Արհավիրքի պոեզիա

 

Իրան-իրաքյան պատերազմը (1980-1988 թթ.) Իրանում անվանում են «սրբազան պաշտպանություն»: Այս շրջանում ձևավորված պոեզիայի հոսանքը համանունությամբ նույնպես կոչվեց «սրբազան պաշտպանության պոեզիա»: Հոսանքը ձևավորելու մեջ մեծ դեր են ունեցել պատերազմի մասնակից բանաստեղծները, որոնցից մեկն է Մոհամմադռեզա Աբդոլմալեքյանը: Հոսանքի ստեղծած պոեզիան ամենահարուստներից է իրանական ժամանակակից գրականության մեջ թե՛ քանակով, թե՛ որակով:
Երկու տասնամյակ անց այս գրական կշիռը դեռ շարունակում է փոխանցվել սերնդեսերունդ, ձևափոխվել և վերաիմաստավորվել: Այս շարքը չափազանց փոքր մասնիկն է պատերազմական թեմայով գրված իրանական ժամանակակից պոեզիայի: Հեղինակների ընտրությունը պատահական չէ. ոմանք պատերազմի մասնակիցն են եղել, ոմանց մանկությունն է անցել պատերազմի միջով, իսկ ոմանց աշխարհայացքը ձևավորվել է հենց այդ ութ տարիների ընթացքում: Բնականաբար, սրանից անմասն չեն մնացել նաև իրանահայ համայնքի պարսկագիր գրողները:

 

Mohammadreza Abdolmalekian1

Մոհամմադռեզա Աբդոլմալեքյան

Նամակ

Բարև, մայրի՛կ,
տունդ շեն մնա:
Ասացի՝ տո՞ւնդ:
Նամակդ կարդացի ու հասկացա՝
ռումբի դաժան վերքը
մեր տան կավե տանիքը
հողին է հավասարեցրել:
Մա՛յր իմ, չտխրե՛ս,
մենք դեռ կանգուն ենք:
Քո ձեռքը, իմ ձեռքը,
բազում ձեռքեր
կվերականգնեն
խռովության ռումբի տապալածը:

Պատմեցիր.
«Այն գիշեր, երբ ռումբն ընկավ,
Մարիամը քնած էր:
Մյուս օրը միայն արնոտ տիկնիկն էր մնացել:
Մեկ շաբաթ անց
մի ծերունի
Մարիամի արնաշաղախ ձեռքը
տան բոսոր այգու կանաչ սրտում՝
ծաղիկների արցունքների մեջ գտավ.
փոքրիկ անմեղս
վահրոտ արհավիրքում այսպես վառվեց»:

Մա՛յր իմ, չտխրե՛ս,
այս պատերազմի մասին
Մարիամի ջինջ ու պայծառ արյամբ կգրվի:
Սրտիդ միջից նայի՛ր.
անմեղների շողարձակող պատմությունը
լի է մարիամների գարունքով:

Այս նամակը
հարավային ճակատից՝
վիրավոր Խուզեստանի* հողից,
Մարիամի ջինջ ու լուսավոր արյամբ,
Քարունի** ալեկոծ արյամբ,
Քյարխեի*** արյամբ եմ գրում,
մա՛յր իմ, չտխրե՛ս,
այստեղ անձնազոհությունը
ալեկոծված է Քարունից ավելի:

Մա՛յր իմ,
այստեղ բոլոր աստղերը լուսավոր,
այստեղ բոլոր աստղերը մոտ են.
հարձակման ու սխրանքի մի գիշեր
դիրքերի տանիքին
զույգ ձեռքերովս զգացի
ջերմությունը բոսոր աստղի:

Երեկ՝
արևի ու առաջնագծի թեժ կրակի միջոցին,
մի կին տեսա քո տարիքի,
ասացի՝ բարև, մայրի՛կ,
պտտվեց ու բաղձանքով նայեց,
շիկացած այտին
արցունք ծլեց, ու ասաց.
«Զոհվե՛ց:
Քյարխեի լույսի հետ գնաց դեպի սիրտը ծովի։
Ձայնդ նրա ձայնին է նման,
իմ մասնիկն էր նա,
չէ՛,
ես էի մասնիկը նրա»:

Մա՛յր իմ,
այս նամակը փոքր ակնարկ է
լույսի, արմավենիների ու թռչունների երկրից,
վիրավոր Խուզեստանի հողից,
մարտիրոսվելու խորհրդի,
թռիչքի հնարավորության երկրից,
նամակ գրելու ժամը սուղ է այստեղ.
հրացանի զայրույթը տենչում է ձեռքս:
Մա՛յր իմ,
աչքդ ճամփի՛ն պահիր
մինչև հանդիպում:

 

* Նահանգ Իրանի հարավ-արևմուտքում, որտեղ
իրան-իրաքյան պատերազմի ամենաթեժ մարտերն ընթացան։
** Իրանի ամենախոշոր գետը. գտնվում է Խուզեստան մարզում։
*** Իրանի երրորդ խոշոր գետը. գտնվում է Խուզեստան մարզում։

 

Garous-abdolmalekian-733x1024

Գարուս Աբդոլմալեքյան

***
Պառկել եմ,
կինս պատերազմի մասին պոեմ է կարդում.
սա էր պակաս՝
տանկերն անկողինս մտնեին:

Փամփուշտները
ծակծկել են երազներս:
Երբ անցքերից մեկով նայում ես,
փողոց ես տեսնում.
մաշկը ճերմակեցրել է ձյունը…
Երանի ձյուն չգար՝
սավանի ու մայթի եզրը նկատելի լիներ:

Հիմա տանկերը
սավանների խրամատներից անցել են ու
կամաց-կամաց մտնում են երազիս մեջ.
Ես մանուկ եմ,
մայրս ամաններն է լվանում,
ու հայրս՝ սև բեղերով, տուն է վերադառնում։
Երբ ռումբերն են ընկնում,
երեքս էլ մանուկ ենք…

Երազի հաջորդ դրվագները
խեղդում են:
Աչքերդ փակի՛ր,
բերանդ դի՛ր այս փոքր անցքին
ու միայն շնչիր,
շնչիր,
շնչի՛ր,
շնչի՛ր,
շնչի՛ր, գրողը տանի,
շնչի՜ր,
շը՛նչ…

Բժիշկը գլուխը թափ է տալիս,
բուժքույրը գլուխը թափ է տալիս,
բժիշկը սրբում է քրտինքը,
ու կանաչ լեռնաշղթան
անապատ է դառնում
էկրանին:

 

Vahe Armen

Վահե Արմեն

***
Դեղձանիկը էլ չի երգում
տես։

Մարած լույսերն այս քաղաքի
այնքան տխուր են
ինչքան վառվող լույսը սենյակի
լքված գերզմանատանը
հեռվում։

Եվ լռությունը վերջին դեղձանիկի
բանաստեղծության սկզբում
այնքան տխուր է
ինչքան պայթյունը ականի
իմ ու թշնամու մանկան ոտքի տակ
սահմանի և այս
և այն կողմում։

Տես
hեռվում
լույս է վառվում…

 

***
Ինչքան նման է
կարճ բանաստեղծությունը
խաղաղությանը
ու երկար նամակները
պատերազմին։

 

***
Ծիծաղելի է, չէ՞
այն խաղում
ընկնում էինք ու
վիրավորվում
այս խաղում
վիրավորվում ենք ու
ընկնում:

Reza Kazemi

Ռեզա Քազեմի

***
Մինչև մեկնելդ
մի բան ասա, որդի՛ս,
մինչև թռչունը
ընդմիշտ կհեռանա լուսնից,
արևը՝
ճյուղերի արանքից,
երկինքը՝
հողի ծակոտիներից:
Մինչև մեկնելդ
մի բան ասա, որդի՛ս,
մինչև աչքերդ
աստղաքաղի կգնան,
ձեռքերդ՝
սառը հողի հետ կռվելու,
երազանքներդ՝
Աստծու այգիների ուղով:
Մինչև մեկնելդ,
մինչև հողը
չուզողի պես
կծածկի ձայնդ,
մի մեղեդի, մի երգ երգիր, որդի՛ս:

 

***
Դեպի լուսե փողոցներ ես գնում, տղա՛ս:
Որ արևին հասնես,
տագնապներիս համար
մի բուռ խաղաղություն,
վերքերիս համար
մի գարուն սպեղանի,
լռությանս համար
մի պատուհան դեղձանիկ ուղարկիր:

Դեպի լուսե փողոցներ ես գնում, տղա՛ս:
Որ արևին հասնես,
վշտահար մայրամուտներիս համար
մի արև այգաբաց ուղարկիր:

 

***
Քեզ չեմ գտնում
երեկվա հուշերից մեկի նման:

Ասացիր՝ տնայիններդ գրի՛ր, կգամ:
Ասացիր՝ չգնաս,
չմոտենաս մայրամուտին,
չմոտենաս ձանձրալի ուրբաթներին:
Կգաս,
ինչպես ձայնը, որ պատ,
ինչպես անձրևը, որ տանիք,
ինչպես գետը, որ պատնեշ չի ճանաչում:

Հիմա տարիներ է ոչ մի տեղ չեմ գնում,
քեզ էլ չեմ գտնում
ո՛չ այսքան դագաղի մեջ, որ անցնում են,
ո՛չ երեկվա հուշերի մեջ:

Ե՞րբ ես գալու ստուգես տնայիններս, հայրի՛կ:

***
Գիշերվա դիրքերի վրա
լուսնի ճոճն էր կախված ու
մի բուռ աստղ՝
հերթի մեջ:
Հերթը
մեզ՝ լուսատտիկներիս չհասավ:

 

rasul yunan

Ռասուլ Յունան

Ջո՛ւր լցրու, տղա՛ս

Ձեռնոցներս մթնել են:
Որտեղի՞ց են բերում
այս դիակները,
ո՞ր գիշերից:
Ջո՛ւր լցրու, տղա՛ս,
էլի՛ լցրու.
ուզում եմ լվանալ սևը երկրի մարմնից:

Սուտ

Երջանկությունից ներշնչվում եմ.
ես գեղեցիկ օրերի պոետն եմ,
աղջիկների համար օժիտից եմ խոսում,
բանտարկյալների համար՝ համաներումից
ու երեխաների համար,
ում հայրերը մարտի դաշտում են,
ավետում եմ, որ…
Բայց գործս գործ չէ,
սուտ ասելը բարդ է:

 

Նախաբանը և բնագրից թարգմանությունը՝ Էդիկ Պօղոսեանի

Share

Կարծիքներ

կարծիք