Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին

Հեղինակ:

1434566144_965255_1434566493_noticia_normalԺոզե Սարամագոն ծնվել է 1922 թվականին Լիսաբոնից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ազինյազի ավանում, հողազուրկ գյուղացու ընտանիքում: Երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Լիսաբոն: Լավ է սովորել, դպրոցից հետո ուսանել քերականական քոլեջում, սակայն միջոցների բացակայության պատճառով ծնողները ստիպված նրան հանել են քոլեջից և ուղարկել տեխնիկական ուսումնարան՝ մեխանիկի մասնագիտություն սովորելու: Ուսումնարանն ավարտելով՝ Սարամագոն մեխանիկ է աշխատել ավտոբուսային պարկում, իսկ երեկոները ընթերցանության տրվել Լիսաբոնի հասարակական գրադարանում: Ապա աշխատել է վարչական քաղծառայողների սոցիալական ապահովման վարչությունում:

1947 թվականին լույս է տեսնում Սարամագոյի առաջին վեպը՝ «Այրին» (հրատարակչի պարտադրանքով՝ այն լույս է տեսնում «Մեղքերի երկիրը» վերնագրով): Առաջին գրքից հետո նա սկսել է գրել ևս մի քանի ստեղծագործություն, սակայն հանկարծ հայտնաբերել է, որ ինքը աշխարհին ասելու բան չունի: Եվ դադարել է հրատարակվել, հեռացել է գրական կյանքից: Սարամագոն 19-ը տարի բացակայել է պորտուգալական գրականությունից, սակայն դժվար թե որևէ մեկը նկատել է այդ բացակայությունը: Եվ միայն 1966-ին լույս է տեսնում «Հավանական քերթվածքներ» ժողովածուն, որը նշանավորում է նրա վերադարձը գրականություն:

Իր ստեղծագործություններում Սարամագոն սիրում է փիլիսոփայորեն իմաստավորել իրականությունը: «Գեղագրության և գեղանկարչության դասագիրք» վեպը, փիլիսոփայական նովելների «Քվազիօբյեկտ» ժողովածուն, բանաստեղծությունների «Հավանական քերթվածքներ», «Գուցե դա է բերկրանքը», «Այս և այն աշխարհներից» ժողովածուները և նույնիսկ նրա դրամատուրգիան հիմնականում արծարծում են քաղաքական խնդիրներ: Սարամագոն մարքսիստ էր, կոմկուսի անդամ: Սակայն նրա տաղանդն այնքան հզոր է, որ, բնականաբար, չի ենթարկվում որևէ սահմանափակման ու կաղապարի: Նրա միակ ուղենիշը ինքն է ու գրականության իր պատկերացումը: Նրան համարում են «մոգական ռեալիզմի» ներկայացուցիչ, համեմատում իր լատինացի հանրահայտ գրչեղբայրների հետ, իսկ նա այդ ամենին ուշադրություն չէր դարձնում և նախապատվությունը տալիս էր Սերվանտեսին ու Գոգոլին:

1970-80-ականներին Սարամագոն մեկը մյուսի հետևից լույս է ընծայում մի քանի վեպ («Ի՞նչ եմ անելու այս գիրքը», «Գերեզմանից հառնածները», «Բալթազարը և Բլիմունդան», «Ռիկարդո Ռեյսի մահանալու տարին», «Քարե լաստը», «Լիսաբոնի պաշարման պատմությունը»): Նրա ստեղծագործությունը երբեք չի ընդունվել միանշանակ: Առանձնապես մեծ հուզումներ է առաջացրել «Ավետարան ըստ Հիսուսի» վեպը (մինչ Սարամագոյին Նոբելյան մրցանակ շնորհելը այն թարգմանվել է ավելի քան քսանհինգ լեզվով, 20 անգամ վերահրատարկվել Պորտուգալիայում):

Ուշագրավ է, որ Նոբելյան մրցանակից (1998) հետո Սարամագոն փորձում է ապրել նույն կերպ, ինչ մինչ այդ: Խուսափում է բարձրաշխարհիկ հասարակությունից, չի սիրում և չի դիտում հեռուստացույց, փորձում է աշխատել: Թերևս դա այն է, ինչը նա կարողանում է անել ամեն ինչից լավ: 2000 թվականին, օրինակ, լույս տեսավ նրա եռագրության՝ «Էսսե կուրության մասին»,  «Անուններն ամեն», վերջին՝ երրորդ գիրքը՝ «Քարանձավ»:

Սարամագոն համարվում է աշխարհի ամենատաղանդավոր ինքնուսներից մեկը: Գրականությանը վերաբերում է ամենայն լրջությամբ՝ համարելով, որ գիրքը երևույթ է, ուր ինքը մտորում է աշխարհի, կյանքի, հասարակության, պատմության, ժամանակի, անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Ըստ Սարամագոյի՝ գրականությունը մտորումի վայր է ու տարածք:

Նոբելյան մրցանակի է արժանացել ստեղծագործությունների համար, որոնք «հնարավորություն են տալիս հասկանալ թվացյալ իրականությունը՝ օգտագործելով երևակայությամբ, սրտացավությամբ և հեգնանքով հագեցած առակներ՚» 

 

 

Նոբելյան բանախոսություն

 

Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին

 

Երբևէ ինձ հանդիպած մարդկանցից ամենաիմաստունը ո՛չ կարդալ գիտեր, ո՛չ գրել: Առավոտյան ժամը չորսին, երբ նոր օրն ավետող արեգակը հազիվ սկսում էր ծիկրակել Ֆրանսիայի հեռավոր երկնքում, ինչ-որ տեղ, նա ելնում էր թախտից և արոտի քշում կես դյուժինի չափ խոզերին, որոնց արգանդի բեղունությունից էր կախված էր իր ու կնոջ կուշտ ու սոված լինելը: Մորս ծնողներն ապրում էին այդ մի քանի խոզը պահելով, դրանց շնորհիվ, իսկ գոճիները վաճառում էին Ալենտեժո գավառի Ազինյագա գյուղի իրենց հարևաններին: Պապի անունը Ժերոնիմո Մելրինո էր, տատինը՝ Ժոզեֆա Կայշինյա: Երկուսն էլ գրաճանաչ չէին: Ձմռան այն գիշերներին, երբ ցրտից սառցակալում էր տակառի ջուրը, նրանք գոմից հանում էին ամենախեղճ գոճիներին և առնում իրենց ծոցը: Կոշտ ծածկոցներն ու մարդկային մարմնի ջերմությունը չէին թողնում, որ նորածինները սառչեն, և փրկում էին անխուսափելի մահից: Պապն ու տատը բարի մարդիկ էին, սակայն այդպես վարվում էին բնավ էլ ոչ կարեկցանքից. սենտիմենտալությունը խորթ էր նրանց, նրանք ուղղակի պահպանում էին այն, ինչը կերակուր էր ապահովում իրենց, և դա հույժ բնական է այն մարդկանց համար, ովքեր գոյություն պահպանելու համար ստիպված են մտածել միայն ամենահանապազօրյա բաների մասին:

Ես հաճախ էի օգնում պապին. փորում էի տնամերձ բանջարանոցը, փայտ ջարդում, պտտում գյուղական ջրհան պոմպի մետաղե ծանր թափանիվը, դույլերով ջուր կրում: Հաճախ, վաղ առավոտյան, պարկեր ու պարաններ վերցնելով, պահակից թաքուն մտնում էինք եգիպտացորենի նոր հնձած դաշտ ու փոցխելով հավաքում բերքահավաքից մնացած ցողուններն ու տերևները: Դա անում էինք մեր խոզերի տակ փռոնք ունենալու համար: Իսկ երբեմն, շոգ ամառներին, ընթրիքից հետո պապը ասում էր. «Ժոզե, այսօր ես ու դու քնելու ենք Թզենու տակ»: Մերձակայքում կար ևս երկու թզենի, սակայն բոլորն էլ իսկույն հասկանում էին, թե խոսքը որ ծառի մասին է. այն ամենամեծն էր, ուրեմն՝ ամենածերը, գրեթե անմահ: Ահա այդպիսի «անտոնոմազիա»… միայն շատ տարիներ անց ես լսեցի այդ խորիմաստ բառը և իմացա, թե ինչ է նշանակում… Գիշերային լռության մեջ ծառի գագաթի ճյուղերի արանքից ինձ հայտնվում էր աստղը ու դանդաղ թաքնվում տերևների ետևում, և բավական էր մի պահ թեքել հայացքը, ու աչքերիս առջև հառնում էին երկնակամարով մեկ լռելյայն գետի նման հորձանք տվող աստղաբույլի արևակնային երանգները. «Սուրբ Հակոբի ճանապարհն» էր. այն ժամանակ դեռ կային գյուղացիներ, որ այդպես էին կոչում Ծիր Կաթինը: Քունը մոտ չէր գալիս մեզ, գիշերը անցնում էր պապի պատմություններով, որ լի էին լեգենդներով ու իրական դեպքերով, ուրվականներով ու սարսափներով, անհավանական դիպվածներով, անցյալ մահերով, քար ու փետով կռիվներով, մեր նախահայրերի խոսքերով. հուշերի անվերջ մրմունջ, որ միաժամանակ և խանգարում էր քնել, և հնչում մեղմիկ օրորոցայինի նման: Մինչև հիմա ինձ անհայտ է՝ լռո՞ւմ էր պապը, երբ տեսնում էր, որ քունը տիրել է ինձ, թե՞ շարունակում էր խոսել, որպեսզի անպատասխան չթողնի իմ անխուսափելի «հետո՞»-ն, որ հնչում էր այն պահին, երբ ամենահետաքրքիր տեղում միտումնավոր դադար էր տալիս ու ընդհատում պատմությունը: Գուցե այդ պատմությունները նա պատմում էր իր համար, որ չմոռանա կամ հարստացնի նորանոր մանրամասներով: Ավելորդ է ասել, որ իմ աչքին, հավանաբար նաև այդ տարիքի յուրաքանչյուրի աչքին, Ժերոնիմո պապը հառնում էր որպես համաշխարհային իմաստնության ամենատես պահապան: Իսկ առավոտյան, երբ ես արթնանում էի թռչունների գեղգեղանքից, նա արդեն կողքիս չէր. ինձ քնած էր թողել ու խոզերին վաղուց արոտ տարել: Ես վեր էի թռչում, կոլոլում ծածկոցը ու բոբիկ (մինչև տասնչորս տարեկանը ես բոբիկ էի ման գալիս), մազերիս մեջ խճճված ծղոտներ՝ գնում տուն: Տատը, որ միշտ արթնանում էր պապից էլ վաղ, թիթեղե մեծ գավաթով սուրճ էր դնում իմ առջև՝ հացի փշրանքները մեջը բրդած սուրճ, և հարցնում, թե ինչպես եմ քնել: Եթե գիշերը, պապի պատմություններից հետո, որևէ վախենալու երազ էի տեսած լինում, միշտ ասում էր. «Գլխիցդ հանիր դրանք, երազները սուտ են»: Այդ ժամանակներում ես համոզված էի, որ տատը, իր ողջ իմաստնությամբ հանդերձ, զորու չէ հասնել այն բարձունքներին, ուր հանգրվանում էր պապը. մարդ, որն իր թոռնիկ Ժոզեի հետ կողք կողքի, թզենու տակ պառկած՝ կարող էր ընդամենը մի քանի բառով շարժման մեջ դնել համայն Տիեզերքը: Շատ տարիներ անց, երբ Ժերոնիմո պապը արդեն լքել էր այս աշխարհը, իսկ ես դարձել էի հասուն մարդ, վերջապես հասկացա, որ տատն ինքը երազներին հավատում էր: Այլապես ինչպես բացատրել, երբ մի երեկո, իր տան շեմին նստած (նա արդեն մենակ էր ապրում), երկնային մեծ ու փոքր աստղերին նայելով՝ ասաց. «Ինչ գեղեցիկ է աշխարհը, և ինչ ափսոս, որ մի օր պիտի մեռնենք»: Նա չասաց «սարսափելի» է, ասաց «ափսոս», ասես վերին երանության ինչ-որ զգացողություն մահից գրեթե անմիջապես առաջ լուսավորել էր նրա ծանր, տանջագին աշխատանքով լեցուն կյանքը: Երանություն վերին և վերջին հրաժեշտի, որ իբրև սփոփանք ընծայված էր նրան շրջապատող գեղեցկության կողմից: Նա նստել էր իր տան դռան մոտ. անհնար է պատկերացնել, որ աշխարհում կա այդպիսի մեկ այլ տուն. այդտեղ ապրում էին մարդիկ, ովքեր ընդունակ էին իրենց զավակների նման ծոցն առնել գոճիներին: Այդ տանը ապրում էին մարդիկ, ովքեր կյանքին հրաժեշտ տալիս վշտանում էին սոսկ մի պատճառով. որովհետև գեղեցիկ է աշխարհն այս: Այդպիսին էր նաև իմ պապ Ժերոնիմոն՝ խոզապահ ու հեքիաթասաց, ով նախազգալով, որ մահն ուր որ է այցելելու և տանելու է իրեն, գնաց այգի, հրաժեշտ տվեց ծառերին, յուրաքանչյուրին առանձին, մոտեցավ, փաթաթվեց, արտասվեց. քանզի գիտեր, որ այլևս չի տեսնելու նրանց:

Եվ դարձյալ շատ տարիներ անց, երբ առաջին անգամ գրեցի Ժերոնիմոյի և Ժոզեֆայի մասին (մոռացա ասել, որ, ճանաչողների վկայությամբ, երիտասարդ տարիներին նա աննման գեղեցկուհի է եղել), վերջնականապես համոզվեցի, որ ես սովորական մարդկանց վերածում եմ գրական հերոսների: Գուցե այդպիսին էր չմոռանալու իմ հնարած մեթոդը՝ նրանց դիմագծերը վերակենդանացնել և պատկերել այն մատիտի միջոցով, որ կերպափոխում է նույնիսկ հիշողությունը, լուսավորել և գունազարդել ձանձրալի, հորիզոնից զուրկ առօրյայի միապաղաղությունը, հիշողության փոփոխական քարտեզի վրա ասես արարելով գերբնական անիրականությունն այն երկրի, ուր ինչ-որ ոմն որոշել է անցկացնել իրեն տրված ժամանակը: Նույն զգացմունքներն ինձ ստիպում էին մյուս՝ բերբեր պապիս խորհրդավոր-հմայող կերպարը վերհիշելիս այսպես նկարագրել հին լուսանկարը (հիմա այն ավելի քան ութսուն տարեկան է). իմ ծնողները. «երկուսն էլ՝ ջահել ու գեղեցիկ, հանդիսավոր-լրջադեմ նայում են լուսանկարչին՝ գուցե վախ զգալով նրա խցիկի տեսքից, որի խաբխաբիկ, խրթին ապակիներն ուր որ է ստիպելու են կանգ առնել ակնթարթին, որն այլևս չի լինի երբեք, քանզի այս օրը անդառնալիորեն արտահոսում է մյուսի մեջ… Մայրս աջ արմունկը հենել է բարձրադիր բարձիկին, մատների մեջ ծաղիկ է: Հայրս մեղմ գրկել է նրան, և հորս կոշտուկապատ ձեռքը մայրիկիս ուսի հետևից երևում է թևի նման: Նրանք ամոթխած կանգնած են ճյուղերի պատկերներով զարդարուն գորգի վրա, իսկ որպես խորապատկեր ծառայում է կտավը, ուր աղոտ ու անհեթեթ նշմարվում է կեղծանտիկ ինչ-որ բան… Կգա օրը, և ես կգրեմ այդ մասին: Ինձնից բացի դա ոչ ոքի չի վերաբերում: Պապս՝ Հյուսիսային Աֆրիկայի բերբեր, մյուս պապս՝ խոզապահ, մոգական գեղեցկությամբ օժտված տատս, ծնողներիս խոհուն, չքնաղ դեմքերը, ծաղիկը՝ լուսանկարում. այլ ժառանգականություն որոնելու կարիք կա՞ արդյոք, այլ տոհմածառը ինչի՞ս է պետք»:

Ես սա գրել եմ մոտ երեսուն տարի առաջ, կենտ մի նպատակով. վերստեղծել և պատկերել ակնթարթն այն մարդկանց կյանքի, ում պարտական եմ իմ գոյությամբ և ումից ավելի հարազատ մարդ չունեմ: Ես համոզված էի, որ դա առավել քան բավարար է՝ բացատրելու համար, թե որտեղից եմ ես ի հայտ եկել, ինչ նյութից եմ շինված, ինչու դարձա այն, ինչ եմ: Ես մոլորված էի. ոչ ամեն բան է կանխորոշվում կենսաբանությամբ, իսկ ինչ վերաբերում է ժառանգականությանը, ապա, անշուշտ, գաղտնախորհուրդ են ուղիները, որոնցով այն հասնում է հեռուներից հեռուները… Իմ տոհմածառը (թող ներվի ինձ որոշ վերամբարձությունը, քանզի դրա ավիշներով սնված պտուղը չնչին է) զուրկ է ոչ միայն բազում ճյուղերից, որ բնից հատել են ժամանակը և առտնին ճակատամարտերի շարանը, այլև այն անձնավորությունից, ով արմատներին կօգներ թափանցել ամենախորին շերտերը, նրանից, ով կկարողանար գնահատել պտուղների համն ու հասունությունը, նրանից, ում զորությունը կբավեր և ամրապնդել, և բացելով ի ցույց դնել սաղարթն այդ ծառի, ուր չվող թռչունները պաշտպանված կզգային իրենց, բույն կդնեին: Իմ ծնողներին, տատերին ու պապերին գրական միջոցներով պատկերելով, միս ու արյունից կազմված սովորական մարդկանց վերածելով իմ կյանքը վերստին ու տարբեր կերպ կառուցող գրական կերպարների՝ ես, չնկատելով անգամ, արահետ էի բացում, իսկ հետո այլք՝ իմ հնարած հերոսները՝ բացարձակապես գրքային հերոսներ, այդ արահետով ինձ կմատակարարեն նյութեր և գործիքներ, որոնց օգնությամբ (ի բարի կամ ի վնաս, շահով կամ կորուստով, ինչ-որ տեղ պակասորդով, ինչ-որ տեղ ավելցուկով) ինձնից կստացվի մի այնպիսի բան, ինչը հիմա պատրաստ եմ ճանաչել իբրև ինձ, այսինքն՝ արարիչ այդ բոլոր կերպարների և նրանց ստեղծածի: Ինչ-որ իմաստով նույնիսկ կարելի է ասել, որ տառ առ տառ, բառ առ բառ, էջ առ էջ և գիրք առ գիրք աստիճանաբար իմ մեջ ներդրել և բնակեցրել եմ իմ իսկ ստեղծած կերպարներին: Վստահ եմ, որ առանց նրանց ես չէի լինի այնպիսին, ինչպիսին եմ: Ամենայն հավանականությամբ, առանց նրանց իմ կյանքը կդառնար անավարտ և թռուցիկ ճեպանկար, խոստում, որը սովորաբար չի իրագործվում, գոյություն մի մարդու, որը կարծես ինչ-որ բանի ունակ էր, բայց, ահա, չկարողացավ իրագործել:

Հիմա ես հստակ տեսնում եմ կյանքի այդ վարպետներին, որոնք համառորեն ու հետևողականորեն ինձ ուսուցանում էին ապրելու դժվարին արհեստը: Ահա, աչքիս առջևով անցնում են իմ վեպերի ու պիեսների տասնյակ հերոսներ, թղթից և թանաքից արարված այդ տղամարդիկ և կանայք, մարդիկ, որոնք, թվում է, ղեկավարվում են սոսկ իմ հեղինակային կամքով, հլու են իմ քմահաճույքներին հանց խամաճիկ, որոնց արարքներն ու վարքը ինձ վրա չեն կարող ազդել առավել, քան դիմադրությունը այն թելերի, որ ձգելով ստիպել եմ նրանց շարժվել: Եվ նրանցից առաջինը, իհարկե, միջին շնորհքի մի դիմանկարիչ էր, իմ կողմից անվանված պարզապե Իքս, գլխավոր հերոսը մի պատմության, որը հավանաբար կարելի է համարել կրկնակի շնորհառություն (նրա անձնական, բայց որոշակի իմաստով նաև իմ անձնական), պատմություն, որ անվանել էի «Գեղանկարչության և գեղագրության դասագիրք»: Նա՝ իմ հերոսը, ուսուցանեց ինձ պարզ ու ազնիվ արվեստի տարրական այբուբենը. առանց շփոթվելու և դժգոհելու նշել և ընդունել սեփական սահմանափակությունը: Քանի որ ես չէի կարող և հույս էլ չունեի սյուժետային իմ փոքրիկ («տնամերձ») փորձադաշտից դուրս հաջողության հասնել, մնում էր մի բան. փորել, փորփրել ավելի խորը, այնքան, որ հնարավոր լինի հասնել արմատներին. իմ արմատներին ու նաև՝ աշխարհի արմատներին, եթե, իհարկե, թույլատրելի է հավակնոտության նման անհամեստություն: Իհարկե, ես չէ, որ պիտի դատեի, թե սույն ջանքերն ինչքանով էին բեղմնավոր, սակայն այսօր ես ակնհայտ եմ համարում, որ այն ժամանակներից ի վեր և առ օրս իմ աշխատանքը ենթարկվել է այդ սկզբունքին, հետապնդել այդ նպատակը:

Ապա եկավ Ալենտեժո գավառի բնակիչների հերթը, հողագործի աշխատանքի դատապարտված այն միաբանության հերթը, որին պատկանում էին իմ պապ Ժերոնիմոն և տատ Ժոզեֆան, հասարակ գյուղացիներ, որ ճարահատյալ ստիպված էին վաճառել իրենց բազուկների ուժն ու աշխատանքը այնպիսի վարձատրությամբ և այնպիսի պայմաններով, որոնք «նվաստ» անվանումից զատ այլ բնութագրման արժանի չեն: Նրանք չնչինից չնչին գնով էին տալիս նույնիսկ այն, ինչ մենք՝ մեր քաղաքարթությամբ և մշակույթով հպարտացող անձինք (նայած իրավիճակի), սիրում ենք կոչել անգնահատելի, սրբազան, վերին շնորհ: Եկավ հերթը ինձ լավ ծանոթ պարզ ու հասարակ մարդկանց. մարդիկ, որոնց գլուխը բժժեցրել էր եկեղեցին, որի հետ պետությունն ու տեղական իշխանությունները հավասար կիսում էին իշխանությունն ու այդ իշխանության բերած օգուտները, մարդիկ, որոնք գտնվում էին ոստիկանության մշտարթուն հսկողության ներքո և շատ հաճախ դառնում էին կամայականության և անարդար արդարադատության անմեղ զոհ: Մաու-Տեմպո գեղջկական ընտանիքի երեք սերունդների կյանքը՝ մեր դարասկզբից մինչև 1974 թվականը, նկարագրված է «Հողից հառնածները» անունը կրող վեպում, և հասակով մեկ հառնած մարդիկ, սկզբում իրական, հետո՝ իմ կողմից հորինված, ինձ սովորեցրին համբերություն, սովորեցրին վստահել ժամանակին, ապավինել նրան, քանզի ժամանակը միանգամից կերտում և ավերում է մեզ, որպեսզի կրկին կերտի և ավերի: Կարծես մի բան միայն լրիվ չեմ ընկալել ու յուրացրել, նրանց կենտ մի հատկությունը, որ տառապագին փորձությունների շնորհիվ վերածվել է արժանիքի. դա բնական, բայց ոչ ցուցադրական խստաբարո վերաբերմունքն է կյանքի հանդեպ: Սակայն հաշվի առնելով, որ այդ չյուրացված դասը առ օրս՝ ավելի քան քսան տարի, չի ջնջվել իմ հիշողությունից, որ ամեն օր անխտիր ես զգում եմ նրա համառ և պահանջկոտ ներկայությունը իմ հոգում, ուզում եմ ասել՝ ես բնավ չեմ կորցրել հույսս, որ գոնե մի քիչ կմոտենամ Ալենտեժոյի անծայրածիր հարթավայրերից ինչ-որ ժամանակ ինձ այցի եկած վեհ արժանիքի այդ տիպարներին: Ի դեպ, ժամանակը ցույց կտա:)

Իսկ ի՞նչ դասեր կարող էր ինձ տալ 19-րդ դարում ապրած այն պորտուգալացին, ով «Լուիզիադայում» գովերգել է իր հայրենիքի փառքը, ողբացել վիշտն ու դառնությունը, ով բանաստեղծական հանճարի բացարձակ դրսևորում էր, մեծագույնը մեր խոսքարվեստում, ինչքան էլ այս իրողությունը դառնություն պատճառի Ֆերնանդո Պեսոային, որն իրեն հռչակել է «գերԿամոենս»: Այո, ես միայն մի բան կարողացա յուրացնել, միայն մի դաս օգտակար եղավ ինձ՝ Լուիս դե Կամոենսի մատուցած անաղարտ հումանիզմի ամենահասարակ օրինակը. հպարտ հեզությունը, որով գրողը շեմեր էր մաշում՝ փնտրելով նրան, ով հանձն կառնի հրատարակել իր քերթվածքը, տառապելով մեծազարմ տգետների արհամարհանքից, արքայի և ամենակարող պալատականների քամահրական անտարբերությունից, ծաղրուծանակից, որով աշխարհը դարեր շարունակ դիմավորել է պոետների, մարգարեների, ծաղրածուների հայտնությունը:

Յուրաքանչյուր ստեղծագործող կյանքում առնվազն մեկ անգամ հանդես է եկել կամ դեռ հանդես է գալու որպես Լուիս դե Կամոենս, նույնիսկ եթե այդ ստեղծագործողն ինքը չի գրել «Զանգերը կոչում են դեպ Աստուծո տաճար…»:

Եվ ահա մեծատոհմիկների, պալատականների և սուրբ ինկվիզիցիայի գրաքննիչների ամբոխի մեջ, անցյալ սերերի և վաղաժամ զառամության հիասթափության գրկում, ստեղծագործական տառապանքի իշխանության և արարման խինդի ուղեկցությամբ հայտնվում է այդ հիվանդ մարդը, որն աղքատ վերադարձավ Հնդկաստանից, ուր շատերը գնացել ու եկել էին հարստացած. միակնանի, սպիապատ հոգով զինվորը, ձախողակ գայթակղողը, ում այլևս երբեք չի վիճակվի պտտել պալատական տիկնանց գլուխները: Նա բեմ բարձրացավ իմ կողմից «Ի՞նչ անեմ ես այս գիրքը» անվանված պիեսում, որի ավարտին հնչում է այլ հարց, միակը, որ իմաստ ունի, բայց չունի պատասխան անգամ այն ժամանակ, երբ պատասխան տալիս են. «Ի՞նչ եք անելու Դուք այս գիրքը»: Այո, նման հեզությունը առավել է, քան հպարտությունը. թևի տակ ունենալ անմահ գլուխգործոց, որ հանիրավի անտեսվում է աշխարհի կողմից: Հպարտությունից զատ այդ հեզության մեջ կա նաև մոլագարություն: Մենք ուզում ենք անպայման իմանալ, թե վաղն ինչ նպատակի են ծառայելու գրքերը, որ գրվում են այսօր, և միաժամանակ ծվատվում ենք կասկածներից, թե արդյոք երկա՞ր (և ստույգ ինչքան) կգոյատևեն պատճառաբանությունները, որ սփոփանքի տեսքով մեզ է մատուցում շրջապատը կամ մենք ինքներս: Ամենահեշտը նրան խաբելն է, ով ուզում է խաբվել:

Եվ ահա մեր առջև պատերազմում ձեռքը կորցրած տղամարդ է և կին՝ օժտված աչքի համար անտեսանելին տեսնելու մոգական շնորհով: Տղամարդու անունը Բալթազար Մաթեուս է, մականունը՝ Յոթ Արեգակ: Կնոջ անունը Բլիմունդա է, հետագայում նրան կկոչեն Յոթ Լուսնյակ, քանզի ասված է վաղուց. այնտեղ, ուր կա արև, պիտի լինի լուսին նաև, որովհետև մեկի և մյուսի ներդաշնակ համակեցումը միայն, որ սեր է կոչվում, մեր հողագունդը պիտանի են դարձնում բնակության և կեցության համար: Հայտնվում է նաև ճիզվիտ Բարտոլոմեուն, ով հայտնագործել է այնպիսի մեքենա, որով հնարավոր է երկինք բարձրանալ ու թռչել, ընդ որում՝ մեքենան այդ շարժվում է միայն մարդկային կամքի զորությամբ, կամք, որը, ասում են, ընդունակ է կյանքի կոչել ինչ ուզես, սակայն առ օրս չի կարողանում, չի ցանկանում, չի իմանում ինչպես դառնալ պարզ բարության կամ առավել պարզ հարգանքի արև և լուսին: Այդ երեք խենթուկները ապրում են 18-րդ դարի Պորտուգալիայում: Դարաշրջանը և տարածաշրջանը համակված են նախապաշարումների և ինկվիզիցայի խարույկների տենդով, իսկ սնափառությամբ և գիգանտոմանիայով տառապող արքան շինություն է կառուցում, որը միաժամանակ մենաստան է, պալատ, տաճար և պիտի ապշեցնի ողջ աշխարհին, եթե, իհարկե, այդ աշխարհը (ինչի հույսը չնչին է) բարեհաճի հայացքը դարձնել դեպի Պորտուգալիան, այսինքն՝ եթե նրա աչքերը, Բլիմունդայի աչքերի նման, կարողանան տեսնել անտեսանելին… Եվ ելնում է կեղտոտ, կոշտուկավոր ձեռքերով մարդկանց բազմահազար ամբոխը, որ հոգնահար է տարի տարվա ետևից, քար քարի վրա մենաստանի խուլ պատերը, պալատական հսկայական դահլիճները, սյուներն ու որմնասյուները, զանգակատան օդեղեն աշտարակները, տաճարի՝ դատարկության մեջ ճախրող գմբեթը կառուցելուց… Եվ մեզ են հասնում Դոմենիկո Սկարլատիի կլավեսինի հնչյունները, ու հեղինակը ինքը չգիտի՝ արտասո՞ւք են դրանք, թե՞ ծիծաղ: Սա «Բալթազարի և Բլիմունդայի պատմությունն» է, և այդ գրքում հեղինակը ենթավարպետ է շնորհիվ այն բանի, որ ժամանակին իր պապ Ժերոնիմոյից և տատ Ժոզեֆայից սովորել է, կարողացել գրել բանաստեղծականությունից ոչ այնքան զուրկ տողեր. «Կնոջ լեզվից զատ լոկ երազներն են մոլորակն այս պահում իր ուղեծրում: Եվ նույն երազներն էլ նրան պսակում են լուսնյակներով, ահա թե ինչու մարդկանց պատկերացումներում երկինքը հավասարազոր է փառքին և պայծառությանը, թեև կա կենտ մի երկինք. այն, որ մարդկանց պատկերացումներում է»: Թող այդպես լինի:

Պատանյակը պոեզիայի մասին որոշ պատկերացում կազմել էր դասագրքերի և քրեստոմատիաների շնորհիվ, որ կարդացել էր Լիսաբոնի տեխնիկական ուսումնարանում սովորելիս, երբ պատրաստվում էր այն ասպարեզին, ուր նրան վիճակված էր ոտք դնել իր կյանքի ճանապարհի սկզբում, պարզ ասած՝ այն ժամանակ, երբ պատրաստվում էր մեխանիկ դառնալ: Նա պոեզիայի լավ ուսուցիչներ ձեռք բերեց նաև հասարակական գրադարաններում անցկացրած երկարատև երեկոների ընթացքում, երբ անխտիր պեղում էր ողջ քարտադարանը, ինքնուրույն, որևէ մեկի կողմից չղեկավարվելով ու չուղղորդվելով, գյուտեր անում և այդ ընթացքում վայելում արարագին հրճվանքը այն ծովագնացի, որը, բառիս բուն իմաստով, նոր երկրներ է հայտնագործում: «Ռիկարդո Ռեյսի մահանալու տարին» սկիզբ է առել այդտեղ, ուսումնարանի գրադարանում, ուր դեռատի մեխանիկը (նրա տասնյոթ տարին նոր էր լրացել), հայտնաբերեց «Աթենք» ամսագիրը, այնտեղ՝ Ռիկարդո Ռեյս անվամբ ստորագրված բանաստեղծություններ, և քանի որ աղոտ պատկերացում ուներ իր երկրի բանաստեղծական տեղագրության մասին, բնականաբար ենթադրեց, որ, իրոք, եղել է այդպիսի պորտուգալացի բանաստեղծ: Սակայն կարճ ժամանակ անց ամեն ինչ պարզվեց. բանաստեղծությունների հեղինակը ոմն Ֆերնանդո Նոգեյրա Պեսոա էր, որն իր ստեղծագործությունները վերագրում էր բանաստեղծների, որոնք գոյություն ունեին միայն նրա երևակայության մեջ: Նա նրանց անվանում էր ՙհետերոնիմներ՚: Այն ժամանակների բառարաններում այդ բառը չկար, ուստի ներելի է, որ մեր գրական ենթավարպետը այնքան էլ լավ չէր ըմբռնում դրա իմաստը: Ռիկարդո Ռեյսի շատ բանաստեղծություններ նա անգիր գիտեր («/ Եթե վեհության ես ձգտում՝ եղիր կատարյալ, և այդ է միայն/… / Անմնացորդ նվիրվիր դու ամեն գործի / եթե անգամ դատարկ բան է կատարվածը /»), սակայն յուր պատանեկան ողջ անգիտությամբ հանդերձ նա չէր կարողանում ընդունել, որ նման վեհ միտքը աշխարհ է բերել նաև անողոք բանաձև. «Իմաստուն է նա, ով բավարարվում է աշխարհը հայելով»: Շատ, շատ տարիներ անց արդեն սպիտակահեր ու փոքր-ինչ իմաստնացած ենթավարպետը որոշեց վեպ գրել, ուր իր՝ հեղինակային կամքով ստիպելով «Ներբողներ»-ի հեղինակին կյանքի վերջին օրերը անցկացնել 36 թվականին, ցույց էր տալիս, թե ինչ է տեղի ունեցել այդ աշխարհում. նացիստները օկուպացրել էին Ռեյնի մարզը, Իսպանիայում Ֆրանկոն պատերազմ էր հայտարարել հանրապետությանը, Սալազարը ստեղծել էր Պորտուգալական լեգեոնը. ենթավարպետը կարծես ասում էր նրան. «Ահա թե ինչ տեսարան է ներկայացնում աշխարհն իրենից, ո՛վ բանաստեղծ դառը հնազանդության և նրբագեղ հոռետեսության: Վայելիր, տրվիր հայեցության, եթե այդ է քեզ իմաստնություն թվում»:

«Ռիկարդո Ռեյսի մահանալու տարին» ավարտվում է մելամաղձոտ խոսքերով. «Այստեղ, ուր վերջանում է ծովը, և սկսվում է ցամաքը»: Ակնարկվում էր, որ Պորտուգալիան այլևս խոշոր հայտնագործություններ չի կատարի և դատապարտված է լոկ մի բանի՝ անհայտ ապագայի անվերջ սպասումի… լոկ սովորական դարձած fado[1], լոկ հին ու անմխիթար saudade[2], ու էլի ինչ-որ բան… Այդժամ ենթավարպետը հորինեց, թե այնուամենայնիվ գոյություն ունի նավերը կրկին ծով հանելու միջոց. դրա համար անհրաժեշտ է, որ աշխարհն ինքը տեղահան լինի և հայտնվի ծովերի գրկում: Եվրոպայի անտարբերության հետևանքով ծնունդ առած «Կոլեկտիվ-անգիտակցական-պորտուգալական» (ստույգ՝ իմ անձնական) վիրավորանքի անմիջական արդյունքը «Քարե լաստ» վեպն էր, որում նկարագրվում է, թե ողջ Իբերիա թերակղզին ինչպես է հանկարծ բաժանվում մայրցամաքից, վերածվում լողացող հսկայական կղզու, որը շարժվում է ինքնուրույն, «առանց ղեկի և առանց հողմի», էլ չենք խոսում թիերի ու պտուտակների մասին, և «Քաղաքներով ու գյուղերով, գետերով ու լճերով, դաշտերով ու մարգագետիններով, գործարաններով ու ֆաբրիկաներով, թավ անտառներով ու բարեբեր անդաստաններով, մարդկային բազմությամբ ու կենդանիներով ծածկված հողի ու քարի այդ հսկա զանգվածը հանկարծ շարժվեց, լողաց, վերածվեց նավի, որ ծովածոցից ելնում է բաց՝ վաղուց անտի ինչ-որ մեկի կողմից բացահայտված, բայց կրկին անհայտի վերածված ծով»՝ որոնելու նոր Ուտոպիան: Երկու քաղաքակրթությունների՝ Պիրենեյանի և Անդրատլանտյանի հանդիպումը պետք է ընկալվեր որպես ուղիղ մարտահրավեր (ահա թե ուր էին միտված իմ ռազմավարական նկրտումները) այն հեղձուկ օրենքներին, որ այդ երկրներին պարտադրել էր Ամերիկայի Միացյալ Նահանգները… Այդ երկակի Ուտոպիան քաղաքական մտահղացումը վերածում էր առավել վեհանձն ու մարդկային փոխաբերության, և դրա իմաստը հանգում էր նրան, որ Եվրոպան՝ ողջ Եվրոպան պետք է ընդառաջ գնա Հարավին, որպեսզի աշխարհում վերականգնի հավասարակշռությունը և դրանով իսկ քավի իր ներկա և նախկին գաղութային չարագործությունների մեղքերը: «Քարե լաստի» գործող անձինք՝ երկու կին, երեք տղամարդ և մի շուն, դեգերում են Պիրենեյան թերակղզում, իսկ այն լողում է օվկիանոսում: Աշխարհը կերպափոխվում է, և հերոսները գիտեն, որ պետք է իրենց մեջ պրպտեն նոր մարդու գծեր, ինչպիսին դառնալու են ինչ-որ ժամանակ (իհարկե, շունը դուրս է այս նախապայմանից, որովհետև առանց այդ էլ նա նման չէ մյուս շներին):

Ապա հիշելով, որ «այժմ»-ի համեմատ արդեն շատ հեռավոր ժամանակներում եղել է սրբագրիչ, ու քանի որ «Քարե լաստը» գալիքի վերապատկերացում է, ուստի վատ չէր լինի նաև վերաիմաստավորել անցյալը, ենթավարպետը հորինում է «Լիսաբոնի պաշարման պատմությունը» վեպը: Նրա հերոսը՝ հրատարակչության սրբագրիչ, աշխատում է նույնանուն գրքի վրա, որը լուրջ պատմական հետազոտություն է, սակայն հոգնելով «Պատմությունից, որն աստիճանաբար դառնում է անհետաքրքիր, որոշում է մի տեղ ավելացնել «ոչ» մասնիկը և այդպիսով տապալել «պատմական ճշմարտությունը»:

Ռայմունդո Սիլվա անունով սրբագրիչը ամենահասարակ ու սովորական մարդ է, ով մյուսներից տարբերվում է միայն նրանով, որ համոզված է, թե ամեն բան ունի տեսանելի և անտեսանելի կողմ, ու քանի դեռ չենք սովորել զանազանել երկուսն էլ, իրերի և երևույթների էությունը չենք ճանաչի: Ահա թե այդ թեմայով նա ինչ զրույց է ունենում «Պատմության» հեղինակի հետ.

«-Պետք է Ձեզ հիշեցնեմ, որ սրբագրիչները լուրջ մարդիկ են, քաջատեղյակ և գրականությանը, և կյանքին:

-Մի մոռացեք, ես պատմություն եմ գրում:

-Պարոն, այն ամենը, ինչ չի վերաբերում գրականությանը, վերաբերում է կյանքին:

-Իսկ պատմությու՞նը:

-Չվիրավորվեք, խնդրում եմ, պատմությունը՝ առավել ևս:- Իսկ գեղանկարչությունը և երաժշտությո՞ւնը:

-Երաժշտությունը դիմադրել է ի սկզբանե, գալիս է և գնում՝ ճգնելով ազատագրվել աշխարհից: Կարծում եմ՝ նախանձից և վերջ ի վերջո հանձնվելու համար:

-Իսկ գեղանկարչությո՞ւնը:

-Իսկ գեղանկարչությունը ավելին չէ, քան գրականություն, որ ստեղծվում է վրձինի և գույների օգնությամբ, հուսով եմ՝ չեք մոռացել, որ մարդկությունը նկարել սկսել է շատ ավելի վաղ, քան գրել, չէ՞ որ ձեզ հայտնի է ասացվածքը՝ «գրիչ չունեցողը մատիտ է վերցնում», որը այլ կերպ նշանակում է, որ ով գրել չգիտի՝ նկարում է, ինչպես վարվում են երեխաները:

-Այսինքն՝ ուզում եք ասել, որ գրականությունը գոյություն է ունեցել ի հայտ գալուց շատ ավելի վա՞ղ:

-Հենց այդպես, և ճիշտ այնպես, ինչպես մարդը գոյություն ունի նաև մինչ լույս աշխարհ գալը:

-Ափսոս փիլիսոփա չեք դարձել. իսկը Ձեր բանն է: Կամ պատմաբան. դուք ունեք հոտառություն և եռանդ, որոնք հույժ անհրաժեշտ են այդ մասնագիտությունների համար:

-Կրթությունս չի ներում, իսկ առանց կրթության ի՞նչ կարող ես անել: Առանց այդ էլ իմ բախտը բերել է, որ աշխարհ եմ եկել բնատուր որոշակի նախադրյալներով, բայց դա, ինչպես ասում են, սոսկ հումք է, իսկ ես ընդամենը միջնակարգ դպրոց եմ ավարտել:

-Կարող եք ներկայանալ որպես ինքնուս, որը իմաստնության է հասել անձնական համառ ջանքերի շնորհիվ: Դրանից ամաչել պետք չէ: Անցյալում հասարակությունը հպարտանում էր իր այդպիսի անդամներով, համեմատում ոսկու բնակտորների հետ:

-Այդ ժամանակներն անցել են, մարդկության առաջընթացը վերջ է տվել այդ ամենին, և բնակտոր համարվում ու անվանվում են միայն այն երջանիկները, ովքեր զվարճալի ոտանավորներ ու պատմություններ են հորինում, իսկ ես, խոստովանում եմ, բացարձակ զուրկ եմ գրական շնորհքից:

-Տրվեք փիլիսոփայության:

-Տեսնում եմ՝ լավ հումոր ունեք, Ձեր ուղեղը հակված է հեգնական մտածողության, էլ ինչո՞ւ եք Ձեզ նվիրել այնպիսի լուրջ, խորիմաստ մասնագիտության, ինչպիսին պատմությունն է:

-Ես հեգնասեր եմ միայն կյանքում:

-Ինձ միշտ ապշեցրել է, որ պատմությունը բնավ էլ կյանքը չէ, գրականությունը՝ առավել ևս:

-Սակայն հենց պատմությունն էլ եղել է իրական կյանք այն ժամանակ, երբ դեռ պատմություն չէր դարձել:

-Նշանակում է՝ հավատո՞ւմ եք, որ պատմությունը իրական կյանքն է:

-Իհարկե հավատում եմ:

-Ես ուզում էի ասել՝ «որ պատմությունը եղել է իրական կյա՞նք»:

-Անտարակույս:

-Ի՞նչ կպատահեր մեզ, եթե մարդիկ չհորինեին դուրս նետելու սրբագրական նշանը,- հոգոց քաշելով բացականչեց սրբագրիչը»:

Ավելորդ է ասել, որ սրբագրիչ Ռայմունդո Սիլվան հեղինակ ենթավարպետին թերահավատության դասեր էր տալիս: Եվ ճիշտ ժամանակին:

Չի բացառվում, որ հենց դա, այդ ձեռքբերված թերահավատությունը նրան ստիպեց գրել «Ավետարան ըստ Հիսուսի» գիրքը: Իրոք, հեղինակն ինքն էլ է ասել այդ մասին, վերնագիրը թվում է տեսողական խաբկանք, սակայն տեղին է հարցնել, թե մեղքի ի՞նչ բաժին ունի այստեղ վատ օրինակ տված սրբագրիչը, թեև ճիշտ է, որ նա երկար ժամանակ նախապատրաստում էր այն հիմքերը, որոնց վրա ի վերջո կառուցվեց վեպը: Սակայն այս անգամ բանը չավարտվեց հակասություններ ու անհամատեղելիություններ որոնելու նպատակով Ավետարանը ընթերցելով. նա նաև ձգտում էր յուրահատուկ տեսանկյան տակ լուսավորել դրանք, ինչպես վարվում են հին վարպետների կտավների հետ՝ պատկերներին ավելի պարզորոշ տեսք հաղորդելու, ներկերի տակ թաքցրած շերտերը հայտնաբերելու, հոգեկան խռովքի հետքերը ի հայտ բերելու նպատակով: Եվ ենթավարպետը, որ այժմ շրջապատված էր ավետարանական հերոսների բազմությամբ, այդ լույսի տակ կարծես առաջին անգամ կարդաց մանկանց կոտորածի տեսարանը, ու շատ բան անհասկանալի մնաց նրան. չկարողացավ հասկանալ, թե ինչու են ի հայտ եկել մարտիրոսները մի կրոնում, որն ստեղծողը առաջին անգամ այդ մասին խոսելու է շուրջ երեսուն տարի անց. չկարողացավ հասկանալ, թե ինչու միակ մարդը, ով կարող էր փրկել Բեթղեհեմի մանուկներին, չարեց դա. չկարողացավ հասկանալ, թե ինչու նա՝ Հովսեփը, ընտանյոք հանդերձ Եգիպտոսից վերադառնալով՝ չգիտակցեց իր պատասխանատվությունը. ոչ խղճի խայթ էր զգում, ոչ մեղավորություն, ոչ էլ նույնիսկ հետաքրքրություն կատարվածի հանդեպ: Անհամոզիչ էր նաև փաստարկը, որ նորածինները պիտի մահանային Հիսուսին փրկելու համար: Պարզագույն ողջամտությունն անգամ, որով պետք է առաջնորդվել աստվածային և մարդկային գործերը քննելիս, հուշում է, որ Աստված, այն էլ ոչ թե հենց այնպես, այլ հանուն մարդկության մեղքերի քավության, երկիր չէր առաքի իր որդուն, եթե նրան վիճակված էր լինելու դեռ բարուրում մահանալ Հերովդեսի զինվորների ձեռքով… Ավետարանում, որը ենթավարպետը գրել էր այդ մեծ ողբերգությանը վայել խորին պատկառանքով ու երկյուղածությամբ, Հովսեփը ծվատվում է իր մեղքի գիտակցումից, խղճի խայթը ընկալում որպես հատուցում և ընդունում այն, ինչպես գրեթե առանց դիմադրության ընդունում է մահը, որը աշխարհին փոխհատուցելու միակ միջոցն էր նրա համար: Այդ իսկ պատճառով «Հիսուսի ավետարանը» չվերածվեց հերթական աստվածների ու վերին շնորհով օժտված մարդկանց մասին պատմող խրատական լեգենդի, այլ դարձավ պատմություն այն մասին, թե ինչպես են մի քանի հոգի ընկնում հզոր ուժի իշխանության տակ. նրանք գոտեմարտ են մղում նրա դեմ, բայց չեն կարողանում հաղթահարել: Հոր փոշոտ մաշիկներից բացի, որոնք հագին նա բազում ճամփաներ էր անցել, Հիսուսը նրանից ժառանգում է նաև իր մեղքի և պատասխանատվության ողբերգական գիտակցումը, և այն չի լքելու նրան նույնիսկ այն պահին, երբ նա, արդեն խաչյալ, բացականչում է. «Մարդիկ, ներեցեք նրան, քանզի չի իմանում, թե ինչ է անում՚: Այս խոսքերը, անտարակույս, ակնարկում են նրան մահապատժի ուղարկած Աստծուն, սակայն գուցե վերաբերում են նաև Հոսեփին (եթե հոգեվարքի ժամին հիշել է նրան), նրա ՙերկրային հորը», ով նրան միս ու արյուն տալով է աշխարհ բերել: Ինքներդ եք տեսնում. ենթավարպետը երկար ճանապարհ պիտի անցներ, որ հորիներ իր հերձվածական ավետարանի այն դրվագը, ուր զրուցում են Հիսուսը և դպիրը.

«-Մեղքը գայլ է, որ հորը հոշոտելով՝ տանջում է որդուն:

-Եվ այդ գայլը հոշոտել է իմ հո՞րը:

-Այո, և հիմա խժռում է քեզ:

-Իսկ քեզ տանջե՞լ են, հոշոտե՞լ են:

-Ոչ միայն տանջել են, ոչ միայն հոշոտել, այլ դուրս են փսխել որպես լեղի»:

Եթե Կարլոս Մեծը Հյուսիսային Գերմանիայում չհիմներ վանք, եթե այդ վանքը չկամենար իր հիմնադրման 1200-ամյակը նշել 16-րդ դարի զարհուրելի իրադարձության՝ կաթոլիկների և բողոքական-անաբապտիստների միջև տեղի ունեցած պատերազմին նվիրված օպերա բեմականացնելով, ապա ենթավարպետն էլ չէր հորինի իր In Nomine Dei («Հանուն Աստծո») պիեսը: Եվ կրկին առանց որևէ օգնության, սոսկ իր նվազ մտքի լույսին ապավինելով՝ նա պետք է մուտք գործեր կրոնական հավատալիքների խավարչտին լաբիրինթոսներ, որոնք անհավատալի դյուրությամբ ստիպում էին մարդուն մահ տարածել և մահ ընդունել: Եվ նա կրկին տեսավ անհանդուրժողականության արգահատելի դեմքը, որ Մյունսթերում[3]  հասել էր խելահեղ մոլուցքի, անհանդուրժողականություն, որ անդառնալիորեն ապականելու էր այն գործը, որի անապականության համար մարտնչում էին հակամարտ երկու կողմն էլ: Քանզի պատերազմը մղվում էր ոչ թե հանուն երկու հակամարտ աստվածների, այլ հանուն նույն Աստծո: Մյունսթերյան հավատակույր կաթոլիկներն ու անաբապտիստները անընդունակ էին ընկալել նույնիսկ ամենահամոզիչ ապացույցը. Ահեղ դատաստանի ժամանակ, ուր երկու կողմն էլ ներկայանում էին այս կյանքում կրած չարչարանքների դիմաց վարձահատույց լինելու, Աստված (եթե նրա գործողությունները գոնե չնչին չափով համընկնում են մարդկային տրամաբանության հետ) պիտի երկու կողմին էլ շնորհեր երկնային արքայություն. այն պարզ պատճառով, որ նրանք հավատում են իր գոյությանը: Մյունսթերյան հրեշավոր սպանդը ենթավարպետին սովորեցրեց, որ երբեք ոչ մի կրոն, անկախ ուսմունքից, չի օգտագործվել մարդկությանը համախմբելու համար, և պատերազմներից ամենաանհեթեթը սրբազան պատերազմն է, քանզի պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Աստված, եթե անգամ ուզենա, չի կարող պատերազմ հայտարարել ինքն իրեն…

Կուրություն: «Մենք կույր ենք»,- մտածեց մի անգամ ենթավարպետն ու գրեց «Մտորումներ կուրության մասին» գործը, որպեսզի նրանց, ովքեր գուցե ընթերցեն այն, հիշեցնի, որ կյանքի հանդեպ նվաստագին վերաբերմունքով մենք այլասերում ենք բանականությունը, որ մարդկային արժանապատվությունը ամեն օր ոտնահարվում է այս աշխարհի հզորների կողմից, որ ճշմարտությունների բազմազանությունը փոխարինվել է մեկ համընդգրկուն ստով, և երբ մարդը դադարեց հարգել մարդկային ցեղի մյուս ներկայացուցիչներին, այդժամ դադարեց հարգել ինքն իրեն: Եվ այդ ժամանակ ենթավարպետը, կարծես ձգտելով հալածել մտքի կուրության ծնունդ դևերին, սկսեց գրել իր ստեղծագործություններից ամենպարզը. մի մարդ որոնում է մեկ ուրիշին, որովհետև հասկանում է, որ դրանից կարևոր բան չկա կյանքում: Այդ գիրքը կոչվում է «Անուններն ամեն»: Մեր բոլոր անունները, նույնիսկ նրանք, որոնք գրառված չեն, կան այս գրքում: Ապրողների անունները և մեռյալների անունները:

Վերջում ասեմ, որ այս էջերը կարդացած ձայնը կուզենար արձագանքելով արձագանքվել իմ հերոսների խմբաձայն խոսքում: Ինձ այլ ձայն տրված չէ: Եթե այն, ինչ ինձ համար ամեն ինչ է, ձեզ թվաց չնչին ու աննշան, խնդրում եմ, ներեցեք ինձ:

 

Թարգմանությունը՝ Հակոբ Սողոմոնյանի

 

 

 

[1] Ֆադու — պորտուգալական պարի և երաժշտության ժանր, բառացի՝ ֆատում՝ բախտ, ճակատագիր:

[2] Սաուդադե — մշակույթի և ազգային բնավորության բնորոշում՝ լուսավոր թախիծ, կարոտ կորուսյալի, անհասանելիի հանդեպ և միաժամանակ երջանկության դատապարտվածության զգացողություն: Այն չի ընկալվում իբրև բացասական երևույթ, այլ ասոցացվում է հոգին մաքրագործող դժբախտ սիրո հետ, իր մեջ կրում է ռոմանտիկայի ինչ-որ անբացատրելի վեհություն: Հանդիսանում է մի տեսակ ազգային հպարտության առարկա, դրսևորում, և իրենց՝ պորտուգալացիների համոզմամբ, այդ զգայական վիճակի մեջ ներսուզվելու, նրան հաղորդակցվելու և տրվելու հատկությունն իրենց առանձնացնում, տարբերում է այլ ազգերից:

Երաժշտության մեջ սաուդադեն հանդիսանում է պորտուգալական ավանդական ոճ — թարգմ.:

[3] Քաղաք հյուսիսային Գերմանիայում, որտեղ գտնվում է հիշյալ վանքը և տաճարը — թարգմ.:

 

Անդին 9, 2016

Share

Կարծիքներ

կարծիք