Վալմարի մունջ պոեզիան

15665476_1236430243082532_2841379927497704596_nԱնհնար է պարզապես չանդրադառնալ հայտնի գեղանկարիչ և այլևս Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնամույն և միայն իրեն հատուկ գեղանկարչությանը: Չխոսել նկարչի մասին նշանակում է հետ մնալ հայ ժամանակակից նկարչության ընթացքներից և չնկատել ժամանակի մեջ նկարչի հաստատուն ներկայությունը: Այլ հարց է՝ նկարչի արվեստը կտեղահանի՞ հոգուդ մակընթացությունը առօրեական ափերից,- սա դիտողի զգայականության չափն է,- սակայն մի բան միանշանակ է՝ նկարչի գծի և գույնի համակեցումը ստեղծել է անշփոթելի մի վրձնագիր, ուր ճանաչում ես Վալմար նկարչին:

Զսպված կիրք կա նկարչի կտավներում,- իմ զգացողությունն է,- շարժուն և ճշգրիտ գծերի ու գույների հնչերանգներով սանձահարված կիրք, որ ուղղորդում է նկարիչը մինչև իր կտավի եզրագծերը՝ կարծես պոռթկումը թողնելով կտավի եզրից մի նոր ուժով արձակելու մտայնությամբ: Գեղանկարչության և գրաֆիկայի մեղեդային միաձուլմը կարծես ձգվում է մինչև միջնադարյան մանրանկարչության և շարականների ազգային արվեստի խորքերը: Լինի յուղանկար, գրաֆիկա, նատյուրմորտ կամ պարզ բնապատկեր, ինչպիսին է «Իմ պատուհանից՚»շարքը, ամենուր նկարիչը հավատարիմ է ինքն իրեն՝ իր վրձնագրի ու իր ոգու սահմանադրությանը, ուր անընդհատական ներկա է մունջ պոեզիան: Նկարչի կտավներն այնքան հագեցած են մեծ հավատով առ մարդ ու աշխարհ, որ ինքնահաշտեցնող այդ հավատը պարուրում է դիտողին, այնքան, որ Վալմարի աշխարհը դառնում է նաև յուրաքանչյուրիս աշխարհը:

Պատահական չեն նկարչի ուսուցիչ մաեստրո Երվանդ Քոչարի խոսքերը. «Վալմար, քո արվեստը շատ ավելի լուրջ ու խորն է, քան այն ըմբռնելու կոչված քո բանականությունը: Դու դեռևս չես գիտակցում դա, բայց ժամանակի ընթացքում անպայմանորեն կգնահատես»: Այո, ներհայեցող աչքն ավելին գիտե…

Վալմարի գործերը վաղուց արդեն հայտնի են դարձել Հայաստանի սահմաններից դուրս և հանգրվանել արտասահմանյան բազմաթիվ երկրների պատկերասրահներում ու անձնական հավաքածուներում: Կարելի է ասել, որ նա ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից է:

Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Միջին Արևելքի, Ճապոնիայի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում ու թանգարաններում:

Վերջերս լույս տեսավ «Վալմարի ինքնատիպ հավաքածուն» խորագրով ալբոմը, որում արվեստասեր հանրությանը նկարիչը ներկայացրել է իր ընկերների կտավների՝ տարիների ընթացքում կազմած ու պահպանած հավաքածուն, որը ձևավորվել է ստեղծագործական քննարկումների և հանդիպումների ընթացքում:

Վալմարի անհատական հավաքածուն, որը նկարիչը մեծ սիրով ու հոգատարությամբ է կազմել, համալրված է Գառզուի, Ժանսեմի, Քաջազի, Հակոբ Հակոբյանի, Վարուժան Վարդանյանի, Սամվել Համբարձումյանի, Այվազ Ավոյանի, Զուլում Գրիգորյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Աղամյանի, Փարավոն Միրզոյանի, Ալբերտ Պարսամյանի, Ռոբերտ ու Հենրիկ Էլիբեկյանների և շատ ու շատ այլոց կտավներով: Ժանրային ու աշխարհայեցողության տարբեր ու միմյանց հետ չզուգահեռվող շնչառություններ են այս կտավները՝ մեկտեղված մի հավաքածուում, որին պարզապես պետք է հաղորդակից լինել…

…և շնորհակալություն հայտնել Վալմարին այս հրաշալի հավաքածուի և այն պատվով հրատարակելու համար… Եվ թերևս իր ընկերների կտավների ալբոմը իր իսկ՝ Վալմարի կյանքն է նաև ու կյանքի ժամանակը:

 

 

 

Անի Տեր-Գուլանյան

 

Անդին 10, 2016

Share

Կարծիքներ

կարծիք