… գուցե թե կարդում եմ, որ չփլուզվեմ ներսից. Անի Տեր-Գուլանյան

 

11351134_865434853494238_4964153788748609509_n Ինչո՞ւ եք կարդում

Կարդում եմ, որովհետև չեմ կարող չկարդալ: Ինձ համար կարևոր է իմ լռությունը, գրքի հոտը, մատիտը, որով ես ընդգծում եմ հայտնության նման ինձ հանդիպած միտքը, տողը, բառը: Կարդում եմ, որովհետև, առանց դրա օրվա մեջ  մի բան պակաս է, կարևոր մի բան: Եվ երբ առնչությունս գրքի հետ որոշ ժամանակով ընդհատվում է, տպավորություն է, թե ավազի եմ վերածվում, ու անընդհատ կարիք է լինում ներքին առանցքը ճշտելու, ապրեցնող ու հենակետային բառն ու խոսքը գտնելու, վերադարձնելու ինքդ քեզ՝ այլոց համար ճանաչելի քո ուրվագիծ-մարմնի սահմաններ, կարծրանալու, գուցե թե կարդում եմ, որ չփլուզվեմ ներսից:
Ի՞նչ գրականություն եք կարդում

Շատ տարբեր. կարդում եմ և՛ դասական, և ժամանակակից գրականություն, հիմա, նաև գործի բերումով, կարդում եմ հայ ժամանակակից գրողների գործերը, և վստահաբար կարող եմ ասել, իհարկե չափավոր անտաղանդ գործերի հետ մեկտեղ,  հետաքրքիր, հոգևոր ու հարուստ գրականություն է կերտվում այսօր, որը թերևս տարիներ հետո կարժևորվի:

 

Վերջին կարդացած գիրքը

Քանի որ ես միաժամանակ մի քանի գիրք եմ կարդում, վերջին կարդացածս, ոչ թե գիրք է, այլ գրքեր. Պեր Լագերկվիստ «Գուշակուհին«, Թոմաս Էլիոթ «Չորս Կվարտետ»՝ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ, որն ինձ Լևոն Ջավախյանն է նվիրել, Ավագ Եփրեմյանի «Վարք.Սևագրություն» բանաստեղծությունների ժողովածուն: Թվարկածս երեք գրքերն էլ տպավորիչ էին, բայց կցանկանայի խոսել մեր ժամանակների, ժամանակակից հայ  բանաստեղծ Ավագ Եփրեմյանի բանաստեղծությունների ժողովածուի մասին, որովհետև մենք կարծես թե չենք սիրում միմյանց վկայել, ճանաչում ենք, բայց լռում ենք, որը սպանելու մի ձև է: Հրաշալի բանաստեղծությունների ժողովածու է ներկայացնում Ավագ Եփրեկմյանը, կարդացե՛ք… Զարմանալիորեն բառի, խոսքի կշիռն իր զգայարաներով ապրած բանասեղծի գիր է, և տարբերվում է այսօրեական արագահաս իբր հոգևոր սնունդ հիշեցնող բանաստեղծական շնչառությունից, որի ներկայությունը որևէ հայտնության  և մեկ այլ տեսողության այլազգացումով չի լցնում առավոտներդ: Ինչպես բանաստեղծն ինքն է ասում` սա ի՞նչ պոեզիա է, որ վեհ զգացումներ չի ներշնչում:

 

Կարդացած ամենատպավորիչ գիրքը

Գրքեր կան, որ ես հաճախ վերընթերցում եմ, և երբեմն երկար ժամանակ չեն հեռանում իմ տեսադաշտից. Ես կարող եմ անընդհատ վերադառնալ ընդգծած տողերին, և  լինում է, որ մի ամբողջ տարի որևէ գրքի ազդեցության ծիրում եմ լինում:   Այդպիսին են եղել ինձ համար Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Նիցշեի «Այդպես խոսեց Զրադաշտը», Նարեկացու «Մատյան ողբերգության», մի տարի, հիշում եմ, ինքս ինձ փորձեցի քառասունօրյա պահքը ուղեկցել Նարեկ կարդալով… Եվ մինչև պահքի ավարտը ես հոգեպես ապաքինվեցի, չգիտեմ իսկապես Նարեկի ազդեցությունն էր, թե քառասուն օրվա ընթացքում մոռացել էի՝ ինչից սկսվեց, ինչ էի ուզում, բայց հոգիս բուժվել էր:

Ամենատպավորված միտքը վերջին կարդացած գրքերից

Վերջերս Ջեբրան Խալիլ Ջեբրանի տողերն են մտքումս պտտվում. խոսելով կյանքում մարդկանց որևէ բան տալու մասին ասում է` դու կարծում ես, թե դու ես տվողը, սակայն իրականության մեջ կյանքն է կյանքին  տալիս, և դու միայն վկա ես: Այո, մենք ընդամենը անոթ ենք, որով կյանքն է անցնում, և բոլորս ինչ-որ իմաստով վկաներ ենք:

Ամենասիրելի գրական կերպարը

Սասունցի Դավիթի և Փոքր Մհերի կերպարներն ինձ համար առեղծվածային ու  չբացահայտված, նաև սիրված կերպարներ են: Փոքր Մհերի փակվելը Ագռավաքարում, քանի դեռ աշխարհը չար է և այլն… Գուցե ժամկետն անցել է ժայռում փակված մնալու, գուցե ելքը դրսի կողմից է: Ընդհանարապես, մեր էպոսը իր կերպարներով բացահայտելու և մեկնելու կարիք ունի, կարծում եմ, էպոսի և կերպարների մեկնությունը անհրաժեշտ է մեր ինքնաճանաչողության համար, սա տունդարձի մեր ճանապարհն է: Ես խորապես համոզված եմ, որ Սասնա ծռեր  էպոսն ավելին է, քան մենք պատկերացնում ենք: Այն, լինելով գեղարվեստական գործ և մեր ազգի նախապատմություն, թաքնագիտական կոդերով հաղորդագրություն է ուղղված մեզ: Նախահայր Հայկի և Բելի առասպելական պատումը, ինչպես նաև Սասնա ծռերը մեր Հին կտակարանն է, հնագույն հայկական Աստվածաշունչը: Այդպիսի մի աշխատություն ունի Արթուր Արմինը, որտեղ համոզիչ փաստարկներով ներկայացնում է, որ էպոսը կարող է լինել հնագույն հայկական Աստվածաշունչը:

 

Ամենասիրելի գրողը

Ամենասիրելի գրող, որպես այդպիսին, թերևս, չունեմ. Շատ գրողներ են սիրելի, շատերն ինձ համար կարևոր բառը փնտրելիս ուղղորդել են  մի խոսքի, խոսքից ծնված պատկերի ու  հոտի  զգայականությամբ ճանաչելու: Իմ ամենասիրելի գրողը այս Ամենը Գրողն է, որից ավելի կատարյալ հնարավոր չէ գրել, ցավոք, որովհետև Բառն իր մոտ է, և ինքն է կատարյալ նկարիչը, երաժիշտը, ֆիզիկոսը… իսկ իմ սիրելի գրողներից յուրաքանչյուրը մի քայլ մարդուն մոտեցրել է Բառին, որոշ գրողներ էլ երևի թե` մի քանի քայլ:

 

Ո՞ր գիրքը երկորդ անգամ չեք կարդա

Այն գիրքը, որն առաջին անգամ էլ չեմ կարդա:

 

Ի՞նչ գիրք եք նվիրել տոնի առթիվ և ո՞ւմ:

Այս տարի գիրք նվիրելու օրվա առիթով Անդին ամսագիրը Արտբրիջ գրախանութ-սրճարանում  հանդիպում էր կազմակերպել, որտեղ բոլոր ներկաներն ամսագիր նվեր ստացան: Այնպես որ, գիրք նվիրելու օրվա առթիվ Անդին ամսագիր եմ նվիրել մոտ հիսունից ավելի ընթերցասերների, ինչպես նաև իմ «Լուսնաքար» բանաստեղծությունների ժողովածուն:

 

Ո՞ր գիրքը կցանկանայիք նվեր ստանալ

Այդ օրվա առթիվ ես իմ ընկերներին ասացի, որ Գուրգեն Խանջյանի  նոր գիրքը կցանկանայի նվեր ստանալ` «Ենոքի աչքը», և Խանջյանը մի քանի օրից ինձ այդ նվերը մատուցեց: Հիմա կարդում եմ:

 

Հարցազրույցը՝ Նաիրա Համբարձումյանի

19 փետրվարի, 2014թ.

Share

Կարծիքներ

կարծիք