Բանաստեղծություններ

IMG_6900 (1)

 

***

Մեղվին հարցրի`

ի՞նչ կա ծաղկափոշու մեջ,

ասաց` իմ դառը անցյալը,

ու ինչքան խորանում,

այնքան հեռանում է,

ինչքան հեռանում,

այնքան քաղցրանում է,

ինչպես քո հայրենիքը:

 

 

Իմ տունը

 

Հյուսիսից ցուրտ է,

հարավից` թախծոտ:

Արևելքից հին է,

արևմուտքից`

ավելի հին:

 

Արարատ

Երբ Լեռը չկար,

ժամանակն էր կանգնած նրա տեղում:

Հիմա ժամանակը

թափառում է տիեզերքով մեկ,

իսկ Լեռը կանգնած է նրա տեղում:

 

 

Զրույց   գարնան  հետ

 

Թաթախի՛ր ինձ ամպերի մեջ,

գլխիս ծաղկեպսակ դիր, աչքիս` անձրև,

հագցրո՛ւ ինձ նարնջագույն, կարմիր, կապույտ շորեր:

Դու գիտես, որ մինչև քո վերադարձը

ես ծանր քար էի լեռան վրա,

կլանում էի արևի ջերմությունը

և տարածում շուրջս արթնացող ձնծաղիկներին:

Դու գիտես, որ մինչ քո գալը

ես հևք էի մի աղջկա կրծքավանդակում,

ինչը պտղի շնչառությունը դարձնում էր ավելի արագ,

ու թվում էր` ձիեր են վարգում ամպերի միջով,

և ձիավորը չծնված մանուկն էր:

Դու գիտես, որ մինչև քո վերադարձը ես ձիավոր էի`

կարմիր, կապույտ ու նարնջագույն շորերով,

զի վարգելու և ապրելու տարածքը

բարձրացող ու անվերջ բարձրացող լեռնագագաթներն էին,

որոնք դարձյալ նույն գույներն ունեին,

այնքան հաճելի Աստծո աչքի համար,

որ որոշեց իր արտասուքը կուտակել

այդ լեռնագագաթներից հոսող ջրերից,

որ հետո առաջինը այդ լեռնագագաթներին պարպի

այդքան վառ գույներով արտասուքներ:

 

 

Դրախտ

 

Մեջտեղում ծիրանի ծառ է,

քիչ այն կողմ` գետը,

հետո` լեռը:

Մարդիկ` մեղվի ժրաջանությամբ`

ծառի շուրջ,

գետի ընթացքի հետ, լեռան վրա:

Վերևում` Աստված,

ով արդեն մի քանի հավերժություն

իր Աստծուն երկրպագում է

այս տարածքում:

 

 

Լուսաբացը պինդ գրկած Ռոմիկին

 

Առաջ, երբ քաղաքի ամեն անկյունում

կարող էր հանդիպել Ռոմիկ Սարդարյանը

և ասել` ժպտա՛,

մենք արթնանում էինք լուսաբացը պինդ գրկած:

Առաջ, երբ մայթերին ձյունը ձնծաղկի հետ էր իջնում,

մենք ձմռան գիշերներին ծառի ճյուղերից

պտղավորված երազանքներ էինք հավաքում:

Առաջ, երբ ժամանակը ձիու բաշի վրայով էր գալիս,

մենք չհայտնաբերված աստղեր էինք գտնում

և լուսաբացին գլորում օրվա բոլոր ծալքերով:

Առաջ, երբ հեռանում էր ժամանակը,

և նոր ժամանակը աննկատ ընթանում էր,

մենք մեր աչքերը կանաչ թելերով

կախում էինք ամենաբարձր ծառերից,

և քաղաքն անընդհատ հոսում էր մեր աչքերից:

Առաջ ու մինչև հիմա ամեն ակնթարթ

կարող է հայտնվել Ռոմիկ Սարդարյանը

և ասել` պինդ գրկի՛ր քաղաքը որպես լուսաբաց:

 

 

Պահմտոցի

 

Հոգիս թռչուններն են բերել երկիր,

մարմինս` մի կավագործ` ինձ շատ նման:

Թևերս տարածված են. այդպես եմ ապրում.

թռչնաբներ են թևերիս վրա:

Տունս դուռ չունի, պատուհան,

անգամ առաստաղ,

բայց հիմք ունի` ամպերով լցված:

Ժամանակս կեսօր չունի, չունի երեկո,

անգամ գիշեր,

իսկ առավոտներս` իրար հաջորդող:

Ես երկրի վրա թռիչքի եմ վարժվում,

որ վերադառնալիս թռչուններին

թողնեմ իմ տեղում,

ուր մի կավագործ` ինձ շատ նման,

թռչունների ու մանկանց հետ

պահմտոցի է խաղում ամպերի մեջ`

տարածված իմ տան հիմքի վրա:

 

 

Հաջորդ անգամ

 

Հաջորդ անգամ Լեռը դարձյալ կլինի,

երկինքը` նույնպես:

Հաջորդ անգամ ես անձրևի միջով

կքայլեմ այնքան, մինչև դառնամ

անձրևի կաթիլ:

Հաջորդ անգամ ձուկը, ծաղիկը, մարդը

կհանգրվանեն իմ կապույտ ջրերում

այնքան, մինչև հողը ցամաքի, չորանա

ու ճաք տա անսպառ:

Հաջորդ անգամ ես կտարածվեմ

ճաքած հողի շերտերի մեջ,

ու ձուկը կլողա կապույտ ջրերում,

ծաղիկը կաճի, կտարածվի

հողի բոլոր ճաքերի մեջ:

Հաջորդ անգամ աներևույթ ձեռքը

իմ ջրերը կխառնի ծաղկի արմատներին,

կխառնի հողին ու կհունցի,

ինչպես խմոր:

Հաջորդ անգամ Լեռը դարձյալ կլինի,

երկինքը` նույնպես:

Հաջորդ անգամ ես Լեռան փեշով

կքայլեմ այնքան,

մինչև դառնամ արցունքի կաթիլ,

որ արտասվեմ բոլորի փոխարեն:

 

 

Աղերս գալստյան

 

Անընդհատ հոսող ջրերը կույր են, ձկները` դալուկ,

ո՞ւր են թափառում առավոտները առանց արեգակ,

ակվարիումները դեղին ջրերով ծեր ձկնկուլ են,

երեկոները` ակվարիումներին սև լուսապսակ:

 

Օրերը անվերջ մոլորյալներ են մռայլ դաշտերում,

թռչունները` սառը գծապատկերներ մի պուտ երկնի մեջ,

այստեղ կռվում են մինչև լուսաբաց ու չեն հաշտվում

ջրերը հոգնած, ձկները դեղին, ծաղիկն անառէջ:

 

Ժամանակը կաղ ծեր վայրի ձի է` վարգը մոռացած,

եղանակները` մոլորված թռչուն առանց թևերի,

հրաբուխները` երկնքին կպած, մեկընդմիշտ հանգած,

մեռելածին է քամին վայրահաչ, առանց ձևերի:

 

Տե՛ր, ժամանակն է, Գալստյան երգը նորից հնչեցրու,

իջիր վեհորեն քո նվիրական լուսե բարձունքից,

և այն մանկանը թևերիդ վրա նորից իջեցրու

ու լույս արարիր կապույտ ջրերից ու մեր արցունքից:

 

 

Անդին 10, 2016

Share

Կարծիքներ

կարծիք