Իրանական ժամանակակից պոեզիա

16730750_10154027037047723_2116944506_n

 

Ինչ տխուր հայացք ունի դուռը,
որ գալու փոխարեն
գնալու համար է բաց մնացել:

Ռեզա Քազեմի

***
Թե չես գտել այն կնոջը,
ում գնալուց հետո կոչնչանաս,
ողջ կյանքդ տանուլ ես տվել…
Սա ասում եմ ե՛ս,
ում օրերը տարել է մի կին
հեռավոր մի վայր,
կախել վզից,
հյուսել մազերին,
ամրացրել կրծքին,
կամ ցանել ծաղկամանի մեջ,
մնացած էլ փակել պահարանում՝
նեղ օրվա համար…

Ռեզա Վալիզադե

***
Վաղը եկել,
կանգնել է դիմացս՝
հարցնելով —
Ի՞նչ էիր ուզում:
Ձեռնափայտովս նրան մի կողմ եմ հրում՝
հեռուներին մեխված,
հայացքս սպասող…

Շահաբ Մողառաբին

***
Այս տան հայելիները
առանց քեզ
ինձնից
մեն-մի մասնիկ են արտացոլում:

Ռուզբեհ Սոհանի

***
Անբան ոտքիս ամեն օր ասում եմ-
Ինձ յարիս մոտ տար,
բայց
հասնում եմ գործի,
առուծախի,
քնելու տեղին…

Ալիռեզա Ռոշան

 

Թռչունը մահկանացու է
Սիրտս նեղված է,
սիրտս նեղված է…
Դուրս եմ գալիս պատշգամբ
ու մատներս գիշերվա ձգված մաշկին հպում…
Մտերմության լույսերը մարած են,
մտերմության լույսերը մարած են…
Ինձ ոչ ոք չի ծանոթացնի արևի հետ,
ինձ ոչ ոք չի տանի ճնճուղների խնջույքին…
Հիշի՛ր թռիչքը,
թռչունը մահկանացու է։

Ֆորուղ Ֆառոխզադ

***
Դեգերում եմ,
ու քաղաքը
ոտքիս տակ ավարտվում է.
ոչ մի տեղ չկաս:
Ռեզա Քազեմի

 

***
Փողոցում
մեկը սուլելով մոտենում է
սենյակիս պատուհանին։

Սենյակի խավարում,
աչքս՝ ծխախոտիս կրակին,
մտածում եմ նրա մասին,
ով կարծում է՝ միայնակ է։

Փողոցում
մեկը սուլելով հեռանում է
սենյակիս պատուհանից։

Ալիռեզա Ռոշան

***
Ամեն օր
վերնաշապիկս արդուկում եմ,
կոշիկներս փայլեցնում.
կյանքը, սակայն,
չի կարգավորվում:
Ալիռեզա Աբբասի

***
Երբեմն
մարդն առավել մենակ է,
քան իր լռությունն է պատմում:
Անցյալ գիշեր
մենությունս ձգվել,
գրչածայրիդ էր հասել:
Եթե գրեիր ինձ…
Թե գրեիր…
Երբեմն
մենությունը առավել մենակ է,
երևալու համար…

Մոհամմադալի Բահմանի

***
Ի՜նչ անխելք են նրանք,
որ կարծում են՝
քո պատկերն եմ կախել պատից:
Չգիտեն՝
տանս պատերն եմ կախել պատկերիցդ:

Շամս Լանգեռուդի

 

Ափի երազանք

Մի բան արա, որ ափը
քեզ հասնելու երազանք լինի,
ծովում
ելք չկա սիրահարվելուց բացի…

Վախենամ՝
խորտակվեմ քո մեջ,
ու այնպահ անգամ երազիս
քեզնից բաժին չհասնի…

Քեյքավուս Յաքիդե

 

Սև ծով

Այսքա՜ն դատարկ նստարան
և այնքա՜ն մոլորված թռչուն…

Ինչո՞ւ տուն չես դառնում:

Գիշերներ հեռավոր,
նավեր ահավոր,
տագնապ արևելյան աղավնիների
և ակներիդ մեջ
խտացումը սարսափի:

Այսքան կիլոմետր տարածությունը
հարկադի՞ր է,
թե՞ հույս կա
այս անպատսպար գիշերներում՝
այն անտես երկրի աղոտ լույսը
բարի արեգակի կվերածվի:

Այսքա՜ն դատարկ նստարան
և այնքա՜ն մոլորված թռչուն…

Ինչո՞ւ տուն չես դառնում:

Մոհամմադռեզա Աբդոլմալեքյան

 

Ծով

Պիտի ավելի շատ մտածեմ
երկինքների ու ջրի մասին:
Երազանքներումս
մի կապույտ ալիք մոտենում է
ու վերադառնում հեռուներ…
Այս ծովը պիտի լցվի,
ու ես խաղաղվեմ…
Պիտի ավելի շատ մտածեմ կապույտի մասին:

Ռասուլ Յունան

 

Անծով քաղաք

Ամեն օր
խորտակվում եմ
այս անծով քաղաքում,
իսկ գիշերը
ինձ վեր եմ քաշում,
ընկնում մահճակալին՝
ձեռքերումս ոստրեներ
ու մարմնիս
ցանցի կտորներ կպած…

Սառե Դասթառան

***
Մեզ
ամեն երեկո շտապ տուն է հասցնում
միայն ծանրությունը մատանու,
ու թեև նույն բարձին ենք քնում,
երազները չեն մեկտեղվում:

Հեռու ենք
մետաղադրամի երկու կից կողմերի պես:

Հեռու ենք,
ու միայն մենանկարներն են
ալբոմում կողք-կողքի:

Մեհդի Աշռաֆի

***
Ամեն Աստծու օր
մասնատում է ինձ:
Նստում,
հավաքում եմ կտորներս,
շարում կողք-կողքի՝
նկատելով, որ կորել է մեկը…

Ամեն Աստծու օր
ավելի եմ թեթևանում…

Թե մի օր
գտնես կորած կտորները,
շարիր կողք-կողքի,
ես կստացվեմ,
մնացյալն անիմաստ փազլ էր,
երբ
խաղակիցն ու խաղալիքը
չէիր զանազանում:

Շահաբ Մողառաբին

 

 

Սպասող մարդու օրագրից
Թարգմ.՝ Էդիկ Պօղոսեանի

Share

Կարծիքներ

կարծիք