Լռության արվեստը. Զրույց մնջախաղաց Նաիրա Եդիգարյանի հետ

naira-edigaryanԻնչո՞վ է հրապուրել մնջախաղը երիտասարդ աղջնակին, ինչո՞ւ ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:

 

-Մնջախաղը իմ կյանքում պատահաբար է հայտնվել: Թատրոնին ծանոթացա, երբ լրագրություն էի ուսանում: Հետո հարցազրույցներ վերցնելու պատրվակով շարունակ գնում էի թատրոն, ներկա գտնվում ներկայացումներին, ապրում բեմի շնչով, մինչև վերջնականապես որորշեցի ընդունվել Երևանի մնջախաղի պետական թատրոնին կից ստուդիա և դառնալ դերասան: Արդեն շուրջ տասնհինգ տարի ես այդ թատրոնում եմ, դա արդեն իմ կյանքն է: Իմ ընտրությունը համընկավ կյանքիս մի շրջանի հետ, երբ ես դարձել էի ինքնամփոփ ու մարդախույս, այդ առումով մնջախաղը օգնեց ինձ ինքնարտահայտվել:

Մնջախաղի մեջ մշտապես առկա է միստիկան: Առաջին իսկ օրվանից ինձ կախարդեց այդ խորհրդավոր լռությունը, լռության մեջ լիցքերի գերլարումը և լարումից ծնված շարժումի հզորությունը, որին հավատում է նախ դերասանը և ապա՝ հանդիսատեսը:

 

Բեմից երբևէ ճչալու ցանկություն ունեցե՞լ եք:

 

-Ո՜չ, միանշանակ: Իմ ներքին էներգիան միշտ բավարարել է հաղորդելու այն, ինչ պիտի տայի: Հարազատներս ինձ միշտ ասում են, որ խնայեմ ինձ բեմում, բայց չի ստացվում, անկեղծ ասած, չեմ էլ փորձում: Մնջախաղի դերասանը բեմում խոսելու պահանջ չպիտի զգա, եթե կա նման ցանկություն, ուրեմն դերասանը զգում է, որ շարժումներն ու ներքին ապրումները թերացել են, և, ուրեմն, ինքը ձախողվել է: Բարեբախտաբար, այդ հավասարակշռությունը ինձ մոտ չի խախտվել:

Լռությունը հզոր ուժ ունի, որին ես բեմում եմ տիրապետում: Կցանկանայի կյանքում լռել, ցավոք, չի ստացվում: Հաճախ լինում են պահեր, երբ պարզապես անհրաժեշտ է թաքցնել զայրույթս, վրդովմունքս, անհանգստությունս… չեմ կարող: Ես անկեղծ եմ թե բեմում, թե կյանքում:

 

Շարժումն ու բառը, իմ ընկալմամբ, փոխլրացնող են, ինչպե՞ս է հաջողվում մնջախաղում առանց բառի այդքան հստակ հույզեր, ապրումներ, մտքեր հասցնել հանդիսատեսին:

 

-Գիտե՞ք, եթե դերասանը չի հավատում իր շարժումին, այսինքն՝ նա իրականության մեջ չի զգում այն տառապանքը, վիրավորանքը, թեթևությունը կամ թե վախը, ոչ մի շարժում ի զորու չէ հանդիսատեսին որևէ զգացողություն հասցնել: Իսկ բառը… բառը բոլորովին այլ հարթության երևույթ է: Գրելը նույնն է, ինչ խաղալը, պարզապես մի տեղ գործիքը բառն է, մյուսում՝ շարժումը: Արդյունքը նույնը պետք է լինի՝ անկեղծ, կերպարի մեջ վերապրված զգացմունքը:

 

Գիտեմ, որ նաև գրում եք, ինչպե՞ս սկսվեց բառի միջոցով արտահայտվելու Ձեր ուղին:

 

-Գրել նույնպես սկսել եմ չծրագրված: Ընդհանրապես, իմ էությամբ ես ուսումնասիրող, պրպտող տեսակ եմ: Պարզապես եկավ մի պահ, երբ զգացի, որ իմ ապրումներն ու մտահոգություններն ուզում եմ բառերով արտահայտել:

Մանկագրությունն էլ ինձ համար ուսումնասիրության նոր ոլորտ էր, կերպարանափոխվելու նոր հնարավորություններ: Իմ  «Թամ Թամ», «Ձիուկ Վիվուկը» և «Ջուրջուրիկը» բանաստեղծությունների ժողովածուների հասցեատերերը նախադպրոցական տարի  քի փոքրիկներն են: Դրանք երեխաների տրամաբանությունը զարգացնող զվարճալի կերպարներով խաղիկներ են, որոնք նաև նպատակ ունեն բացահայտելու երեխայի բնավորության գծերը:

«Անհայտ ժամանակների մարդը» գիրքը իմ՝ արդեն հասուն մարդուն ուղղված ուղերձն է, որը ներառում է յոթ նովել, որոնց կենտրոնում մարդն է, ժամանակակից մարդը, ով հեռացել է բնությունից ու իր զգացմունքներից: ժամանակակից մարդը իր նպատակին հասնելու ճանապարհին կորցրել է կարևորագույն հատկանիշներ և դարձել է դատարկ ու անպաշտպան, ինչպես դեպի ծով շտապող կրիան դեն է նետում իր պատյանը և դառնում գիշատիչ թռչունների բաժին:

Ժամանակակից մարդը և ընդհանրապես բոլոր ժամանակների մարդը բնության հետ ներդաշնակության մեջ պիտի ապրի:

 

Զրույցը՝ Տաթև Աթանեսյանի

 

Անդին 10, 2016

Share

Կարծիքներ

կարծիք