընտրելի չէ՞ ամիսներ ու տարիներ շարունակ կուտակված ներուժը անպտուղ մաշելու հրապարակային երթևեկից:

Աշխարհի փորձն ապացուցում է, որ ի վերջո այս ճանապարհը հասցնում է տաճար: Այլապես ուկրաինացի հեղափոխականների օրինակով մի օր մեր հրապարակներում էլ կհայտնվեն օտար կարեկցողներն ու ձեռնասուն կենդանիների նման կկերակրեն մեզ: Փառք Աստծո, դրանից դեռ հեռու ենք, թեև նկատելի էր, ինչպես հուլիսյան ճգնաժամի օրերին «կարեկցողները» քայլ-քայլ մոտենում են:

 

Հետգրության փոխարեն

Գործունեության ճանապարհի ընտրության նոր փորձությունը յոթ սարի ետևում չէ: Շուտով ընթացք կառնի և 2017 թ. ապրիլին կավարտվի նոր նախընտրական մրցարշավը: Մինչ այս արձանագրենք, որ երկրում տեղի ունեցավ և դեռ շարունակվում է իշխանական համակարգի փոփոխությունը: Ըստ վերին իշխանության մեկնաբանության՝ տեղի ունեցողը ուղղակիորեն կապվում է սահմանադրական բարեփոխումների հետ, որի իրավական պատկերն էլ կբյուրեղանա նույն ընտրություններին հաջորդող որոշակի ժամանակահատվածում:

Մեկնաբանությունը, իհարկե, տրամաբանական է:

Այո, այսօր տեղի են ունենում այնպիսի կադրային փոփոխություններ, ներքին կյանքի այնպիսի խոցերի վերացման շուրջ է խոսվում, որոնց մասին մարդիկ երազել են տարիներ շարունակ: Բայց փաստ է նաև, որ նույն հասարակությունն այս ամենին նայում է եթե ոչ զգուշավորությամբ, ապա, կարելի է ասել, առնվազն զգուշավոր լավատեսությամբ: Քանի դեռ ակնառու չեն համակարգային արմատական փոփոխության նշանները, երկմտանքի առարկա է մնում այն հարցը, թե տեղի ունեցողը որքանով է անձնավորված փոխատեղում և որքանով՝ սկզբունքային բարեփոխումների սկիզբ առած գործընթաց:

Այս հարցերի պատասխանը ակնառու կդառնա առաջիկա ընտրությունների գործընթացի արդյունքում: Եթե տեղի ունենան (ոչ առանց ժողովրդի ակտիվ կամարտահայտման) իրական և արդար ընտրություններ, ապա դրանք կամրապնդեն ակնկալվող վերափոխումների վեմերը: Եթե հերթական անգամ մթնոլորտը պղտորվի, ներազգային նոր բաժանարարները կնախանշեն հասարակական հերթական դիմակայության նախադրյալներ: Իշխանական համակարգը ագրեսիվորեն կկծկվի իր մեջ՝ վրան քաշելով պետականության վերմակը, և կմոռացվեն բոլոր գեղեցիկ ծրագրերը: Հասարակությունը կհայտնվի հիասթափության և հասարակա-քաղաքական նիհիլիզմի ճահճում, ուր կարող են աճել ամեն տեսակի ծաղիկներ:

Գալիք ապրիլին և նրանից առաջ մեզ հերթական հնարավորությունն է ընձեռվել խառնելու քաղաքական շախմատը և խաղաքարերը նորովի շարելու: Հնարավոր չէ խաղադաշտը ձևավորել՝ իշխանական դաշտին տալով բացարձակ առավելություն ու հետո մյուսներից և նույնիսկ նրանից պահանջել հավասար ու հավասարակշռված խաղ: Ընտրության իրավունքը յուրաքանչյուրինս և բոլորինս է:

Ուրեմն՝ առաջ…

 

Անդին 10, 2016

Share

Կարծիքներ

կարծիք