Նավը խորտակվում է

Հեղինակ:

IMG_8538-e1486555089191Տապը կեսօրից հետո անտանելի դարձավ: Հայտարարել էին, թե 35 աստիճան է լինելու, բայց հավաքվածները խոսում էին, որ քառասունն անց է, չեն տեղեկացնում, որ արձակուրդ չտան: Որպեսզի խոտերը չչորանան, միացրել էին բոլոր խողովակները, և ջուրը հավաքվում, հոսում էր ասֆալտի վրայով՝ ավելի խոնավ դարձնելով օդը:

-Կարող եք մտնել սպասասրահ,- վերջապես ասաց աշխատակիցներից մեկը:

Սպասասրահի սառը օդը քիչ թարմացրեց, և հավաքվածները սկսեցին աշխուժանալ, խոսել, ծանոթանալ:

-Ասել են, որ երեք ժամից պիտի մեր հետևից գան,- հայտարարեց մի տարեց ճաղատ տղամարդ:

-Մորաքրոջս տղան դեսպանատանն է աշխատում… չորս-հինգ ժամից պակաս չի ձգի…- հավելեց քրտնած, համակրելի մի տիկին:

Հետո, երբ սառը ըմպելիքներ խմեցինք և մեզ ավելի վստահ զգացինք, կարծես շտապողականությունը վերացավ: Անգամ եղան մարդիկ, որ կարծիք հայտնեցին, թե որքան ուշ գան, այնքան մեզ համար ավելի լավ:

-Մեզ մոտ՝ երրորդ մասում, անտանելի ա շոգը,- ասաց սուր դիմագծերով մի տղամարդ, որը տիկնոջը թևանցուկ զբոսնում էր երիտասարդ զույգի հետ…

-Էսօր Բելաջիոյում պիտի հարսանիք լիներ… ոնց էլ էս շոգին պարելու են…

Ինչից էլ խոսեին, վերադառնում էին շոգին, օգոստոսյան տապին:

-Վախ, էս ինչ լավ ա,- կրկնում էր կոնդիցիոների տակ նստած գեր տղամարդը,- էս ինչ լավ ա, մամա ջան…

-Խնդրում ենք տոմսերով ու անձնագրերով մոտենալ թիվ երեք սենյակ,- հայտարարեց կարճ շրջազգեստով մի աղջնակ,- ձեր տոմսերի վրա գրված են ձեր համարները, երբ ձեր համարը հայտարարվի, խնդրում ենք մոտենալ թիվ երեք սենյակ…

Իմ համարը քսանմեկն էր: Շտապելու տեղ չունեի: Հարցազրույցը կարող է տևել տասը րոպե և ավելի, ուրեմն ինձ դեռ մի քանի ժամ կա: Սկսեցի թափառել սրահներով, բարձրացա կտուր, երկար նայեցի դիմացս սփռված անծայրածիր ծովին ու սկսեցի վերհիշել, թե ինչ պիտի ասեմ հարցազրույցի ժամանակ:

-Քեզ կարող է հարց չտան,- զգուշացրել էր կինս,- էդ հարցազրույց կոչվածը էնքան էլ հարցազրույց չի: Համակարգչի վրա կարդում են քո մասին և ասում, որ կամ մերժվել ես, կամ ընդունվել: Դու ինքդ պիտի խոսես, քանի դեռ իրենք կարդում են, պատմես քո մասին…

Կինս արդեն մեկնել էր, ինձ էր սպասում: Ես պիտի ամեն ինչ ճիշտ անեի, որպեսզի մերժում չստանայի: Երբ իջա սպասասրահ, արդեն կանչում էին թիվ 15-ին: Մի խումբ մարդիկ հավաքվել էին մերժված զույգի շուրջը և հարցերի տարափ էին տեղում:

-Ախր բան չասեցինք… կարդացին մեր գործը, ասեցին՝ ձեր մուտքի արտոնագիրը մերժված է:

-Ինքդ պիտի խոսեիր, չպիտի սպասեիր,- ասացի գիտակի տեսքով, որպեսզի չառանձնանամ ամբոխից:

Տղան շփոթված պատասխանում էր հարցերին, իսկ նրա կինը լուռ արտասվում էր ու կրկնում.

-Բա հիմա ի՞նչ պիտի անենք:

Նրա՝ փայլերով զարդարված կարմիր ուսապարկը ավելի տխուր տեսք էր տալիս աղջկան:

-Մյուս անգամ կստացվի,- անվստահ ասացի աղջկան:

-Բա որ չհասցնենք,- ասաց նա՝ մեղադրական նայելով վրաս:

-Կհասցնեք: Դեռ ահագին ժամանակ կա,- փորձեցի սփոփել,- համ էլ, որքան շատ մարդ է դուրս գալիս, էնքան թեթևանում է, դանդաղ է սուզվում….

Պարզվեց, որ դրսում մեկնողների նոր խմբաքանակ է հավաքվել, և որոշել են հարցազրույցներն ավելի արագ անցկացնել: Դա ավելի ոգևորեց սպասողներին, բայց ես արդեն անտրամադիր էի: Կարմիր անհեթեթ ուսապարկով հեռացող աղջկա տեսքը ազդել էր ինձ վրա: Նրա հարցը՝ բա հիմա ի՞նչ պիտի անենք, հուսալքել էր ինձ: Մտքիցս թռել էր, թե ինչ էի պատրաստվում ասել հարցազրույցի ժամանակ, ու արդեն ինձ համար միևնույն էր՝ թույլ կտան, թե կմերժեն:

Երբ հայտարարվեց իմ թիվը և ես մտա բաղձալի սենյակը, արդեն պատրաստ էի ամեն բանի և մտածում էի, որ հենց դեսպանատան դիմացից տաքսի կվերցնեմ ու իրերս տուն տանելուց հետո կգնամ գիշերային քաղաքում զբոսնելու: Անգամ հիշեցի, որ «Մոսկվա» կինոթատրոնում Բոնդի նոր սերիան են ցույց տալիս: Եթե մերժվեմ, կգնամ Բոնդը նայելու:

Համակարգչի հետևում նստած բարձրահասակ տղամարդն առանց ինձ վրա ուշադրություն դարձնելու ուսումնասիրում էր իմ «գործը»:

Ես առանց թույլտվություն հարցնելու նստեցի նրա դիմաց և սկսեցի թերթել սեղանին դրված ամսագիրը: Թարգմանչուհին՝ 40-45 տարեկան մի կին, որ նստած էր նրա կողքին, ժպտաց ու կիսաձայն հարցրեց.

-Ինչի՞ եք որոշել մեկնել:

-Չեմ սիրում, փակ դռներ չեմ սիրում:

-Կներեք, չհասկացա…

-Այստեղ բոլոր դռները քո առաջ փակ են… ամեն օր, բոլոր դռները փակ են… փակ դռների երկիր է…

-Հմմմ,- ասաց քթի տակ ժպտալով ու ավելացրեց,- Ձեր գործերում գրված է, որ գրող եք: Ցավոք ծանոթ չեմ Ձեր գործերին, այսօր տուն գնալիս կգնեմ Ձեր գրքերը:

-Ափսոս, մոտս չունեմ… ավելի շուտ՝ ունեմ, բայց պիտի իրերս քանդեմ… հավես չկա…

-Հմմմ,- նորից քթի տակ ժպտաց,- անկեղծ մարդ եք երևում, գրողի համար կարևոր է: Էս ապուշին ուշադրություն մի դարձրեք,- ասաց՝ գլխով ցույց տալով սեղանի հետևում նստած դեսպանատան աշխատակցին,- ես եմ որոշում, թե ով պիտի մեկնի: Սա էստեղ ձևական է նստած: Կարող եք ապահով լինել, որ կմեկնեք:

-Երևի պիտի ասեմ շնորհակալություն:

-Կարծես ուրախ չեք…

-Խորտակվող նավը լքող առնետի պես եմ ինձ զգում…

-Շատ իզուր… Դուք գրող եք, Ձեզ նոր տպավորություններ են պետք… եթե դրսում չհավանեք, կարող եք հետ գալ…

-Եթե ուշ չլինի…

Վերջապես համակարգչի հետևում նստած լոլոզը նայեց ինձ և ինչ-որ բան ասաց անգլերեն: Կինը, որ մինչ այդ ինձ հետ էր զրուցում, և որին ես շփոթել էի թարգմանչուհու հետ, նրան պատասխանեց, դատելով տոնից՝ բավականին կոշտ: Հետո նորից շրջվեց ինձ և ասաց.

-Հաստատված է: Բարի ճանապարհ,- սեղմեց ձեռքս ու խնդրեց, որ հաջորդին կանչեն:

Ինձ դուրս բերեցին մեկ այլ դռնից: Դռան առջև մի քանի հոգի ևս կար: Բարակ տախտակամածով բարձրացանք մեզ սպասող նավը: Բոլորը լարված էին: Բջջայիններով զանգահարում էին հարազատներին, ասում, որ արդեն նավում ենք: Իրերս տեղավորեցի իմ նավախցում և դուրս եկա նավախել:

Երբ հնչեց երրորդ ազդանշանը, պարաններն արձակեցին, և մենք դանդաղ պոկվեցինք ափից: Ցերեկվա շոգը կոտրվել էր, բայց դեռ երեկոյան քամի չկար: Սպասասրահներում կուտակված մարդիկ մոտեցան պատուհաններին և մեզ ձեռքով արեցին: Այնտեղ էր նաև մերժված զույգը, կարմիր ուսապարկով անհեթեթ աղջիկը, որ ձեռքերով դեմքը փակած արտասվում էր:

-Մնաս բարով,- ասացի ես էլ ուրիշների պես,- մնաք բարով…

Որքան ավելի էինք հեռանում մայր նավից, այնքան ավելի ակնհայտ էր դառնում, որ այն արդեն կիսով չափ ջրի տակ է անցել և թեքվել է կողքի վրա: Վերևի հարկերում քեֆ էին անում, Բելաջիոյում հարսանիք էր, որի մասին խոսում էին այսօր սպասասրահում, Օդանավակայան տանող ճանապարհին ուրախ լույսերով կանչում էին տասնյակ խաղատները: Կառավարության շենքից դուրս էին գալիս հոգնած նախարարները՝ տեղավորվելով իրենց շքեղ մեքենաներում: Հեռվում երևում էին գյուղերը՝ կիսադատարկ ու կիսամութ…

-Տես, հանքերն են,- ասաց մի գորիսեցի տղա, որի հետ կարճ զրույց էի ունեցել սպասասրահում:

Նա պարզեց ինձ հեռադիտակը, և ես տեսա, որ հանքերն արդեն խորտակվում են, ջուրն արդեն հասել է հանքերի հարկաբաժնին, բայց նավի վրա ոչ ոք դա չի տեսնում, և մարդիկ շարունակում են ուրախանալ ու տխրել, թաղել իրենց մեռյալներին նավի չորրորդ հարկում գտնվող գերեզմանոցներում…

Նավի՝ ջրից դուրս գտնվող հատվածում մեծ սպիտակ տառերով գրված էր ՀԱՅԱՍ, գրության երկրորդ հատվածը՝ ՏԱՆ-ը, մնացել էր ջրի տակ: Նավի վերևի հարկում զորավարժություն էր, տանկերը արագ զորաշարժով կտրում էին զորավարժարանի տարածքը և կրակում թիրախներին… քիչ հեռվում սահմանն էր, խրամատներով ու մեր զինվորներով… և ոչ ոք չէր տեսնում, նավի վրա գտնվողներից ոչ ոք չգիտեր կամ չէր ուզում գիտակցել, որ նավը խորտակվում է, որ բանակն ու խաղատները, եկեղեցիներն ու գերեզմանոցները, մարդիկ, հարյուր հազարավոր մարդիկ խորտակվում են, որովհետև խորտակվում է Նավը:

Այդպիսին է խորտակվող մեծ նավերի և նրանց բնակիչների ճակատագիրը. մինչև վերջին պահը նավի վրա գտնվողները չեն հավատում, որ իրենք խորտակվում են, չնայած բոլոր նշանները կան, և դրսից նավը տեսնողները բազմիցս ասել են ու զգուշացրել, թե խորտակվում եք…

Երեկոն փոխվեց գիշերով, և մայր նավը դարձավ մի լուսավոր կետ, որ հեռվից թարթում էր՝ ասես վերջին հրաժեշտը տալով մեկնող զավակներին: Մենք չէինք նայում իրար: Մենք արդեն օտարներ էինք: Չափազանց ճնշող էր մայր նավի խորտակվելը տեսնելը, և մենք արդեն հարցնում էինք ինքներս մեզ, թե արդյոք այն նավը, ուր մեկնում ենք, և՞ս չի խորտակվում, թեկուզ և ավելի դանդաղ, քանի որ ավելի մեծ է, բայց գուցե բոլոր նավե՞րն են խորտակվում, և ինքը՝ երկիրը, խորտակվում է տիեզերքի մութ օվկիանոսում՝ ժանգոտած ու հոգնած, իր դարն ապրած նավի պես, որին ժամանակի ջրերը մի օր կնետեն մոռացության ափը որպես ավելորդ մի իր, չստացված փորձ ու դառը հիշողություն այն դարերի մասին, երբ կեցությունը պայքարեց ու պարտվեց չգոյությանը, երբ կյանքը պարտվեց մահվանը, որպեսզի ամենայն բան, որ կարող է նեխել ու փոշի դառնալ, ոչնչանա կամ վերափոխվի ու մաքրվի կրակով, որպեսզի մնա միայն այն, ինչ կար սկզբում՝ խոսքը, որ հղի էր լույսով ու արարմամբ…

 

 

Անդին 10, 2016

Share

Կարծիքներ

կարծիք